HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Կառավարությունն առաջարկում է սահմանափակել պաշտոնյաների և նրանց հետ փոխկապակցված անձանց կանխիկ գործարքները

Կառավարությունը Ազգային ժողով է ներկայացրել հերթական նախագիծը, որը վերաբերում է բարձրաստիճան պաշտոնյաներին և նրանց հետ փոխկապակցված անձանց: «Հանրային ծառայության մասին» օրենքում առաջարկվում է կատարել լրացում, ըստ որի՝ գույքի և եկամուտների հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձինք պարտավոր են դրամական միջոցներով փոխառություն հանձնելը, ստանալը, դրանց դիմաց տոկոսներ կամ այլ հատուցում, որպես դրամական միջոց նվիրատվություն ստանալը, դրամական միջոցներով արտահայտված շահաբաժիններ ստանալը,  ձեռնարկատիրական գործունեությունից եկամուտ ստանալը, գույքը  օտարելուց  եկամուտ ստանալը,  վարձակալության դիմաց վճար կամ այլ հատուցում ստանալը, քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից եկամուտ ստանալը, վճարներ ստանալը, գույքային իրավունքներից եկամուտ ստանալը կատարել բացառապես անկանխիկ ձևով: Անկանխիկ պետք է ստանան վերը նշված միջոցները, եթե միանվագ ստացվող կամ տրվող գումարը գերազանցում է 2 միլիոն դրամը:

Նշենք, որ օրենքով հայտարարագիր են ներկայացնում բարձրաստիճան պաշտոնատար անձը, վերջինիս ամուսինը, նրա հետ համատեղ ապրող ծնողը, ինչպես նաև համատեղ ապրող չափահաս և չամուսնացած զավակը:

Ըստ կառավարության՝ նշված փոփոխության ընդունումը պայմանավորված է բարձրաստիճան պաշտոնատար անձանց և նրանց փոխկապակցված անձանց «բարեվարքությունը խթանելու և կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու անհրաժեշտությամբ»:

Կառավարությունը, որպես հիմնավորում նշել է նաև միջազգային փորձը: Մասնավորապես՝ Ֆրանսիայի հարկային ռեզիդենտների կողմից կանխիկ ձևով կարող են կատարվել 3000 եվրոն չգերազանցող վճարները, իսկ ոչ ռեզիդենտների դեպքում՝ 15 000 եվրոն չգերազանցող վճարները, եթե նա գործում է որպես սպառող և 3000 եվրո, եթե վերջինս գործում է որպես ձեռներեց:

Սլովակիայում կանխիկ վճարումները կարգավորվում են 2013թ. հունվարի 1-ից: Այստեղ վճարները կարող են կատարվել կանխիկ ձևով 5000 եվրոն չգերազանցելու, ինչպես նաև ֆիզիկական անձանց կողմից՝ 15 000 եվրոն չգերազանցող վճարման դեպքում, եթե վերջինս գործում է իր առևտրային գործունեությունից, մասնագիտացումից դուրս: Մնացած բոլոր դեպքերում վճարումները պետք է կատարվեն անկանխիկ ձևով:

Հունաստանում ապրանքների և ծառայությունների համար կանխիկ վճարումները (ներառյալ՝ ԱԱՀ)  թույլատրելի են մինչեւ 1500 եվրոն: Այս սահմանաչափը գերազանցող վճարումները պետք է կատարվեն բանկային հաշիվների, չեկերի կամ կրեդիտ/դեբիտ քարտերով:

Իսկ Բուլղարիայում սպառողների կողմից կանխիկ վճարումների սահմանափակումը գործում է 10 000 լևը (մոտ 5115 եվրո) գերազանցող վճարումների համար: Այլ դեպքում սպառողի կողմից վճարումը պետք է կատարվի բանկային փոխանցման միջոցով: Նույնիսկ այն դեպքում, երբ վճարման ենթակա ընդհանուր գումարը գերազանցում է նշված սահմանաչափը, սակայն վճարումը կատարվում է տարաժամկետ՝ սահմանաչափը չգերազանցող մասերով, յուրաքանչյուր վճարում պետք է կատարվի բանկային փոխանցմամբ:

«Հաշվի առնելով կանխիկ վճարումների դեպքում նման վերահսկողության իրականացման անհնարինությունը՝ անհրաժեշտ է օրենքով նախատեսել այն դեպքերը և այն սահմանաչափերը, որոնց բավարարելու դեպքում՝ գործարքի համար վճարումը չի կարող իրականացվել կանխիկ ձևով, այլ այն պետք է կատարվի մյուս կողմի բանկային հաշվին փոխանցում կատարելով: Հարկ է նշել, որ անկանխիկ գործառնությունները ենթակա են առավել խիստ կարգով վերահսկման և դրանց թափանցիկությունն ապահովելը միջազգային պրակտիկայում համարվում է իրատեսական»,-նշված է կառավարության հիմնավորումներում:

Օրենքի այս փոփոխությամբ կառավարությունն ակնկալում է  նվազեցնել կանխիկ շրջանառությունը, զարգացնել անկանխիկ ձևով վճարումներ իրականացնելու մշակույթը, ուժեղացնել հարկային վարչարարությունը և պայքարը ստվերային տնտեսության դեմ, ամրապնդել բարձրաստիճան պաշտոնատար անձանց բարեվարքությունը, ուժեղացնել կոռուպցիայի դեմ պայքարը:

Հիշեցնենք, որ կառավարությունն Ազգային ժողով է ներկայացրել նաև օրենքի նախագիծ, որով առաջարկում է քրեական պատասխանատվության ենթարկել ապօրինի հարստացածներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter