HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բնապահպանության նախարարության և ոստիկանության «պայքարը» Սևանա լճի սիգի ձկնագողության և ապօրինի վաճառքի դեմ

Սևանա լճից սիգի որսը թույլատրված չէ, հետևաբար արգելված է. այս կարծիքին է ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բարդուխ Գաբրիելյանը: Նրա ղեկավարած կենտրոնն է ՀՀ բնապահպանության նախարարություն ներկայացնում գիտական կարծիք կամ խորհրդատվություն, որի հիման վրա նախարարությունը որոշում է թույլատրել այս կամ այն ձկնատեսակի որսը կամ չթույլատրել:

Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը համապատասխան հետազոտություններով 2016թ. նույնպես գնահատել է Սևանա լճում արդյունագործական չափերի (300 գրամ և ավելի) սիգի պաշարները: Բ. Գաբրիելյանի խոսքերով, թեկուզ իրենք ակնկալել են, որ սիգի պաշարների ավելացում պետք է լինի, բայց դրանք մնացել են գրեթե նույնը, որքան եղել են անցյալ տարի: 2015թ. նշված ձկնատեսակի պաշարները եղել են 430 տոննա, այս տարի` 450 տոննա, ինչը գնահատման թույլատրելի սխալը հաշվի առնելով, համարվում է նույնը: Նկատի ունենալով լճում արդյունագործական չափերի սիգի հիշյալ պաշարը, կենտրոնն ինչպես նախորդ տարիներին, այս տարի նույնպես թույլատրելի չի համարել Սևանա լճից սիգի արդյունագործական որսը, բնապահպանության նախարարությունը նույնպես չի տվել Սևանա լճից սիգի արդյունագործական որսի թույլտվություն: Սակայն, չնայած թույլտվության բացակայությանը, սիգի որսագողությունը Սևանա լճից շարունակվեց նաև այս տարի և շարունակվում է նաև այժմ:

«Համենայն դեպս, դեկտեմբերի դեռ 2-ին, 3-ին ես տեսել եմ, որ վաճառվում է սիգը, այսինքն` արդեն արգելքի ժամանակ, և այստեղից, այնտեղից լսել եմ, որ նույնիսկ հիմա էլ է վաճառվում, իսկ եթե քաղաքում վաճառվում է, նշանակում է, որ այսօր պատշաճ արգելք գոյություն չունի Սևանա լճում. եթե այստեղ վաճառվում է, նշանակում է` այնտեղ էլ որսվում է,- դեկտեմբերի 7-ին հրավիրված մամուլի ասուլիսում ասաց Բարդուխ Գաբրիելյանը:- Դա շատ վատ է, քանի որ եթե ուզում ենք վաղը, մյուս օրն ունենալ համապատասխան արդյունագործական պաշարներ, որոնք թույլ կտան թույլատրել որսը, ապա պետք է, համենայն դեպս, երկու ուղղությամբ արգելքն ուժեղացնել, առաջինը` ձվադրման շրջանում, և երկրորդը` խիստ պահպանություն սահմանել մանրաձկան նկատմամբ: Այն մանր ձկները, որոնք դեռ չեն հասունացել ու չեն ձվադրել գոնե մեկ անգամ, պետք է անպայման պահպանել»: Այո, Սևանա լճի սիգը կամ գողոնն օրը ցերեկով, բնապահպանական պետական տեսչության տեսուչների և ոստիկանների աչքերի առջև, վաճառվում է Երևանում, Գյումրիում, Վանաձորում, հանրապետության այլ բնակավայրերում և նույնիսկ մարդատար ավտոմեքենաներով արտահանվում է Ռուսաստան:

Ինչի՞ դիմաց է լճի ու բնության նկատմամբ այս հանցագործությունը հիմնականում թույլատրվում ու հանդուրժվում…

Կիլոգրամը 5000-6000 դրամով վաճառում են նույնիսկ սիգի ձկնկիթը, որը հետո ձուկ էր դառնալու, համալրելու լճում այս ձկնատեսակի պաշարները կամ փրկելու դրանք ոչնչացումից: Ասել թե ընդհանրապես չեն բռնում, չեն արգելում, չեն պատժում, իհարկե, սխալ կլինի: Բռնում են, որսագործիքներ ոչնչացնում, գողոնն առգրավում, տուգանում, բայց այդ ամենն արվում է ձևականորեն, պայքարի երևութականություն ստեղծելու և, ինչպես ասում են, հերթապահ ցուցանիշներ ապահովելու համար, որպեսզի այդ ցուցանիշներով փորձեն փակել իրենց հանցավոր անգործության մեջ մեղադրողների բերանը:

Հեշտ է համոզվել վերն ասվածի իրականություն լինելու հարցում` համեմատելով մեկ շաբաթվա ընթացքում առգրավված սիգի քանակի վերաբերյալ պաշտոնապես հրապարակվող թվերը այդ ձկնատեսակի այն մոտավոր քանակի հետ, որը թեկուզ մեկ օրում վաճառահանվում է միայն Երևանում: Ահավասիկ.  բնապահպանության նախարարության կայքում ս. թ. դեկտեմբերի 3-ին (շաբաթ օրը) հրապարակված պաշտոնական տեղեկատվության համաձայն, բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից «Շաբաթվա ընթացքում (28.11-02.12.2016թթ. ժամանակահատվածում.- Ա. Հ.) հայտնաբերվել և առգրավվել է 81 հատ (73.0կգ) «սիգ» տեսակի տիրազուրկ թարմ ձուկ», որից «Երևանի տարածքային բաժնի կողմից կիրառված միջոցառումների արդյունքում առգրավվել է 61 հատ (61.0 կգ) «սիգ» թարմ ձուկ, ինչը հանձնվել է Գիշերօթիկ դպրոցներին: Կոտայքի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում առգրավվել է 20 հատ (12.0կգ) «սիգ» տեսակի թարմ ձուկ, ինչը հանձնվել է Աբովյան քաղաքի «Նարեկ» ծերանոց»:

Սա, իհարկե, իրականությանը չի համապատասխանում։ Դեկտեմբերի 6-ին միայն Երևանի Գարեգին Նժդեհի հրապարակի կանգառներից մեկի հարևանությամբ վաճառվող սիգը, որն անձամբ եմ տեսել, երևի 80 հատից ավելի կլիներ: Էլ չեմ ասում «ԳՈւՄ-ի շուկայի» հարևանությամբ, Արաբկիրի շուկայում և հարևանությամբ, մայրաքաղաքի այլ շուկաների մոտ, մայթերին և այլուր վաճառվող սիգի մասին, հանրապետության այլ բնակավայրերում վաճառվող նույն գողոնի մասին:

Առգրավված գողոնի քանակի չնչին լինելու առումով էլ ավելի վատ վիճակ է եղել դրա նախորդ շաբաթվա ընթացքում. ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 21.11-25.11.2016 թթ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի արդյունքում ամբողջ հանրապետությունում հայտնաբերվել և առգրավվել է ընդամենը 18 հատ (8,5կգ) «սիգ» տեսակի թարմ ձուկ, ընդ որում, դարձյալ «տիրազուրկ», հետևաբար գողոնը վաճառողը կամ վաճառողները դարձյալ պատասխանատվության չեն ենթարկվել:

Ուշագրավն այն է, որ նախարարությունն իր աշխատակիցների առգրաված հիշյալ 81 հատ (73կգ) «սիգ» տեսակի թարմ ձուկը տիրազուրկ է ներկայացրել: Այդ ո՞ր խելագարն է բավական մեծ արժեք ներկայացնող (ներկայիս վաճառքի գներով մոտ 150 000 դրամ) այդքան ձուկը բերում դնում մայթին կամ այլ տեղ ու թողնում հեռանում, նվիրում պատահական անցորդներին: Հասկանալի է, որ բնապահպանական տեսուչները կամ չափազանց ապաշնորհ են գործել (գողոնը վաճառողները նախապես տեղյակ են եղել նրանց ով լինելուն և մոտենալուն, ստուգայցին) ու հասցրել են ճողոպրել, կամ էլ նրանց չեն բռնել և վարչական տուգանքի որոշում չեն կայացրել կոռուպցիայի կամ ստուգայցը ոստիկանների հետ համատեղ չանցկացնելու արդյունքում:

Սևանա լճի սիգի հանցավոր որսն ու վաճառքը շարունակվում է թերևս նաև այն պատճառով, որ բնապահպանության նախարարությունն արդեն որերորդ տարին է, Սևանա լճի սիգի որսի և վաճառքի նկատմամբ հստակ արգելք չի սահմանում, ամբողջ տարվա ընթացքում սիգի ապօրինի վաճառքը և ՀՀ-ից արտահանումն արգելելու վերաբերյալ համապատասխան գրություններ չի ուղարկում ՀՀ ոստիկանություն և պետական եկամուտների կոմիտե: Ծանոթանալով ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի 2016թ. նոյեմբերի 22-ի թիվ 329-Ա ակնհայտորեն թերի հրամանին և ս. թ. դեկտեմբերի 21-ին ստորագրված «Սևանա լճում ձկան և խեցգետնի որսի արգելման ժամանակահատվածում (2016թ. դեկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 25-ը և 2017թ. հունվարի 6-ից մինչև հունվարի 20-ը) իրականացվող համատեղ միջոցառումների» նույնպես ակնհայտորեն թերի ծրագրին, տեսնում ենք, որ նույնիսկ այժմ էլ` սիգի ձվադրության շրջանում, Հայաստանից սիգի արտահանումն արգելող դրույթ կամ ՊԵԿ-ի հետ այդ կապակցությամբ որևէ պայմանավորվածություն չկա:

Ծրագիրը թերի է նաև այն առումով, որ դրանով նախատեսվում է «Կազմակերպել Սևանա լճի սիգ ձկնատեսակի կանխարգելման ուղղված ստուգայցեր Երևանի և մարզերի շուկաներում», մինչդեռ ում-ում, հիշյալ ծրագիրը ստորագրած բնապահպանության նախարարին և ոստիկանապետին պետք է հայտնի լիներ, որ նշված ձկնատեսակն ապօրինի վաճառվում է ոչ միայն Երևանի և մարզերի շուկաներում, այլև տարբեր փողոցների մայթերին, տոնավաճառների հարևանությամբ, նույնիսկ խանութներում և այլուր, հետևաբար այդ բոլոր վայրերում պետք է կազմակերպել Սևանա լճի սիգ ձկնատեսակի ապօրինի վաճառքի (վերջին երկու բառերը ծրագիրը գրողները, ստորագրողները հավանաբար մոռացել են) կանխարգելման ուղղված ստուգայցեր:

ՀՀ բնապահպանության նախարարությունը դեկտեմբերի 7-ին իր կայքում հրապարակեց «ՀՀ բնապահպանության նախարարության ստորաբաժանումներն աշխատում է արտակարգ ռեժիմով» վերտառությամբ մի տեղեկատվություն, ըստ որի, «Հիմք ընդունելով ՀՀ բնապահպանության նախարարի «Սևանա լճում ձկան բնական վերարտադրության ժամանակահատվածում իրականացվող միջոցառումների մասին» թիվ 323-Ա հրամանը, «Սևան» ազգային պարկի տարածքում արդեն ավարտվել է Սևանա լճից լողամիջոցների, որսագործիքների և ժամանակավոր կացարանների դուրսբերումը: Խստորեն արգելվել է բոլոր տեսակի որսագործիքների և լողամիջոցների մուտքը Սևանա լիճ: «Սևան» ԱՊ-ի, Բնապահպանական պետական տեսչության աշխատակիցների կողմից սահմանվել է շուրջօրյա հերթապահություն, շրջիկ հսկողություն է իրականացվում Սևանա լճի առափնյա տարածքներում և գետաբերաններում` մշտական կապ պահելով իրավապահ մարմինների հետ»:

Ապշում ես` այս ի՞նչ դանդաղկոտություն է, չե՞ն ուզում օր առաջ խստացնել ձկնագողության դեմ պայքարը, հակառակ պարագայում ի՞նչ է նշանակում դեկտեմբերի 7-ի դրությամբ հրապարակել, թե «Սևան» ազգային պարկի տարածքում արդեն ավարտվել է Սևանա լճից լողամիջոցների, որսագործիքների և ժամանակավոր կացարանների դուրսբերումը»` այն դեպքում, երբ ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի 2016թ. նոյեմբերի 22-ի թիվ 329-Ա հրամանի համաձայն (արգելքի ժամկետների փոփոխության առնչությամբ հետագայում 2016թ. նոյեմբերի 15-ի թիվ 323-Ա հրամանն ուժը կորցրած է ճանաչվել դեկտեմբերի 22-ին ընդունված 329-Ա հրամանով), մինչև ս. թ. նոյեմբերի 30-նն այդ ամենն արդեն պետք է ավարտված լիներ:

Լավ, մտածում ես` եթե Սևանա լճից լողամիջոցների, որսագործիքների և ժամանակավոր կացարանների դուրսբերումը, բլեֆ չէ, իրականություն է, ապա նոյեմբերի 1-ից մինչ այսօր թարմ սիգի (ընդգծում եմ` թարմ, ոչ թե սառեցված կամ ծխեցված) վաճառքի չպետք է հանդիպեինք կամ պետք է նկատեինք վաճառքի կտրուկ և էական սահմանափակում, իսկ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությունն էլ հանրապետությունում վերջին օրերին ապօրինի վաճառվող անհամեմատ ավելի քիչ սիգ պետք է հայտնաբերեր և առգրավեր, քան մինչ այդ: Սակայն, ծանոթանում ենք պաշտոնական տեղեկատվությանը ու տեսնում, որ ճիշտ հակառակ պատկերն է: Վերոնշյալ տեղեկատվության համաձայն, «ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության ձեռնարկած միջոցառումների արդյունքում մայրաքաղաքում և ՀՀ մարզերում երեք օրվա ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է 121 կգ (147հատ) «սիգ» տեսակի ձուկ, ինչը հանձնվել է գիշերօթիկ դպրոցներին և ծերանոցներին»:

Չնայած հայտնաբերված և առգրավված սիգի վերոնշյալ զանգվածը կամ քանակն էլ` ընդամենը 121 կգ (147հատ), դարձյալ ապօրինի վաճառքի իրական պատկերը չարտահայտող ցուցանիշ է, սակայն այն մոտ 8 անգամ ավելին է, քան նոյմբերի 21-ից-25-ը ժամանակահատվածում հայտնաբերվածը և առգրավվածը, երբ Սևանա լճից լողամիջոցները, որսագործիքները և ժամանակավոր կացարանները դեռ դուրս բերված չէին կամ այդ աշխատանքները դեռ ավարտված չէին:

Ինչպե՞ս հասկանալ վերոնշյալ հակասությունը: Իրականում ամեն ինչ շատ պարզ է. ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությունը մինչ նախարարի հիշյալ հրամանը, ըստ էության, գրեթե չի պայքարել սիգի ձկնագողության և ապօրինի վաճառքի դեմ: Միայն վերջին օրերին հրամանի կատարման տպավորություն թողնելու համար փոքր-ինչ ակտիվացրել է իր աշխատանքները ու, չնայած Սևանա լճից լողամիջոցները, որսագործիքները մասնակիորեն հանելուն, հայտնաբերել և առգրավել է մոտ 8 անգամ ավելի շատ սիգ, քան դրան նախորդած հիշյալ ժամանակահատվածում: Ահա և ապացույցներից մեկն այն իրողության, որ այս առումով տեսչության պայքարը եղել ու մնում է ձևական:

Ավելին. սիգի ձկնագողության և ապօրինի վաճառքի դեմ պայքարի ձևական լինելու մասին վկայում են հենց նախարարի հիշյալ հրամանով սահմանված որսարգելքի ժամկետները, ինչպես նաև Սևանա լճում և այնտեղ թափվող գետերում ձկան և խեցգետնի որսի արգելքը, չնայած սիգի ձվադրության շրջանի սկսված լինելուն, դեկտեմբերի 1-ից սահմանելուն` այն դեպքում, երբ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը նախարարությանն առաջարկել էր այդ արգելքը սահմանել նոյեմբերի 25-ից:

Արթուր Հովհաննիսյան

Մեկնաբանություններ (3)

Seroj
եթե տենց սիգի մասին մտածող էս, 80 հատ ձուկը որ տեսեար խի մի հատ ոստիկանի չկանչեցիր թե վախեցրիր էժանով առար.....
Արթուր Հովհաննիսյան
Seroj, գրածիցդ ակնհայտ է, որ եթե ՀՀ բնապահպանության նախարարության կամ ոստիկանության կոռումպացված չինովնիկներից չեք, ապա նրանց պաշտպաններից եք, որովհետև մեկնաբանություն գրելու պարագայում փոխանակ ինքդ էլ հանդես գաք սիգի հանցավոր որսի և ապօրինի վաճառքի քննադատությամբ, փորձել եք ցեխ շպրտել Սևանա լճի ու բնության նկատմամբ այդ հանցավոր ոտնձգությունը քննադատողի վրա: Նախ, ի՞նչ գիտեք, թե ես ինչ եմ արել կամ ինչ չեմ արել, որ այսպիսի բան եք գրել, ես պարտավո՞ր եմ իմ բոլոր քայլերը հոդվածում ներկայացնել… Սրանից արդեն երևում է հոդվածի ու նրա հեղինակի նկատմամբ ձեր միտումը: Երկրորդ. անիմաստ է ոստիկան կանչելը, երբ նա արդեն քո առջևից գնում է, տեսնում վաճառվող գողոնը, բայց չտեսնելու տալով, անցնում: Երրորդ. ՀՀ ոստիկանության կենտրոնական ապարատը Սևանա լճի սիգի ապօրինի որսի և վաճառքի առնչությամբ մամուլում հանցագործության մասին իմ հաղորդումն անտեսել է (բոլոր փաստերը ձեռքիս տակ են)` դրանով իսկ ապացուցելով, որ ինքը նույնպես խրված է կոռուպցիայի, համենայն դեպս, քաղաքական կոռուպցիայի մեջ: Դրանից հետո այս հարցով ոստիկանություն դիմելն ընդհանրապես ավելորդ եմ համարում:
Վաչե
Ոչ մի նախարարություն կամ գերատեսչություն իրավունք չունի արգելելու ափամերձ բնակավայրերի բնակիչներին օգտվելու Սևանա լճի բարիքներից, քանի, որ այդ իրավունքը նրանք ստացել են ի վերուստ հազարավոր տարիների ընթացքում։ Այլ բան է երբ պետք է խստագույնս արգելվի և պարժվի ձկան ապօրինի փողոցային , հակասանիտարական վաճառքը։ Անկասկած բոլոր թաղային տեսուչները կամ պարեկային ծառայություն կատարող ոստիկանները անուն առ անուն գիտեն բոլոր ձկնավաճառներին և մատակարարներին, սակայն ոչ մի ագելք չեն հարուցում, քանի֊որ կզրկվեն սեփական եկամուտների մի մասից։ Եթե ձուկը / սիգը/ վաճառվի միայն համապատասխան առևտրի օբյեկտներում, ապա ամբողջ գործընթացը կմտնի օրինական դաշտ և ձկնագողություն արգելելը կամ թույլադրելը կդառնա անիմաստ զբաղմունք։ Հետաքրքիր է իմանալ արդյոք բնապահպանության նախարարը երբևիցե հետաքրքրվել է ՀՀ ընդերքի թալանի՝ հանքագողության մասշտաբներով կամ ծավալներով ։ Ի դեպ ընդերքի պաշարները համարվում են չվերականգնվող և սպառվող ռեսուրսներ իսկ ձկնապաշարները ցանկության դեպքում հնարավոր է վերականգնել։ Ոչ մի վարչապետ կամ նախարար ի վիճակի չէ նույնիսկ տեղեկանալու թե Հայաստանից տարեկան ինչքան ոսկի , արծաթ, պղինձ և մոլիբդեն է թալանվում։ ԽՍՀՄ տարիներին ՀՀ տարածքից տարեկան արդյունահանվում էր 2,5_ 3 տոննա ոսկի։ հաշվի առնելով, որ այժմ շահագործվող հանքերի թիվը տասնապատիկ ավել է , կարելի է պատկերացնել նաև թալանի մասշտաբները։ Այս ամենը թողած խոսում են ինչ֊որ ձկնգողության մասին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter