HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անկախության արվեստ. իմաստավորո՞ւմ, թե՞ իլյուստրացիա

Լիլիթ Սարգսյան

Պատմական մեծ իրադարձությունները, իբրև պատումներ, քաղաքական, մշակութային, գեղարվեստական և գեղագիտական դիսկուրսներ են ձևավորում:  

20-րդ դարի հայ իրականության մեջ ազգային մեծ պատումներ են Եղեռնը և Անկախությունը: Հայ ժողովրդի համար Եղեռնով ազդարարվեց 20-րդ՝ Մոդեռնիզմի, դարաշրջանը, Անկախությամբ պսակվեց դարի ավարտը: Ժամանակագրական և բովանդակային առումներով բևեռային այս իրողությունների միջև են զարգացել հայ նորագույն պատմությունն ու արվեստը:

Անցյալ տարի նշվեց Եղեռնի 100-ամյա տարելիցը, որն առիթ եղավ ամփոփելու արվեստում վերջինիս արտացոլման պատմությունը և պատկերային սկզբունքները: Թե ինչպես է արժևորվում քառորդդարյա Անկախությունը արվեստի միջոցով, ցույց տվեցին այս տարվա հոբելյանական ցուցահանդեսները: Երևանի գեղարվեստական աշունը գունառատ էր և բազմազան՝ շարքային թեմատիկ ցուցահանդեսներից մինչև հայեցակարգային նախագծեր: Այստեղ կխոսենք դրանցից երկու ամենահատկանշականների մասին:

Արվեստում մեծ պատումներին անդրադարձի ողջ համակարգը՝ պատկերաստեղծման եղանակներից մինչև միջոցառումների կազմակերպչական սկզբունքներ, ուղիղ համեմատական է գաղափարի արժևորման մակարդակին: Պատումն ու նրա պատկերը (նրա ըմբռնումները, նրա մասին պատկերացումները) փոխադարձաբար են միմյանց ձևավորում և արտացոլում, բայց ոչ միշտ՝ ուղղակիորեն: Ուղղակի արտացոլման եղանակները սովորաբար հանգեցնում են մեխանիկական-սյուժետային կամ իլյուստրատիվ սկզբունքին, որը բնորոշ է երեկ չէ առաջին օրվա արվեստին:

Նկարիչների միությունում անկախության 25-ամյա հոբելյանի առթիվ կազմակերպված ցուցահանդեսը մեծ ու խառը տոնավաճառ հիշեցրեց: Պարզ չդարձավ, թե ինչպե՞ս են կապվում միմյանց հետ այդչափ տարբեր հեղինակների գործեր և բոլորը միասին՝ Անկախության գաղափարի հետ: Այս հոդվածի շրջանակներում չենք կարող համակողմանիորեն քննել ցուցահանդեսը (որում ճանաչված տաղանդաշատ արվեստագետների գործերն անգամ կորում էին միջակության մշուշում), բայց կանգ կառնենք ազգային պատումի  խորհրդանիշեր Զորավար Անդրանիկի և Սասունցի Դավթի կերպարների վրա, որոնք հանդիպեցին ցուցադրված մի քանի գործերում և մտորումների առիթ դարձան: Այդ գործերում ակնհայտ կատարողական խոտանի մասին այստեղ խոսելը նույնպես ավելորդ է, փաստենք միայն, որ ազգային հերոսներին և դյուցազուններին անատոմիական և կոմպոզիցիոն կոպիտ խախտումներով պատկերելն իսկ խոսում է ոչ միայն տարրական վարպետության, այլև հեղինակի մոտ գաղափարական մոտեցման բացակայության մասին: Ազգային ազատագրական պայքարի այս երկու՝ էպիկական և իրական, կերպարներից առաջինը եթե խորհրդային ժամանակներից ի վեր զգալի տեղ է գրավել հայ կերպարվեստում (լավագույն նմուշները` Հ. Կոջոյանի և Ե. Քոչարի) և մեծ դեր խաղացել ազգային պատումի ձևավորման մեջ (ի դեպ՝ խորհրդային իշխանությունների հովանավորությամբ), ապա, Զորավար Անդրանիկի կերպարը, քաղաքական նկատառումներով, հայ կերպարվեստում պատկերագրական ավանդույթ չի ունեցել: Ամենայն հավանականությամբ, չի էլ ունենա, եթե հաշվի չառնենք նրա հայտնի լուսանկարից ընդօրինակվող էժանագին կիտչային դիմանկարները: Չկա պատկերագրություն – չկա վերաբերմունք երևույթի նկատմամբ, և այն վերածվում է սնամեջ նշանի կամ իլյուստրացիայի: Ահա թե ինչու, որոշ նկարիչներ copy-paste էին արել Երվանդ Քոչարի լուծումները, այն էլ անորակ կերպով: Այսպիսով, եթե խոսելու լինենք ազգային պատումի դրսևորման մասին ինստիտուցիոնալ մակարդակում, ապա Խորհրդային Միությունից ժառանգված Նկարիչների միությունը, որն այսօր ընկալվում է իբրև «պաշտոնական», ուստի և «ազգային» գծի տանողը, շարունակեց մեխանիկական թեմատիկ ցուցահանդեսների խորհրդային ավանդույթը: Մինչդեռ, Անկախության հոբելյանը լավագույն առիթն էր վերաիմաստավորելու ազգայինի գաղափարական և պատկերագրական ընկալումներն այսօր:

Ինչպես պնդում են ժամանակակից արվեստագետներն ու քննադատները՝ արվեստն ու քաղաքականությունն անբաժանելի են: Սա ժամանակակից հայ արվեստի գլխավոր ուղերձն է, որը, հասարակական ալեկոծումներով առատ վերջին տարիներին, ամենից շատն է արծարծվել: Այդ է վկայում և ժամանակակից հայ արվեստի առաջնորդներից մեկի՝ Արման Գրիգորյանի՝ Անկախության 25-ամյակին նվիրված «Կենսահաստատման երկիր» ցուցահանդեսի պատկերագրքի ներածական տեքստը, որին էլ հիմնականում հղված է մեր անդրադարձը:  

«Կենսահաստատման երկիր» ցուցահանդեսը Երևանում ընթացավ սեպտեմբերի 23-30-ը: Այն աչքի է ընկնում մի շարք առանձնահատկություններով: Նախ, նախաձեռնությունը բխել էր ոչ արտիստական միջավայրից, ոչ էլ «վերևից», այլ Գայանե Դավթյանի գլխավորած Արթ Փիառ ընկերությունից, որը զբաղվում է գեղարվեստական նախաձեռնություների առաջ մղմամբ և հանրայնացմամբ: Ի դեպ, արդի սպառողական հասարակության  տրամաբանությամբ դատելու եթե լինենք, ապա արվեստի մարքետինգը, կառավարումն ու փիառը ժամանակակից հայ արվեստի թույլ կողմերից են, և այս առումով Արթ Փիառ կազմակերպության գործոնը կարող է նպաստավոր լինել: Արհեստավարժ մոտեցում էր ժամանակակից արվեստի դաշտից իրազեկ և փորձառու համադրող հրավիրելը: Հայաստանում համադրողի դերը, բացի ժամանակակից արվեստի ոլորտից, թերագնահատված է, և անգամ գեղարվեստական միջավայրում դեռ երբեմն կարծում են, թե ցուցահանդես կազմակերպելը սահմանափակվում է «նկար բերել կախելով»: Արդյունքում տեղի է ունենում այն, ինչ տեսանք Նկարիչների միությունում:

«Կենսահաստատման երկիր» ցուցահանդեսի համադրող Արման Գրիգորյանի առաջադրած գլխավոր սկզբունքն այն էր, որ ներկայացվող գործերը ստեղծված լինեն հատուկ ցուցահանդեսի առթիվ, ինչն ի սկզբանե բացառում է մասնակցության ձևական բնույթը: Ներկայացված էր Հայաստանի ժամանակակից արվեստի մի լայն համայնապատկեր՝ բաղկացած 43 արվեստագետներից, իր ողջ բազմազանությամբ: Երևանում իբրև ցուցադրության տարածք էր ընտրվել Կալենց թանգարանը, որը խորհրդանշական է երկու իմաստներով. այն ամենաակտիվ արդիական մշակութային օջախներից մեկն է, որը բաց է ժամանակակից արվեստի առջև և, իբրև Հարություն և Արմինե Կալենցների թանգարան, մոդեռնիստական օջախ է: Նաև նշենք, որ թանգարանի ուղղահայաց և հորիզոնական տրոհված կառուցվածքն օգնում է այսպիսի բարդ ու ծավալուն էքսպոզիցիայում դադարներ ու սահմանազատումներ կատարել ու այդպիսով այն առավել դյուրամարս դարձնել:

Ապակենտրոնացման արդիական և դեմոկրատական պահանջի համաձայն  և որպես համազգային նշանակության նախաձեռնություն, ցուցահանդեսը նաև հոկտեմբերի 5-25-ը ներկայացվեց Գյումրիի Ստիլ ցուցասրահում և նոյեմբերի 1-25-ը Վանաձորի պետական պատկերասրահում:   

Սովորաբար, նման մեծ տարելիցների կամ հոբելյանների պետականորեն նշելը զգալի գումարներ շրջանառելու՝ մսխելու կամ նպատակային ծախսելու, առիթներ են, ինչն արտացոլվում է իրականացրած միջոցառումների որակի ու մակարդակի վրա: Խոսքը վերաբերվում է ֆինանսավորման թե պետական, թե մասնավոր աղբյուրներին: «Կենսահաստատման երկիր» ցուցահանդեսին առանձնահատուկ «հմայք» էր հաղորդում այն, որ իրականացվել էր ՀՀ մշակույթի նախարարության դրամաշնորհով: Նախագիծն այն շահել էր մրցութային սկզբունքով: Մի կողմից, տրամաբանական է, որ պետական մակարդակով, ինչպես ասում են՝ «մեծ շուքով» նշվող ազգային տոնը պետք է կառավարության կողմից ֆինանսավորվող նախագծերի պահանջարկ առաջացներ: Սակայն անսպասելի էր, որ Մշակույթի նախարությունը հավանության կարժանացներ ժամանակակից արվեստի մի նախագիծ, որի ներկայացուցչական մասը բնավ չէր ապահովելու վայ-հայրենասիրական պաթոսը ոչ խոսքի, ոչ պատկերագրական կլիշեներին հետևելու առումներով, նախագծի մասնակիցներն էլ մեծամասնությամբ լուսանցային արվեստագետներ են: Արման Գրիգորյանի ընտրած արվեստագետներից անգամ նրանք, ովքեր բարձր դիրք և համարում ունեն, իրենց նպաստավոր ներդրումն են ունեցել մոդեռն և ժամանակակից արվեստի զարգացման, խրախուսման մեջ: Ահա այստեղ է, որ պատասխանատվության մեծ բեռն ընկնում է համադրողի ուսերին, ավելի ճիշտ՝ մտքին ու խոսքին: Թեմայի պաթետիկ հնչողությունը, անշուշտ, պարտադրող էր, մեծությունն ու կարևորությունը՝ պարտավորեցնող: Արման Գրիգորյանի առջև  բավական բարդ խնդիր էր դրված՝ մեկտեղել մեծ թվով բազմազան, հաճախ՝ իրարամերժ, արվեստագետների ընդհանուր խորագրի ներքո այնպես, որ այդ մասշտաբային ցուցահանդեսը տոնավաճառի  չվերածվեր: Այստեղ փրկության է գալիս համադրողի տեքստը, որում կարելի է ասել այն, ինչն  անհնար է ուղղակիորեն ցույց տալ ցուցանմուշներով: Ըստ էության, նախագիծը բաղկացած էր երկու համարժեք մասերից՝ բուն ցուցադրությունից և տեքստից: Այս առումով այն միանգամայն համապատասխանում է ժամանակակից արվեստի ձևաչափին, երբ բուն պատկերի և խոսքի միջև առկա կապն անուղղակի է այնքան, որ թվում է՝ խզված է: Այդ կապը տեսնելու համար մտավոր ջանք և պատրաստվածություն է պահանջվում՝ այս է ժամանակակից արվեստը: Չէի վարանի հաստատել, որ Անկախության գաղափարն արժևորող և Հայաստանի ժամանակակից արվեստի գոյությամբ այն հաստատող միակ համարժեք ու արդիական խոսքը, որ ասվեց հոբելյանի առթիվ, այդ տեքստն էր:

Արման Գրիգորյանը Անկախության ընկալումը սեղմում-խտացնում է վերնագրի մեջ: Վերնագիրը նախագծի հայեցակարգը բացող գլխավոր ուղերձն է: Եթե մեծ գաղափարին նվիրված ցուցահանդեսի պաստառը չի ազդարարում որևէ հայեցակարգ, ապա այն չի  արժևորում այդ գաղափարը: Այսպիսով, Արման Գրիգորյանը Անկախությունը կապում է  կենսահաստատման՝ լավատեսական ու լուսավոր մի գաղափարի հետ: Եղեռնից մինչև Անկախություն 20-րդ դարի հայոց պատմությունը (եթե չասենք այն ամբողջովին) ընթացել է մահվան և վերածննդի հակադրության միջև: Այս դիցաբանական արքետիպերը կանխորոշել են հայկական ինքնությունը, որը նույնացվել է մեռնող և հարություն առնող Արա Գեղեցիկի կամ մոխրից հառնող Փյունիկի հետ: Գրական փոխաբերություններն առատ են: Թվում է, ազգային վերածննդի այս ծեծված հռետորությունը պետք է խորթ ու պարզունակ լիներ մշտապես քննադատող, կարծրատիպեր քանդող ու հեգնող ժամանակակից արվեստին, առավել ևս՝ քննադատի լեզվին: Բայց Արման Գրիգորյանի այս լավատեսական ուղերձը հուսադրող է, այն շատ կարևոր է ու անհրաժեշտ՝ փարատելու համար արվեստագետի ջանքերի անպիտանության զգացումից հոռետեսության գիրկն ընկած բոլորիս տարակուսանքը: Բայց Արման Գրիգորյանը չէր լինի ժամանակակից արվեստագետ և քննադատ, եթե նա իր լավատեսությունը չարդիականացներ: Այն ոչ թե փափուկ բարձ է կամ սփոփանք հոգեմաշ եղած մտավորականների համար, այլ ավելի շուտ՝ լուսարձակող փշե պսակ: Կրոնա-դիցաբանական զուգահեռները գուցեև տեղին չեն այստեղ, բայց Արվեստագետի, Մտավորականի՝ հին ու բարի առաքելական կերպարն այսօր տակավին արդիական է: Հայաստանյան վերջին շուրջ տասնամյա հասարակական ընդվզումներում ակտիվորեն ներգրավված, երբեմն էլ՝ խոշտանգված, ժամանակակից արվեստագետների օրինակն ակնառու է:

Արման Գրիգորյանը կենսահաստատման գաղափարը հավասարեցնում է ժողովրդավարության գաղափարին և քաղաքացիական իդեալներին, իսկ մահը՝ բռնիշխանություններին: Նա 20-րդ դարի պատմական վայրիվերումներով էքսկուրս է կատարում՝ Եղեռնից, Առաջին աշխարհամարտից ու խորհրդային բռնիշխանությունից մինչև մերօրյա Հայաստանում տեղ գտած նեոլիբերալիզմով զգեստավորված կղերա-ֆեոդալական բարքեր, և ազգային վերածննդի, կենսահաստատման գաղափարը տեսնում ոչ թե ազգային-ազատագրական, ուռա-հայրենասիրական ռազմատենչ դիսկուրսի, այլ արդարության ու հավասարության մեջ: Ասվածից պարզ է դառնում, թե ինչու ժամանակակից արվեստագետները Անկախության առթիվ ազգային հերոսների դիմանկարներ և հեծելազորեր չեն նկարում: Ժամանակակից արվեստն ինքը, Արման Գրիգորյանի ներկայացմամբ, կենսահաստատման և ժողովրդավարության գրավականն է: Չգիտեմ, ենթագիտակցաբար, թե գիտակցաբար, հեղինակն իր այս էպիկական գաղափարը կառուցում է առասպելի, հեքիաթի սկզբունքով՝ մահը խորհրդանշող բռնիշխանությունն ու անարդարությունը մութ ու չար ուժերն են, իսկ կյանքը, բարին ու լույսը՝ հանուն արդարության ու ժողովրդավարության պայքարող բարի ուժերը: Վերջիններս մարմնավորված են (ժամանակակից) արվեստի կամ արվեստագետի կերպարում, որը պրոմեթևսական արքետիպ է: Պրոմեթևսական պատումը ավելի քան խորհրդանշական է մերօրյա Հայաստանի հասարակական պայքարի համար. ինչպես հիշում ենք, հերոսը ցոփ ու շվայտ բարքերի գիրկն ընկած բռնակալ աստվածներից խլում է կրակն ու բաշխում մարդկանց, որի համար պատժվում է: Հիսուսի կերպարը նրա վերամարմնավորումն է:

Այսպիսով, Արման Գրիգորյանն, իբրև արվեստագետ, իրականացրեց իր հերթական փայլուն համադրողական պրակտիկան իբրև իր իսկ ստեղծագործություն՝ հավատարիմ մնալով քաղաքացիական ակտիվիզմի իր ոճին:   

Գլխավոր լուսանկարում՝ Արման Գրիգորյանը եւ Գայանե Դավթյանը։

Մեկնաբանություններ (2)

Գայանե Դավթյան
Շնորհակալություն կարծիքի համար, հարգելի Շողեր...
Շողեր
Շատ լավ հոդված էր , ապրեք :Եղելեմ ցուցահադեսին ու շատ հավանել եմ , նաև ուրախ եմ որ ապրում եմ այնպիսի երկրում որ պետական հովանավորությամբ արված ցուցահանդեսում կա `հակապետական ընդվզման հերոսների նկարներ , /Ս.Սաղաթելյանի գործերը ի նկատի ունեմ /չնայած որ ես Սաանա Ծռերական չեմ .

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter