HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Բարեւ Երեւան». «Քաղաքապետարանը դարձել է կոռումպացված մի կուռ համակարգ, որտեղ գործում է «Մեր դեմ խաղ չկա» սկզբունքը»

Երեկ Ազգային անվտանգության ծառայությունը կաշառք  ստանալու կասկածանքով ձերբակալեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային բաժնի պետ Ա.Ա.-ին: 

Ինչպես տեղեկանում ենք քաղաքապետարանի պաշտոնական կայքից՝ Տարոն Մարգարյանը ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել նշված վարչության աշխատակիցների հետ, իր դժգոհությունը հայտնել աշխատանքների կազմակերպման և պարտականությունների կատարման հարցում առկա թերացումների վերաբերյալ և վարչության աշխատանքը համարել անբավարար:

«Այս տարվա ընթացքում 15 աշխատակիցներ արդեն հեռացվել են աշխատանքից, քանի որ չարաշահել էին մեր և մեր համաքաղաքացիների վստահությունը: Սահմանված սկզբունքները խախտողները միանշանակ պե՛տք է ազատվեն աշխատանքից, այստեղ երկրորդ կարծիք չի կարող լինել: Բայց միայն աշխատանքից ազատումը խնդրի լուծում չէ: Մշակեք վերահսկողության կանխարգելիչ այնպիսի մեխանիզմներ, որոնք առավելագույնս կբացառեն կոռուպցիոն բոլոր ռիսկերը: Կարճ ժամանակահատվածում ակնկալում եմ այնպիսի արդյունքներ, որոնք արմատապես կլուծեն ոլորտում առկա խնդիրները»,-ասել է քաղաքապետը:

Այս կապակցության Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցությունը հայտնել է իր դիրքորոշումը, որը ներկայացնում ենք ստորեւ:

«Սա, մեղմ ասած, բարի ցանկությունների էջից է: Իսկ ո՞վ է պատասխան տալու երևանցիների մեջ արմատացած այն անվստահությանը, երբ բոլորն ասում են, որ քաղաքապետարանը դարձել է կոռումպացված մի կուռ համակարգ, որտեղ գործում է «Մեր դեմ խաղ չկա» սկզբունքը: Ձերբակալված բաժնի պետն ընդամենը քավության նոխազ է, և նրա ձերբակալմամբ հարց չի լուծվի. ինչպես ասում է ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը՝ «Ձուկը գլխից է հոտած»: Դրա խոսուն վկան է այն, որ «Բարև Երևան» խմբակցության անդամները գործի բերումով բազմիցս դիմել են տվյալ վարչության աշխատակիցներին և ստացել հետևյալ պատասխանը. «Թող ինձ վերևներից հրահանգ տան, անեմ»: Այնպես որ, փաստը մնում է փաստ՝ կոռումպացվածներին և համաքաղաքացիների վստահությունը չարաշահողներին մատնացույց անող սլաքն այնքան էլ ճիշտ ուղղության վրա չէ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter