HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Փոփոխությունը չի կարող սկսվել օլիգարխիայի ներսից»

Հարցազրույց քաղաքագետ Մանվել Սարգսյանի հետ

-Պարոն Սարգսյան, մեր երկրի ներքաղաքական կյանքում ինչ-որ բան կատարվո՞ւմ է, թե՞ գործընթացները, որոնք տեսնում ենք, ուղղակի պատրանք են ստեղծում, որ, այնուամենայնիվ, ինչ-որ բան փորձում են փոխել:

-Այդ հարցին պատասխանելու համար պիտի տեսնենք, թե ինչ ենք ուզում, ինչն ենք հաշվում քաղաքական գործընթաց, ինչն է զարգացում մեզ համար, ինչը զարգացում չէ, և դրանից ելնելով՝ տեսնել, թե ինչ է կատարվում: Այս տարի, կարծում եմ, խորը ճգնաժամային տարի էր, 22 տարի անց երկիրը կանգնեց պատերազմի առաջ, և շատ կասկածելի պատերազմ էր շատ կասկածելի պայմաններում, երբ կորուստներ ունեցանք և ոչ մի պատասխան, որևէ մեկը պատասխանատվություն չկրեց: Երկրորդը՝ զինված ապստամբության փորձ տեսանք, որտեղ նույնպես որևէ պարզություն չեղավ, հանրության մի մասն, իհարկե, ոգևորված էր դրանով, բայց ի վերջո հիասթափություն եղավ, որովհետև մարդիկ էլի չհասկացան՝ լավ, զենք վերցրին, իսկ ո՞րն էր արդյունքը: Այսպիսի մի վիճակ էր:

-Ի՞նչ է կատարվում հիմա:

-Առաջնահերթ՝ կառավարություն փոխվեց: Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ազգային միասնության կառավարություն է ստեղծում: Եվ հիմա, երբ բոլորը հետևում են այդ կառավարությանը, փորձում են հասկանալ դրա իմաստը: Զուգահեռ բոլորը խոսում են 2017-ի ընտրությունների մասին: Եվ այստեղ կատարվում է այն, ինչ տարիներ շարունակ. բազմաթիվ խմբավորումներ հայտ են ներկայացնում մասնակցելու այդ ընտրություններին, անխտիր բոլորն ասում են, որ դրանք կեղծվելու են, սակայն բոլորն աշխատանք են տանում մասնակցելու: Հարցերի հարցը սա է: Իմանալով, որ ազատ ընտրություններ չեն լինելու, ինչո՞ւ են այդպիսի եռանդով մասնակցում այդ ընտրություններին: 25 տարի շարունակ լրիվ նույն տրամաբանության մեջ է՝ ստեղծվում են ինչ-որ կոալիցիաներ, ի հայտ են գալիս ինչ-որ նոր ուժեր, ցուցակների համար պայքար է սկսում: Անգամ այս ճգնաժամային վիճակում քաղաքական ակտիվ խավի մեջ որևէ բան չի փոխվել: Իմ կարծիքով, չի էլ կարող փոխվել, որովհետև 25 տարի ազատ ընտրություններ չեն եղել, ստեղծվել է քաղաքականացված մի խավ, որը կարելի է բաժանել երկու մասի. առաջին խավը խոշոր սեփականատերերն են, անօրինական բիզնեսի ներկայացուցիչները, որոնք տասնամյակներ շարունակ միանում են մի ակումբում, և 15 տարի այդ ակումբի անունը Հանրապետական կուսակցություն է: Իրենց ֆինանսական ռեսուրսները օգտագործելով՝ աշխատում են տիրանալ պետական կառավարման համակարգին՝ պաշտպանելու համար այդ սեփականությունը:

Երկրորդ հատվածը կուսակցություններն են: 79 գրանցված կուսակցություն կա այս երկրում, խմբավորումներ կան, որոնք ուզում են մասնակցություն ունենալ այդ մեծահարուստների խաղերին: Օգտվելու մոտիվացիան ծնում է այս երկրորդ հատվածը: Այս երկուսի միասնական գործունեության մեջ էլ կառուցվել է այս համակարգը, որը շատ վաղուց ճիշտ բնորոշում է ստացել՝ քրեական օլիգարխիա:

-Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ Ծառուկյանի վերադարձով շատ փոփոխություններ են լինելու, շատ էր շեշտվում, որ բազմահազար մարդկանց պահանջով է վերադառնալու: Ծառուկյանի վերադարձն ինչո՞վ է պայմանավորված, ի՞նչ ենթատողեր կան:

-Դա այն է, ինչ 2007-ից կար. հարյուրավոր, հազարավոր մարդկանց կոնկրետ քաղաքական պայքարից ներգրավել այսպիսի թատրոններում, խոստումներ տալ, որ աշխարհ են փոխում, սարեր են շուռ տալիս, որպեսզի հանկարծ որևէ ռացիոնալ պրոցես չսկսվի: Երբ 2015-ին ինչ-որ բան չստացվեց իրենց մոտ, Ծառուկյանին հանեցին, անմիջապես հազարավոր մարդիկ դուրս եկան, խնդիր դրեցին, «Էլեկտրիկ Երևանը» տեսանք, անգամ իշխանություններն էին փորձում ինչ-որ կերպ դուրս գալ դրա տակից: Հերիք է, որ այդ թատրոնը մի քանի ամիս դադարեցվի, ժողովուրդն անմիջապես կազմակերպվում է: Դրա համար ստեղծվում են այսպիսի թատրոններ, որ հանկարծ մարդիկ ինչ-որ խնդիր չդնեն, դուրս չգան պայքարի:

Անընդհատ արհեստական փուչիկներ ստեղծելով՝ կառավարությունն է, Ծառուկյանն է, կարևոր չէ, ամեն անգամ մի բան գտնում են, որ թույլ չտան ժողովուրդն ինքնակազմակերպվի: Եվ այդ 79 կուսակցություններն ամենահզոր աջակցությունն են ցուցաբերում այս համակարգին, որովհետև իմաստը ո՞րն է կեղծվող ընտրություններին մասնակցելու, կուսակցության գործունեության իմաստը ո՞րն է, եթե արդար ընտրությունների մեխանիզմ չկա:

25 տարվա ընթացքում ավելի լայն շրջանակների համար է ընդունելի դառնում պղտոր ջրում աճած ձկների մտածողությունը, և աշխատում են, որ քաղաքական ասպարեզում երբևէ այդ ջուրը չպարզվի: Եթե պարզվի, իրենք կամ բանտում են հայտնվելու, կամ անհետանալու են:

-Ո՞վ պիտի փոխի այդ ջուրը:

-Դա գիտակցելուց է: Վերջին տարիներին նկատում եմ, որ ավելի ռացիոնալ գնահատականներ կան կուսակցությունների գործունեության մասին, ավելի լայն շրջանակներ հասկանում են, որ այդ կուսակցություններ կոչվածները, որոնք ժողովրդին պարբերաբար տանում են իրենց հետևից, ներքաշում են ժողովրդին այս պրոցեսների մեջ: Եթե մի շերտը անօրինական սեփականության տեր կոռուպցիոներներն են, որոնք ճանաչված են, որոնց հետևից չեն գնա, մյուս շերտում կուսակցականացվածներն են, որտեղ ամեն ինչ բացահայտ դրված է խաբելու վրա: Մարդիկ էությամբ ոչ միայն անօրինական գործունեությամբ են զբաղված, այլև գիտակցված խաբեությամբ:

Երկար տարիներ սա չէր ընկալվում, կուսակցական դեմագոգիան թույլ չէր տալիս ժողովրդին հասկանալ, բայց ի վերջո սկսել է պարզվել, որ եթե ուզում ենք ինչ-որ բան փոխել այս երկրում, պիտի հաշվի առնենք, թե ում հետ գործ ունենք, որտեղ է այն կարմիր գիծը, որտեղ ժողովուրդն է կանգնած իր շահերով, իսկ մյուս կողմում նրանք են, ովքեր մոլորեցնում ու կեղեքում են ժողովրդին, անօրինականությամբ անպատժելիության մթնոլորտ են պահում այս երկրում:

-Եվ ի՞նչ պիտի արվի:

-Տարբեր ժողովուրդներ և՛ Եվրոպայում, և՛ արևելյան Ասիայում, հասկացել են, որ հանրությունը կայանալու, սահմանադրական պետություն ստեղծելու համար պետք է համաձայնության գա մի քանի կարևորագույն խնդիրների շուրջ: Մինչև ընտրությունները, մինչև սահմանադրություն ընդունելը, համաձայնության պետք է գալ, որը տեսաբանները կոչել են հանրային, սոցիալական պայմանագիր: Մարդիկ հասկացել են 2 կամ 3 կարևոր բան (նայած ինչ հանրություն է): Դրանք են՝

1.Այս տարածքում պետք է պայմանավորվել, ընդհանուր համաձայնության գալ, որ զենքը չի օգտագործվում ներքին քաղաքականության մեջ, դա կոչվում է զինաթափման մասին օրենք: Եթե դա գոյություն ունի, անիմաստ է խոսել որևէ հասարակության մասին:

2.Սեփականությունը պետք է օրինականացնել: Սեփականությունը երբևէ չի կարող գործել օրենքից դուրս, սեփականատերն իր անօրինական սեփականությունը փրկելու համար գրավում է պետական համակարգը: Որևէ հանրության մեջ սեփականություն չի կարող պահպանված լինի, եթե հանրությունը չի ճանաչում դրա օրինականությունը, բայց հանրությունը ո՞նց կարող է ճանաչել գողացված սեփականությունը:

3.Օրենքով կանոնավորել քաղաքական գործունեությունը, որ երբևէ անօրինական խմբավորում իրավունք չունենա մասնակցել ընտրություններին:

Սա է ճանապարհը, որը կանգնած է նաև Հայաստանի առաջ:

-Ասացիք՝ գիտակցության ձևավորման խնդիր կա հանրության մեջ: Ձեր ասածը վերացական է հնչում, որովհետև շատ դեպքերում ակնկալվում են հստակ քայլեր: Ովքե՞ր պիտի ձևավորեն այդ գիտակցությունը:

-Սկզբից գիտակցում ես քո խնդիրը, հետո դա մատուցում ես հանրությանը: Չեմ տեսել մարդ, որ դա գիտակցում է: Նոր վարչապետը գաղափարական իմաստով նոր է, որովհետև 25 տարի ասում էին՝ այս երկրի վիճակը այսպիսին է, քանի որ հայ-թուրքական հարաբերությունները լուծված չեն, ղարաբաղյան խնդիրը լուծված չէ: Առաջին անգամ մի մարդ եկավ, որ ասաց՝ էս երկրի խնդիրը տնտեսական ստվերն է, երկիրը երկիր չի դառնա մինչև ստվերը չվերացնենք: Նա 25 տարվա փիլիսոփայությունը ջնջել է:

-Բայց նա ևս այդ համակարգի մաս է:

-Արդեն իսկ գիտակցված խնդրի մասին հայտարարվել է պաշտոնյայի կողմից, բայց գործունեությունը ո՞րն է, ոչ ոք չգիտի: Հանրությունը պիտի հասկանա, որ հայտարարվում է խնդրի մասին, բայց չի ասվում, թե ինչ պիտի արվի:

-Դրան զուգահեռ ներհամակարգային վեճերը, պառակտումներն են շատացել: Դրանք կարո՞ղ են ինքնաոչնչացման տանել այս համակարգը:

-Շատ կարևոր է հասկանալ օլիգարխիկ համակարգի էությունը՝ իրար ուտողները գալիս են համաձայնության մի պահի և հասկանում, որ ուրիշինը խլելու, իրենցը պահպանելու համար պետական ռեսուրսներ պետք է վերցնեն: Չի կարելի հույսեր կապել, թե քանի դեռ կռվում են իրար հետ, դա կբերի համակարգը վերացնելուն: Ոչ, դրա համար էլ ստեղծվում է այդ համակարգի պայմանագիրը: Դա անօրինականության օրինականացումն է, որի էությունը ոլորտների բաժանումն է ճիշտ այնպես, ինչպես քրեական, գողական աշխարհում: Ի՞նչ են անում, ասում են՝ եկեք իրար ձեռք չտանք, ով ինչ վերցրել է, իրենն է: Իրենց ներսում իրենք օրենքը չեն խախտում, որովհետև դաժանորեն են պատժվում, ինչպես գողական աշխարհում:

Մենք պիտի հասկանանք, որ փոփոխությունը չի կարող սկսվել օլիգարխիայի ներսից, պրոցեսն սկսվելու է այն ժամանակ, երբ օլիգարխիան օրենքից դուրս հայտարարվի՝ որպես պետության թշնամի: Ամեն ինչ սկսում է խնդիրը դնելուց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter