HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եթե պրոթեզ ունես, ուրեմն առողջ ես

Մետաքսե Պետրոսյան

Արամ Հովսեփյանը բանակ է զորակոչվել 2004 թ.-ին: Տավուշի մարզի սահմանային զորամասում մեկ տարի անց, մարտական առաջադրանք կատարելիս, ականի պայթյունից կորցրել է ձախ ոտքի մեկ երրորդը։ Բերդի զինվորական հոսպիտալում կատարվել է գիլիոտինային ամպուտացիա, որից հետո տեղափոխվել է Երեւան` Մուրացանի Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ (ԿԿԶՀ)՝ ստացիոնար բուժման։ Երկու ամիս բուժվելուց հետո դուրս է գրվել Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի որոշումով՝ «պիտանի չէ զինծառայության, հաշվառումից հանել»։

Այնուհետեւ, հետվերականգնողական բուժական թերապիա է անցել, եւ ոտքը պրոթեզավորվել է։ Արամին տրվել է հաշմանդամության 2-րդ կարգ, որը պահպանվել է երեք տարի։ Չորրորդ, հերթական քննության ժամանակ, Կոտայքի մարզի Աբովյանի տարածքային բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովը փոխել է նրա հաշմանդամության կարգը՝ 2-րդից իջեցնելով 3-րդի։ Երիտասարդը պահանջել է հիմնավորել կարգի փոփոխությունը, նրան ուղեգրել են հանրապետական հանձնաժողով: Այստեղ վերափորձաքննությանը մասնակցել են նաեւ ՊՆ համապատասխան վարչության ներկայացուցիչները եւ եզրակացությունը թողել են անփոփոխ։

Արամը երեք անգամ բողոքարկել է որոշումը։ Ամեն անգամ կրկնվել է նույն շրջապտույտը, տարածքային ԲՍՓՀ, հանրապետական հանձնաժողով, ՊՆ ԶՍՊ  վարչություն եւ որոշումը թողնվել է անփոփոխ։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության 09.08.2011թ· տված վերջնական որոշման մեջ նշվում է· «Փորձաքննական խորհրդատվությունը Ձեզ սահմանել է հաշմանդամության 3-րդ խումբ անժամկետ՝ առկա պաթոլոգիայով պայմանավորված։ Հենաշարժական ֆունկցիայի չափավոր արտահայտված խանգարումը բերել է ինքնուրույն տեղաշարժվելու կարողության առաջին աստիճան կենսագործունեության սահմանափակման, սոցիալական անբավարարության եւ սոցիալական պաշտպանության անհրաժեշտության հիմնավորմամբ»։

Դրանից հետո նա այլեւս որեւ հարցով չի դիմել ոչ տարածքային եւ ոչ էլ վերադաս հանձնաժողովներ, հրաժարվում է անգամ իրեն օրինականորեն հասնող անվճար բուժսպասարկումից։

Մայրը՝ տիկին Ժաննան ասում է, որ ժամանակի հետ որդու առողջական խնդիրները բազմապատկվել են ու խորացել։ «Վերջերս ցավեր ունի նաեւ երիկամների շրջանում, սակայն գումարի խնդիր ունենք ու չի կարողանում դիմել բժշկի», - ասում է մայրը։ Մեր հարցին, թե ինչու չի օգտվում իրեն օրինականորեն հասանելիք անվճար բուժսպասարկումից կամ հանձնաժողովին տեղեկացնում օրըստօրե խորացող առողջական խնդիրների մասին, երիտասարդը պատասխանում է. «Հոգնել եմ անիմաստ գնալ-գալուց։ Ինչքան դիմեցի` միայն վիրավորանք ստացա ի պատասխան»։

Արամը պատմում է, որ երբ բողոքարկման համար դիմել է սոցապահովության նախարարություն եւ բացատրություն պահանջել, թե ինչ հիմնավորմամբ է հանձնաժողովն իջեցրել իր հաշմանդամության կարգը, աշխատակցուհիներից մեկն ասել է· «Տղա ջան, գնացել պարտքդ տվել, եկել ես, ումի՞ց ես ինչ ուզում»։

Ասում է, որ 2005-11 թթ.-ն ընկած ժամանակամիջոցում բժշկասոցիալական քննությունների ընթացքում ներկայացրել է խորացող առողջական խնդիրները, սակայն հանձնաժողովներն այդպես էլ ուշադրություն չեն դարձրել դրանց։ 2007 թ.   կատարել է ոտքի ռենտգենային լուսարձակում եւ ներկայացրել է հանձնաժողովին։ 2011 թ.-ին հետազոտվել է նաեւ «Արթմեդ» բժշկական վերականգնողական կենտրոնում, որի արդյունքներով Արամի մոտ սրացումներ են ախտորոշվել։

2012 թ. աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը վերջնական եզրակացությամբ անփոփոխ թողնելով հաշմանդամության անժամկետ 3-րդ կարգ սահմանելու վերաբերյալ որոշումը, նշել է. «Միաժամանակ տեղեկացնում ենք, եթե Ձեր առողջական վիճակը վատթարացել է, ապա այն հաստատող բժշկական փաստաթղթերով (համապատասխան հետազոտության ախտորոշման ճշգրտում եւ բուժումներ անցնելուց հետո) կարող եք դիմել տարածքային ԲՍՓՀ»։

 «Այդ հանձնաժողովներ ներկայանալն ինձ համար դարձել էին անտանելի։ Երբ դեռ 2-րդ կարգ ունեի ու գնում էի հերթական բուժզննության, քննում էին, անալիզներ անում, իսկ 3-րդ կարգ իջեցնելուց հետո մի քանի մետր հեռավորությունից հարցնում էին՝ որտե՞ղդ է ցավում, ի՞նչ գանգատներ ունես, ցույց տուր ոտքդ ու ճանապարհում։ Մի քանի օր անց գալիս էր պատասխանը՝ «բժշկական հանձնաժողովը հետազոտեց, ուսումնասիրեց, քննեց ու էլի նման բառեր, բայց ի՞նչն են հետազոտել, երբ մի բժիշկ անգամ ինձ չի մոտեցել,- վրդովված վերհիշում է Արամը ու հավելում,- այդքանից հետո կրկին ինչ դիմեմ»։

Արամի ասելով` այս տարիներին իր վիճակն ավելի է վատացել, թեկուզեւ պրոթեզավորված, սակայն մեկ ժամից ավելի ոտքի վրա կանգնել չի կարողանում։ Առողջ ոտքի ծունկը այտուցվում է, քանի որ մարմնի ողջ ծանրությունն ընկնում է այս ոտքին։ «Նախկինում ցավերը տանելի էին, դիմանում էի, բայց հիմա առանց ցավազրկողների հնարավոր չէ»,- ասում է նա։ Ամպուտացված ոտքի ոսկորների աճը դեռեւս շարունակվում է, եւ սուր ծայրերը ծակում են մաշկը, ցավեր տալիս։ Բժիշկներն ասել են, որ միակ ելքը կրկին ամպուտացիա անելն է, սակայն չի շտապում, փորձում է դիմանալ մինչեւ ոսկորների աճը դադարի։ Ներկայումս նա երեսուն տարեկան է, իսկ թե երբ կդադարի ոսկորների աճը՝ ոչ ոք հստակ ժամկետ չի սահմանել։

Արամն, այսուհանդերձ, կենսախինդ ու կամային հատկություններով օժտված մարդ է։ Առաջին հայացքից չես էլ մտածի, որ այդքան լուրջ խնդիրներ ունի։ Ամպուտացիայից մեկ տարի անց նա ընդունվել է Խ· Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի կերպարվեստի բաժին, 2016 թ·-ին ավարտել է մագիստրատուրան։ Նկարել է դեռեւս դպրոցական տարիներից, սիրում է իր մասնագիտությունը, բայց առ այսօր աշխատանք չի կարողանում գտնել։ «Շատ տեղեր եմ դիմել, բայց միշտ պատճառաբանում են, որ իմ կարգավիճակին հարմար աշխատանք չունեն։ Երբ չեմ համաձայնում հաշմանդամության  կարգն իջեցնելուն, ինձ պատասխանում են, թե առողջ մարդ ես, գնա ապրի քեզ համար։ Դիմում եմ աշխատանքի համար, ասում են՝ հաշմանդամ ես, ո՞նց հասկանամ»,- իր դժվարին վիճակի համար բացատրություն է փնտրում Արամը։

Մեկ տարի այնուամենայնիվ, աշխատել է իրենց գյուղի՝ Գողթի ՀԷԿ-ում։ «Հարկադրված թողեցի, որովհետեւ աղմուկը շատ էր, չէի դիմանում, նյարդերիս վրա ազդում էր»,- բացատրում է նա։

Գյուղատնտեսական աշխատանքներում ընտանիքին օգնել չի կարողանում, միակ զբաղմունքն ու գործը, որն ի վիճակի է անել, նկարելն է։ Գեղանկարները գերիշխող են նրա նկարներում, ժանրը կարծես ավելի հոգեհարազատ է, հավանաբար հայրենի գյուղի գեղեցիկ բնապատկերներն են ներշնչում։ Դրանով, սակայն, սեփական կարիքները դժվար է հոգալ, տարվա մեջ մի քանի նկարի վաճառքը ֆինանսական լուրջ աջակցություն չի կարող լինել։

«ՊՆ-ում հերթագրված է բնակարանի համար,- ասում է մայրը, -բայց մինչեւ հերթը իրեն հասնի, երեւի արդեն վաթսուն տարեկան կլինի»։

Մեկնաբանություններ (1)

Марина
Есел унем ехбайр ов уни ен проблемнеры инчы ев Арамы уни. Ехбайрс зоракочвел ер банак 2014 тваканин,сакайн 1 тари цараелуц ц ето акани пайтуниц вираворвум е,инчи етеванков корцнум е дзах воткы. 2 амис мнац госпитал,хето бужумы шарунакец таны,4 амис анц воткы протезаворецин,байж иренц аселов жаманакавор протезов инчы пити 6 амсиц похвер.2 тария арден ехборс хабум ен,амен ангам нранц димелов протези харцов ми сут ен хоринум у ехборс тун ухаркум,инч проблем уни Арамы вотки хет капвац ехбайрс ел уни,ет протезиц сах воткы спиера дардзел,ум димел енк вочми дракан патасхан ченк стацел,амен тари бжшкасоциалакан порцакннутян е анцнум,инчи менк ел чгитенк,иренц карч хелков мтацум ен вор кароха ет ереху воткы ачи,теснес вор иренц машки вран зган ет танджанкы нуйн дзев кварвеин мер виравор хероснери хет,тох жоховрди гумарнеров иранк апрен мека ес ашхариц сахс ел гитенк инч ен танелу.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter