HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Որ ոլորտների հաշվին են կրճատվել ներդրումները

Ինչպես ավելի վաղ գրել ենք, Հայաստանում օտարերկրյա ներդրումները շարունակում  են մտահոգիչ տեմպով նվազել։ Այս տարվա հունվար-սեպտեմբերին Հայաստանի տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերը կազմել են մոտ 27 մլրդ դրամ, որի կազմում միայն ուղղակի ներդրումները 44.4 մլրդ դրամ են։ 2015-ի  նույն ժամանակաշրջանի համեմատ այս տարվա առաջին 9 ամիսներին ընդհանուր ներդրումները (զուտ հոսքերը) նվազել են 69.6 մլրդ դրամով, իսկ միայն ուղղակի ներդրումները՝ 35.8 մլրդ դրամով։

Մի շարք երկրների ու ոլորտների դեպքում, ինչպես բազմիցս նշել ենք, ներդրումները բացասական մեծություն ունեն՝ ներդրումների գծով ավելի շատ մարումներ են կատարվել Հայաստանի կողմից, քան ստացումներ։ Նախորդ հոդվածում ներկայացրել ենք, թե որ երկրների դեպքում են ներդրումների զուտ հոսքերը  դրական արդյունքներ գրանցել և որոնց դեպքում՝ բացասական։

Ոլորտների առումով ևս բացասական ցուցանիշը նշանակում է, որ նշված ոլորտներում ներդրումների գծով փողի արտահոսքն ավելի շատ է եղել, քան ներհոսքը։  Արտահոսք են համարվում, օրինակ, վարկերը, կանխավճարները և այլն։  

Բացասական արդյունքով «առաջատարը» մետաղական հանքաքարի արդյունահանման ոլորտն է

Ընդհանուր առմամբ, այս տարվա հունվար-սեպտեմբերին ներդրումների զուտ հոսքերը բացասական թիվ են կազմել մի շարք ոլորտներում, առավել զգալի են մետաղական հանքաքարի արդյունահանման, հանքարդյունաբերության, հիմնային մետաղների արտադրության, էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման, ինչպես նաև՝  օդային տրանսպորտի գործունեության ոլորտների ցուցանիշները։  

Մետաղական հանքաքարի արդյունահանման ոլորտում ներդրումների բացասական ցուցանիշն «ապահովել» են Ռուսաստանը, որի ներդրումների զուտ հոսքերի ծավալը -16.4 մլրդ դրամ է, Նիդեռլանդները  (-12.2 մլրդ դրամ) և Կիպրոսը (-2.4 մլրդ դրամ)։

Հանքարդյունաբերության ոլորտում՝ Գերմանիան (-5.4 մլրդ դրամ) ու Ռուսաստանը (-4.6 մլրդ դրամ)։

Հիմնային մետաղների արտադրության ոլորտում՝ Կիպրոսն (-9.1 մլրդ դրամ) ու Ռուսաստանը (-3.3 մլրդ դրամ)։ Եվ եթե այս ոլորտում Գերմանիայի զուտ ներդրումները 4.4 մլրդ դրամ չկազմեին, ապա ընդհանուր ցուցանիշն ավելի մտահոգիչ կլիներ։

էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման ոլորտում բացասական ցուցանիշ է գրանցվել ի դեմս Ռուսաստանի՝ -48.6 մլրդ դրամ։ Միևնույն ժամանակ, Լյուքսեմբուրգն այս ոլորտում 28.6 մլրդ դրամի զուտ ներդրում է կատարել, Միացյալ Նահանգներն էլ՝ 7 մլրդ դրամի։ Սակայն, դեպի Ռուսաստան արտահոսքն այնքան մեծ է եղել, որ Լյուքսեմբուրգն ու ԱՄՆ-ն չեն փրկել իրավիճակը։

Օդային տրանսպորտի գործունեության ոլորտում՝ Արգենտինան (-3.4 մլրդ դրամ)։

Հիշեցնենք, որ բացասական ներդրումների առումով առաջին հերթին առանձնանում է Ռուսաստանը, որի ներդրումների զուտ հոսքերը Հայաստանում հունվար-սեպտեմբերին կազմել են  -87 մլրդ դրամ։ Եվ, ինչպես տեսանք, այդ փողն արտահոսել է գլխավորապես էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման ոլորտից, ինչպես նաև՝ մետաղական հանքաքարի արդյունահանման, հանքարդյունաբերության և հիմնային մետաղների արտահանման։

Դրական արդյունք է գրանցվել կացության կազմակերպման ոլորտում

Իսկ առավել դրական պատկեր է գրանցվել հանքագործական արդյունաբերության հարակից գործունեության ոլորտում, ծխախոտի արտադրության, շենքերի շինարարության, կացության կազմակերպման և հեռահաղորդակցության ոլորտներում։

Ի դեպ, ըստ ԱՎԾ պարզաբանումների՝ կացության կազմակերպումը ներառում է կարճ ժամկետով բնակատեղերի տրամադրումը զբոսաշրջիկների և այլ հաճախորդների կացությունը ապահովելու համար:

Կացության կազմակերպման և հեռահաղորդակցության ոլորտներում զուտ ներդրումների դրական ցուցանիշը պայմանավորված է գլխավորապես Կիպրոսի կատարած ներդրումներով։

Հանքարդյունաբերության հարակից ճյուղերի գործունեության ոլորտինը՝ Միացյալ Թագավորության ներդրումներով։

Իսկ ծխախոտի ոլորտինը՝ Կանադայի ներդրումներով։

Այսքանը՝ հունվար-սեպտեմբերին գրանցված ներդրումների զուտ հոսքերի մասին։  

Իսկ հիմա՝ փոփոխությունների մասին։

Ինչպես նշեցինք վերևում, այս տարվա առաջին 9 ամիսներին 2015-ի նույն ժամանակաշրջանի համեմատ ընդամենը ներդրումները (զուտ հոսքերը) նվազել են 69.6 մլրդ դրամով։ Պարզվում է՝ այդ անկումը գրանցվել է գլխավորապես հանքարդյունաբերության (նվազումը՝ 68.6 մլրդ դրամով), մետաղական հանքաքարի արդյունահանման (նվազումը՝ 34.1 մլրդ դրամով), հիմնային մետաղների արտադրության (նվազումը՝ 25.7 մլրդ դրամով), էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման ոլորտներում (նվազումը՝ 49.7 մլրդ դրամով) ներդրումների զուտ հոսքերի կրճատման հաշվին։  

Փոքր չէ  նաև սննդամթերքի, խմիչքների, դեղերի արտադրության, ինչպես նաև՝ մանրածախ առևտրի ոլորտների ներդրումների նվազումը։

Զուտ ներդրումների առումով առավել նկատելի աճ է գրանցվել հանքարդյունաբերության հարակից գործունեության ոլորտում՝ 27.1 մլրդ դրամով, ծխախոտի արտադրության՝ 9.3  մլրդ դրամով, շենքերի շինարարության՝ 36 մլրդ դրամով, կացության կազմակերպման՝ 31.2 մլրդ դրամով, հեռահաղորդակցության՝ 44.5 մլրդ դրամով։ Ու չնայած այս ոլորտներում գրանցված ներդրումների ավելացմանը, երկրում ընդհանուր ներդրումների ծավալը մեծ տեմպով անկում է ապրել, քանի որ մնացած բազմաթիվ ոլորտներում ներդրումների սով է։

Ներդրումների հաշվարկման մեթոդաբանության փոփոխություններից հետո վիճծառայության ներկայացրած ցուցանիշները հնարավորություն չեն տալիս այս տարվա պատկերը համեմատել, օրինակ, 2013-ի հետ։ Բայց ակնհայտ է, որ Հայաստանի ներդրումային միջավայրը լուրջ բարեփոխումների կարիք ունի ու գնալով դա ավելի կենսական է դառնում։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter