HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դեղին թռիչք պատկերի շուրջ

Լուսանկարիչ Ավետ Ավետիսյանի հետ հանդիպեցի «Վան Գոգ» սրճարանում: Վայրի ընտրությունը պատահական էր թվում մինչ այն պահը, երբ նկատեցի պատերին կախված նկարներն ու մտաբերեցի Վինսենթին ու զրուցակցիս լուսանկարներին բնորոշող գույնը' դեղինը: Ավետը, որ առավելապես ներկայանում և ստորագրում է «Բազե» մականվամբ, դեղինը նույնացնում է իր հետ, կապույտը' իր հետագծի, բազեն' ազատության, թռիչքի, սարերի մաքուր օդի:

Պատկերպատում

Փոքր ժամանակ վախենում էի լուսանկարչությունից: Ընտանեկան լուսանկար պիտի անեինք Էջմիածին քաղաքում, լացելով չէի թողնում, որ ինձ էլ նկարեին, մտածում էի, հավանաբար, լուսանկարչի այդ տարօրինակ սարքն է պատճառը, որ այդ պահին գլուխս քոր է գալիս: Մանկությանս մեծագույն վախը եղել է լուսանկարչությունը, մանկապարտեզն ու հնդկական կինոն: Հիմա կյանքիս մեծագույն սերերն են լուսանկարչությունը, երեխաները (իրենք էլ ինձ են սիրում) ու կինոն, բայց ոչ հնդկական:

Սկսել եմ լուսանկարել 2006-ից, 2007-ից, 2011-ից, 2013-ից, 2015-ից... 2016-ին հասկացա, որ ամեն անգամ նոր եմ սկում նկարել: 2014-ից` գրագետ:
Լուսանկարչական կրթություն չունեմ, ինքնուս եմ: Իմ ուսուցիչները նկարած ամեն հաջորդ կադրը, օրը, ժամն են: Վիզուալ ընկալման մարդ եմ, կարդալու առումով` մի քիչ ալարկոտ: Ունեմ սիրելի գրականության տեսակ, բայց մասնագիտական առումով նախընտրում եմ սովորել` նայելով, փորձով:
Լուսանկարողի ու լուսանկարչի տարբերությունը պատկերի մեջ շունչ դնելն ու ֆրանսերեն` image (իմաժ) ստեղծելն է: Պարզապես տեսախցիկով նկարելիս ֆիքսում ես ինչ-որ մի բան, իսկ լուսանկարելիս` երկխոսության մեջ մտնում լույսի տված պատկերի հետ, դարձնում ասելիքով լեցուն պատկեր, շունչ ունեցող տեղեկություն:

Չկա լուսանկարելու հաճախականություն, կան փուլեր, որ ամեն անգամ հաղթահարում ես` կամոք թե անկամ: Կա պահ, երբ մի կողմ ես դնում տեսախցիկն ու մոռանում դրա մասին: Կա պահ, երբ հիշում ես, որ պիտի նորից գրկես սիրելիիդ ու նորարարվեք միմյանց հետ:

Պատկեր. անցում

Թվանշային տեխնոլոգիաների մուտքը լուսանկարչություն ֆանտաստիկ է:
Լավ լուսանկար ստանալու համար տեխնիկան կարևոր է: Միշտ ասում եմ` նկարողը լուցկու տուփով էլ կնկարի, բայց անժխտելի հանգամանք է տեխնիկայի որակային կարևորությունը, որն ամեն օր զարգանում ու նոր հնարավորություններ է մեզ տալիս: Իհարկե, կարող է պակաս կարևորություն ունենալ, եթե կարողանում ես վիզուալ պատկերը իր ամբողջ ասելիքով (իսկ ասելիքն ավելի կարևոր եմ համարում, քան կադրի լպստած ու սիրուն լինելը) փոխանցել, բայց պատկերիդ վիզուալ որակը, գեղեցկությունը մեծ նշանակություն ունեն:
Այսօր ինչ-որ քաղաքային ֆոտոխմբակից կարող է տարեկան դուրս գալ ավելի շատ լուսանկարիչ, քան 50-100 տարի առաջ ամբողջ աշխարհում: Ֆոտոարվեստագետները, միևնույն է, եզակի կմնան: Լուսանկարչության հասանելիությունը, հանրային բնույթը վաղուց մեր կենցաղի մի մասն են, անիմաստ եմ համարում դրանից փախչելը:
Լավ կլինի, որ լուսանկարչությունը դառնա դպրոցական առարկա, որ մարդիկ լինեն մեդիա/ֆոտոգրագետ:
Միջավայրը, փոխազդեցությունը լուսանկարի հետ զգայական է: Կարելի է դիտարկել սեփական օրինակով` ի՞նչ ենք զգում` գացմունքային պատկերը էկրանի միջով տեսնելիս, լայքի նշանը սեղմելիս, որից հետո գուցե էլ երբեք չտեսնենք այն: Մյուս կողմից` ի՞նչ կանի նույն պատկերը, երբ լինի մեր հասակի, նյութեղենացված ու տպագրված ֆոտոթղթի վրա… սենյակի մեջ, ուր գլուխը թեքելու դեպքում տեսնելու ենք ուրիշ պատկեր:

Այս պահին պետք չունեմ լուսանկարներս տպված վիճակում արխիվացնելու: Մեր իրականության մեջ նման փորձառություն քիչ կա, գրեթե չկա: Տպագրվում է օգտագործման, վաճառքի, թանգարանների համար, հիմնականում`արխիվացվում ժապավենային կամ թվային տարբերակներով, իսկ տպագրական ֆոտոն ուրիշ, շա՜տ կարևոր թեմա է, հենց դա է ֆոտոն: Սա կապված է տպագրության որակի, ֆինանսի հետ:
Նպատակ ունեմ Հայաստանում լուսանկարչական արտ-ֆոտոսրահ բացել: Կարևոր, նշանակալի դեր կունենա մշակույթի զարգացման համար: 

Պատկեր. Մարմին

Մարմնի արվեստի, պատկերի միջև հատում չկա: Մարդու մարմինն ինքնին արվեստ է: Մնում է լույսը ճիշտ օգտագործել, կադրի մեջ ճիշտ տեղավորել: Մարդը գեղեցիկ է, մարմինը` բնություն, իսկ բնությունը ոչ գեղեցիկ ոչինչ չունի: Բնորդի ընտրությունն այլ հարց է, ինչն ինձ մոտ սահմանափակ չէ, որովհետև ուզում եմ նկարել բոլոր մարմինները, որ կարող են լույսի հետ բովանդակային հարաբերության ժամանակ դառնա վիզուալ, ասելիքով լեցուն ու պատմություն ունեցող մի բան:
Կարիք չկա մարդուն համոզել, որ մերկ նկարվի, ինքն իրեն արդեն իր վիճակով, մոտեցումներով, կենցաղով վաղուց կրթել է, ես այդտեղ կապ չունեմ:
Մեր հասարակությունը խնդիր ունի, որ վաղուց, շատ վաղուց ու շատ ավելի խորը ու հաստ հողով է ծածկված,այդեղ արվեստը, լուսանկարչությունը ոչինչ անել չեն կարող, ուրիշ հանգամանքներ կան, որ պիտի արմատախիլ արվեն:
Բոլորս մերկ ենք ծնվում ու բոլորս էլ ունենք մեր անձնական տարածքը: Ամոթի զգացողությունը կա ու պիտի լինի, չի լինի առանց դրա, ուղղակի հայկական իրականության մեջ չափից դուրս շատ է` սրտխառնոց առաջացնելու աստիճան:
Մի օր հայ բնորդներն այնքան են անդեմ նկարվելու, դառնա ուղղվածություն ու, օրինակ, 22-րդ դարում արվեստաբաններն ասեն. «Քանի որ բնորդներն ունեին նկարվելու ցանկություն, այն էլ` մերկ, բայց հասարակարգի մոտեցումներն ու ընկալումները թյուր էին, ստեղծվեց արվեստի ուղղություն, որ կոչվեց «անդեմ նուդ», որը հատկապես տարածված էր հայկական լուսանկարչության մեջ»:

Սոցիալական կայքերում լուսանկարներս մի քանի անգամ արգելափակվել են: Այլևս ուշադրություն չեմ դարձնում դրան. նկարողը կնկարի, նայողն էլ կնայի:

Պատկեր. Նշան

Գունային ընտրություն չեմ կատարում, սև/սպիտակն ու գունավորը ընտրում եմ լուսանկարելուց առաջ:
Ինչի՞ համար լուսանկարներին կցել բացատրություն, ավելացնել տեքստ, եթե պիտի հնարավորություն տրվի խոսելու ոչ թե բառերին, այլ պատկերին:

Պատկեր. Կենցաղ

Եթե ես չեմ կարողանում Հայաստանում ապրել միայն լուսանկարելով, իմ խնդիրն է, չեմ ուզում որևէ մեկի վրա բարդել: Ուրեմն լավ չեմ աշխատում կամ նման մի բան:

Մարիամ Եղիազարյան

ԵՊՀ, Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter