HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Պետպատվերով բուժում ստացածների մոտ 80%-ը որեւէ վճարում է կատարել հիվանդանոցում

Ֆինանսական մատչելիության պատճառով 83%-ը չի դիմում բժիշկի

Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնը, համագործակցելով Օքսֆամ միջազգային կազմակերպության հետ, իրականացրել է «Սոցիալապես անապահով և հատուկ խմբերի բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի գնահատում: Հրապարակվել են ուսումնասիրության արդյունքները, որոնք մտահոգիչ տվյալներ են պարունակում:

Նշենք, որ այդ ծրագիրը սոցիալապես անապահով և առանձին խմբերում ընդգրկված անձանց հիվանդանոցային մասնագիտացված բժշկական օգնության ապահովմանն ուղղված պետական ծրագիր է: Բնակչության սոցիալապես անապահով խմբերն այս ծրագրից օգտվելու համար պետք է ընդգրված լինեն ընտանեկան նպաստների համակարգում: Այստեղ որոշիչ դերակատարում ունի ընտանիքի անապահովության միավորը: Ներկա դրությամբ այդ միավորը 30 է, իսկ մինչև 2014թ.՝ 36:

Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնը 2015թ. իրականացրել է տնային տնտեսությունների վիճակագրական ընտրանքային հետազոտություն: Ըստ այդ հետազոտության՝ ընտանեկան նպաստների համակարգում ընդգրկված բնակչության առողջական վիճակը ավելի վատ է, հատկապես` երեխաների և տղամարդկանց առողջական վիճակը: «Վատ կամ ծայրահեղ վատ» է նպաստառու ընտանիքների երեխաների 3,1 %-ի և տղամարդկանց 18%-ի առողջական վիճակը:

Ըստ ուսումնասիրություն կատարած կենտրոնի՝ թեև բնակչության մոտ 12%-ի առողջական վիճակն է գնահատվել «վատ կամ ծայրահեղ վատ», իակ 22%-ինը՝ «չնայած որոշ խնդիրներին՝ բավարար», այնուամենայնիվ, հետևողական բժշկական օգնության կարիք ունի բնակչության 27%-ը: Ընդ որում՝ հետևողական բուժման կարիք ունեցողների մեծամասնությունը կանայք են: Նպաստառուների շրջանում մեծ է նաև հետևողական բուժման կարիք ունեցող երեխաների թիվը: Այդ ընտանիքներում հետևողական բուժման կարիք ունեցողների 53%-ը կին է, 35%-ը՝ տղամարդ և 12%-ը՝ երեխա:

Նշենք, որ տնային տնտեսությունների 10,5%-ը կամ կարիք ունեցողների 16%-ը չի դիմել բժիշկի: Չդիմելու գլխավոր պատճառը եղել է ֆինանսական միջոցների բացակայությունը: Նման պատասխան է տվել հարցվածների 83%-ը: Բացի այդ, հարցված տնային տնտեսությունների 10%-ը չի վստահում առողջապահության համակարգին` նույնիսկ անհրաժեշտության դեպքում: Դա ևս նշվում է որպես բժշկի չդիմելու պատճառ:

Հետազոտության տվյալներով՝ բնակչության 26%-ը հատուկ խմբերում ընդգրկվածներն են (1-3-րդ կարգի հաշմանդամներ, մինչև 7 տարեկան երեխաներ, բռնադատվածներ, զինծառայողներն ու նրանց հավասարեցված անձինք, նրանց ընտանիքների անդամները և այլն): Նպաստառու բնակչության շրջանում հատուկ խմբերում ընդգրկված անձինք ավելի շատ են:

Հետազոտությամբ Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնը պարզել է, որ բժշկական օգնության կարիք է ունեցել հատուկ խմբերում ընդգրկված անձ ունեցող տնային տնտեսությունների 72%-ը, սակայն բժշկի է դիմել 61-ը: Իսկ հիվանդանոցային բուժօգնություն է ստացել տնային տնտեսությունների 14%-ը:

Ընդ որում` հիվանդանոցային բուժօգնություն ստացածների մեծամասնությունը, անկախ սոցիալական կարգավիճակից, կատարել է որևէ վճարում: Ֆորմալ և ոչ ֆորմալ վճարումներ են կատարվել բուժման, դեղորայքի, հետազոտությունների կամ այլ ծառայությունների համար: Վճարում կատարել է հիվանդանոցային բուժում ստացած հատուկ խմբերում ընդգրկվածների 80%-ը և նպաստառուների 78%-ը:

Հարկ է նշել, որ հիվանդանոցային բուժօգնության ծառայություններից օգտվելը ֆինանսական ազդեցություն և հետևանքներ է ունեցել խոցելի խմբերում ընդգրկված անձանց համար: Մասնավորապես՝ ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ հիվանդանոցային բուժօգնություն ստացածների  ավելի քան 75%-ը կատարում է ծախսեր և վճարումներ: Դրանց հիմնական աղբյուրը սեփական միջոցներն են՝ մոտ 40%: 65%-ի դեպքում կուտակվել են պարտքեր և վարկային պարտավորություններ, 27%-ը դիմում է հարազատների օգնությանը, իսկ 9%-ը ճարահատյալ վաճառում է ունեցվածքը:

Այսպիսով ծրագրի շրջանակներում պետական պատվերն ընդգրկել է բնակչության շուրջ 2%-ը կամ 62,000 դեպք: Հիվանդանոցային բուժօգնության համակարգը ստացել է շուրջ 7 մլրդ դրամի ֆինանսավորում:

Շահառուների դժգոհությունը բարձր է եղել ֆինանսական մատչելիությունից: Նրանց 20%-ը շատ դժգոհ է եղել, իսկ 27%-ը` դժգոհ:

 Հետազոտության համաձայն՝ ծրագիրը թեև վերաբերում է աղքատ և սոցիալապես խոցելի անձանց, սակայն իրականում հասցեականության մակարդակը շատ ցածր է: Դա պայմանավորված է նաև ընտանեկան նպաստների համակարգի հասցեականության ցածր մակարդակով: Արդյունքում հիվանդանոցային բուժում ստացած շահառուների 30%-ը աղքատ չի եղել, իսկ 66%-ը՝ ոչ շատ աղքատներ:

Սա այն դեպքում, երբ պետության կողմից հիվանդանոցային մեկ դեպքի համար ֆինանսավորումը կազմել է 115,000 դրամ, որը զգալիորեն զիջում է ծառայությունների մատուցման համար իրական ծախսերը և շուրջ 2 անգամ զիջում է նպաստառու և հատուկ խմբերում ընդգրկված անձանց կողմից փաստացի կատարված ծախսերը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter