Երեքշաբթի, 25 սեպտեմբերի

Հանքարդյունաբերողի «լավությունը» Արմանիսի դպրոցին՝ հանքի թափոններ, արդյունքը՝ կապարով ու մկնդեղով հագեցած դպրոցական խաղահրապարակ


Լոռու մարզի Արմանիս գյուղի (Ստեփանավան համայնքի վարչական տարածքում է) հիմնական դպրոցի հողում արսենի եւ պղնձի կոնցենտրացիաները մի քանի տասնյակ անգամ գերազանցում են ՀՀ հողի ստանդարտում արձանագրված ՍԹԿ-ն: Ուսումնասիրությունն իրականացրել է Հայաստանում Ամերիկյան համալսարանի Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնը:

Արսենի կոնցենտրացիաները հողի նմուշներում տատանվել են 32,42-ից 41,61 մգ/կգ արժեքների տիրույթում: Բոլոր նմուշների միջին երկրաչափական արժեքը ՀՀ հողի ստանդարտը գերազանցել է 18,2 անգամ (արսենի համար ՀՀ հողի ստանդարտը 2 մգ/կգ է): Ինչպես հայտնի է, Արմանիսի հարեւանությամբ է գործում ոսկու բազմամետաղային հանքավայրը: Այդուամենայնիվ, փորձագիտական խմբի մասնագետները զերծ են մնացել այս աղտոտումը հանքարդյունաբերական գործունեության հետ կապել: 

Իսկ ահա հողի նմուշներում պղնձի կոնցենտրացիաները ստանդարտից բարձր են միջինում 67,1 անգամ: Պղնձի համար ՀՀ հողի ստանդարտը 3 մգ/կգ է, իսկ Արմանիսի դպրոցի հողի նմուշներում այս մետաղի կոնցենտրացիան տատանվել է 150,56-276,17 մգ/կգ արժեքների տիրույթում: 

Արմանիս գյուղի բնապահպանական խնդիրները կապված են Արմանիսի հանքի շահագործման հետ: Համաձայն հանքավայրի Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության (ՇՄԱԳ), սպասվում է ընդհանուր առմամբ տարեկան 321,51 տոննա վնասակար նյութերի (անօրգանական փոշի, ածխածնի մոնօքսիդ, հիդրոկարբոնատներ, ազոտի օքսիդներ, պինդ մասնիկներ եւ այլն) արտանետում մթնոլորտ եւ 4655,7 խմ հոսքաջրի թափում Ձորագետ եւ Չքնաղ գետեր (դեռեւս 2012 թվականին Ստեփանավանի Օրհուս կենտրոնը բացահայտել էր, որ Ձորագետը աղտոտվում է հանքի թափոններով): Բնության մեջ լինելով կայուն, արտանետումները փոխում են մթնոլորտային օդի եւ մակերեւութային ջրերի քիմիական կազմը, որն իր հերթին ազդում է մարդու առողջության վրա եւ բացասական հետեւանքներ թողնում բուսական եւ կենդանական աշխարհների համար: Փոշու տարածումը շրջակայքում եւ հողի աղտոտումը ծանր մետաղներով՝ նպաստում է մթնոլորտում ազոտի օքսիդների եւ ծծմբի երկօքսիդի պարունակության մեծացմանը եւ թթվային անձրեւների առաջացմանը: ՀԱՀՊՀԿ մասնագետները գտնում են, որ պետք է ստուգել համայնքի հողերում այլ մետաղների կոնցենտրացիաները՝ քրոմ, ցինկ, նիկել, մագնեզիում եւ այլն:

Արմանիսի հանքը Հայաստանի խոշոր ոսկի-բազմամետաղային հանքավայրերից մեկն է: Այն տեղակայաված է Ստեփանավան քաղաքից 7,5 կմ դեպի արեւմուտք եւ Արմանիս գյուղից 1,5 կմ դեպի հյուսիս-արեւմուտք:

 Հանքավայրի հետազոտությունը սկսվել է 1966 թվականին եւ շարունակվել 1990 թվականին: 2007 թվականին սկսվել են հանքավայրի լրացուցիչ հետախուզական աշխատանքները «Սագամար» ՓԲԸ-ի կողմից, որին տրվել էր Արմանիսի ոսկի-բազմամետաղային հանքավայրի շահագործման իրավունքը: 2010 թվականին այս ՓԲԸ-ի բաժնետոմսերը փոխանցվել են «Գլոբալ Մեթալզ Լիմիթեդ» ընկերությանը: 

Հանքավայրի հաստատված հանքային ռեզերվը կազմում է մոտ 18 միլիոն տոննա՝ ոսկու, արծաթի, պղնձի, ցինկի եւ կապարի բաղադրությամբ: Հանքավայրը շահագործվում է համալիր եղանակով՝ բացահանք եւ ստորգետնյա հանք:

Բազմամետաղային հանքավայրի խտանյութի ստացումը իրականացվում է հարստացման մեթոդով՝ կորզելով մետաղները եւ ստանալով տարեկան 34-37 հազար տոննա ընդհանուր զանգվածով 3 տիպի խտանյութ: Ստացված պոչերի պահումն իրականացվում է չոր եղանակով: Ելնելով տարածաշրջանի բնության եզակիությունից եւ շրջակա միջավայրի պահպանման կարեւորությունից, Արմանիսում պոչամբարներ չեն կառուցվել: 2015 թվականի օգոստոսից Արմանիսի հանքավայրի շահագործումը սառեցվել է: 

Ըստ Ստեփանավանի Օրհուս կենտրենի ունեցած տվյալների, որը Ամերիկյան համալսարանի մասնագետների հետ զրույցում հաստատել են նաեւ բնակիչները, 2012-2014 թվականներին հանքավայրի թափոնները մի քանի անգամ լցվել են Արմանիսի դպրոցի բակում, եւ դարձել երեխաների խաղալու առարկա:

Դպրոցի տնօրեն Արամ Մխոյանը «Հետք»-ի հետ զրույցում պատմեց, որ մի քանի տարի առաջ հանքարդյունաբերող ձեռնարկությունը, խոստանալով խաղահրապարակ կառուցել դպրոցի համար, նախապես գրունտ էր բերել՝ հետագայում վրայից ասֆալտ փռելու նպատակով: Գրունտը, ինչպես հետո պարզվել էր, հանքից բերված հող էր, կամ, մասնագետների պնդմամբ, հանքաթափոն, այն էլ՝ թունավոր:

«Էդ մարդը լավություն էր արել, բերել էր էդ հողից լցվել էր, որպեսզի հետո վրեն ասֆալտ արվեր, կառուցվեր հրապարակ: Հետո չստացվեց: Հիմա բերեցին էդ հողը հանեցին տարան, սեւ հող լցրեցին, ծածկեցին, անցավ գնաց»,-պատմում է Արմանիսի դպրոցի տնօրենը:

Մխոյանը պատմեց, որ ահազանգ է եղել, որից հետո բնապահպանական տեսչության մասնագետները եկել, հողը ստուգել են եւ հրահանգել հանքից բերված թափոնը ետ տանել: Դա 2013 թվականին էր: «Էկոլոգիայի աշխատողներն ասում էին՝ մկնդեղ ա, չի կարելի: Հանքի տնօրինությունն էլ ասում էր, որ դա վտանգավոր չի: Իրենք թղթեր ունեին Երեւանից բերած, որտեղ գրած ա՝ էդտեղ ճառագայթում չկա, թունավորում չկա»,-ասում է դպրոցի տնօրենը:

Հանքարդյունաբերողը հողը հետ է տարել, իսկ խաղահրապարակ այդպես էլ չի կառուցել:

Հարցին՝ ինչու՞ համայնքային կամ մարզային իշխանությունների առաջ դպրոցի բակի հողի շերտը ծածկելու հարց չեք բարձրացնում, Արամ Մխոյանը պատասխանեց: «Սրանով եսիմ ով ա հետաքրքրված: Ես գլխիցս ձեռ եմ վերցրե՞լ, որ խառնվեմ էդ գործերին: Համայնքի ղեկավար կա, դպրոցի տնօրենն ի՞նչ անի»: 

Դպրոցի տնօրենը զարմանում է՝ եթե հանքից բերված հողն այդպես վտանգավոր է, ապա ինչպե՞ս է, որ գյուղի հարեւանությամբ դրա բազմատոննանոց կույտեր կան թափված: 

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանից հետաքրքրվեցինք, թե ինչու՞ որեւէ քայլ չի ձեռնարկվել՝ երեխաների առողջության վրա հողի այդ շերտի ազդեցությունը նվազեցնելու առումով: Մարզպետն ասաց, որ խնդրի մասին տեղյակ չէ. «Ես գիտեմ, որ հողի եւ խմելու ջրի ուսումնասիրություն է կատարվել, սակայն արդյունքներից տեղյակ չեմ: Ինձ չեն զեկուցել»: Մեզնից տեղեկանալով, թե ինչի մասին է խոսքը, Արթուր Նալբանդյանը ասաց. «Երկուշաբթի ես խորհրդակցության ժամանակ կանդրադառնամ այդ հարցին»:


Գլխավոր էջ

Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։