HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Էկոնոմ եւ բիզնես կարգի տոմսեր. ի՞նչ են նախընտրում պաշտոնյաները-6

2014 թվականին Արդարադատության նախարարության աշխատակազմը հրավիրող կողմի եւ անձնական միջոցների հաշվին ունեցել է 41 արտասահմանյան գործուղում, իսկ 2015 թվականին՝ 60 նման գործուղում: Պետական միջոցների հաշվին արտասահմանյան գործուղումների թիվը 2014 թվականին կազմել է 21, իսկ 2015 թվականին՝ 25:

Արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանի՝ 2014 թվականի մարտի 31-ին Նյու-Յորք կատարած 4-օրյա գործուղումը պետբյուջեի վրա արժեցել է 1,5 մլն դրամ, որից 858 հազար դրամը ճանապարհածախսն է: 5 օրվա համար Օրբելյանը ստացել է 266 հազար դրամ օրապահիկ՝ չհաշված գիշերակացի գումարը, որն էլ իր հերթին կազմել է 411 հազար դրամ:

Արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կարեն Հակոբյանը 2014-ի հունիս ամսին ՀՀ եւ ՌԴ միջեւ ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստին մասնակցելու նպատակով մեկնել է Իրկուտսկ՝ ավիատոմսի համար վճարելով 1 մլն 320 հազար դրամ:

Նախարարության աշխատակիցները տարբեր ժամանակներում Բելգիայի մայրաքաղաք Բրյուսել մեկնելիս գնել են միմյանցից շատ մեծ տարբերությամբ արժեքի ավիատոմսեր: Խոսքը մի քանի անգամվա տարբերության մասին է:

Օրինակ՝ նախարարության իրավական ապահովման վարչության պետ Նորայր Բալոյանը նոյեմբեր ամսին Բրյուսել է մեկնել 841 հազար դրամ արժողությամբ ավիատոմսով: 2014 թվականին արդարադատության նախարարի տեղակալ, ներկայումս մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Բրյուսել է մեկնել ընդամենը 285 հազար դրամ արժողությամբ ավիատոմսով, իսկ արդեն 2015 թվականին՝ մեկ անգամ՝ 645 հազար դրամանոց ավիատոմսով, մի ուրիշ անգամ՝ 722 հազարով: Բրյուսելի ավիատոմսի համար փոխնախարար Վիգեն Քոչարյանը մեկ անգամ վճարել է ընդամենը 124 հազար դրամ, մեկ այլ անգամ՝ 377 հազար դրամ:

Արդարադատության նախկին նախարար Հ. Մանուկյանի այցը Աստանա

Արդարադատության արդեն նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի գործուղումները շատ չեն, սակայն բարձր արժեքի են: 2014 թվականին Հովհաննես Մանուկյանը Երեւանից Սանկտ-Պետերբուրգ է մեկնել 852 հազար դրամ արժողությամբ ավիատոմսով: Նախարարի հետ ՌԴ հյուսիսային մայրաքաղաք է մեկնել նաեւ նախարարության միջազգային իրավական հարաբերությունների վարչության միջազգային պայմանագրերի փորձաքննության բաժնի պետ Արմեն Սանոյանը, որի ավիատոմսն արժեցել է 604 հազար 550 դրամ:

Հովհաննես Մանուկյանի բիզնես կարգի ավիաթռիչքները սրանով չեն ավարտվում: Նա նոյեմբերի 2-ին Ղազախստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով Աստանա մեկնելիս գնել 1,5 մլն դրամ արժողությամբ ավիատոմս, իսկ նոյեմբերի 20-ին Մոսկվա մեկնելիս՝ 802 հազար դրամ ավիատոմսով:

Գլխավոր լուսանկարում՝ Հովհաննես Մանուկյանի այցը Սանկտ-Պետերբուրգ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter