HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պետության թիրախում կլինեն տաղանդավոր գրողները, սփյուռքահայ և ազգային փոքրամասնությունների գրականությունը

Դեկտեմբերի 1-ին մշակույթի նախարարին գրավոր հարցեր էինք ուղարկել գրահրատակչական ոլորտի փոփոխությունների մասին: Պատասխաններն ստացել ենք այսօր: Դրանք ներկայացնում ենք առանց մեկնաբանության:

-Գրահրատարակչության ոլորտում ի՞նչ փոփոխություններ եք պատրաստվում անել (եթե հնարավոր է, խնդրում եմ ներկայացնել կետերով): Պետական աջակցության ի՞նչ ծրագրերում են սպասվում փոփոխություններ, ի՞նչ ծրագրեր են դադարեցվելու, և որո՞նք են պատճառները:

-Պետական աջակցությամբ հաջորդ տարի կհրատարկվեն տաղանդավոր հեղինակների առաջին գրքեր, սփյուռքահայ գրականություն, ՀՀ ազգային փոքրամասնությունների գրքեր, աջակցություն կլինի գրական հանդեսներին և գրական մամուլին։

Փոխվելու են ժամանակակից հայ գրողներին պետական աջակցության տրման ձևաչափն ու սկզբունքները. նախարարության նոր մոտեցումն է՝ հրատարակչին աջակցել ոչ թե գրքի հրատարակման գործում, այլ աջակցության այլ միջոցներ ա­ռա­ջար­կել՝ շնորհանդեսների կազմակերպում, ստեղծագործությունների թարգ­մա­նու­թյուն և դրամաշնորհների տրամադրում արտասահմանում հրատարակվելու համար, հեռուստառադիոհաղորդումներ՝ գրականության և գրողների մասին։ Նախարարությունը կապահովի հարթակներ ընթերցողների և հրատարակիչների հետ գրողների հանդիպման համար: Այսպես ընթերցողն ավելի լավ կճանաչի ժամանակակից գրականությունը, իսկ հրատարակչին հնարավորություն կտրվի ավելի ճիշտ կողմնորոշվել հրատարակելիք գրքերի ընտրության հարցում։

Նախարարությունն աջակցելու է գրականության հանրահռչակման ոլորտում հանրապետական գրական միջոցառումների կազմակերպմանը, ինչպես՝ «Պոեզիայի համաշխարհային օր», «Գիրք նվիրելու օր», «Մանկապատանեկան գրականության շաբաթ», «Ընթերցման օլիմպիադա», «Խորհուրդ են տալիս հայտնիները» և այլն:

Հայ դասական և ժամանակակից գրողների թարգմանություններն արտասահմանում հրատարակելու հարցում նախարարությունն առաջնահերթություն է տալու առավել հայտնի օտարերկրյա հրատարակիչներին, որոնք լավագույնս կկազ­մակերպեն լույս տեսած գրքերի տարածումն ու գովազդը։ Նաև օժանդակելու է, որ­պեսզի հայաստանցի գրողները մասնակցեն գրքի միջազգային հեղինակավոր ցուցահանդեսներին։

Աջակցության ձևի փոփոխությունը կատարվել է հրատարակչությունների միջև մրցակցային դաշտը բացառապես գրաշուկայի կանոններով առաջնորդելու նպա­տակով: Միաժամանակ նկատելի է հայ ժամանակակից գրողին և իր գրա­կա­նու­թյու­նը հանրահռչակելու որոշակի բացը: Դրա լրացումը կնպաստի ժամանակակից հայ գրականության հրատարակման նկատմամբ հետաքրքրության աճին:

2017 թվականին «Գրականության հրատարակում» (պետական պատվեր) ծրա­գրով կհրատարակվեն միայն հանրագիտարանային, Հայաստանի պատմությունը և հայ մշակույթը ներկայացնող, ալբոմային, դասական և էլեկտրոնային գրա­կա­նություն:

Պետական պատվերով հրատարակված գրքերն այլևս չեն վաճառվի՝ նպատակ ունե­նալով բացառել պետության որևէ տեսակ մրցակցություն մասնավոր հրա­տա­րա­կիչների հետ: «Գրականության հրատարակում» ծրագրով լույս տեսած սահ­մա­նա­փակ քանակությամբ գրքերը կտրվեն գրադարաններին, Հայաստանի և սփյուռքի կրթա­կան և մշակութային հաստատություններին, կծառայեն մեր մշակույթի հան­րայ­նաց­մանը:

Գրադարանների հավաքածուների համալրման նպատակով Ազգային գրա­դա­րա­նում կստեղծվի մասնագիտական խորհուրդ, որը, հետևելով գրական տպագիր և էլեկտ­րոնային մամուլին, կուսումնասիրի և կծանոթանա ժամանակակից գրական գոր­ծընթացներին և, համադրելով գրախանութներից պարբերաբար ստացվող նոր հրա­տարակությունների  ցանկերի և մարզային գրադարանների առաջարկների հետ, Հայաստանի ազգային և մարզային գրադարանների համար կկազմի ձեռքբեր­ման համար անհրաժեշտ գրականության ցանկը:

Կատարվելու է շուկայի ուսումնասիրություն՝ պարզելու համար ներքին, ար­տա­քին, ինչպես նաև սփյուռքի պահանջները և պետական կարիքները։ Այդ ուսում­նա­սի­րությունը կծառայի ինչպես մշակույթի նախարարությանը, այնպես և մասնավոր հրա­տարակիչներին՝ առավել ճիշտ կողմնորոշվելու գրահրատարակչական շուկայում։

Նախարարությունը մտադիր է օտարերկրյա մասնագետների հետ գրքի ձևա­վոր­ման վարպետության դասեր կազմակերպել։ Դրանց անհրաժեշտության հարցը շոշափվել է նաև Հայաստանում հավատարմագրված դեսպանների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներում։

-Ժամանակակից հայ գրականությունն արդյո՞ք դուրս է մնալու պետական աջակցության ծրագրից: Եթե այո, խնդրում եմ նշել պատճառները:

-Ժամանակակից հայ գրականությունից պետական աջակցության ծրագրում նախկին ձևաչափով մնացել են միայն «Առաջին գիրք» և «Սփյուռքահայ գրականություն» ուղղությունները, գրականության մյուս ուղղությունների (արդի հայ արձակ և պոեզիա, մանկապատանեկան գրականություն, այլ լեզուներից հայերեն) համար նախատեսված են աջակցության այլ ձևեր, մասնավորապես հայերենից այլ լեզուների թարգմանությունների համար ստեղծված գրանտային ծրագրով, հայ գրականության հանրահռչակմանն ուղղված նախաձեռնությունների, ինչպես նաև ընթերցանության խթանմանն ուղղված միջոցառումների միջոցով:

Ման­կա­պա­տա­նեկան գրականությունը հրատարակչական շուկայում ամենապահանջվածներից և ամանավաճառվողներից է, հետևաբար հրա­տա­րակ­չու­թյուն­նե­րի կողմից ներդրում անելն այս պարագայում պակաս ռիսկային է:

«Այլ լեզուներից հայերեն» թարգմանությունների դեպքում հարկ է նշել, որ թարգմանությունների աջակցության նպատակով երկրների զգալի մասն ունեն գրան­տային ծրագրեր, որոնցից աջակցություն ստանալով՝ կարելի է հրատարակել նա­խատեսված գրականությունը:

-Պետական աջակցությամբ քանի՞ գիրք է հրատարակվել 2008-ից մինչ օրս (եթե հնարավոր է, խնդրում եմ ներկայացնել ցանկը՝ ըստ տարիների, հեղինակների, ստեղծագործությունների և յուրաքանչյուր գրքին հատկացված գումարի):

-2011-2016 թվականներին «Աջակցություն գրականության հրատարակմանը» (պետական աջակցություն) ծրագրով հրատարակված գրականության ցանկը կցվում է: Ցավոք, մինչև 2010 թվականը հրատարակված գրականության ցանկերն ար­խի­վաց­ված են, ուստի եթե դրանք կարևոր են վերլուծության նպատակով, ապա արխիվից վերհանումը կպահանջի հավելյալ ժամանակ:

-Ի՞նչ սկզբունքով են կազմակերպվում հանձնաժողովները, որոնք գրքերի հրատարակչության ընտրությունն են կատարում: Ինչու՞ չեն հրապարակվում հանձնաժողովի անդամների անունները, մրցույթին առաջադրված գրքերը:

-ՀՀ մշակույթի նախարարին կից պետական պատվերով և աջակցությամբ հրա­տա­րակվող գրականության ցանկերը ձևավորող մասնագիտական խորհրդի կազ­մում ընդգրկվում են անվանի գրողներ, գրականագետներ, պատմաբաններ, ար­վես­տա­բաններ, թարգմանիչներ և ոլորտի այլ մասնագետներ: Հանձնաժողովից բացի՝ հրա­տարակության համար առաջարկվող ստեղծագործությունների մասին, կախված դրանց բնույթից, կարծիք են հայտնում նաև անկախ փորձագետները: Հանձ­նա­ժո­ղո­վի կազմը մինչև հրատարակվող գրականության ցանկերի վերջնական հաս­տա­տու­մը չի հրապարակվում վերջինի աշխատանքները հնարավորին անկախ իրա­կա­նաց­նելու նկատառումով, իսկ ցանկերի հաստատումից հետո, ըստ ան­հրա­ժեշ­տու­թյան, կարող է հրապարակվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter