HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սևանա լճի սիգի ձկնագողության և ապօրինի վաճառքի դեմ բնապահպանության նախարարության ձևական պայքարը

Արթուր Հովհաննիսյան

Սևանա լճի սիգի ձկնագողության և ապօրինի վաճառքի դեմ ՀՀ բնապահպանության նախարարության պայքարի ձևական լինելու մասին, ինչպես արդեն նշել եմ, վկայում են հենց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի 2016թ. նոյեմբերի 22-ի թիվ 329-Ա հրամանով սահմանված որսարգելքի ժամկետները:

Նախարարը հիշյալ փաստաթղթի 1-ին կետով հրամայել է «Իշխան և Սիգ ձկնատեսակների ձվադրման ժամանակահատվածում ձկների բնական վերարտադրությունն ապահովելու նպատակով 2016 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 25-ը և 2017թ. հունվարի 6-ից մինչև հունվարի 20-ը ժամանակավորապես դադարեցնել Սևանա լճում և այնտեղ թափվող գետերում ձկան և խեցգետնի որսը»: Այսինքն` ոչ միայն 2017թ. հունվարի 20-ից հետո, այլև դեկտեմբերի 25-ից մինչև 2017թ. հունվարի 6-ը Սևանա լճում և այնտեղ թափվող գետերում ձկան և խեցգետնի որսը, նախարարի հրամանի համաձայն, թույլատրվում է: Բնականաբար, հարց է առաջանում` եթե նպատակը իշխան և սիգ ձկնատեսակների ձվադրման ժամանակահատվածում ձկների բնական վերարտադրությունն ապահովելն է, ապա ինչո՞ւ է դեկտեմբերի 25-ից մինչև 2017թ. հունվարի 6-ը Սևանա լճում և այնտեղ թափվող գետերում թույլատրվելու ձկան և խեցգետնի որսը, երբ, ընդգծում եմ, ըստ ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի, սիգի և իշխանի ձվադրության շրջանը դեռ ավարտված չի լինելու:

Սևանա լճում իշխան և սիգ ձկնատեսակների որսը ոչ միայն նշված ժամանակահատվածներում, այլև ամբողջ տարվա ընթացքում արտոնված չէ, հետևաբար արգելված է, ինչը նշանակում է, որ վերոնշյալ ժամանակահատվածներում որսի թույլտվությունը վերաբերվում է միայն մանրածածանին (կարասին) և խեցգետնին: Ինչո՞ւ, ի՞նչ անհրաժեշտություն կար հիշյալ ժամանակահատվածում դրանց որսը չարգելելու, երբ բոլորիս էլ հայտնի է, որ Հայաստանի բնակչությունն Ամանորից առաջ երբեք խեցգետին ու մարածածան չի գնել Նոր տարվա սեղանին դնելու համար, ոչ էլ հունվարի 7-ին (մեռելոցին) կամ ամանորյա տոնական օրերի սեղանի համար է գնել դրանք: Այստեղից պարզ է դառնում, որ Սևանա լճում և այնտեղ թափվող գետերում դեկտեմբերի 25-ից մինչև 2017թ. հունվարի 6-ը ցանկացած տեսակի ձկան և խեցգետնի արդյունագործական որսի համար արգելք չի սահմանվել դրանք որսալու պատրվակով լիճ մտնող, որսագործիքներ դնող սիգի ձկնագողերին չխանգարելու, սիգի ձկնագողությունը թեև ոչ պաշտոնապես, բայց գործնականում թույլատրելու համար:

Անդրադառնանք այն հարցին, թե ի՞նչ անրաժեշտությամբ է պատճառաբանվում նախարարի հրամանը: Խնդիրն այն է, որ ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս Սևանա լճից մանրածածանի և խեցգետնի արդյունագործական որսն արգելված չէ: Սիգի որսագողերն իբր մանրածածան և խեցգետին որսալու պատրվակով մտնելով լիճ և այնտեղ թափվող գետեր, զբաղվում են սիգի և իշխանի ձկնագողությամբ: Հետևաբար Սևանա լճում և այնտեղ թափվող գետերում իշխանի և սիգի ձվադրության ժամանակահատվածում ձկան և խեցգետնի որսն ընդհանրապես արգելելու հրաման տալու նպատակը գոնե տվյալ ժամանակահատվածում լճում որսի բացառումը և հիշյալ պատրվակով իշխանի և սիգի ձկնագողության դեմն առնելը, նրանց ձվադրման ժամանակահատվածում այդ ձկների բնական վերարտադրությունն ապահովելն է:

Իրականում եթե Բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության տեսուչները ցանկանան ոչ թե ձևականորեն, այլ իրապես պայքարել սիգի ձկնագողության դեմ, մանրածածանի և խեցգետնի որսը նրանց չի կարող շփոթության մեջ գցել և խոչընդոտ հանդիսանալ, քանի որ խեցգետնի և մանրածածանի որսի համար, ի տարբերություն սիգի, օգտագործվում են այլ որսագործիքներ, դրանք դրվում են ափից այլ հեռավորության վրա և այլ վայրերում:

Այլ խնդիր է, որ լճից ձկնորսության և խեցգետնորսության համար նախատեսված բոլոր որսագործիքների և, հատկապես, լողամիջոցների դուրսբերումը, որը նախատեսված է հրամանով, բայց որը, ցավոք, մասնակիորեն է իրականացվել, միանշանակ դյուրացնում է սակավ միջոցներ ունեցող բնապահպանական տեսուչների պայքարը ձկնագողության դեմ: Հետևաբար նախարարի հրամանը, որը, ի դեպ, նորություն չէ (այդպիսի հրամաններ տվել են նաև նախորդ նախարարները), իրոք, անհրաժեշտություն է, ինչն էլ հենց փաստում է, որ նախարարը Սևանա լճում և այնտեղ թափվող գետերում դեկտեմբերի 25-ից մինչև 2017թ. հունվարի 6-ը ժամանակահատվածում ձկան և խեցգետնի որսի արգելք չսահմանելով, հակասել է իր իսկ հրամանի նպատակին ու տրամաբանությանը:

Ավելին. եթե իսկապես սիգի և իշխանի որսագողության դեմ պայքարի համար բավարար պայմաններ ապահովելու, Սևանա լճում այդ ձկնատեսակների պաշարները փրկելու նպատակ կա, իսկ հիշյալ տեսչության հնարավորություններն առաջիկայում հնարավոր չէ մեծացնել, ապա մանրածածանի և խեցգետնի որսը նույնպես պետք է ընդհանրապես արգելվի, կարծում եմ, առնվազն գոնե 3 տարի: Մանավա՛նդ, որ մանրածածանի պաշարները նույնպես անմխիթար վիճակում են: Դրանք, ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բարդուխ Գաբրիելյանի տեղեկացմամբ, այս տարի նվազել են և գնահատվում են ընդամենը 90-100 տոննա, այսինքն` սիգի պաշարներից էլ մոտ 5 անգամ քիչ: Նրա հավաստմամբ, լրջորեն նվազել են նաև խեցգետնի պաշարները:

Նշեմ նաև, որ ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնն իր 2016թ. նոյեմբերի 11-ի գրությամբ ՀՀ բնապահպանության նախարարությանն  առաջարկել է Սևանա լճում սիգի որսի նկատմամբ արգելքը խստացնել ս. թ. նոյեմբերի 25-ից, քանի որ այդ օրվա դրությամբ սիգի ձվադրության շրջանն արդեն սկսված էր լինելու: Սակայն, նախարարությունը չի շտապել և ընդհանուր որսարգելքը սահմանել է դեկտեմբերի 1-ից, դա էլ կարծես քիչ է, արգելքը սահմանել է մինչև դեկտեմբերի 25-ը` այն դեպքում, երբ հիշյալ կենտրոնը պայքարի խստացման համար առաջարկել էր ավելի երկար ժամանակ:  

«Ես չգիտեմ այդ դժվարությունն ինչի հետ է կապված, իրենց աշխատակիցների ցանկության հետ է կապված, թե իրենց հնարավորությունների հետ է կապված,- ասաց Բարդուխ Գաբրիելյանը:- Ամեն դեպքում, այն խոսքերը, որ մեկ-մեկ ասում են, թե ժողովուրդն ուտելու բան չունի, պետք է բան անենք, ես դրա հետ համամիտ չեմ, որովհետև գողությունը մնում է գողություն, եթե մենք թույլատրում ենք մի տեղ գողություն անել, ապա թույլ տվեք բոլոր տեղերում անեն գողություն: Որսագողությունը նույն գողությունն է, եթե ձուկը պետական սեփականություն է և թույլ են տալիս պետական սեփականությունը գողանալ, որովհետև մարդիկ վատ են ապրում, դե այդ դեպքում թող թույլ տան ուրիշ տեղերում էլ գողանան, թալանեն, իսկ ինչո՞ւ միայն Սևանի ավազանի բնակչությունը պետք է թալանի:

Երկրորդ. ես չեմ համարում, որ այնտեղի ժողովուրդը մեծ մասամբ ապրում է ձկան շնորհիվ, այնտեղի բնակչության երևի մի 5 տոկոսն է` վերավաճառողներով, իրենց ընտանիքներով, գլխին կանգնող ինչ-որ մարդկանցով, նրանք ավելի շատ են, քան այդ խեղճ ձկնորսները, որոնք իրենց կյանքի գնով մտնում են լիճ»:

Բնապահպանական տեսուչների, ոստիկանների կողմից երբեմն պատճառաբանվում է, թե վաճառվողն իբր Սևանա լճի սիգը չէ կամ միշտ չէ, որ Սևանի սիգն է, ի՞նչ կարող եք ասել այս կապակցությամբ: Պատասխանելով մեր այս հարցին, կենտրոնի տնօրենն ասաց. «Եթե սիգ է, դա միանշանակ Սևանինն է, եթե հիմա վաճառվում է, նշանակում է այնտեղ արգելքը լավ չի գործում, ուրեմն Սևանից որսվում է ու բերվում է Երևան, վաճառվում է: Եթե նույնիսկ մեկ-երկու ջրամբարում, ինչպես, օրինակ, Կեչուտի ջրամբարում կար կամ հիմա կա սիգ, դա շատ քիչ քանակներով է, բացի այդ, այնտեղ բազմացում չի լինում, այսինքն` միշտ բերում են դրսից, և մեր տեղեկություններով, հիմա այնտեղ ձուկ չկա… Էլի եմ ասում` այդ սիգն այն քանակների չէ, որ ինչ-որ տեղ վաճառվի»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter