HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Չկառուցված Նոր Հալեպն ու Հրանտ Վարդանյանի նվիրաբերած 42 մլն դրամը

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում սիրիահայերի համար նոր թաղամաս կառուցելու գաղափարն այդպես էլ կյանքի չկոչվեց։ Նոր Հալեպում (այդպես պետք է կոչվեր թաղամասը) բնակարան ձեռք բերելու համար դիմում էր ներկայացրել շուրջ 660 սիրիահայ։ Հաշվարկվել էր, որ ծրագրի իրականացման համար հարկավոր է 25 մլն ԱՄՆ դոլար, որը պետք է հավաքվեր դիմում ներկայացրած սիրիահայերից ու բարերարներից։

Սակայն ծրագրերը չիրականացան. ոչ առաջին, ոչ երկրորդ կողմից գումարներ չհավաքվեցին։ Միայն բարերարները նվիրաբերեցին 52 մլն ՀՀ դրամ, որի մեծ մասը՝ 42 մլն դրամը, նվիրաբերել է գործարար Հրանտ Վարդանյանը։

Ծրագրի համակարգողն ու պատասխանատու նշանակվեց «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ն՝ Սփյուռքի նախարարության գլխավորությամբ:

Մեկուկես տարի առաջ «Հետք»-ի հետ զրույցում, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Լենա Հալաջյանի նշեց, որ 52 մլն դրամից ավելի քան 10 մլն դրամը տրամադրվել է Նոր Հալեպի համար նախատեսված վայրում երկրաբանական աշխատանքներին ու քարտեզավորմանը, իսկ 42 մլն դրամը պահվում է «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ում։

Թե ծրագրի, թե նվիրաբերած գումարների մասով այսօր էլ որևէ փոփոխություն չկա։ Լենա Հալաջյանն ասում է, որ գումարը առանձին հաշվեհամարով շարունակում  է մնալ նույն բանկում։

Հարցին՝ ի վերջո ի՞նչ նպատակով է  օգտագործվելու գումարը և արդյոք հնարավո՞ր չէ այն ծառայեցնել սիրիահայերի ներկա կարիքներին, Լ. Հալաջյանը պատասխանում է, որ այդ գումարը հատուկ նպատակով է տրամադրվել։ Այն կարող է սիրիահայերի համար այլ նպատակի ծառայել, եթե Հրանտ Վարդանյանի ժառանգները նման առաջարկ  անեն։ Իսկ առայժմ «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն»-ն այդ մասով  որևէ ծրագիր չի առաջարկել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter