Չկառուցված Նոր Հալեպն ու Հրանտ Վարդանյանի նվիրաբերած 42 մլն դրամը
Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում սիրիահայերի համար նոր թաղամաս կառուցելու գաղափարն այդպես էլ կյանքի չկոչվեց։ Նոր Հալեպում (այդպես պետք է կոչվեր թաղամասը) բնակարան ձեռք բերելու համար դիմում էր ներկայացրել շուրջ 660 սիրիահայ։ Հաշվարկվել էր, որ ծրագրի իրականացման համար հարկավոր է 25 մլն ԱՄՆ դոլար, որը պետք է հավաքվեր դիմում ներկայացրած սիրիահայերից ու բարերարներից։
Սակայն ծրագրերը չիրականացան. ոչ առաջին, ոչ երկրորդ կողմից գումարներ չհավաքվեցին։ Միայն բարերարները նվիրաբերեցին 52 մլն ՀՀ դրամ, որի մեծ մասը՝ 42 մլն դրամը, նվիրաբերել է գործարար Հրանտ Վարդանյանը։
Ծրագրի համակարգողն ու պատասխանատու նշանակվեց «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ն՝ Սփյուռքի նախարարության գլխավորությամբ:
Մեկուկես տարի առաջ «Հետք»-ի հետ զրույցում, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Լենա Հալաջյանի նշեց, որ 52 մլն դրամից ավելի քան 10 մլն դրամը տրամադրվել է Նոր Հալեպի համար նախատեսված վայրում երկրաբանական աշխատանքներին ու քարտեզավորմանը, իսկ 42 մլն դրամը պահվում է «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ում։
Թե ծրագրի, թե նվիրաբերած գումարների մասով այսօր էլ որևէ փոփոխություն չկա։ Լենա Հալաջյանն ասում է, որ գումարը առանձին հաշվեհամարով շարունակում է մնալ նույն բանկում։
Հարցին՝ ի վերջո ի՞նչ նպատակով է օգտագործվելու գումարը և արդյոք հնարավո՞ր չէ այն ծառայեցնել սիրիահայերի ներկա կարիքներին, Լ. Հալաջյանը պատասխանում է, որ այդ գումարը հատուկ նպատակով է տրամադրվել։ Այն կարող է սիրիահայերի համար այլ նպատակի ծառայել, եթե Հրանտ Վարդանյանի ժառանգները նման առաջարկ անեն։ Իսկ առայժմ «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն»-ն այդ մասով որևէ ծրագիր չի առաջարկել։
Մեկնաբանել