HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մի խումբ լրագրողներ դիմել են ՔԿՎ Արթուր Սարգսյանին տեսակցելու հարցով

Մի խումբ լրագրողներ դիմել են  Արդարադատության նախարարության ՔԿՎ պետ Արթուր Օսիկյանին և Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին՝ Արթուր Սարգսյանին տեսակցելու հարցով:

Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանի առողջական լուրջ խնդիրների մասին ահազանգել են նրա պաշտպաններ Տիգրան Եգորյանն ու Դավիթ Գյուրջյանը։  Նրանք դիմումներ են ուղարկել Արդարադատության նախարարություն, Քրեակատարողական վարչություն, «Նուբարաշեն» ՔԿՀ և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ: Պաշտպանները պահանջել են անհապաղ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ Արթուր Սարգսյանին պատշաճ բուժզննություն և օգնություն տրամադրելու համար, նրան տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց, ապահովել պատշաճ բուժում ու խնամք:

Ստորեւ ներկայացնում ենք լրագրողների նամակը․

«ՊՊԾ գնդի տարածքում «Սասնա Ծռեր» խմբի անդամներին այս տարվա հուլիսի 26-ին հաց հասցրած ու արդեն 5 ամիս կալանքի տակ գտնվող Արթուր Սարգսյանն ունի առողջական լուրջ խնդիրներ: Երեկ այս մասին լրատվամիջոցներին ու Ձեզ ահազանգել են Արթուր Սարգսյանի փաստաբաններ Տիգրան Եգորյանն ու Դավիթ Գյուրջյանը: Արթուր Սարգսյանի առողջական վիճակի վատթարացման մասին իր անհանգստությունն է հայտնել նաև նրա եղբայրը՝ Արսեն Սարգսյանը:

Մասնավորապես՝ ըստ փաստաբանների հաղորդագրության` դեկտեմբերի 10-ին Սարգսյանի մոտ սկսվել են գլխապտույտներ, սրտխառնոց և փսխումներ: Դեկտեմբերի 11-ին Արթուր Սարգսյանի մոտ արդեն սկսվել են արյունային փսխումներ: Կանչվել է շտապօգնություն, և Սարգսյանը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: «Էրեբունի» բժշկական կենտրոնում իրականացվել է հետազոտություն, ինչի արդյունքում ախտորոշվել է կերակրափողի էրոզիա և ճաք, որից տեղի էր ունենում արյան արտահոսքը, աղեստամոքսային համակարգի խնդիրներ, նշանակվել է բուժում դեղորայքի և ներերակային կաթիլային ներարկումների միջոցով: Այնուհետև Սարգսյանը կրկին տեղափոխվել է «Նուբարաշեն» ՔԿՀ: Փաստաբաններն իրենց նամակում նշել են, որ այդ հիվանդությունների արդյունավետ բուժումն ակնհայտորեն չի կարող ապահովվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: 

Հարգելի պարոն Օսիկյան, հաշվի առնելով այն, որ Արթուր Սարգսյանի տեսակցությունների վրա դրված արգելանքը հանվել է, ուստի խնդրում ենք Ձեզ Արթուր Սարգսյանին տեսնելու և հարցազրույց ունենալու հնարավորություն ընձեռել (տեսանկարահանում ու ձայնագրություն):

Հարգելի պարոն Թաթոյան, խնդրում ենք նաև Ձեր ներկայությունը «Նուբարաշեն» ՔԿՀ լրագրողների մեր խմբի այցելությանը (կամ ՄԻՊ արագ արձագանքման խմբի ներկայացուցիչների), ինչպես նաև ցանկանում ենք, որ ներկա լինեն Արթուր Սարգսյանի փաստաբանները:

Հ.Գ. Այն լրագրողները, որոնք ցանկանում են միանալ այս նախաձեռնությանը, կարող են արձագանքել` գրելով առաջարկի տակ արդեն իսկ ստորագրած լրագրողներին կամ լրատվամիջոցներին

Կանխավ շնորհակալություն

Հարգանքով

Տաթեւ Խաչատրյան «Հայկական Ժամանակ»

Զարուհի Մեջլումյան «Հետք»

Սոնա Մաշուրյան «Փաստինֆո»

Թագուհի Հակոբյան «Հրապարակ»

Անի Վարդանյան «Aysor.am»

Փայլակ Ֆահրադյան «Araratnews.am»

Նարինե Ղլեչյան «Ազատություն» ռադիոկայան»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter