HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Էկոնոմ եւ բիզնես կարգի տոմսեր. ի՞նչ են նախընտրում պաշտոնյաները-7

Ի պատասխան «Հետք»-ի հարցման, Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը տեղեկացրել է, որ 2014 եւ 2015 թվականներին նախարարության աշխատակիցների արտասահմանյան գործուղման ծախսերը կազմել են 506,1 միլիոն դրամ կամ ավելի քան 1 միլիոն ամերիկյան դոլար:

Այս գումարի շրջանակներում իրականացվել է 701 գործուղում՝ ներառյալ նախագահի, վարչապետի եւ Ազգային ժողովի նախագահի պատվիրակությունների կազմում գործուղումները:

Երկու տարվա ընթացքում անձամբ Էդվարդ Նալբանդյանն ունեցել է 68 օտարերկրյա գործուղում, այդ թվում՝ 29 գործուղում նախագահի պատվիրակության կազմում (Չեխիա, Նիդերլանդներ, Թուրքմենիա, Չեխիա, Ավստրիա, Վրաստան, Արգենտինա, Ուրուգվայ, Չիլի, Բելգիա, Սուրբ Աթոռ, Ֆրանսիա, Հորդանան, ԱՄՆ, ՌԴ, Չինաստան, Լատվիա, Ղազախստան, Ֆրանսիա, Տաջիկստան եւ այլն): Փոխնախարարները 2014-2015 թվականներին ունեցել են 52 գործուղում, այդ թվում՝ 12 գործուղում վարչապետի պատվիրակության կազմում, իսկ ահա վարչության պետերը այլ երկրներ գործուղվել են 207 անգամ:

Կառավարության կայքից տեղեկանում ենք, որ 2015 թվականին պետական միջոցներով գնված, բիզնես կարգի 1 ավիատոմսը՝ Երեւան-Մոսկվա-Փարիզ-Մոսկվա-Երեւան ուղղությամբ, արժեցել է 2 միլիոն 2 միլիոն 251 հազար դրամ: Պայմանագրում նշված չէ, թե մասնավորապես ով է մեկնել նշված ուղղությամբ: Ենթադրաբար՝ խոսքը հենց նախարար Նալբանդյանի մասին է: Նույն ուղղության էկոնոմ կարգի 1 ավիատոմսի համար նախարարությունը վճարել է 789 հազար դրամ: Ավիատոմսերը ԱԳՆ-ն ձեռք է բերել «Արմենիա Թրավել+Մ» կազմակերպությունից:

Երեւան-Մոսկվա-Հռոմ ուղղության էկոնոմ կարգի տոմսի համար վճարվել է 317 հազար դրամ, բիզնես կարգի ավիատոմսի համար՝ ավելի քան 2,5 անգամ ավել՝ 896 հազար դրամ: Շանհայ-Հոնկոնգ-Մոսկվա-Երեւան ուղղության էկոնոմ կարգի ավիատոմսը եթե արժեցել է 850 հազար դրամ, ապա բիզնես կարգի ավիատոմսը՝ 1 միլիոն 693 հազար դրամ: Սա ցույց է տալիս, թե որքան ավելորդ գումարներ են ծախսվում պետական բյուջեից՝ բարձրաստիճան պաշտոնյաների համար լրացուցիչ կոմֆորտ ապահովելու համար: Հարկատուները վճարում են, ինչ է թե՝ պաշտոնյան պետք է նստի մյուս ուղեւորներից առանձին, մի տաք ծածկոց ավել ունենա, հասարակ սենդվիչի փոխարեն սնվի այլ ուտեստներով, մշտապես լինի բորտուղեկցորդուհիների ուշադրության կենտրոնում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter