HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հանքային ջրեր. ինչ վիճակում է հայկական շուկան

«Ջերմուկ Գրուպ» ընկերության նոր գործարանի կառուցման նպատակով կատարվել է մոտ 5 մլրդ դրամի ներդրում։ Ընկերությունը ակնկալում է արտադրության ծավալների ու աշխատատեղերի քանակի աճ։

Այսօր Ջերմուկում տեղի է ունեցել նշված գործարանի բացումը։ Ներկա են եղել  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը։ Վերջինս նշել է, որ բնական և հանքային շշալցված ջրերի արտադրության ոլորտը  Հայաստանի տնտեսության զարգացող ուղղություններից մեկն է։

Հանքային ջրերի շուկան ներկայում աշխարհում ամենաարագ զարգացող շուկաներից է։ Հայաստանում ևս այն զարգացման մեծ ներուժ ունի՝ պայմանավորված հանքային ջրերի մեծ պաշարներով, սակայն նախորդ տարվանից սկսած այս ոլորտում արտադրության ծավալներն անկում են ապրում։   Թե որքանով նոր գործարանը կազդի ծավալների վրա, ժամանակը ցույց կտա։

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության վերջին տվյալներով՝ այս տարվա հունվար-հոկտեմբերին Հայաստանում արտադրվել է 32.3 մլն լիտր հանքային ջուր։ Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ հանքային ջրերի արտադրությունը հանրապետությունում 8.4%-ով նվազել է։

2015 թվականին ևս արտադրության այս ճյուղում անկում է գրանցվել, ընդ որում՝ բավականին զգալի` 20.9%:

2012-ի տարեվերջից ընդունվեց նոր օրենք, ըստ որի՝ Հայաստանում արտադրվող և ներմուծվող հանքային ջրերը, մի շարք այլ ապրանքների հետ միասին, ենթակա են պարտադիր դրոշմապիտակավորման։ Թեև դրանից հետո հանքային ջրերը որոշակի թանկացան, սակայն փաստ է, որ շուկան մեծամասամբ դուրս եկավ ստվերից։ Եվ մեծապես դրանով էր պայմանավորված 2013 թվականի աճը։ Այսինքն՝ դա իրական աճ չէր, պարզապես շուկան դուրս էր եկել ստվերից ու իրականությանն ավելի մոտ ցուցանիշներ էին արձանագրվում։  Հաջորդ տարում՝ 2014-ին, աճն արդեն իրական էր, ինչի մասին է վկայում  նաև արտահանման աճը։  Այդ տարին հանքային ջրերի արտադրության ծավալները հասան 57  մլն լիտրի։  Դրանից հետո, սակայն, աճի տեմպերը չպահպանվեցին և նվազումը շարունակվում է մինչ այսօր։

Ըստ ՀՀ ԱՎԾ տվյալների

Չնայած գրանցված նվազմանը՝ հանքային ջրերի շուկան շարունակում է մնալ Հայաստանի տնտեսության եզակի շուկաներից  մեկը, որտեղ տեղական արտադրությունը բավարարում է բնակչության պահանջարկը և հիմնված չէ ներմուծման վրա։ Այլ հարց է՝ որքանո՞վ է օգտագործվում բնական պաշարների ընձեռած ներուժը։

Հայաստանում արտադրվող հանքային ջուրը նաև արտահանվում է։

Շուրջ մեկ քառորդն արտահանվում է 

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տրամադրած  տվյալները ցույց են տալիս, որ վերջին տարիներին տարեկան կտրվածքով Հայաստանում արտադրվող հանքային ջրերի շուրջ մեկ քառորդն արտահանվում է։

Ընդ որում՝ արտահանման ամենաբարձր ցուցանիշը ևս գրանցվել է 2014-ին։ 2015-ին այն կրճատվել է ավելի քան 4 մլն լիտրով կամ 28%-ով։

Իսկ այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով (ՊԵԿ-ի վերջին տվյալները)՝ Հայաստանից արտահանվել է 5.2 մլն լիտր հանքային ջուր, որի մաքսային արժեքը կազմել է 2.9 մլն դոլար։ Դա շուրջ 300 լիտրով կամ 5%-ով գերազանցում է նախորդ տարվա առաջին կիսամյակի ցուցանիշը։ Իսկ մաքսային արժեքն աճել է մոտ 200 հազ. դոլարով կամ ավելի քան 7%-ով։ Ի դեպ, հանքային ջրերը դասվում են Հայաստանից արտահանվող առավել բարձր մաքսային արժեք ունեցող ապրանքների շարքում։

Այս տարվա առաջին կիսամյակում հանքային ջրերի արտադրությունը Հայաստանում, 2015-ի նույն ժամանակաշրջանի համեմատ, 5.3%-ով նվազել են։ Իսկ դրան զուգահեռ, ինչպես նշեցինք, արտահանումը փոքր-ինչ աճել է։ Սա կարող է նշանակել, որ այս տարի արտադրության ծավալների անկումը պայմանավորված չէ արտահանմամբ, այլ՝ տեղական շուկայում սպառման ծավալների նվազմամբ։

Արտահանման հիմնական շուկան Ռուսաստանն է 

Արտահանվող հայկական հանքային ջրերի իրացման հիմնական շուկան շարունակում է մնալ Ռուսաստանը։ Այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով՝ Հայաստանից արտահանված հանքային ջրերի  88%-ն առաքվել է Ռուսաստան։  Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ արտահանումն ավելացել է 53.3 հազ. լիտրով կամ ավելի քան 1%-ով։  Իսկ 2015 թվականին դեպի ՌԴ հայկական հանքային ջրի արտահանումը նվազել էր մոտ 30%-ով (3.9  մլն լիտրով), ինչը պայմանավորված էր Ռուսաստանում հայկական հանքային ջրի պահանջարկի նվազմամբ, ինչն էլ իր հերթին այդ երկրում տնտեսության վատթարացման և գնողունակության անկման հետևանք էր։ Դեպի Ռուսաստան արատահանման նվազմամբ էլ բացատրվեց 2015-ին ընդհանուր ցուցանիշի անկումը։ 

Վերադառնալով այս տարվա պատկերին՝ համեմատաբար զգալի է նաև դեպի ԱՄՆ, ԱՄԷ, Չինաստան, Լիբանան, Ուկրաինա և Լիտվա արտահանումը։ Այս տարվա առաջին կիսամյակում արտահանվել է Ղազախստան, նախորդ տարվա  նույն ընթացքում այս երկիր հայկական հանքային ջուր չի արտահանվել։ 

Նախորդ տարվա առաջին կիսամյակում ոչ մեծ քանակությամբ՝ մի քանի հազար լիտրով, արատահանվել էր նաև Թուրքմենստան, Իրաք, Մոլդովա, Վրաստան, բայց այս տարի նշված  երկրներ  հայկական հանքային ջուր չի արտահանվել։ Հատկապես ուշագրավ է Վրացական շուկան կորցնելը, քանի որ ժամանակին այս շուկայն հայկական հանքային ջրի պահանջարկ եղել է։ Օրինակ՝ 2013  թվականին շուրջ 170 հազար լիտր արտահանվել է Վրաստան։ 

Ըստ ՀՀ ՊԵԿ-ի տվյալների

Ըստ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության՝ «Ջերմուկ գրուպ» ընկերությունը  հանքային և բնական աղբյուրի ջուր արտադրող խոշորագույն ընկերությունն է Հայաստանում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter