HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Ճամբարակցիների «ռոկֆոր» պանիրը ֆեյսբուքում հանվել է վաճառքի

Ինչպես արդեն հայտնել ենք՝ նոյեմբերի 29-ին Ճամբարակ քաղաքի և հարակից գյուղերի բնակիչները ցույցի էին դուրս եկել «Աշտարակ-կաթ» ընկերության գործարանի դիմաց, պահանջելով վճարել իրենցից մթերված կաթի պարտքերը: Ընկերությունը քանի ամիս չէր վճարել գնված կաթի գումարները, գործարանի աշխատողներին՝ աշխատավարձերը, միայն Ճամբարակում կուտակելով 70 միլիոն դրամից ավելի պարտք:

Բողոքի ակցիայից հետո գործարանի տնօրինությունը որոշեց գումարի փոխարեն ճամբարակցիներին «ռոկֆոր» տեսակի պանիր հանձնել, որից հետո էլ գյուղացիների համար ստեղծվեց մեկ այլ խնդիր՝ ինչպես իրացնել 60 տոննա պանիրը։

Երկու օր առաջ ֆերմեր Հարություն Մնացականյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրառում կատարեց այն մասին, որ Ճամբարակի քաղաքապետը կապ է հաստատել իր և Վահրամ Միրաքյանի հետ, խնդրել իրացնել մոտ 60 տոննա պանրի հումքը։  Զանգից հետո Մնացականյանը Միրաքյանի հետ մեկնել է Ճամբարակ, պանրից նմուշներ են վերցրել, վաճառքի նպատակով ուղարկել Ռուսաստանի և Վրաստանի երեք ընկերություններ։

Մինչ այդ ընկերություններից պատասխան կստացվի, նմուշները Հայաստանի Ազգային ագրարային համալսարանում լաբորատոր փորձաքննության են հանձնվել՝ ստուգելու՝ արդյո՞ք արգելված նյութեր, վնասակար միկրոբներ կան, թե ոչ։ 

«Ճիշտն ասած ռադիոյով լսեցի, որ ճամբարակցիներին աշխատավարձի տեղ պանիր են տվել, մոտ 1 շաբաթ անց քաղաքապետը զանգահարեց, ասաց, որ իմ համարն են տվել (կոնկրետ չեմ հիշում՝ որ կառույցից) և ասել են, որ ես կարող եմ օգնել իրենց իրացման հարցում»,-մեզ հետ զրույցում պատմեց Հարություն Մնացականյանը։

Որոշելով չսպասել արտերկրի ընկերությունների պատասխանին՝ ձեռնարակատերերը քայլեր են ձեռնարկել պանիրը նաև ներքին շուկայում իրացնելու համար, վաճառք սկսելով «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով։ 

Միայն առցանց տարբերակով, նախնական մոտ 4 տոննայի պատվեր է ստացվել։ Մնացականյանը կարծում է, որ օնլայն վաճառքով կարող են գոնե 25 տոննան վաճառել: «Օնլայն վաճառքը փաստորեն արդարացրեց իրեն։ Մինչև պատասխանը գա, շատ ճամբարակցիներ մինչև Ամանոր գոնե կունենան կանխիկ գումար։ Համոզված եմ, որ մեզանից հետո ահագին մարդ ևս կսկսի զբաղվել այդ պանրի վաճառքով»,-ասում է Հարությունը։ Թեև այս պահին պանրի իրացմամբ միայն նա և Վահրամ Միրաքյանն են զբաղվում, բայց կարծում է՝ 15 մարդ պետք է ներգրավվի գործում, որպեսզի հասցնեն ամբողջովին իրացնել հումքը։

Ճամբարակցիներին պանիրը տրվել է 2000 դրամով, սակայն այն Երևան տեղափոխելով, վերամշակելով, փաթեթավորելով, հարկերը վճարելով և առաքելով՝ կվաճառվի 3000 դրամով։ 

Պանիր պատվիրելու համար անհրաժեշտ է այդ մասին գրառում թողնել Հարություն Մնացականյանի ֆեյսբուքյան էջում

Ճամբարակի քաղաքապետ Յուրիկ Ավալյանը մեզ հետ զրույցում նշեց, որ 60 տոննա պանրի իրացման համար դիմել են որոշ կազմակերպությունների և անհատների՝ այն ներքին շուկայում իրացնելու և արտահանելու համար, սակայն դեռևս տեսանելի գործընթացներ չեն կատարվում։ Քաղաքապետն ասում է՝ «Աշտարակ կաթի» տնօրինության հետ համաձայնության են եկել գումարի դիմաց վերցնել պանիրը, քանի որ բնակիչները գիտակցել են, որ սեփականատերը չի կարողանալու իրենց պարտքի դիմաց վճարել և նրանց հույսը միայն գործարանում մնացած պանրի իրացումն է։

«Սակայն այստեղ՝ Հայաստանի շուկայում, ռոկֆոր պանիրը մի քիչ դժվար է իրացնելը։ Հիմա կա համաձայնություն, բայց ուղղակի այդ իրացման շուկան չկա, որ մարդիկ այդ պանիրը վաճառեն կամ հանձնեն, դրա դիմաց իրենց պարտքերը վերցնեն։ Կա համաձայնություն, բայց շուկայի բավակայության պատճառով՝ գործարքը չի կայացվում»,-ասում է քաղաքապետը։ Նրա տեղեկություններով՝ վերջերս գործարանը կարողացել է մոտ 3 տոննա պանիր վաճառել, դրա դիմաց որոշ գյուղացիների պարտքը մարել, սակայն, քաղաքապետի դիտարկմամբ, այդ գումարը 70 միլիոն պարտքի մեջ, շատ չնչին է։

Լուսանկարը՝ Հարություն Մնացականյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանություններ (1)

алекс
Много раз был свидетелем,как магазины не принимают местный сыр рокфор-причина проста и понятна-он крошится,многие не могут разрезать,запах!!! Неужели так трудно рассфасовать его по 400-600-700 грамовые упаковки,как это делают....ДОРБЛЮ, и другие фирмы! В итоге покупаем турецкий дорблю,сделанный непонятно из чего,ни вкуса,ни пользы!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter