ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

Վարդան Այվազյանի թբիլիսյան ներդրումները, անշարժ գույքն ու ընկերությունները


Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում անշարժ գույք ունի, ընկերություններ է հիմնել և հազարավոր դոլարների ներդրում է կատարել, որը չի հայտարարագրել:

Վրաստանի Բորժոմի շրջանի Տաբածղուր գյուղից սերող պատգամավորը Մ. Սահակաշվիլու իշխանության հետ սերտ կապեր ուներ, ինչի շնորհիվ էլ այդ տարիներին խորը «բիզնես-արմատներ է ձգել» Վրաստանում:

Վրաստանի անշարժ գույքի գրանցման ռեեստրից մեր ձեռք բերած փաստաթղթի համաձայն՝ 2008 թվականի մայիսին Վարդան Այվազյանը գույքային իրավունք է գրանցել և Թբիլիսիի Քավթարաձե փողոցի N1 տան 6-րդ հարկում բնակարան է ձեռք բերել: Այն 112 քմ է: Թբիլիսիի Քավթարաձե փողոցը կենտրոնին մոտ է, համարվում է քաղաքի բարվոք թաղամասերից մեկը:

Բազմաբնակարան շենքի կառուցումը սկսվել է 2007-ին, և 2008թ. մայիսի 5-ին, երբ Վարդան Այվազյանը ստորագրել է բնակարանի առք ու վաճառքի պայմանագիրը, այն դեռևս կառուցվում էր: Համաձայն առք ու վաճառքի պայմանագրի` Վարդան Այվազյանը դեռևս չկառուցված բնակարանի համար 2008-ին վճարել է 125 600 լարի, որն այժմ համարժեք է 50 000 դոլարին: Ձեռք բերման ժամանակ բնակարանի արժեքը կազմել է 84 000 դոլար:

Բացի բնակելի մասից, հայտարարությունների մեջ նշվում է, որ շենքում նաև գրասենյակային տարածքներ կան:

Այսօր էլ շենքը դեռ բնակեցված չէ: Չնայած կառուցող «Ազիմուտ» ընկերությունն իր կայքում այն ավարտված ծրագրերի թվին է դասել, այդուհանդերձ, շինարարական աշխատանքները շարունակվում են:

Այդ հասցե մեր այցելության օրը շենքի առաջին հարկում փոքրիկ խանութ էր գործում, իսկ շենքում շինարարները դեռեւս աշխատում էին:

Այս գույքի մասին պատգամավոր Վարդան Այվազյանի ներկայացրած որևէ հայտարարագրում նշում չկա: Եթե հավատանք նրա ներկայացրած վերջին՝ 2015 թվականի հայտարարագրին, ապա պատգամավորը միայն տարեկան 7,8 մլն դրամ աշխատավարձով ապրող շարքային քաղաքացի է: Թե որտեղից են գոյացել նույն հայտարարագրում նշված 13 մլն դրամն ու 72 հազար դոլարը, հայտնի չէ:

Պատգամավորը պարտավոր էր հայտարարագրել իր գույքը պաշտոնը ստանձնելիս: Այնինչ, 2012-ին էլ, երբ նա վերընտրվել է պատգամավոր ՀՀԿ համամասնական ցուցակով, թաքցրել է իր իրական ունեցվածքը:

2012թ. հայտարարագրում Վարդան Այվազյանը միայն նշել է, որ 50% բաժնեմաս ունի, որի արժույթը վրացական լարի է:

Բացի վերոնշյալ գույքից, Վարդան Այվազյանը Վրաստանում հիմնադրել է երկու ընկերություն՝ «Լճեր» և «Յունիկում» ՍՊԸ-ները: Առաջին ընկերությունը, հիշեցնենք, հայտնի է նրանով, որ պատգամավորի հայրենի Տաբածղուր գյուղում վարձակալել էր համանուն լիճը և գյուղացիներին արգելել ձկնորսությամբ զբաղվել: Երկրորդ ընկերության միջոցով Այվազյանը հսկայական ձկան կենտրոն է կառուցում մայրաքաղաք Թբիլիսիում, որը տակավին ավարտին չի հասցրել:

Ձկան կենտրոնը` կառուցման փուլում Կառուցումից հետո կստանա այս տեսքը 

2011 թվականի սեպտեմբերին է պատգամավորը հիմնադրել «Յունիկում» ընկերությունը, որի 100 տոկոս բաժնետերն ինքն է եղել: Համաձայն Վրաստանի ընկերությունների գրանցման ռեգիստրի՝ 2012-ին՝ Վրաստանում խորհրդարանական ընտրություններից հետո, նա իր  բաժնեմասը գրանցել է որդու՝ Սուրեն Այվազյանի անունով: Իսկ «Լճեր» ՍՊԸ-ի բաժնեմասը փոխանցել է զարմիկին՝ Արմեն Այվազյանին:  

Վարդան Այվազյանի որդին` Սուրեն Այվազյանը, գրանցված է Չարենցավանի նույն հասցեում, որտեղ Վարդան Այվազյանն է գրանցված, սակայն որպես փոխկապակցված անձ հայտարարագիր չի ներկայացրել:

Այվազյանների «Յունիկում» ընկերությունը ձկան կենտրոնի տարածքի նկատմամբ սեփականության իրավունք է գրանցել: Վրաստանի կադաստրից մեր ձեռք բերած առք ու վաճառքի պայմանագրի համաձայն՝ Այվազյանները նախ գնել են 8234 քմ տարածք, որի արժեքը կազմել է 555,000 լարի (այժմ համարժեք է 209 հազար դոլարին):

Հողակտորը Այվազյանները ձեռք են բերել Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունից և պարտավորվել են ներդնել 1,5 մլն լարի (այժմ համարժեք է 566 հազար դոլարին) մինչև 2013 թվականը: Սակայն 2012թ. պայմանագրի և տարածքի փոփոխություն է տեղի ունեցել, և Այվազյանների տարածքի մակերեսը նվազել է` 8234 քմ-ի փոխարեն դառնալով 7880 քմ: Տարածքի համար Այվազյանների ընկերությունը վճարել է 532 000 լարի (այժմ համարժեք է 201 հազար դոլարին): Ներդրումային պարտավորությունները մնացել են նույնը:

Շինարարության ավարտից հետո այս կառույցը պետք է դառնա տարածաշրջանում ձկան առևտրի խոշոր կենտրոն: Այն նախատեսված էր գործարկել անցյալ տարվա սեպտեմբերին, սակայն դեռևս չի գործում:

Հրապարակմանն աջակցել է Նինո Բաքրաձեն


Գլխավոր էջ

Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։