HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լեւոն Հայրապետյան

Ս․Դանիելյան․«Մենք ունենք ՀՀԿ և փոքր հհկ-ներ, որոնք նույնպես ավտորիտար կառույցներ են»

«Հետքի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

-Ընտրություններին քիչ ժամանակ է մնացել։ Ի՞նչ է կատարվում այժմ Հայաստանի ներքաղաքական կյանքում։ Ձեր կարծիքով, ինչո՞վ են այս ընտրությունները տարբերվելու նախորդներից։

-Մի քանի պատճառներով այս ընտրությունները տարբերվում են նախորդներից: Նախ՝ շատ ծանր տնտեսական վիճակում ենք գտնվում և կարծում եմ, որ կառավարությունը դեռևս չի հասկանում, թե ինչպես է այս վիճակից դուրս գալու: Վիճակի ծանրությունը եկող տարի մենք շատ ակնառու կերպով կզգանք, իսկ 2018-ը կարող է ճգնաժամային լինել: Հաջորդ խնդիրը բխում է առաջինից` Ադրբեջանի հետ ռազմական մրցավազքում մենք պարտվում ենք, և Սերժ Սարգսյանը անգամ ընտրությունների նախօրյակին ստիպված է հրապարակային դա ընդունել: Երրորդը` սահմանադրական փոփոխություններից հետո փոխվում է պետության կառուցվածքը, և համապետական ընտրությունների միջոցով ընտրված նախագահ այլևս չենք ունենալու, ինչը թուլացնելու է իշխանության ուղղահայաց կառուցվածքը, ինչն իշխանական բուրգը կարող է ցնցումների բերել: Չորրորդ` կուսակցությունների հանդեպ կա համատարած անվստահություն, ինչը քաղաքական այլընտրանքի գոյությունը դարձնում է խնդրահարույց:

-Կան վերլուծաբաններ, որոնք ասում են, թե ընտրությունները հարթ են անցնելու, այնուամենայնիվ, կարո՞ղ ենք արձանագրել, որ իշխող կուսակցության մեջ կան բեւեռներ, որոնք հսկայական ֆինանսական կարողություն ունեն, իսկ դա նշանակում է՝ լծակներ։ Հնարավոր համարո՞ւմ եք, որ այս բեւեռները սուր պայքար սկսեն միմյանց դեմ իշխանության մեջ մնալու համար։

-Բնականաբար, իշխանության համար պայքարն ընթանում է իշխանության ներսում, այսինքն՝ ՀՀԿ-ում, և բնական է, որ ներկուսակցական մրցակցություն գոյություն ունի, ինչին Սերժ Սարգսյանը դեռևս կարողանում է հաջողությամբ դիմակայել: Դրա համար էլ ձեռնարկել է Սահմանադրության փոփոխությունը, նաև՝ «Կուսակցությունների մասին» օրենքում չի ամրագրել նախընտրական ցուցակների կազմման գործում ժողովրդավարական մեխանիզմներ և ներմուծել է տարածքային ցուցակների գաղափարը, այսինքն՝ տեղական հեղինակությունները պետք է բերեն ձայներ, իսկ նրանց խորհրդարանում կհակակշռի իր կողմից կազմված կուսակցական նոմենկլատուրայով, որոնց արդեն ինքն է նշանակելու: Պատահական չեն նաև ուժային կառույցներում տեղի ունեցած փոփոխությունները: Ընտրություններից հետո հնարավոր է փոխվի նաև ոստիկանապետը: Դրանք նույնպես կարևոր լծակներ են Սերժ Սարգսյանի ձեռքում: Նա ունի նաև լծակներ ընդդիմությունում, որոնք անհրաժեշտության դեպքում կօգտագործի ՀՀԿ-ի այդ խմբերին ճնշելու համար: Առհասարակ, ամբողջ իշխանությունը կառուցված է Սերժ Սարգսյանի անձի համար, և նրա՝ քաղաքականությունից հեռանալու դեպքում մենք կունենանք կառավարման ճգնաժամ: Ինչպես քիչ առաջ նշեցի, Սերժ Սարգսյանի հիմնական խնդիրներն են տնտեսության վիճակը, Արցախի խնդիրը, նաև՝ իր առողջությունը:

- Կարեն Կարապետյանի կառավարությունը ի՞նչ դեր է ունենալու այս ընտրություններում։

-Չեմ կարծում, որ Կարեն Կարապետյանը ձայներ բերելու գործում մեծ դերակատարություն ունենա: Կարծում եմ՝ Կարեն Կարապետյանը դեռևս չի նույնացվում ՀՀԿ-ի հետ, սակայն ներկուսակցական պայքարում նա կարող է իր թիմը ձևավորել և մասնակցել ներկուսակցական պայքարին՝ հաշվի առնելով այն, որ ներկայացնում է որոշ խոշոր գործարարների խմբավորումը:

-Ռուսահայ օլիգարխիան դերակատարություն ունի՞ Հայաստանի ներքաղաքական կյանքում։ Զգացվում է, որ նրանք էլ են իշխանության մեջ իրենց բաժինն ուզում Սերժ Սարգսյանից։ Նրանց հետ ինչպե՞ս է վարվելու Սերժ Սարգսյանը։

-Բնականաբար, պետք է պահանջեն: Եթե պայմանավորվածությունների մեջ եղել են ներդրումների խոստումներ, ապա քաղաքական երաշխիքներ պետք է դիմացը պահանջած լինեն: Նաև կարծում եմ, որ խոսքը ոչ միայն ռուսահայ օլիգարխներին է վերաբերում, նրանց միացել են մարդիկ, որոնք այլ երկրների քաղաքացիներ են` ԱՄՆ և այլն, բայց որ Ռուսաստանի հայերն են շարժիչ ուժը, դա ակնհայտ է, նաև ակնհայտ է, որ նրանք գործնական կապեր ունեն նաև Ռուսաստանի իշխանությունների հետ: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, ապա կարծում եմ, որ նրա քայլերը սահմանափակված են, ինչը պայմանավորված է տնտեսության վիճակով, պատերազմին անպատրաստ լինելով և չվարկաբեկված կարող թիմակիցների բացակայությամբ: Իսկ թե որքանո՞վ կկարողանա Կարեն Կարապետյանն իր խաղաքարտերը ճիշտ օգտագործել, չեմ կարող ասել:

-Իսկ դուք ո՞ր ուժերին եք տեսնում խորհրդարանում։

-Սերժ Սարգսյանին խորհրդարանում մոտ 30% «ընդդիմադիրներ» են անհրաժեշտ: Կարծում եմ՝ երկրորդ տեղը կզբաղեցնի Ծառուկյանի կուսակցությունը, «Օրինաց երկիր»-ը, մեծ դժվարությամբ ՀՅԴ-ին կանցկացնեն: Հնարավոր է, որ անցնի «Համախմբումը», որի հանդեպ Սերժ Սարգսյանը մեծ մտավախություններ ունի, քանի որ նրանց վրա ազդեցության լծակներ չունի: Սերժ Սարգսյանին խորհրդարանում պետք կլինի նաև արևմտամետ մի որևէ դաշինք:

-Ինչո՞վ եք բացատրում այն հանգամանքը, որ Հայաստանի քաղաքական դաշտում ոչ մի գաղափար չի քննարկվում, կարծես չոր հաշվարկներ են միայն, ոչ մի միտք չկա։

-Ես ավելի խիստ կասեի` քաղաքական դաշտ էլ չկա: Կան մարդկանց խմբեր, որոնք իրենց հռչակել են կուսակցություններ ու քաղաքական գործիչներ և ունեն մեկ նպատակ` լինել խորհրդարանում: Խորհրդարանում լինել` նշանակում է մոտ գտնվել իշխանությանը և լուծել անձնական խնդիրները: Իսկ դրա համար գաղափարներ պետք չեն: Ինչը հասկանալի է. եթե չկան ընտրություններ և չկա մրցակցային շուկա, ինչպե՞ս կարող են այդ խմբավորումները վերաճել հանրային ինստիտուտների, այսինքն՝ կուսակցությունների: Մենք ունենք ՀՀԿ և փոքր հհկ-ներ, որոնք նույնպես ավտորիտար կառույցներ են, որտեղ կան առաջնորդներ, բայց չկա կուսակցական դեմոկրատիա, և նախընտրական ցուցակները կազմվում են առաջնորդի կողմից, իսկ եթե կոալիցիաներ են, ապա ստվերային պայմանավորվածությունների միջոցով, իսկ անցողիկ տեղերը վաճառվում են գումարով: Դա բիզնեսի տեսակ է: Կան նաև այլ պատճառներ` մեր հասարակությունը չունի գաղափարական կողմնորոշիչներ, որի պատճառով հեշտությամբ մանիպուլյացիաների է ենթարկվում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter