HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Իշխան Զաքարյանի «Կարմիր սարը» եւ նրան անհատույց նվիրաբերված հողն ու ջուրը

«Տարածքը հսկվում է «Կարմիր սար» բնապահպանական հիմնադրամի կողմից, Որսը խստիվ արգելվում է». «Կարմիր սար» բնապահպանական հիմնադրամն այս նախազգուշական ցուցանակներով շուրջկալել է Գառնի, Հացավան եւ Լանջազատ գյուղերի հողատարածքները: Հիմնադրամը գրանցվել է 2014 թ. ապրիլին եւ բնապահպանության նախարարության հետ կնքված պայմանագրի համաձայն` իրականացնում է Ազատ գետի ավազանի տարածքի կենդանական աշխարհի պահպանությունը: Գործունեություն ծավալելու համար հիմնադրամը 2015 թ.-ին 25 տարի ժամկետով հողատարածքներ էր վարձակալել Կոտայքի մարզի Գառնի, Հացավան եւ Արարատի մարզի Լանջազատ (Զովաշեն) համայնքներից: Հողատարածքները գտնվում են Ազատի ջրամբարի հարեւանությամբ, որտեղ սահմանակից են 3 համայնքները:

Հիմնադրամի գործունեությունն այս տարածքում համընկավ այն ժամանակաշրջանի հետ, երբ գառնեցիները պայքարում էին Ազատ գետի ջուրը խողովակաշարով Արարատի մարզ տեղափոխելու Կառավարության որոշման դեմ: «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգ» ծրագիրը գառնեցիներն ուղղակիորեն պայմանավորում էին նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի անձնական շահգրգռվածությամբ, որի սեփական հողատարածքները գտնվում են Արարատի մարզի Նարեկ եւ Քաղցրաշեն գյուղերում:

Այդ օրերին հայտնի դարձավ, որ գառնեցիների սեփական հողատարածքները տնօրինում է Վերահսկիչ պալատի (ՎՊ) նախագահ Իշխան Զաքարյանը: Գառնի եւ Գողթ գյուղի բնակիչները նրան նույնպես շահագրգիռ էին համարում Քաղցրաշենի եւ Գեղարդալճի ինքնահոս ոռոգման ջրագծերը կառուցելու հարցում, հակառակ դեպքում Զաքարյանը չէր վարձակալի անջրդի հողատարածքները: Բացի այդ, ՎՊ նախագահը բավականին ընդարձակ այգիներ ունի Ազատի ջրամբարին կից Լանջազատ համայնքում:

Իշխան Զաքարյանը փորձում էր համոզել, որ պետք չէ իր անվան հետ կապել «Կարմիր սար» բնապահպանական հիմնադրամը, սակայն բոլորին հայտնի էր, որ որսի սիրահար այս պաշտոնյայի մտահղացումն էր հիմնադրամի ստեղծումը: Բացի այդ, հողերը վարձակալելու համար համայնքների ղեկավարների հետ անձամբ բանակցել էր Վերահսկիչ պալատի նախագահը, որը չէր կարող աննկատ մնալ շրջապատում:

Գառնի համայնքի նախկին ղեկավար Աշոտ Վարդանյանը «Էկոլուր»-ին հայտնել էր, որ, Գառնիում  հիմնադրամը վարձակալած 100 հա-ի փոխարեն փաստացի օգտագործում է 350-400 հա հողատարածք:

Դրանք գառնեցիների սեփական վարելահողերն են, որոնց սեփականատերերի հետ հիմնադրամը պայմանագրեր չունի: Հիմնադրամն այդ տարածքում կարող էր բնապահպանական գործունեություն իրականացնել, եթե Կառավարության որոշումով դրան արգելոցի կամ ազգային պարկի կարգավիճակ տրվեր: Ներկայումս այն գյուղնշանակության հողատարածք է, հիմնականում` սեփականաշնորհված: Հետեւաբար, հիշյալ հիմնադրամի գործունեությունն այդ տարածքում չի կարող օրինական համարվել:

Գառնեցիների ու լրատվամիջոցների ճնշումները Իշխան Զաքարյանին հարկադրեցին նահանջի քայլեր ձեռնարկել. հիմնադրամն սկսեց լուծարել համայնքների հետ կնքած հողերի վարձակալության պայմանագրերը:

Գառնի համայնքի եւ «Կարմիր սար» բնապահպանական հիմնադրամի միջեւ 2015 թ-ի հունվարի 1-ին կնքվել է 99,24779 հա գյուղնշանակության արոտավայրի վարձակալության պայմանագիր՝ 25 տարի ժամկետով, տարեկան 160,000 դրամ վարձավճարով: Դեկտեմբերի 15-ին` վարձակալությունը գրանցելուց 11 ամիս հետո, հիմնադրամը դիմել է Գառնի համայնքի ղեկավարին վարձակալության պայմանագիրը լուծարելու համար՝ պատճառաբանելով, թե հիմնադրամը չի օգտագործում վարձակալած տարածքը: Կադաստրը դեկտեմբերի 18-ին անվավեր է ճանաչել վարձակալության իրավունքը:

Հացավան համայնքի եւ «Կարմիր սար» բնապահպանական հիմնադրամի միջեւ 2015 թ-ի մայիսի 14-ին կնքվել է 10,5 հա գյուղնշանակության այլ հողատարածք վարձակալելու պայմանագիր՝ 25 տարով, տարեկան 18,000 դրամ վարձավճարով: Վարձակալը 7 ամիս հետո` դեկտեմբերի 8-ին, դիմել է պայմանագիրը դադարեցնելու համար: Դեկտեմբերի 16-ին Կադաստրը դադարեցրել է նրանց իրավունքը:

Լանջազատ համայնքի եւ «Կարմիր սար» բնապահպանական հիմնադրամի միջեւ 2015 թ-ի դեկտեմբերի 12-ին կնքվել է 134,6 հա գյուղնշանակության արոտավայր վարձակալելու պայմանագիր՝ 25 տարով, տարեկան 84,514 դրամով: Վարձակալը 1 տարի 5 ամիս հետո` 2016 թ-ի հունիսի 8-ին, դադարեցրել է Լանջազատ համայնքի հետ կնքված վարձակալության պայմանագիրը:

Հատկանշական է, որ հիմնադրամը միայն Գառնի համայնքից վարձակալած հողերի 11 ամսվա վարձավճարը չի վճարել՝ պատճառաբանելով, թե տարածքը չի օգտագործել:

Իհարկե, վարձակալության պայմանագրերն անավավեր ճանաչելով` «Կարմիր սար» բնապահպանական հիմնադրամը չի դադարեցրել իր գործունեությունն այս տարածքում: Նա շարունակում է տիրապետել հողատարածքները, սակայն արդեն առանց վճարելու: Մարդկանց մուտքն արգելող ցուցանակներից բացի, տարածքը շարունակում են հսկել բնապահպանները: Հողատարածքի տարբեր հատվածներում, Գառնիի սահմանագծից մինչեւ Արարատի մարզի Լանջազատ համայնք, կառուցված պահակակետերից բարձրացող ծուխը վկայում է, որ տարածքը մշտապես հսկվում է:

Այս տարվա մայիսի 20-ին, երբ «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման ծրագիրը» չեղյալ հայտարարելու պահանջով ժողովուրդն անժամկետ պայքարի դուրս եկավ, Գառնի ժամանեց Վերահսկիչ պալատի նախագահի հասարակայնության հետ կապերի պատասխանատուն եւ հայտնեց, որ Իշխան Զաքարյանը ոչ մի կապ չունի այդ հողատարածքների եւ իրականացվող ծրագրի հետ: Նույն օրը Ի. Զաքարյանը ՎՊ-ի պաշտոնական էջում հայտարարեց, որ Գառնի, Գողթ, Հացավան, Ողջաբերդ, Գեղադիր եւ Կամարիս համայնքներում որեւէ հողատարածք չունի: «Եթե որեւէ կազմակերպություն կամ քաղաքացի կարող է ապացուցել իմ կապը վերոհիշյալ համայնքներում որեւէ հողատարածքի հետ, ապա հաջորդ իսկ օրը, օրենքով սահմանված կարգով, իմ այդ սեփականությունը կնվիրեմ հայտնաբերողին»,- ասվում էր հայտարարության մեջ:

Գառնիի համայնքապետարանից մեր գրությանն ի պատասխան հայտնում են, որ «Կարմիր սար» բնապահպանական հիմնադրամը Գառնիում ունի 1,2 հա անհատույց, օգտագործման իրավունքով գյուղատնտեսական նշանակության հողամաս՝ ծառատունկի եւ կանաչապատման համար, անորոշ ժամկետով: 

«Կարմիր սար»-ի անօրինական գործունեության վերաբերյալ «Համահայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնության մեղադրանքներին ի պատասխան` «Կարմիր սար» բնապահպանական հիմնադրամը լրատվամիջոցներով հայտարարեց. ««Կարմիր Սար» բնապահպանական հիմնադրամը, Գառնու գյուղապետարանը եւ «Երեւան Ջուր» ՓԲԸ-ն կնքել են պայմանագիր Գառնի համայնքի տարածքում գտնվող 1 (մեկ) հա հողատարածքի վարձակալության վերաբերյալ, որը դառնալու է հանգստի անվճար վայր բոլորի համար (տարածքը հայտնի է «Ուռու գոտի» անունով): Այս պահին այդ տարածքը մաքրվում եւ բարեկարգվում է «Կարմիր Սար» բնապահպանական հիմնադրամի կողմից»:

Իշխան Զաքարյանը Գառնիում մեծ ծրագրեր ունի, ցանկանում է հանգստի գոտի կամ ռեստորանային համալիր կառուցել այդ հողատարածքում, Կարմիր սարին դեմ առ դեմ, սակայն նրան դեռեւս չի հաջողվում իրականություն դարձնել իր հիմնական մտադրությունը, քանի որ այդ հողատարածքը վաղուց է գառնեցիներին պատկանում:

Գառնիի նախկին համայնքապետ Աշոտ Վարդանյանի չարաշահումներին բազմիցս անդրադարձել ենք եւ դժվար չէ կռահել, թե իրականում որ դեպքում նա այդքան շռայլ կգտնվեր Վերահսկիչ պալատի նախագահի նկատմամբ, որպեսզի նրանից չգանձեր 100 հա հողատարածքի 11 ամսվա վարձակալության վճարը, համայնքի բնակիչներին պատկանող 1,2 հա հողամասն անհատույց եւ անժամկետ տրամադրեր Վերահսկիչ պալատի նախագահին:

Ամռան ամիսներին ՎՊ նախագահի դեմ բողոքներ ներկայացրին նաեւ լանջազատցիները` ասելով, թե Իշխան Զաքարյանն իրենց զրկել է խմելու ջրից: Վերահսկիչ պալատի նախագահը ծնունդով Լանջազատից է եւ վերջին տարիներին պտղատու այգիներ է հիմնում այստեղ, ինչպես նաեւ գյուղատնտեսական կուլտուրաների մշակությամբ է զբաղվում, որի համար օգտագործում է Գառնիից Արտաշատ տարվող խմելաջուրը:

«Համահայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնությունը գառնեցիների հետ միասին բացահայտեցին ապօրինի ջրագիծը՝ չթույլատրված չափերի խողովակներով, որով ոռոգվում են ՎՊ նախագահի նորատունկ այգիները: «Երեւան ջուր» ՓԲԸ-ն այդպես էլ չմոնտաժեց խողովակը, եւ նա շարունակում է անարգել օգտագործել խմելու ջուրը՝ չվճարելով օգտագործած մեծ քանակի ջրի համար:

Մեկնաբանություններ (1)

ՀԲՃ
Սառա ջան, ախր իրենք բնապահպան մարդիկ են, բարի գործ են ուզում անել, իսկ մենք ինչպես միշտ խանգարում ենք․․․ՃՃՃՃ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter