HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մեր աշխատավարձն ենք ուզում, ուրիշ բան չենք ուզում». «Վանաձոր Քիմպրոմ»-ի աշխատակիցները պահանջում են չվճարված աշխատավարձերը

Տաթեւիկ Ղազարյան

«Վանաձոր Քիմպրոմ»-ի աշխատակից Վալյա Ալիխանյանի 6 անձից բաղկացած ընտանիքն ամանորի շեմին կանգնել է խնդրի առաջ: 2001 թվականից «Վանաձոր Քիմպրոմ»-ում աշխատանքի անցած տիկին Վալյան այժմ հարկադիր պարապուրդի մեջ է: Ինչպես ինքն է ասում, հիմա աշխատանք չկա, մի քանի ամսվա աշխատանքի դիմաց էլ չեն վճարում, «էլ ինչո՞վ նոր տարին դիմավորենք»:

«Էստեղ եմ աշխատել, որպես հավաքարար: Վերջնահաշվարկով 4 ամիսը չենք ստացել, հիմա էլ կրճատել են, էս 2 ամիսը՝ սեպտեմբեր, հոկտեմբեր, չենք ստացել: Մեր աշխատավարձն ենք ուզում, ուրիշ բան չենք ուզում, ցավդ տանեմ: Թող ոնց ուզում են անեն, մեր աշխատավարձը տան: Նոր տարվա շեմ ա, ուսանող թոռնիկ ունենք, ոչ աշխատանք ունենք, ոչ թոշակ ենք ստանում: Գոնե 2 ամիս էլ չպահին, որ 63 տարեկանս լրանա, թոշակի գնամ: Նոր տարիա գալիս, մարդիկ առնում են, մենք ոչ մի բանի հնարավորություն չունենք,- սրտնեղած պատմում է տիկին Վալյան:

Վալյա Ալիխանյանը

«Մենք ո՞վ ենք, որ նոր տարի էլ անենք, գործընկերուհու խոսքին արձագանքեց քիմպրոմցիներից մեկը:

Տիկին Վալյան ու ընկերության մյուս աշխատակիցներն երեկ վաղ առավոտից բողոքի ցույցի էին դուրս եկել՝ հավաքվելով Լոռու մարզպետարանի բակում: Պահանջը դարձյալ նույնն էր՝ վճարել չվճարված աշխատավարձն  ու վերջնահաշվարկը: Աշխատակիցների վերջին հույսն էլ կրկին մարզի ղեկավարն է:

«Մինչեւ լուծարելը, մենք վերջին աշխատավարձը ստացել ենք փետրվարինը: Դեռ 4 ամսվա աշխատավարձ ունենք ընդեղից ստանալու, վերջնահաշվով: Էս հուլիսի 1-ից եկել ա լուծարայինը, դրանից էլ ունենք մի ամսվա աշխտավարձ ու վերջնահաշիվ: Մենք հիմա եկել ենք պարզենք, թե երբ կստանանք: Մարզպետը մեր թագավորի հետ կապ ունի, որ մարզպետը չանի, մեզ ո՞վ կթողա թագավորի մոտ գնանք: Մարզպետի հույսով ենք եկել, միշտ օգնել ա մեզ, հիմա էլի հույս ունենք, որ կօգնի»,- ասում է օդի բաժանման արտադրամասի պետ Գառնիկ Մուսինյանը:

Գառնիկ Մուսինյանը

Հարկադիր պարապուրդի մեջ գտնվող, մասնագիտությամբ վարորդ Մարտիկ Դանիելյանը, աշխատանք գտնելու վերջին հույսը կապում է արտագաղթի հետ:

Մարտիկ Դանիելյանը

«Նույն ապրումներն ունենք բոլորս: Ոչ ապրուստ կա, ոչ մի բան: Տանն էլ հիվանդ կին ունեմ պառկած, սենց ո՞նց կլինի, ու՞ր գնամ: Աշխատատեղ չկա, ոչ մի բան չկա, հետո էլ ասում են` արտագաղթ, բա էս տարիքիս ես ո՞ւր արտագաղթեմ: Զավոդում վարորդ եմ եղել, բայց էս վերջերս, որ արդեն զավոդը փակվեց, ստիպված պահակ աշխատեցի: Գոնե իմ հասանելիք աշխատավարձը չեն տալիս»,- ասաց Մարտիկ Դանիելյանը:

Ստեղծված իրավիճակը ցուցարարները ներկայացրին մարզպետ Արթուր Նալբանդյանին. «Մի քանի օր առաջ զանգել ենք լուծարանի դիրեկտորին՝ պարոն Ասատրյանին, ասավ էս մի ամսվանն ու վերջնահաշվարկը մինչեւ դեկտեմբերի 20-25 կտանք, բայց էն 4 ամսվանը, պիտի սպասեք: Էդ արդեն մենք հասկանում ենք, թե ինչ ա նշանակում սպասել: Էդ գործարանը ո՞վ պետք ա առնի, ո՞վ պետք ա քանդի, որ մեր աշխատավարձներն էլ տան: Չնայած ասավ, որ դա ինձ չի վերաբերվում, իմ պարտքը չի»:

«Եթե գործարանը գնում է լուծարման, ինքը պարտավոր է այդ լուծարման պրոցեսում առաջացած ֆինանսական միջոցները տրամադրի հիմնարկի առաջացրած պարտքերին, այդ թվում նաեւ աշխատավարձերին: Ո՞վ է ասել, որ ինքը պատասխան չի տալու դրա համար»,-արձագանքեց մարզպետը` միաժամանակ նշելով, որ ինքը տեղյակ չի եղել, որ ընկերությունը դեռեւս չվճարված պարտքեր ունի. «Նախ կպարզենք, թե ինչքան է ընդհանուր պարտքը: Ինձ թվացել է, որ վերջնահաշվարկով, ամեն ինչով էդ խնդիրները լուծված են եւ մնում է «Ռեջիոն Էներջիի» գումարը՝ 100 մլն-ը: Հիմա, թողեք ես զբաղվեմ էդ հարցով, տեսնենք գոնե մինչեւ նոր տարի կարողանում ենք որոշակի չափով գումար տրամադրել»,- աշխատողներին բացատրեց Արթուր Նալբանդյանը:

Մարզի ղեկավարի հետ հանդիպումից հետո ցուցարարները հեռացան` հույսով, որ խնդիրը լուծում կստանա, եւ այլեւս մարզպետարանի դիմաց կանգնած` իրենց աշխատավարձերը չեն պահանջի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter