HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Երբ փաստերը ճշմարիտ են կամ ողջամտորեն հրապարակված

Եթե լրագրող եք (խմբագիր, հրատարակիչ կամ լրատվամիջոցի սեփականատեր), հասկանալիորեն ապահովագրված չեք պատվի, արժանապատվության կամ գործարար համբավի արատավորման հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման մասին հայցերից: 

Դրանք իսկական գլխացավանք են և, որպես կանոն, ձեզ են հասնում այն գեղեցիկ ձմեռային օրերին, երբ խմբագրությունում նստած՝ պատուհանից հիանում եք դրսում պարող ձյան փաթիլներով ու քթի տակ երգում Սվիրիդովի «Ձյունամրրիկը»: Չե՞ք համաձայնի: Լավ, գուցե և դուք դրանք ստացել եք ամենասովորական օրերից մի օր, բայց այստեղ դա չէ էականը:  

Նման հայց ստանալիս համապատասխան իրավաբանական օգնություն հայցելուց հետո (ցանկալի է այս գլխացավանքից գլուխ հանող փաստաբանից) պետք է մտածեք այն մասին, թե ինչպես եք պաշտպանվելու հայցում շարադրված մեղադրանքներից: 

Վերստին ամենայն մանրամասնությամբ խմբագրի, իրավաբանի, խմբագրության մնացած լրագրողների, հարևան-բարեկամի և ցանկացած այլ ողջամիտ անձի հետ միասին ընթերցելով վիճահարույց հոդվածը՝ կայացնում եք հետևյալ որոշումներից մեկը.

  1. Ես հրապարակել եմ տեղեկություններ, այն է՝ փաստեր կամ փաստական տվյալներ և ունեմ բավարար ապացույցներ՝ գրածիս ճշմարտացիությունն ապացուցելու համար:  
  2. Ես հրապարակել եմ տեղեկություններ, ապացույցներս բավարար չեն, բայց խնդիրն առնչվում է հանրային շահին, գործել եմ պրոֆեսիոնալ էթիկայի շրջանակներում, բարեխիղճ, ազնիվ ու պատասխանատու կերպով. այլ կերպ ասած՝ առաջնորդվել եմ «ողջամիտ հրապարակման» սկզբունքով:
  3. Ես հրապարակել եմ գաղափար՝ կարծիք կամ գնահատողական դատողություն հանրային շահին առնչվող հարցի շուրջ՝ ունենալով բավարար փաստական հիմք: 

Առաջին որոշումը կայացնելուց հետո հայտնվելով անկախ ու անաչառ դատարանի առջև՝ դուք պետք է որ խնդիր չունենաք, ու նույնիսկ կարևորություն չի ունենա այն հանգամանքը, որ որևէ անձի անվանարկել եք չարամտորեն, օրինակ՝ պնդել եք, որ նա կաշառք է վերցրել՝ վրեժ լուծելու այն բանի համար, որ նա, լինելով ձեր ոխերիմ հարևանը, օրեր շարունակ անհանգստացրել է ձեզ իր ռաբիզ երաժշտությամբ:

Եթե կարող եք բերել բավարար ապացույցներ՝ հաստատելու, որ նա այդ կաշառքն, իրոք, վերցրել է, ձեր անձնական շարժառիթները ոչ մի նշանակություն չեն ունենա: 

Ավելի բարդ է իրավիճակը հրապարակման՝ ողջամտության սահմաններում արված լինելն ապացուցելու հարցում, մի բան, որը համաեվրոպական անվանարկման իրավունքի պրակտիկայում հայտնի է որպես պաշտպանություն՝ «ողջամիտ հրապարակման» սկզբունքի, իսկ բրիտանականում՝ որպես պաշտպանություն՝ հանրային շահի վկայակոչմամբ: 

Ի՞նչ է իրենից ենթադրում այս սկզբունքը: Սրա լավագույն պարզաբանումը տվել է Միացյալ Թագավորության Լորդերի պալատը, որը բացի բրիտանական խորհրդարանի վերին պալատը լինելուց, նաև պետության բարձրագույն դատական ատյանն է: 

Այսպես՝ Ալբերտ Ռեյնոլդսը՝ Իռլանդիայի նախկին վարչապետը, հայց էր ներկայացրել «Sunday Times» թերթի անգլիական խմբագրության դեմ, որի հրապարակման մեջ նա մեղադրվել էր Խորհրդարանին խաբելու և իր կոալիցիոն գործընկերոջը դավաճանելու մեջ: 

Հրապարակումը չէր անդրադարձել Ռեյնոլդսի՝ այս հարցի շուրջ Խորհրդարանին տված պարզաբանումներին: Մինչդեռ թերթի իռլանդական տարբերակն ավելի երկար և հավասարակշռված տեքստ էր հրապարակել՝ ընդգրկելով նաև Ռեյնոլդսի պարզաբանումները[1]

Երբ հայցը հասավ Լորդերի Պալատ, վերջինս բավարարեց այն և հաստատեց 10 չափանիշներ, որոնք պետք է հաշվի առնեն դատավորները անվանարկման հայցեր քննելիս:

Դրանք, սակայն, չպետք է օգտագործվեին որպես արգելքներ կամ խոչընդոտներ լրատվամիջոցների կողմից արտահայտվելու ազատության իրավունքի իրականացման ճանապարհին, ինչպես որ սկզբնական շրջանում դա արել են Միացյալ Թագավորության դատարանները: 

Այդ չափանիշներն են.

  1. Մեղադրական հայտարարությունների լրջությունը. որքան ավելի լուրջ է մեղադրանքը, այնքան ավելի ապատեղեկացված է հանրությունը և մեծ է անձին պատճառված վնասը:
  2. Տեղեկությունների բնույթը, և թե որքանով է թեման մտահոգում հանրությանը: Հանրությունը ոչ միայն համապետական մասշտաբ է ենթադրում, այլև համաքաղաքային ու նույնիսկ համագյուղական:
  3. Տեղեկությունների աղբյուրը. աղբյուրներից շատերը գուցե և ուղղակի տեղեկատվություն չունենան իրավիճակի մասին, շատ աղբյուրներ էլ հաճախ կարող են սրել իրենց կացինները, այսինքն՝ ունենալ անձնական շարժառիթներ, կամ վճարվել իրենց պատմությունների համար:
  4. Տեղեկությունների կարգավիճակը. մեղադրական հայտարարությունը գուցե արդեն քննության առարկա է, և այդ քննությունը կարող է հուսալի աղբյուր համարվել և, ըստ այդմ, արժանի լինել հարգանքի:
  5. Քայլերը, որոնք ձեռնարկվել են տեղեկությունները ստուգելու համար. ողջամիտ քայլեր չձեռնարկելու դեպքում խոսք չի կարող գնալ պատասխանատու լրագրության մասին:
  6. Հարցի հրատապությունը ևս կարևոր է, քանի որ լուրերը, որպես կանոն, «շուտ փչացող ապրանքների» թվին են պատկանում:
  7. Արդյո՞ք հայցվորի հետ կապ հաստատվել է մեկնաբանություն ստանալու համար. գուցե նա ունի այնպիսի տեղեկություններ, որ չունեն կամ չեն ցանկացել բացահայտել մյուսները: Այդուհանդերձ, միշտ չէ, որ հայցվորի հետ կապվելը կարող է անհրաժեշտ լինել: Լրատվական իրավունքի լավագույն մասնագետներից մեկի՝ Ջեֆրի Ռոբերտսոնի կարծիքով՝ հայցվորը չպետք է բողոքի, եթե անհասանելի է եղել օբյեկտիվ պատճառներով կամ միտումնավոր: Այդ մասին, իհարկե, պետք է նշել նյութում: Հայցվորի հետ կապվելը կարող է անհրաժեշտ չլինել, եթե ինքըստինքյան հասկանալի է, որ նա որևէ բացատրություն չի տալու կամ արդեն տվել է, կամ եթե այդ անելով դուք վտանգելու եք ձեր աղբյուրներին, կամ դա հնարավորություն կտա դատավորին կանխելու ձեր հրապարակման լույս ընծայումը[2]:
  8. Բարեխիղճ լրագրության սկզբունք է նաև այն, թե որքանով է ձեր նյութը արտահայտում հայցվորի պատմության էությունը:
  9. Հոդվածի  երանգավորությունը. թերթը կարող է հարցեր բարձրացնել կամ քննություն անցկացնելու ուղերձ հղել: Կարիք չկա, որ այն որդեգրի մեղադրական հայտարարությունները՝ որպես փաստեր:
  10. Հրապարակման հանգամանքերը, այդ թվում՝ ժամանակը: Եթե նյութը սպասվող աղետի կամ սննդային թունավորման թեմայով է, ապա լրագրողական շտապողականությունն այստեղ արդարացված է:

Ռեյնոլդսի գործն, այսպիսով, ամրագրեց, որ եթե ձեր ձեռքի տակ եղած տեղեկությունները վերաբերում են այնպիսի թեմայի, որը հանրության մտահոգության առարկա է, դրանք ստուգելու համար ձեռնարկել եք ողջամիտ քայլեր ու ողջամիտ են նաև ձեր աղբյուրները, նույնիսկ եթե հետագայում պարզվի, որ այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, դրանք հրապարակելու դեպքում դուք որևէ իրավունք խախտած չեք լինի:

Սակայն այստեղ կա ևս մեկ պայման, այն է՝ չարամտության՝ իրական կամ իրավական, բացակայությունը: Իրական չարամտությունը ենթադրում է չարացածություն կամ անձնական շահ, մինչդեռ իրավական չարամտությունը ենթադրում է անազնվություն կամ ճշմարտության չմտածված անտեսում[3]

Ռեյնոլդսն, այսպիսով, խիստ արդյունավետ պաշտպանություն էր առաջարկում բարեխիղճ հետաքննող լրագրությանն այն դեպքերում, երբ լրագրողական աղբյուրները հրաժարվում էին ցուցմունք տալ՝ վախենալով հաշվեհարդարից կամ երբ պարզվում էր, որ այն պատմությունը, որը հրապարակման պահին լրագրողին ճշմարտանման էր թվացել, հանկարծ իրականությանը չհամապատասխանող էր ճանաչվում: 

Ջամիլն ընդդեմ «Wall Street Journal» թերթի գործը եկավ վերահաստատելու Ռեյնոլդսի՝ «պաշտպանություն հանրային շահի վկայակոչմամբ» սկզբունքը: Ջամիլի գործով «Wall Street Journal» թերթի՝ Սաուդյան Արաբիայի թղթակից  Ջեյմս Դորսին մի արաբ գործարարից իմացել էր, որ Սաուդյան Արաբիայի կառավարությունը գաղտնի համաձայնություն ունի Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության հետ՝ վերահսկելու իր առավել խոշոր ու ազդեցիկ ընկերությունների բանկային հաշիվները: 

Այս տեղեկությունը հաստատել էին երկրի խոշորագույն բանկերից մեկի սեփականատերը, կառավարության պաշտոնյաներից մեկը և երկու ամերիկացի դիվանագետներ: Թղթակիցը խոստացել էր չբացահայտել նրանց անունները: Այնուհետև թերթի ամերիկյան թղթակից Գլեն Սիմփսոնը կապվել էր ԱՄՆ-ի գանձապետարանի՝ իր հուսալի աղբյուրներից մեկի հետ, որը չէր ժխտել այդ տեղեկությունները: 

Նշված խոշոր ու ազդեցիկ ընկերությունների թվում էր արաբ միլիարդատեր Մուհամեդ Ջամիլի ավտոմոբիլային ընկերությունը: Հրապարակումից մեկ օր առաջ Դորսին կապվել էր այդ ընկերության ներկայացուցչի հետ և պարզել, որ Ջամիլը երկրում չէր:

Այսպիսով՝ նրան չէր հաջողվել կապ հաստատել Ջամիլի հետ, և հրապարակումը լույս էր տեսել մեկ օր անց հետևյալ վերնագրով՝ «Սաուդյան Արաբիայի պաշտոնյաները վերահսկում են որոշ բանկային հաշիվներ. թիրախում հավանական ահաբեկչական առնչություններ ունեցողներն են», հոդվածում տեղ էին գտել որոշ անուններ, այդ թվում՝ Մուհամեդ Ջամիլինը: 

Ջամիլի հայցով շատ արագ քաղաքացիական գործ հարուցվեց «Wall Street Journal» թերթի դեմ: Առաջին ատյանի դատարանի վճիռը թերթի դեմ էր, և իր հիմնավորումներում դատավորը նշել էր, որ. 1. հոդվածը չէր տուժի, եթե անուններ նշելու փոխարեն՝ այն պարունակեր «Սաուդյան Արաբիայի ազդեցիկ գործարարներից մեկը» ձևակերպումը, 2. քանի որ հոդվածը բացահայտում էր ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի միջև կնքված գաղտնի համաձայնագրի մանրամասները, այն չէր բխում հանրային շահից և 3. լրագրողը կարող էր սպասել ևս մի քանի օր, որպեսզի Մուհամեդ Ջամիլը մեկնաբանություն տալու հնարավորություն ունենար: 

Վերաքննիչ դատարանն ըստ էության համաձայնել էր այս հիմնավորումների հետ, սակայն երբ գործը հասավ Լորդերի պալատ, վերջինս որոշեց, որ հոդվածը բարեխիղճ հետաքննող լրագրության լավագույն օրինակ է և, ըստ այդմ, պաշտպանության արժանի: 

Այսպես՝ լորդերը համարեցին, որ իմաստ չուներ, որ լրագրողը սպասեր Ջամիլի մեկնաբանություններին, որովհետև, միևնույն է, վերջինս չէր իմանալու, որ իր բանկային հաշիվները վերահսկում են ու, համապատասխանաբար, չէր կարողանալու մեկնաբանել այդ տեղեկությունները: 

Երկրորդ, անուններ նշելը կարևոր էր, որովհետև դրանք առավել արժեքավոր էին դարձնում հոդվածում հրապարակված լուրերն այն տեսանկյունից, որ Սաուդյան Արաբիայի կառավարությունը վերահսկում է ոչ թե ինչ-որ գործարարների, այլ իր առավել ազդեցիկ գործարարներից մի քանիսին: 

Եվ վերջապես, լորդերը չհամաձայնեցին այն տեսանկյան հետ, որ լրագրողական աշխարհը երկու օտարերկրյա կառավարությունների միջև կնքված գաղտնի համաձայնագրերը չբացահայտելու պարտավորություն ունի: Այսպիսով՝ Ջամիլի գործով Միացյալ Թագավորության Լորդերի պալատը վերահաստատեց «հանրային շահի վկայակոչմամբ» կամ «ողջամիտ հրապարակման» պաշտպանության կարևորությունը՝ ընդգծելով երեք էական գործոն՝ հրապարակման թեման պետք է բխի հանրային շահից, կոնկրետ անձանց անվանարկող արտահայտությունների կիրառությունը պետք է ողջամտորեն արդարացված լինի և լրագրողները պետք է գործած լինեն բարեխիղճ ու պատասխանատու կերպով[4]

«Ողջամիտ հրապարակման» պաշտպանության միանգամայն օգտակար պարզաբանում է առաջարկում Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր Կասաբովան ընդդեմ Բուլղարիայի գործում: 

Կասաբովան լրագրող էր, որը հոդված էր հրապարակել մասնավոր դպրոցներ ընդունելության հետ կապված կոռուպցիոն չարաշահումների մասին: Մինչ ներպետական դատարանները շտապել էին դատապարտել Կասաբովային իր հրապարակման համար, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գտել էր, որ. «հոդվածը, որի առնչությամբ դատապարվել և տուգանվել էր դիմումատուն, լուսաբանել էր փաստեր միջնակարգ դպրոցների ընդունելության հետ կապված չարաշահումների և կոռուպցիոն գործելակարգերի վերաբերյալ… 

Կասկած չկա, որ սա հանրային շահին առնչվող հարց է, որի հետ կապված ծավալվել են նաև խորհրդարանական քննարկումներ ու լսումներ խորհրդարանի հանձնաժողովներից մեկում… և որ դրա վերաբերյալ տեղեկությունների հրապարակումը ժողովրդավարական հասարակությունում գործող լրատվամիջոցների առաջադրանքի անբաժանելի մասն է» (56-րդ պարբերություն): 

Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք դիմումատուն գործել էր պատասխանատու և բարեխիղճ լրագրության նորմերի շրջանակներում, Դատարանը պատրաստ էր եղել ընդունելու ներպետական դատարանների այն հիմնավորումը, որ դիմումատուն բավարար չափով չէր ուսումնասիրել թեման, որպեսզի հանդես գար նման հրապարակմամբ, և, ըստ այդմ, չէր բավարարել պատասխանատու լրագրության պահանջները: 

Այդուհանդերձ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այդպես էլ վճռական դիրքորոշում չէր հայտնել կոնկրետ այս հարցի վերաբերյալ զուտ այն պատճառով, որ գտել էր, որ ամեն դեպքում ներպետական դատարանների կողմից լրագրողի հանդեպ կիրառված պատիժն անհամաչափ էր եղել: Ըստ այդմ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ճանաչել էր արտահայտվելու ազատության իրավունքի խախտումը[5]:   

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետը նույնպես ամրագրում է ողջամիտ հրապարակման երաշխիքը՝ սահմանելով, որ փաստացի տվյալներ հրապարակելը չի համարվում զրպարտություն, եթե. «դա տվյալ իրավիճակում և իր բովանդակությամբ պայմանավորված է գերակա հանրային շահով, և եթե փաստացի տվյալները հրապարակայնորեն ներկայացրած անձն ապացուցի, որ ողջամտության սահմաններում ձեռնարկել է միջոցներ՝ պարզելու դրանց ճշմարտությունը և հավասարակշռված և բարեխղճորեն է ներկայացրել այդ տվյալները»:

Կարևոր է հասկանալ նաև, թե ինչ ասել է «հանրային շահին» առնչվող խնդիրներ: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպերով հանրային շահին առնչվող խնդիրների թվին են պատկանում[6] հանրային առողջապահությունը[7], հիվանդի անվտանգությունը[8] դատախազների ապօրինի գործողությունները[9], քաղաքական գործիչների կամ տեղական պաշտոնյաների չարաշահումները[10], հզոր առևտրային սուբյեկտների գործողությունները[11]

Լրագրողներն իրականում չպետք է դժվարություն ունենան դատարաններին՝ իրենց թեմայի առնչությունը «հանրային շահին» ապացուցելու գործում: Դատավորներն էլ կարող են օրինակ վերցնել բրիտանական դատարաններից, որոնց համար ամեն ինչ, բացի մասնավոր անձանց կյանքին վերաբերող քննադատությունից, կապ ունի հանրային շահի հետ[12]:

Միանգամայն արդարացիորեն նրանք ընդունել են, որ հանրության շահի հետ կապ ունի ոչ միայն պետական պաշտոնատար անձանց և մարմինների, այլև այն մասնավոր ընկերությունների գործունեությունը, որոնք ներգործում են հանրության առանձին անդամների վրա: 

Ինչպես իրեն հատուկ անդիմադրելի հումորով բրիտանական դատարանների պրակտիկան ամփոփում է Ջեֆրի Ռոբերտսոնը, «ցանկացած անձ, ով իր գլխարկը նետում է հանրային ասպարեզ, պետք է պատրաստ լինի, որ այն կարող են անողոքաբար, բայց ոչ՝ երբեք չարամտորեն կոխկրտել»[13]



[1] Reynolds v Times Newspaper Limited and Others, 28-Á ÑáÏï»Ùµ»ñÇ, 1999, http://www.publications.parliament.uk/pa/ld199899/ldjudgmt/jd991028/rey03.htm

 [2] Տես G. Robertson, QC, and A. Nicol, QC, Media Law, Penguin Books, 2008 էջ 166:

[3] Նույնը, էջ 160:

[4] Նույնը, էջ 161-164

[5] Կասաբովան ընդդեմ Բուլղարիայի (Kasabova v Bulgaria), դիմում թիվ 22385/03, 68-րդ պարբերություն:

[6] Գևին Միլլեր, «Արտահայտվելու ազատությունը. սեմինար, Երեւան, 2011թ. նոյեմբեր», էջ 10:

[7] Հերթելն ընդդեմ Շվեյցարիայի(Hertel v Switzerland), դիմում թիվ 25181/94, 1998թ.:

[8] Սելիստոն ընդդեմ Ֆինլանդիայի (Selisto v Finland), դիմում թիվ 56767/00, 2004թ.:

[9] Ռիզոսն ու Դասկասն ընդդեմ Հունաստանի (Rizos and Daskas v Greece), դիմում թիվ 65545/01, 2004թ.,

[10] Լինգենս ընդդեմ Ավստրիայի (Lingens v Austria) դիմում թիվ 9815/82, Կումպանան և Մազարեն ընդդեմ Ռումինիայի (Cumpana and Mazare v Romainia), դիմում թիվ 33348/96, 2004թ.

[11] Սթիլը և Մորիսն ընդդեմ Միացյալ Թագավորության (Steel and Morris v United Kingdom), դիմում թիվ 6841/01, 2005թ.

[12] G. Robertson, QC, and A. Nicol, QC, Media Law, Penguin Books, 2008 էջ 155:

[13] Նույն տեղում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter