HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Մինչեւ փետրվար ամիսը վաճառված է Գյումրի-Մոսկվա ավիաչվերթի 999 ռուբլի արժեքով 10 հազար տոմս

Դեկտեմբերի 15-ից սկսած, շաբաթական 3 անգամ՝ երեքշաբթի, հինգշաբթի եւ շաբաթ օրերին ռուսական «Պոբեդա» ավիաընկերությունը կանոնավոր չվերթներ է իրականացնելու Գյումրի-Մոսկվա եւ հակառակ ուղղությամբ: «Աերոֆլոտ» խմբին պատկանող «Պոբեդա» ավիաընկերությունը ստեղծվել է 2014 թվականի սեպտեմբերի 16-ին «Դոբրոլյոտ» փոխադրողի փոխարեն, որը նույն տարվա աշնանը դադարեցրել էր թռիչքները Եվրամիության պատժամիջոցների ցուցակում հայտնվելուց հետո: «Պոբեդան» գործում է Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում եւ իրականացնում է լուոքոսթերային թռիչքներ: Այսօր տրվեց այդքան սպասված չվերթի մեկնարկը: Ութ ամսյա դադարից հետո «Շիրակ» օդանավակայանում կրկին եռուզեռ էր:

Ինչպես հայտնի է, Գյումրու «Շիրակ» օդանավակայանն ընտրվել էր գնային ցածր քաղաքականության պատճառով: «Պոբեդա» ավիաընկերության տնօրեն Անդրեյ Կալմյակովի փոխանցմամբ «Շիրակ» օդանավակայանի պայմանները բարենպաստ են լուոքոսթերային թռիչքների համար:

«Այսօր մենք իրականացրեցինք մեր առաջին չվերթը՝ Մոսկվայից Գյումրի հասցնելով 189 ուղեւորի: Կարելի ասել, որ ինքնաթիռը լիքն էր ու դատարկ տեղեր չունեինք,- լրագրողների հետ զրույցում նշեց Անդրեյ Կալմյակովը,- հետադարձ թռիչքը եւս իրականացնում ենք նույն ծանրաբեռնվածությամբ: Ուրախ ենք, որ հանդիսանում ենք ռուսական միակ ավիափոխադրողը, որ միացնում է Գյումրին Մոսկվային բավական մատչելի գնով՝ հնարավորություն տալով մարդկանց ավելի հաճախակի ճանապարհորդելու՝ ծախսելով մինիմումը 999 ռուբլի»:

Անդրեյ Կալմյակովը

«Պոբեդա» ավիաընկերության տնօրենի փոխանցմամբ` Գյումրի-Մոսկվա-Գյումրի ավիաչվերթի շուրջ 10 հազար տոմս՝ 999 ռուբլի արժեքով, մինչեւ փետրվար ամիսն արդեն իսկ վաճառված է: Պատասխանատուները զգուշացնում են, որ ցանկացողները պետք է արագ գործեն` էժան գնով (7 հազար 300 դրամ) տոմս ձեռք բերելու համար, այլապես, ինչպես ընդունված է մյուս ավիաուղիներում, ստիպված են լինելու տոմս գնել առավել թանկ արժեքով:

«Տոմսերի ձեռք բերումը մի թողեք վերջին օրը,- հորդորեց Անդրեյ Կալմյակովը,- որքան թռիչքի օրը մոտենում է՝ բնականաբար տեղերն էլ թանկանում են: Բայց սա իհարկե չի նշանակում, թե մենք հակված ենք առավել թանկ գնով վաճառել տոմսը: Օրինակ այս ուղերթի ուղեւորների կեսը գնել են հենց ձեր մատնանշած էժան տոմսերը: Հավանական է, որ էժան տոմսերի քանակը ավելացնենք, քանի որ իրականում շատ մեծ ծախս չենք անում ուղեւորափոխադրման վրա: Գյումրու օդանավակայանում մենք կարիք չունենք ոչ ավտոբուսի, ոչ քարշակների, վառելիքը, որով լիցքավորում ենք ինքնաթիռը «Շիրակ» օդանավակայանում՝ բերում ենք Մոսկվայից, ինքնաթիռի մաքրումն իրականացնում ենք ինքներս, դրա համար էլ գրեթե մեծ ծախսեր չենք անում եւ կարող ենք մեզ թույլ տալ առաջարկելու էժան տոմսեր: Պահանջարկից կախված հնարավոր է հետագայում թռիչքի օրերը ավելանան»:

«Պոբեդա» ավիաընկերության ներկայացուցիչ «Գրոսնետ» ընկերության տնօրեն Վարդան Ալեքսանյանի փոխանցմամբ էլ` Մոսկվայից ժամանող զբոսաշրջիկներին, ցանկության դեպքում, ընկերությունը հարմարավետ ավտոբուսներով կտեղափոխի Երեւան: Վաճառվող տոմսի մեջ ավտոբուսային ծառայության արժեքը եւս ներառված է: Հետագայում, երբ ուղեւորների հոսքը մեծանա, հատկապես տուրիստական շրջանում, կգործեն նաեւ Գյումրի-Ծաղկաձոր եւ Գյումրի-Սեւան ավտոբուսային ուղղությունները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter