HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ապրեցնելով չապրած օրերը

Ս.թ. նոյեմբերի 22-ին՝ Լեռ Կամսարի մահվան տարելիցի օրը, Նարեկացի Արվեստի Միության լեփ-լեցուն սրահում տեղի ունեցավ մեծ երգիծաբանի «Չապրած օրեր» գրքի շնորհանդեսը: Գրքի հեղինակային խումբը՝ կազմող և առաջաբանի հեղինակ Վանուհի Թովմասյանը, ծանոթագրությունների և ընծայականի հեղինակ Արմեն Քեշիշյանը, խմբագիր և սրբագրիչ Հայկ Խեմչյանը և գիրքը ձևավորող նկարիչ Գևորգ Մշեցի-Ջավրուշյանը ներկայացրեցին գրքի կազմման, ծանոթագրման, խմբագրման և նկարչական ձևավորման պատմությունը, հրատարակման դժվարություններն ու գրքի լույս աշխարհ գալու հետ կապված այլ մանրամասներ, ինչպես նաև Լեռ Կամսարի կյանքի քրոնիկոնը:

Ընդհանրապես Լեռ Կամսարի կյանքի և գրականության մասին խոսք ասելը և´ հեշտ է, և´ դժվար: Հեշտ է, քանզի առարկությունների դեպքում հեղինակն անմիջականորեն չի կարող իր անհամաձայնությունն ու դժգոհություններն արտահայտել, իսկ դժվար, որովհետև Կամսարն անասելիորեն Մեծ է, Անպարփակ և Անընդգրկելի: Եվ դեռևս չճանաչված ու չգնահատված, ի հակառակ իր ժամանակակից շատ այլ խորհրդային գրողների, զորօրինակ՝ Զոշչենկո և այլք, որոնք ի վերջո կոտրվեցին անմարդկային կարգերի մամլիչի տակ՝ ի տարբերություն հենց աննկուն Լեռ Կամսարի:

Ստորև ներկայացվում է ակնարկ՝ նվիրված Լեռ Կամսարին, «Չապրած օրեր» ժողովածուին և գրքի հեղինակային խմբին:

Ա Պ Ր Ե Ց Ն Ե Լ Ո Վ   Չ Ա Պ Ր Ա Ծ   Օ Ր Ե Ր Ը

Թերևս աններելի սխալ գործած չեմ լինի, եթե պնդեմ, որ հայկական երգիծանքի եռամեծության (Հակոբ Պարոնյան-Երվանդ Օտյան-Լեռ Կամսար) այս վերջին մոհիկանի հավերժաբար շարունակվող «կծուլեզու ներկայությունը» (ինչպես կասեր նորօրյա գրողը) դեռևս նույն կերպ շարունակում է նաև ներկայումս «հալածել» թե´ ներքին, թե´ արտա­քին «մեծավորաց»՝ «թունավորելով նրանց հանգիստը», իսկ «առավել անտանելին» նրա «հեգնաժպիտ ներկայությունն է», զի անանցանելիորեն այնքա˜ն արդիական են մեղվապահ ԼԵՌԻ «խայթոցները»: Այդ առումով՝ կամսարյան նոր «խայթոցները» լիուլի «ճաշակելու» այս բարեպատեհության համար (քանզի ամեն մի նոր գրքի լույս աշխարհ գալն ինքնին իրադարձություն է գրական կյանքում, իսկ Մեծն Լեռի գրչի տակից դուրս եկածն, իհարկե բարեպատեհություն է և առանձնակի մի երևույթ), և ուրեմն Լեռ Կամսարի «Չապրած օրեր» շքեղ հրատա­րակության առիթով և շնորհանդեսային տրամադրությամբ նախ և առաջ պարտ եմ անձամբ իմ կողմից, թող ինձ թույլ տրվի՝ նաև բազմաթիվ մեծ ու փոքր կամսարասեր­ների, կամսարյան գրի սիրահարների ու նվիրյալների անունից խորին երախտագիտություն հայտնել ՄԵԾԻ թոռնուհուն՝ անդուլ Վանուհի Թովմասյանին, ՄԵԾԻ հոգեզավակ Արմեն Քեշիշյանի (ինչպես կնքել է նրան հենց իսկ Վանուհին), մազալու և ազատամիտ տղաներ Հայկ Խեմչյանին և Գևորգ Մշեցի-Ջավրուշյանին (բնորոշումները նորեն Վանուհու կողմից են):

Մեծն Լեռի հետ իմ առաջին «հանդիպումը» մանկութ օրերիս է տեղի ունեցել, բայց հիրավի հիշարժանը տարիներ անց տեղի ունեցավ: Դա  2014թ. նոյեմբերի 22-ն էր: Այդ օրն ընդ­հանրապես հիշարժան էր լուսաբացից մինչ երեկո. հաճելի եղանակ՝ հաճելի հանդիպման ակնկալիքով: Այո´, այո˜, հաճելի: Որովհետև այդ օրը հանդիպելու էինք (ու հանդիպեցինք) ՃՇՄԱՐԻՏ ՄԵԾՈՒԹՅԱՆ հետ: Եվ ըստ այդմ, կարծես թե փորձեցինք յուրովի իրականության վերածել ՄԵԾԻ հոգեզավակ Արմեն Քեշիշյանի թախծախառն և ափսոսաշունչ հորդոր-առաջարկներից բխող տեսլականը, որ անկեղծորեն ձևակերպել է նա Լեռ Կամսարին նվիրված «Չգիտես, բժիշկ, թե միայնակ մեռնելը որքա՜ն դժվար է» հոդվածում, որը նաև «Չապրած օրեր» ժողովածուի ընծայականն է: Եվ այդ ափսոսանքն ու տեսլականը հնչում են այսպես. «Մի՞թե մենք այնքան ժամանակ չունենք, որ տարին մի քանի անգամ գնանք Մեծի հետ հանդիպման...», և դրան հակառակ՝ «...մի՞թե մենք այնքան ժամանակ ունենք, որ հետաձգենք նրա հետ հաղորդակցվելու պահը»: Եվ ապա՝ «Պետք է մի անգամ փորձել, և գուցե սա սովորություն դառնա, որ ետ կպահի մեզ մի անտեղի խոսք ասելուց, մեծամտանալուց, մի հիմար բան անելուց»: Ահավասիկ: Այնպես որ, 2014թ. նոյեմբերի 22-ի օրն իզուր չանցավ: Մենք գնացինք հանդիպ­ման: Հաջորդ տարի՝ 2015թ. նոյեմբերի 22-ին, Լեռի այցելուների թիվը կրկնապատիկ էր, իսկ այսօր՝ արդեն բազմապատիկ, ինչն իհարկե դեռ բավարար չէ Մեծի մեծարման համար: Իսկ ամենացավալին այն է, որ դեռևս «բարձրա­գույն ոլորտներում» անտեսված է ՄԵԾ ՄԱՐԴՈՒ հիշատակը: Ներկա «էլիտայից» այլ բան սպասել հնարավոր էլ չէ: Զի ԼԵՌԻ «կծուլեզու ներկայությունը» (ինչպես արդեն ասվեց վերևում), որ հանգիստ չէր տալիս անց­յալի «ջոջերին», հավանաբար իրոք հանգիստ չի տալիս նաև ներկա «մեծավորաց»: Բայց եթե հավատանք աստվածաշնչյան բանաձևումին, թե երբևէ վերջիններն առաջին կլինեն, ապա պետք է հուսանք, որ Ճշմարտության մերժված օրենս­դիրն, ինչպես մեկ այլ հոդվածագիր է բնորոշել Մեծն Կամսարին, ուշ թե շուտ հավուր պատ­շաճի կգնա­հատվի, և՝ ըստ արժանվույնս: Դրա առհավատչյան է նաև՝ թեկուզ թե սակավա­քանակ, բայց արդեն երիտասարդների կողմից Կամսարին նվիրված կամսարաշունչ միջոցա­ռումների ինքնաբուխ կազմակերպումն ու յուրովի անցկացումն՝ առանց անհարկի ցուցադրականության, ուղեկցված Կամսարի գործերի ընթերցումներով և, ըստ այդմ, նրանց նույնքան ինքնաբուխ նվիրումը Կամսա­րի գրական ժառանգության տարածման սուրբ գործին, ինչը զարմանքից ավելի հիացմունք է պատճառում (գոնե թե ինձ): Առավել ևս, որ ի հակառակ դրա՝ ոչ թե զարմանք, այլ երբեմն զայրույթն է պատում մարդուս, երբ այլ հանգամանքներում ականա­տեսն ես լինում, թե շատ այլ երիտասարդներ ինչպիսի կատարյալ անգիտություն ու տգիտություն են դրսևորում (ասենք, զորօրի­ակ, Թումանյանի ստեղծագործության առնչությամբ):

Դառնանք մեր ներկա օրվա խորհրդին: «Չապրած օրեր»: Սա յուրօրինակ գիրք է, բացառիկ հրատարակություն, սեղանի գիրք՝ ամե­նօրյա ընթերցման համար, որ պետք է ըմբոշխնել, զի այն իսկը և ողջը կամսարյան է: Վանուհու և Արմենի այս նոր տքնանքի (մեղմ ասացի երևի՝ տքնանքի) արդյունքը հիրավի վայելել է պետք: Թե նրանց կողմից ինչ տաժանակիր աշխատանք է կատարվել կամսարյան զգլխիչ արարման պատառիկների վերծանման ու հանրայնացման ուղղությամբ, թերևս միայն իրենց ու մեկ էլ՝ Աստծուն է հայտնի: Իսկ ընթերցողն այս գրքում, ինչպես կամ­սարյան ցանկացած արարման մեջ, նորեն կարժանանա կամսարյան հանճարի (և առանց մազաչափ իսկ վարանման եմ փաստում՝ հանճարի) հերթական փայլատակման ճաճանչներին, անտարակույս կգտնի կամսարյան ինքնատիպ գրչի յուրօրինակ արգասիքն ու լիուլի կճաշակի փոքր տիրույթներում չափազանց մեծ ասելիքի ընծայած հաճույքը, հագեցած ասելիք, որ ինքնին առինքնում է կամսարյան նուրբ դիտողականությամբ ու համեմված է անսպառ հումորով, տա­րազան իրավիճակների, դեպ­քերի ու դեմքերի, երևույթնե­րի ու կերպարների ճշմարիտ ներ­կայացմամբ ու հստակ գնահատ­մամբ, անսպա­սելի անցումներով ու ճշգրիտ համեմատություններով, միանգամայն տեղին համադրումներով ու զուգորդումներով՝ կենցաղային հարթությունից սկսած մինչ հասարակական հարաբերությունների ու մինչև իսկ միջազ­գային քաղաքականության և այլ հարթություն­ներ, այլև՝ նույնի հակառակ ուղղությամբ... Իրեն խիստ բնորոշ խորին իմաստնությամբ ու ամենայն վարպետությամբ, այլև արտաքուստ անվրդով հնչերագներով է Լեռը շարադրում իր առտնին պատումները մեր առօրյա կյանքի շատ ու շատ կնճռոտ իրողությունների վերաբերյալ, որոնք որքան որ հրատապ էին իրենց գրության ժամանակներում, նույնքան էլ արդիական են ներկայումս: Իրականության լայնարձակ տարածքների փոխարեն կարծես թե խիստ սահմանափակ տիրույթ է ընտրում Կամսարը, բայց ողջ աշխարհն է նրա հայացքի ներքո: Յուրաքանչյուր պատումի համար կյանքի ընդամենը մի դրվագի, լոկ մեկ իրադարձության վրա կենտրոնանալու թվացյալ միտումի, երևութականության տակ նա մեծագույն հմտությամբ միտում է դեպի խորքը` երևան հանելով մարդկային արատների մի ողջ շքահանդես, այն էլ այնպիսի մանրամասներով, որ ընթերցողին կամա թե ակամա խորհելու տեղիք է տալիս: Եվ որքա˜ն ցավալի է, որ այս գրիչը զգալիո­րեն տևական մի ժամանակ փակի, արգելանքի տակ է եղել: Հանիրավի: Աստ ամենևին մտադրություն և նպատակ (ասենք նաև՝ ոչ մի հավակնություն և առավել ևս՝ կարողություն) չունեմ իմ կաղ հանգա­վորմամբ ու թյուր գնահատումներով, այլևայլ խրթին մեկնաբանություններով «Չապրած օրեր» հատորի ամբողջական վերլուծություն կատարել: Գիրքը պիտի կարդալ, և ավելի քան համոզված եմ, որ ամենքի կողմից խիստ յուրովի կընկալվի կամսարյան մտքի ճառա­գում­ներից արձակվող լույսը: Միայն կասեմ, որ Կամսարի չապրած օրերն իսկ ապրած են և ապրված, ի հեճուկս նրան հալածողների, ի հեճուկս այն անլուր զրկանքների և բազում արգելանքների, որ կրել է նա իր՝ այդպես էլ չապրած ապրած կյանքում: Եվ այս «Չապրած օրե­ր» ստվար հատորով (նաև՝ բովանդակային առումով) Վանուհին ու Արմենը Լեռ Կամսարին իրավամբ ԱՊՐԱԾ ՕՐԵՐ են շնորհում: Քանզի Կամսարը վերադառնում է, օր օրի Կամսարն ավելի իրական է դառնում, և իրապես երբևէ ավելի քան համընդ­գրկուն կերպով է զբաղեցնելու իր հույժ արժանվույն տեղը հայ գրակա­նության ոսկե ընտրանիում, մեր իրապես ճշմարիտ մեծերի շարքերում՝ ըստ այդմ մեզ էլ պարգևելով այդ նոր ու անմահ կյանքում իր անդավաճան ուղեկիցը լինելու անսահման պատիվն ու իր այդ կյանքին մասնակից լինելու գերագույն հաճույքը, եթե հետևորդն ենք Մեծն Լեռի:

Ինչևէ, մեկ անգամ ևս պիտի շնորհապարտ շնորհակալությունս և անսահման երախտագիտությունս հայտնեմ անխոնջ երախ­տավոր Արմեն Քեշիշյան բացառիկ անհատին՝ Մեծն Կամսարի շուրջ որչափ անարդարացի, նույնչափ էլ արհեստական «մոռացության փոշու» սրբման գործընթացում իր «համեստ» լուման անմնացորդ ներդնելու համար, և իհարկե՝ խորին խոնարհումս աննկուն ԼԵՌԻ աննկուն ժառանգ Վանուհի Թովմասյան ազնիվ զարմին, ով իր ամենեքյան հսկա նվիրումով (չեմ վախենա պնդել) ամբողջ մի գիտական հաստատության գործ է կատարում: Խորին գոհունակություն նաև Հայկ Խեմչյանին և Գևորգ Մշեցի-Ջավրուշյանին՝ իրենց ջանքերի և անմնացորդ նվիրումի համար: Վանուհուն ու նրան զորավիգ եղած մազալու և ազատամիտ այս տղաներին անսպառ ուժ ու եռանդ՝ շարունակելու և ավարտին հասցնելու ՄԵԾՆ ԼԵՌԻ «արգելված» գրչի բեղուն արգասիքը լայն հանրությանը հասու դարձնելու գործը: Զի ՄԵԾՆ ԼԵՌ ԿԱՄՍԱՐԸ բոլոր ժամանակների համար է:

Հ.Գ. – Մի հետաքրքիր դիտարկում ևս. չգիտես ինչո՞ւ (թերևս պարզ է, թե ինչո´ւ) մեր մշակույթի շատ երախտավորների հիշատակի պահպանման, նրանց կյանքի, գործքի և ստեղծագործական ժառանգության հանրայնացման բեռը ծանրացել է հենց իսկ նրանց ժառանգների ուսերին, որոնց երբեմն սատարում են նաև այլ անհատներ: Այսպես, օրինակ, Համո Սահյանի, Հրանտ Մաթևոսյանի, Մինաս Ավետիսյանի... (կարծում եմ՝ բավ է թվարկումը, այլապես շարքը շատ կերկարի), ուրեմն հիշատակված մշակութային անհատականությունների պարագայում դա նրանց որդիներն են անում՝ Նաիրի Սահյանը, Դավիթ Մաթևոսյանը, Արման Ավետիսյանը՝ որոշ այլ անձանց աջակցու­թյամբ (ասենք՝ Շչորս Դավթյան և այլք), Աղասի Այվազյանի պարագայում՝ նրա այրին՝ Գրետա Վերդյանը (գրականագետ Անի Փաշայանի անմիջական գործուն մասնակցությամբ) և այլն, և սա պետական և մշակութային պատկան մարմինների երբեմնակի ներգրավվածությամբ (դեպ­քից դեպք, հոբելյանից հոբելյան): Իսկ ահա Լեռ Կամսարի պարագայում դա էլ չկա. պետա­կան և մշակութային պատկան մարմինների թեկուզ մեկ նշանակալի ներգրավվածություն ինձ հայտնի չէ (ընդամենը մի դեպք եմ հիշում, երբ Գրողների միությունում, եթե հիշողությունս չի դավաճա­նում, շուրջ 10 տարի առաջ տեղի ունեցավ «Սոցիալիզմի սահարա» և Վանուհու կազմած ևս մի գրքի (կարծեմ՝ «Հալոցքի») ուշացած շնորհանդեսը): Թերևս պատճառն ակնհայտ է. դա հայկական երգիծանքի (Պարոնյան-Օտյան-Կամսար) եռամեծու­թյան վերջին մոհիկան Կամսարի հավերժբար շարունակվող «կծուլեզու ներկայությունն» է, որ դեռևս նույն կերպ (չերկյուղենք՝ կրկնել) շարունակում է հանգիստ չտալ «վերևներին»: Այսպես որ գնա, ժառանգ չունեցող շատ այլ արժանավորներն իսպառ մոռացության կմատնվեն ժամանակի անխնա հոլովույթում, եթե իհարկե չլինեն Արմեն Քեշիշյանի նման իրապես նվիրյալ անհատները, որք իրենց ամենեքյան աջակցությամբ սատարում են Վանուհի Թովմասյանի նման ազնիվ ժառանգներին՝ նրանց մաքառումներում:

Աշոտ Հովսեփյան

Մեկնաբանություններ (1)

Վանուհի
2000 թվականից սկսած Կամսարի 10 գիրք է հրատարակվել։ Անկախությունը Լեռ Կամսարին մեզ վերադարձրեց։ Միայն Սփյուռքի գրականագիտությունը հրաշալի հոդվածներով շռնդալից ողջունեց այդ վերադարձը։ Հայրենի գրականագետները լուռ ու անտարբեր անցան այդ իրողության կողքով։ Չհաշված Սամվել Մուրադյանի մենագրությունը, որն ընդհանուր վերլուծություն էր։ Էլի հայ գրողները մեզ պարզերես արեցին՝ Նորայր Ադալյան, Մահարու որդի Գր, Աճեմյան և Աշոտ Հովսեփյան․․․Հարգելի, Աշոտ Հովսեփյան, շնորհակալություն փառահեղ հոդվածի համար․․․

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter