HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

20 օր առաջ ազատված նախկին զինծառայող Դավիթ Հակոբյանի առողջությունը վատացել է

20 օր առաջ «Արմավիր» ՔԿՀ-ից ազատության վերադարձած խաղաղապահ զորքերի նախկին զինծառայող, 1-ին կարգի հաշմանդամություն ունեցող Դավիթ Հակոբյանի առողջությունը վատացել է: Այս մասին մեզ տեղեկացրեց Դավիթի մայրը՝ Գայանե Կիրակոսյանը։

«Ձախ ոտքը, որը դժվարությամբ է շարժում, այտուցվել է, ձախ աչքի տեսողությունը՝ թուլացել: Երկար ժամանակ բանտում լինելով, բնական է՝ չի անցել վերականգնողական բուժում»,-ասաց Գայանե Կիրակոսյանը: Նա տեղեկացրեց, որ ձախ ոտքի այտուցվելու պատճառը դեռ չգիտեն: Պիտի տանեն ստուգման:

Գայանե Կիրակոսյանն ասաց, որ Դավիթի ազատվելուց հետո դեռ չեն կարողացել հանդիպել Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին՝ որդու հետագա բուժման համար քայլեր ձեռնարկելու նպատակով: «Դիմում ենք գրել նախարարի հետ հանդիպման համար, գիտենք, որ հասել է նախարարություն, բայց մեզ դեռ չեն կանչել»,-ասում է մայրը:

Հաշվի առնելով, որ որդու առողջության հարցում առանց այդ էլ երկար տարիներ են կորցրել, իսկ բանտում գտնվելու 16 ամիսներին առհասարակ նա անհրաժեշտ բուժում չի ստացել, Գայանե Կիրակոսյանը խնդրեց Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին հետամուտ լինել Դավիթի առողջության վերականգնման հարցում։ «Միգուցե Կառավարությունը միջոցներ տրամադրի, որ կարողանանք Դավիթին տանել Գերմանիա բուժման»,-ասաց Դավիթի մայրը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ին «Հետքն» անդրադարձել է խաղաղապահ զորքերի զինծառայող Դավիթ Հակոբյանի պատմությանը։ Զինծառայողի մորը նոյեմբերի 19-ին ընդունել էր պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ խոստանալով աջակցել որդու բուժման հարցում: Օրեր անց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Դավիթ Հակոբյանին ներում էր շնորհել: Նոյեմբերի 28-ին նախկին զինծառայողը վերադարձել էր ազատություն:

Արմավիրի Մայիսյան գյուղի 27-ամյա բնակիչ, նախկին զինծառայող Դավիթ Հակոբյանը մոտ 5 տարի փորձում է վերականգնել զինծառայության ժամանակ կորցրած առողջությունը: Սակայն, ինչպես Դավթի ծնողներն են պնդում, Գերմանիայում բուժում ստանալու՝ ՊՆ-ի խոստումները չեն իրականացել, փոխարենը 2015թ. օգոստոսից որդին հայտնվել էր կալանավայրում: Առաջին կարգի հաշմանդամ Դավիթ Հակոբյանը մեղավոր էր ճանաչվել ահաբեկչության մասին կեղծ ահազանգ կատարելու մեջ (ՔՕ 259 հոդված) ու դատապարտվել 1 տարի 6 ամսվա ազատազրկման: Իսկ կեղծ զանգերի պատճառն իր վրա ուշադրություն սևեռելն էր եղել, ինչպես զինծառայողը հայտարարել էր դատարանում:

Ամեն ինչ սկսվել է 2012թ.-ին, երբ Խաղաղապահ զորքերում ծառայության ժամանակ հերթական պարապմունքին Դավիթը ցավեր է զգացել որովայնի շրջանում: Վիճակը կտրուկ վատացել է, նրան տեղափոխել են «Մուրացան» հոսպիտալ, որտեղ և վիրաբույժ Գագիկ Թունյանը վիրահատել է Դավիթ Հակոբյանին: Վիրահատությունն անհաջող է անցել: Ըստ էպիկրիզի՝ աղիքի խոցն է կարվել աղեոլորքից հետո: 2-րդ վիրահատության անհրաժեշտություն է զգացվել: 8 ժամվա տարբերությամբ այն արվել է, որից հետո երիտասարդն ընկել է կոմայի մեջ: 10 օր անց արթնացել է՝ ձախակողմյան հատվածը պարալիզացված: Էպիկրիզում նշված է, որ վիրահատության ժամանակ երիտասարդը ինսուլտ է ստացել: Դավթի ծնողները, սակայն,  մասնագետներ են հրավիրել, որոնք ասել են՝ ինսուլտ չկա, այլ կպել են նյարդերին, ասել են, որ դա հնարավոր է բուժել: ՊՆ-ում էլ տարիներ շարունակ հորդորել են չբողոքել բժշկի դեմ՝ խոստանալով բուժում արտերկրում: Բուժումն այդպես էլ իրականություն չի դարձել: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter