HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Աշտարակ. կաթսայատունը, հանդիսություների դահլիճն ու գրադարանը դարձել են դասասենյակ

Դրսում 6 աստիճան ցուրտ էր և ձյուն էր տեղում, իսկ Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի աշակերտները ձեռքի մատներն արտաշնչով տաքացնելով շենքից դուրս տանիք էին փնտրում ձյան տակ չմնալու համար: Ֆիզկուլտուրայի դասաժամ էր: Դպրոցը չունի ֆիզկուլտուրայի դահլիճ, ցածր դասարանի աշակերտները դասն անցկացնում են դասասենյակում, իսկ բարձր դասարանցիները՝ որտեղ պատահի, այդ թվում բաց երկնքի տակ: Ֆիզկուլտուրայի ուսուցչուհի Ժաննա Բոնդարևան «Հետքի» հետ զրույցում ասաց, որ ուսման պլանի միայն 30%-ն են կարողանում անցնել, իսկ մնացած ժամանակը կորուստ է:

«Բոլորը՝ սկսած սպորտի նախարարությունից, գիտեն, որ սա է այս դպրոցի վիճակը: Ես չեմ կարողանում մարմնամարզություն անցնել, բասկետբոլ, վոլոյբոլ անցնել: Միայն թեթև ատլետիկա է, տաք օրերին վազք, ցատկ և ֆուտբոլ: Դա է: Ես ոնց կարող եմ անցնել, եթե չկա պայման»,-ասում է Ժաննա Բոնդարևան։ Նա պատմեց, որ անցյալ տարի բարձր դասարանի աշակերտներին տարել է հարևան դպրոց, որպեսզի դասերից հետո կարողանա վոլեյբոլ սովորեցնել: Բայց միշտ չէ, որ հնարավոր է լինում այլ դպրոցի հաշվին դաս անցկացնել: Հաճախ, երբ դրսում անհնար է դաս անել, դասագրքով են անցկացնում՝ առանց գործնական պարապմունքի:

Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցում միայն ֆիզկուլտուրայի առարկան չէ «խնդրահարույց»: Այստեղ ինֆորմատիկայի դասարան ևս չկա: Ավելի ճիշտ կար, բայց այժմ համակարգիչները դրված են պահեստում, իսկ երեխաները առանց համակարգչի հետ շփվելու, տեսնելու ինֆորմատիկա են անցնում դասագրքով:

 Կառավարության որոշման գինը

Ամեն ինչ սկսվեց կառավարության հերթական որոշումից հետո: Բանն այն է, որ հարևանությամբ գտնվող Նորայր Սիսակյանի անվան դպրոցը կառավարության որոշմամբ տարիներ առաջ դարձավ ավագ դպրոց, ինչը նշանակում էր, որ այստեղ աստիճանական կարգով այլևս չէր ձևավորվելու 1-9-րդ դասարաններ: Իսկ Աշտարակի Ձախ ափում գտնվող միակ հիմնական դպրոցը մնացել է Վ. Պետրոսյանի անվան դպրոցը և ամբողջ ծանրությունն ընկել է հենց այս դպրոցի վրա:  Այս դպրոցը վերջին տարիներին  ավարտել են 15  9-րդ դասարանցիներ, բայց ընդունվել են 70 առաջին դասարանցի, ինչն ակնհայտ ծանրաբեռնվածություն է առաջացրել: 150 աշակերտից թիվը հասել է 598-ի:

Դպրոցի շախմատի ուսուցիչ Արմեն Գրիգորյանն ասաց, որ նման որոշում կայացնելուց առաջ ոչ կառավարությունից, ոչ պատկան մարմիններից որևէ ներկայացուցիչ իրենց դպրոց չի այցելել՝ համեզվելու համար, արդյոք Վ. Պետրոսյանի անվան դպրոցը պատրաստ է իր վրա կրել այդ ծանրությունը, շենքային պայմանները բարվոք են, թե ոչ: Մինչդեռ տարածքը խիստ բնակեցված է, երեխաները շատ են, ինչն անհամատեղելի է դպրոցի ներկայիս պայմանների հետ։  

Դպրոցը հիմնադրվել է 1962թ.-ին և երբեւէ կապիտալ վերանորոգման չի ենթարկվել: Երկմասնաշենք դպրոցից այժմ օգտագործվում է միայն մեկը՝ եռահարկ մասնաշենքը: Մյուսը՝ երկհարկանին, ժամանակին բնակեցված է եղել փախստականներով: Տարիների ընթացքում հնարավոր է եղել ազատել շենքը, սակայն այն դպրոցին է վերադարձվել ավերակ վիճակում, ինչն անհնար է դարձնում առանց հիմնանորոգման շահագործելը:

Որպեսզի սեպտեմբերի 1-ին դպրոց հաճախող երեխային չմերժեն, թե տեղ չունեն, դպրոցի տնօրինությունը որոշել է օգտագործել դպրոցի բոլոր սենյակները որպես դասասենյակ: Արդյունքում, ինչպես պատմեց տնօրեն Գրիշա Գևորգյանը, իրար հետևից փակվել են հանդիսությունների փոքրիկ դահլիճը, լաբորատորիան, ինֆորմատիկայի և շախմատի դասարանները, գրադարանը: Նույնիսկ կաթսայատունը դարձել է դասասենյակ: Գազի կաթսաներն աշակերտներից առանձնացված է ընդամենը բարակ գիպսակարդոնե պատով, ինչն ամենևին անվտանգ չէ: Տեղ չլինելու պատճառով տնօրենի աշխատասենյակում են տեղավորվել գործավարն ու հաշվապահը:

Ուսուցիչները կատակով ասում են, որ շուտով դասասենյակ կդառնա նաև ուսուցչանոցը և իրենք կնստեն միջանցքում:

Տնօրենի խոսքերով՝ այժմ ունեն 21 դասասենյակ: «Որոշակի խտությունից բարձրի դեպքում, օտար լեզվի, հայոց լեզվի և ինֆորմատիկա առարկաների ժամանակ դասրանները կարելի էր կիսել երկու խմբի, բայց մենք այդ հնարավորությունը չունենք: Հարցը նրանում է նաև, թե որքանով է անդրադառնում ուսման որակի վրա: Որ լաբորոտորիա, ֆիզկուլտուրայի դահլիճ, ինֆորմատիկայի դասարան չունենանք էլ ինչ որակի մասին է խոսքը»,-ասում է Գրիշա Գևորգյանը:

Նա ասում է, որ նույնիսկ աշակերտների խտությունն է գերազանցում սահմանված նորմերը: Մասնավորապես՝ առաջին դասարանում սովորող երկու դասարան կա՝ 36 և 37 աշակերտով: «Իրավունք չունեինք նման բան անելու, բայց ուրիշ ելք չկար, տեղ չունենք: Բնականաբար այդ ամենը կանդրադառնա որակի վրա, չէր կարող չանդրադառնալ: Չեմ կարող խաբել, ասել՝ չէ, ամեն ինչ կարգին է, հրաշալի է»,-հավելեց Գ. Գևորգյանը:

Գրադարանավարուհի Բելանիա Հարությունյանին այժմ հատկացված է մի փոքրիկ սենյակ: Գրքերի մի մասը շարված էին սեղանի վրա, մյուս մասը՝ պահեստում լցված է: Այդ տարածքում է դրված նաև ինֆորմատիկայի դասասենյակի համակարգիչները: Մինչդեռ Բելանիա Հարությունյանն ունեցել է ընդարձակ ընթերցասրահ, մեծ գրադարան, որն այժմ դասասենյակ է ծառայում:

«Ես ցավ եմ ապրում, որ այս պայմաններում կորցնում ենք մեր սերունդին, ընթերցող, ինքնուս սերունդին: Սա ի՞նչ պայման է, որ երեխան սովորում է»,-ասաց Բ. Հարությունյանը:

Գրիշա Գևորգյանը նշեց, որ դպրոցի ներկայիս վիճակի մասին տեղյակ են, թե նախարարությունում, թե Արագածոտնի մարզպետարանում: Նա նշեց, որ վերանորոգման հարցը կարծես թե լուծում է ստանում: Ըստ նրա՝ մարզպետ Գյոզալյանը հավաստիացրել է, որ շուրջ 800 միլիոն դրամի շրջանակում վերանորոգման աշխատանքներ են կատարվելու: «Երբի մասին չեմ կարող ասել, երկար տարիներ է ձգվում, բայց այս անգամ  կարծես թե շատ լուրջ է: Ամեն դեպքում հավատացրել է, որ ամեն ինչ ժամանակին կլինի, եկող տարվա ընթացքում գոնե կլինի»,-ասաց տնօրեն Գևորգյանը:

Արմեն Գրիգորյանն էլ հավելեց, որ խոսակցություն է եղել 2016թ. ընթացքում կազմել նախագիծ, հախահաշիվ, մինչդեռ տարին ավարտվում է և այդ նպատակով որևէ մեկը դպրոց չի այցելել: Ուսուցիչը հիշեցրեց, որ իրենք ցանկացել են գործադուլ անել հենց դպրոցի ներկայիս վիճակի պատճառով, սակայն չեն իրականացրել, քանի որ մարզպետարանից հավաստիացրել են հարցին լուծում տալ: Եթե առաջիկայում սայլը տեղից չշարժվի, իրականություն են դարձնելու գործադուլը, քանի որ այս պայմաններում անհնար է իրականացնել ուսումնական գործընթաց:

Արագածոտնի մարզպետարանի կրթության բաժնի պետ Մամիկոն Աբգարյանն ասաց, որ դպրոցի վերանորոգման հարցը 2017թ. լուծվելու է: Կառուցվելու է նոր մասնաշենք, քանի որ մարզպետը շրջելով դպրոցի չգործող մասնաշենքում եզրակացրել է, որ հիմքերը թույլ են և այնտեղ չեն կարող երեխաներ գտնվել:

Լուսանկարները և տեսանյութը՝ Դավիթ Բանուչյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter