HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխզիջումի հարմարագույն պահը կորսված է. թող ոչ մի զոհ չպահանջվեր քեզնից բացի

Լևոն Տեր-Պետրոսյանի արտահայտած նոր և կրկնված թեզերին շատերը համակարծիք չեմ: Ավելին՝ մեծամասամբ հակառակ համոզմունքներ ունեն:

Բայց կան մի քանի կետեր, որ Երրորդ հանրապետության առաջին նախագահը ճիշտ է ասում: Ցանկանում եմ անդրադառնալ այդ և մի քանի այլ դրույթների: 

Ազգ-Բանակը, Շվեյցարիան, չեզոքությունը և մոբիլիզացիան՝ այսօր 

«…վերջին 200 տարիներին Շվեյցա­րիան, օժտված լինելով չեզոք երկրի կարգավիճակով, արտաքին վտանգների չի ենթարկվել»

Ուրախալի է, որ վերջապես բարձրաստիճան (թեկուզ նախկին) պաշտոնյայի շուրթերից հնչում է, որ Շվերյացրիան չեզոք երկիր է (ազգ-բանակ մոդելով) և այդ պատճառով է, որ նրան հաջողվել է շրջանցել  համաշխարհային կատակլիզմները:

Տեր-Պետրոսյանի ելույթում ուշադրութան է արժանի ոչ թե այն, որ շվեյցարացիների մոտ միջնադարում է ձևավորել այս մոդելը, այլ այն, որ, Շվեյցարիան այսօրվա միջազգային իրավունքով ընձեռած հնարավորություններով է չեզոք երկիր՝ ազգ-բանակ մոդելով, որ այսօր էլ  ունի մոբիլիզացիայի օրինակելի մեխանիզմ, և որ այսօր էլ  ազգ-բանակի արդի, գործող և հաջողված մոդել ունի(Անշուշտ, այս մոդելի տեղայնացումը պետք է կատարվի մեր մենթալիտետին համապատասխան): 

Շրջափակումը՝ պատերազմական գործողություն է 

 «…շրջա­փակումից բացի,(Թուրքիան) Հայաստանի դեմ որեւէ այլ թշնամական գործո­ղություն չի ձեռնարկել…»

Վերջապես մեկը բարձրաձայնեց, որ շրջափակումը միջազգային իրավունքով թշնամական գործողություն է համարվում: Ցավալի է, որ մինչ այս, մեր պաշտոնյաները համապատասխան չեն գնահատել դա. Այո, ասել են, որ շրջափակման մեջ ենք, բայց շեշտադրում չեն կատարել, որ դա միջազգային իրավունքով  է «թշնամական գործողություն» ձևակերպված:

Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու մասով նկատենք, որ ովքեր միտք ունեն քննադատել Տեր-Պետրոսյանին՝ ՀՀ-ԹՀ հարաբերությունների կարգավորման ցանկության, թեզերի հետ կապված, թող հիշեն, որ ՀՀ-ԹՀ արձանագրությունները դեռ օրակագում են և ստորագրությունները ետ չեն կանչվել: 

Արցախ, օրակարգ, բանալի. փոխզիջում և անալոգիա 

1.  ԼՂՀ կարգավորման հետ կապված, առաջին նախագահը մի քանի անգամ շեշտում է, որ մեծ իմաստով հիմա էլ նույն բանն է դրված սեղանին: («Մադրիդյան սկզբունքներ», «փուլային տարբերակ», «տարածքներ՝ կարգավիճակի դիմաց», «խաղաղապահներ» և այլն…):  Ուստի այս մասով նույնպես, ովքեր ցանկանում են քննադատել Տեր-Պետրոսյանին, թող հիշեն, որ թե առաջին, թե երկրորդ և թե երրորդ նախագահների օրոք, գրեթե նույն դրույթների շուրջ են եղել քննարկումները (Համենայն դեպս, այն ինչ-որ 98-ից առ այսօր տարբեր խողովակներով մատուցվել է հասարակությանը, համապատասխանում է Տեր-Պետրոսյանի պնդումին…) 

2. Փոխզիջումն ու դրա գինը 

ա. «…Եգիպտոսի նախագահ Անվար Սա­դա­թը եւ Իսրայելի վարչապետ Իցխակ Ռաբինը նույնիսկ կյանքով հատուցեցին…»… «փոխզիջումների» համար:

Ընթերցողին հիշեցնենք, որ 1978թ-ի Քեմփ-Դևիդյան հանդիպմանը մասնակցել են Անվար Սադաթը և Մենխեմ Բեգինը, համաձայնագիրը կնքվել է 1979թ-ին: Անվար Սադաթը սպանվել է 1981թ-ին «Եգիպտական Իսլամական ջիհադ» խմբավորման կողմից՝ Իսրայելի հետ մերձենալու համար:

Իցխակ Ռաբինին բանակցել է ՊԱԿ նախագահ Յասեր Արաֆատի հետ: Սպանվել է 1995թ-ին աջ էքստրեմիստ Իգալ Ամիրի կողմից՝ Իսրայելը «Օսլոյի համաձայնությունից» պաշտպանելու համար:

Մենխեմ Բեգինը եղել է Ժաբոտինսկու սիոնիստ-ռեվիզիոնիստ հոսանքների հետևորդ, ընդհատակյա «Իրգուն», «Էցել» կազմակերպությունների ղեկավար: Պայքարել է Իսրայելի անկախության համար, եղել է Դեր-Յասինի խաղաղ բնակչության տեղահանման, ցեղասպանական գործողությունների կազմակերպիչներից: Ստեղծել է «Հերութ» կուսակցությունը, հետագայում Արիել Շարոնի հետ հիմնադրել «Լիքուդ» բլոկը և հաղթելով ընտրություններում դարձել վարչապետ: Ղեկավարած բոլոր շարժումներն ու կուսակցությունները հարել են նույն գաղափարախոսությանը:

Հակակառավարական ցույցերի ժամանակ քննադատել է իշխանությանը՝ «եղբայրների, հայրերի և մայրերի արյունը վաճառելու համար», այնուհետև գալով իշխանության, մասնակցել է Քեմփ-Դեվիդյան գագաթնաժողովին, փոխզիջման արդյունքում հանձնել Սինայի թերակզին Եգիպտոսին, ստացել  խաղաղության Նոբելյան մրցանակ: 1982թ-ին Լիբանան ներխուժմանը, «Կահանի հանձնաժողովի» եզրակացությանը, Սաբրայի, Շաթիլայի և այլ էթնիկ զտումներին չանրադառնանք:

Մահացել է 1992թ-ին՝ 78 տարեկան հասակում: 

բ. ԼՂՀ հակամարտության հանգուցալուծման հարմա­րագույն կորսված պահի կոնտեքստում Տեր-Պետրոսյանը նշում է. (Կենդանի ելույթի ժամանակ, այլ ոչ թե տպագիր վերծանության…)

«98 թվականի իշխանափոխության կոր­ծանարար հետեւանքների պատճառը ամենևին  պետք չէ փնտրել գոր­ծող անձանց փոփոխության մեջ, բացարձակապես դա ոչ մի նշանակություն չուներ, այլ քաղաքականության շարու­նա­կականության խաթարման մեջ»։

Քանի որ նախագահը նշում է, որ անձանց փոփոխությունը բացարձակապես ոչ մի նշանակություն չուներ, մի փորքր իմպրովիզ անեմ.

- եթե նախագահը մնար, բայց շարունակական քաղաքականությունը կրկին խաթարվեր, այդ ժամանակ ԼՂՀ-ի, ազատագրված տարածքների և նախագահի հետ ի՞նչ էր պատահելու … 

-եթե շարունակական քաղաքականությունը չէր խաթարվելու, արդյո՞ք նախագահը այնուամենայնիվ հրաժարական չէր տալու:  Արդյո՞ք և իսկապես նախագահին «գահընկեց» են արել (ընդունված, տարածված կարծիքի համաձայն), թե այնուամենայնիվ նախագահը ինքն է իրականում հրաժարական տվել, որպեսզի փաստացի  «ոչ մի թիզ հող չտա»,   պատմության մեջ չմնա որպես «հող հանձնած նախագահ» և վերոգրյալ եգիպտա-իսրայելական անալոգիային չենթարկվի՝ մեր հայրենասերների կողմից: 

Եթե մեր իմպրովիզները աղերս ունեն անցյալի դեպքերի, դրդապատճառների հետ, ապա ստացվում է, որ առաջին նախագահը անկախ հանգամանքներից (քաղաքականության խաթարվել, չխաթարվել, ճնշումով կամ առանց)  հրաժարական էր տալու՝ անալոգիայից խուսափելու համար:  

Ընդունեք, որ հիասքանչ է, երբ դու հող չես հանձնում, (Շահումյան, Արծվաշենը չհաշված…), այնուհետև հաջորդներիդ «ստիպում ես», որ իրենք փոխզիջումով հող հանձնեն՝ դրանից բխող բոլոր հետևանքներով…  ու պոետի խոսքերով երգում. «թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի»: 

3. «Ղարաբաղի հարցի լուծման բանալին գտնվում է Ռուսաստանի ձեռքում» 

Նախկին և ներկա օրակարգերի փիլիսոփայությամբ, խնդրի լուծման բանալին անշուշտ գտնվել և գտնվում է Ռուսաստանի ձեռքում (նման տարբերակներով, բանալին իրականում կարող է գտնվել ցանկացածի ձեռքում` Հայաստանից բացի):

Համաձայն ենք, որ մինչ այժմ եղած ներկապնակներով մենք չենք կարող խախտել խաղի կանոնները, որը թույլատրված է միայն գերտերություններին (Ով ով, առաջին նախագաը լավ է գիտակցում, թե խաղի կանոնների խախտումը ինչպիսի աղետաբեր հետևանքներ կարող է ունենալ երկրի և առաջնորդի համար, չնայած որ,  ի տարբերություն Սադամ Հուսեյնի, մեր պարագայում միայն երկրի համար տեղի ունեցավ…):

Ուրեմն ի՞նչ անել, որպեսզի ունենանք մեր ցանկություններին համապատասխան լուծում, բանալի և միևնույն ժամանակ չխախտենք խաղի կանոնները:

Պետք է հասկանանք, որ խնդիրը բնավ բանալին չէ, այլ փականը: Վերջին 25 տարիների փորձը հուշում է, որ եթե ներկա փականի բանալին չենք կարողանում մեր ուզած ուղղությամբ պտտել, անհրաժեշտ է փականը փոխել: Փոխանակ Արցախի անկախության, դրա ճանաչման փակուղային տարբերակով ընթանալու, բանալին Ռուսաստանից կամ որևէ մեկից աղերսելու, ժամանակն է, որ փոխենք փականը՝ առ հարցի կարգավորման համալիր տարբերակները… 

Առաջին նախագահի մեսիջները. 

Իլհամին համարելով ռացիոնալ մտածող պետական գործիչ, նրա հոր անունը օգտագործելով, «կանչ է տալիս», որ եթե ՀԱԿ-ը գա խորհրդարան և մեծամասնություն կազմի, ապա նույն «Պատերազմ թե խաղաղություն» հոդվածի տրամաբանությամբ, Իլհամի և այլ շահագրգիռ կողմերի հետ միասին խնդրին վերջնական ու «փոխշահավետ» լուծում կտան: /այնպես, որ կողմերն իրենց հաղթող կամ պարտվող չզգան/: 

Թե ներքին թե արտաքին լսարանի համար ֆիքսում-արձանագրում և կրկին յուրօրինակ կանչ է ուղարկում, որ իրենք բացի կարծիք այտահայտելուց, գործընթացների վրա այլ ազդեցություն չունեն և չեն կարող ունենալ, մինչև 2018թ-ը:

Այսպիսով, մինչ 2018թ հնարավոր բացասական ելքերի դեպքում, իրենք պատասխանատու չեն, պատասխանատու է իշխանությունը, որ չլսեց իրենց սրտացավ խոսքը, իսկ 2018թ-ից հետո իրենք պատրաստ են փոխզիջման՝ նվազագույնը հինգ շրջանի մասով: Մնում է ներքին և արտաքին, բանալի ունեցող և չունեցող ականջները լսեն և աջակցեն ՀԱԿ-ին՝ 2017թ-ի խորհրդարանում որոշիչ ձայներ ունենալու համար…

Տեր-Պետրոսյանը ցանկանում է, որ հայ քաղաքական, հասարակական ու տնտեսագիտական միտքը ուսումնասիրի, հասկանա, թե ինչ աշխատություններով է հանդես եկել  Տարոն Աճեմյանը (Դարոն Աջեմօղլու) և ինչեր է ասել: Թերևս, Տեր-Պետրոսյանի 2013թ-ի հարցազրույցներից մեկը պատշաճ ուշադրության չի արժանացել: Առաջին նախագահը շատ է ցանկանում, որ մասնավորապես Տարոն Աճեմօղլուի և Ջեյսմ Ռոբինսոնի հեղինակցությամբ՝ «Ինչու՞ են պետությունները ձախողվում (Why Nations Fail) աշխատությունը ավելի լուրջ ուսումնասիրվի: (Քանի որ դեռ չենք ուսումնասիրել նշյալ աշխատությունը, լիահույս ենք, որ այդ աշխատությունը նույնքան հետաքրքիր կլինի, որքան Տիգրան Սարգսյանի «Պետության վախճանը» և Ռալֆ Պիտերսի` Նոր Մերծավոր Արևելքի՝ արդեն իրականություն դարձած թեզերը…) 

Լևոն Տեր-Պետրոսյանը մեսիջ է տալիս նախագահին առ այն, որ. «թիմակիցներդ քեզ մենակ են թողել հասարակությանը խաղաղության (զիջումներ-փոխզիջումների) նախապատրաստելու գործում»: Ուզում է ասել, որ միայն  Մարտիրոսյանի «սլիվը» հերիք չի,  հանձնարարիր այլ թիմակիցների ևս, որ իրենք էլ նախապատրաստեն... Իսկ եթե նրանք էլ դա չանեն, ՀԱԿ-ը գալիս է  նախագահին օգնության՝  հասարակությանը փոխ-զիջումների (իմա՝ հաշտության, խաղաղության, բարիդրացիության) պատրաստելու դժվարին գործում… 

Առաջին նախագահի «հակառակ էֆեկտների» ֆենոմենը 

Անտեղի է հիշեցնել, թե ազգային գաղափարախոսություն գոյություն չունենալու, դրա կեղծ կատեգորիա լինելու միտքը ինչ բուռն քննարկումներ է ունեցել ժամանակին և ինչ օգտավետ պտուղներ է բերել: 

Ցավից՝ հեգնելը 

Առաջին նախագահը հատուկ է թարմացնում այն կարևոր ծրագրերը, որոնք իրականություն չեն դարձել.

 «Գյումրին՝ տեխնոպարկ», «Դիլիջանը՝ ֆինանսական կենտ­րոն», «համահայկական բանկ», «ազգ-կազմակերպություն», «համաշխարհային ազգ»,

«ոչ մի թիզ հող», «Քուռ-Արաքս­յան հանրապետություն», «Ստամբուլը՝ արյան ծով»,  «ծովից-ծով Հայաստան»: 

Որովհետև,

Ա. ու՞ր է Համահայկական բանկը, Գյումրու տեխնոպարկը, Դիլիջանի ֆինանսական կենտրոնը: Ու՞ր են: Ե՞րբ են իրականություն դառնալու: Դառնալու՞ են, թե՞ այդպես էլ մնալու են օդում հնչած գեղեցիկ գաղափարներ:

Բ. Ուր է համաշխարհային ազգը, ազգ-կազմակերպությունը, համահայկական բանկը, երբ ինչպես ինքն է նշում, համազգային դրամահավաքները չեն գերազանցում մեր տարեկան բյուջեի 2-3 տոկոսը: Շատ չմանրանալով ավելացնենք, որ ՀՀ-ն օգնությունը սիրիայի հայությանը՝ ըստ պատշաճի չեղավ և չէ:  

Գ. Եթե Հայաստանում պետական պաշտոնյային արգելված է խոսել Արևմտյան Հայաստանի մասին, քանի որ այդպիսով տարածքների պահանջ ես ներկայացնում Թուրքիայի Հանրապետությանը, ինչու չպիտի հեգնի Լևոն Տեր-Պետրոսյանը՝ մատնացույց անելով իր սկզբունքներին և ժամանակի որդեգրած քաղաքականությունը, դրանից չտարբերվելու իրողությունը…

Դ.  «Ոչ մի թիզ հող»-ը նշանակում է ոչ մի թիզ հող: Մեկ հեկտարը արդեն «ոչ մի թիզ հող» չէ: Չնայած, կարծում ենք, այստեղ սխալվել է Տեր-Պետրոսյանը, քանի որ Սերժ Ազատիչը պետք է որ ազատագրի  առնվազն այդ 7-8 հեկտարը: 

Քուռ-Արաքսյան հանրապետության բանալին՝ ըստ Լևոն Տեր-Պետրոսյանի 

Հիմնադիր նախագահն ասում է.

«Սեփական նախաձեռնությամբ սանձազերծված հաջորդ պատե­րազ­մում, երբ էլ այն պատահի, Ադրբեջանը, հաստատաբար, դառը պարտություն կկրի ու եւս մի քանի շրջան կկորցնի։ Իսկ թե դրանից հետո ինչ տեղի կունենա, միայն Աստծուն է հայտնի»։  

Պարոն նախագահ, Ձեր ներկայացրած «հեքիաթներից» առնվազն՝ «ոչ մի թիզ հող»-ը և «Քուռ-Արաքսյան հանրապետությունը» Դուք, փաստորեն, միանգամայն իրատեսական եք համարում, այլ ոչ թե «անրջական» ու ծիծաղելի: Ուրախ ենք, որ այն հանրապետության մոդելով եք պատկերացնում: 

 «Հայ ժողովրդի նվաճողական նկրտումների մասին ծիծաղելի է խոսել»: Իսկապես ծիծաղելի է խոսել մեր ժողովրդի նվաճողական նկրտումների մասին:

Ծիծաղելի են նաև բոլոր նրանք, ովքեր խոսում են հայ ժողովրդի նվաճողական նկրտումների մասին: Քանզի, պարոն նախագահ, Դուք էլ լավ գիտեք, որ պատմական հայրենիքի ետբերումը նվաճողից, (թեկուզ այն տարածքի վրա, որի վրա իրավական տիտղոս ունես), միանգամայն օրինական, արդարացված ու պատվաբեր է, և բնականաբար, այստեղ խոսքը նվաճողականության մասին չէ (եթե իհարկե նկատի չունենանք Բաքուն և Ստամբուլը գրավելու սխալ լեզվամտածողությունը…)  

Փոխզիջումի հարմարագույն պահը կորսված է:

Համաձայն ենք, թող ներկա իշխանավորները Ձեր հեգնած-հիշեցրած ծրագրերի մասին մտածեն, գործեն և իրականություն դարձնեն դրանք, որ էլ չհեգնվի: Մենք էլ բոլորով ներողություն խնդրենք Ձեզնից, ներկա իշխանությունից:

Մխիթարյանը՝ մխիթարության օրինակ
Ուրախալի է, բայց և միևնույն ժամանակ ցավալի, որ վերջին շրջանում Ձեր, մեր, բոլորիս ուրախության առարկան Հենրիկ Մխիթարյանն է, որպես ֆուտբոլիստ: Բայց նաև մխիթարանքի առարկա է Հենրիկը, որ հաշվի չառավ վնասվածքները, մրցակցությունը և այն, որ բանալին Մուրինիոյի ձեռքում է` պայքարելով և ապահովելով իր տեղը գրանդ ակումբի ոչ թե փոխարինողների, այլ՝ հիմնական կազմում (Ի դեպ, Մուրինյոն էլ գնահատեց և ասեց, որ Հենրիկը կարող էր պատճառներ բերել եղանակային պայմանները, մրցակցությունը, նոր իրավիճակը, ադապտացիան, մարզիչին, բայց այդպես չվարվեց այլ մինչև վերջ պայքարեց և գտավ իր կտոր մը երկինքը՝ Մառախլապատ Ալբիոնում…)

«Պայքար, պայքար մինչև վերջ»-ը այդպես է լինում…

Մարշալ Արայիկ Բարսեղով

18.12.2016

Հ.Գ.

Նրանք, ովքեր քննադատելու են առաջին նախագահի մոտեցումները, համաձայն չլինելով ԼՂՀ խնդրի լուծման, ՀՀ-ԹՀ հարաբերությունների կարգավորման և այլ տեսլականների հետ, առնվազն պետք է զերծ մնացած լինեն նույնանման ոգով մտքեր արտահայտելուց կամ գործողություններից…

Եվ հիշեն Լևոն Տեր-Պետրոսյանի բերած պարադոքասալ սիլոգիզմի օրինակը.

a. Զիջում ես մասը, մյուս մասը կարողանում ես պահպանել.

b. Ոչինչ չես զիջում, կորցնում ես ամեն ինչ.

c. Մասը պահողները հռչակվում են դավաճաններ. Ամեն ինչ կորցնողները կոչվում են հայրենասերներ։

Մեր կողմից ավելացնենք միայն:

A. Զիջում ես մասը, մյուս մասն էլ չես կարող պահպանել։

B. Ոչինչ չես զիջում, չես կորցնում ոչինչ կամ կորցնում ես ամեն ինչ։

C.  Մասը զիջողները՝ դավաճաններ, մասը կորցնողները՝ դավաճաններ, ամբողջի մասին էլ, դե խոսք չկա…

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter