HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Խալիկյանը՝ ներկերի վտանգավոր ապրանքանիշերի ցանկին ծանոթանալուց հետո. «2017-ին կստուգենք»

Էկոնոմիկայի նախարարության Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Լեւոն Խալիկյանը, արձագանքելով հայկական շուկա ներկրվող կենցաղային ներկերում կապարի բարձր կոնցենտրացիայի վերաբերյալ «Հետք»-ի հոդվածին, հայտնել է, որ 2017 թվականին շուկայում ստուգումներ կիրականացվեն:

Մինչ հրապարակումը, մեր ուղարկած հարցմանն ի պատասխան, Լեւոն Խալիկյանը հայտնել էր, որ «այն ապրանքները, որոնք հակասում են կառավարության որոշմամբ սահմանված պահանջներին, տեսչական մարմնի ղեկավարի կարգադրագրով պայմանավորված, խախտման բնույթով ենթակա են կասեցման (խախտումը շտկել հնարավոր լինելու դեպքում) կամ արգելման (խախտումը շտկել հնարավոր չլինելու դեպքում)»: Ինչպես նաեւ խնդրել էր Տեսչական մարմնի կողմից իրեն վերապահված գործառույթները արդյունավետ իրականացնելու նպատակով տրամադրել տեղեկատվություն (անվանումը, ՀՎՀՀ) այն տնտեսվարողների վերաբերյալ, որոնք խախտել են կապարի պարունակության չափաբաժինը:

Արդեն հոդվածի հրապարակումից հետո, ծանոթանալով կապարի պարունակության չափաբաժինը խախտած ընկերությունների ցանկին, Լեւոն Խալիկյանից ստացել ենք հետեւյալ հավաստիացումը. «Տեսչական մարմինը Ձեր կողմից բարձրացված խնդրի առնչությամբ նախատեսում է 2017 թվականին իրականացնել ստուգումներ խոշոր ներկեր ներմուծողների մոտ, որի ընթացքում կանրադառնանք ձեր կողմից բարձրացված խնդրին: Ստուգումների  արդյունքները կհրապարակվեն տեսչական մարմնի կայքում»: Իսկ թե ինչու ոչ հիմա, երբ «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» հասարակական կազմակերպությունը Շուկայի վերահսկողական տեսչության մարմնի փոխարեն կազմակերպել է փորձաքննություն եւ ունեցած տեղեկատվությունը մամուլի միջոցով անվճար տրամադրել պետական այդ կառույցին, մեր պատկերացումներից դուրս է:   

Իսկ այդ ընթացքում՝ մինչեւ 2017 թվականը, բնականաբար տասնյակ, հարյուրավոր, միգուցե հազարավոր ընտանիքներում կկիրառվեն այն նույն ներկերը, որոնցում օգտագործված կապարի կոնցենտրացիան մարդկանց առողջության համար իրական վտանգ է ներկայացնում: Իսկ այդ ընթացքում կառավարությունում կխոսեն սպառողների իրավունքների պաշտպանությունից, բարեփոխումներից` սպասելով, թե Շուկայի վերահսկողական տեսչական մարմինը երբ կնախաձեռնի խոստացած ուսումնասիրությունը:

Հիշեցնենք, որ ներկերի շուկայում տիրող այս ամենաթողության մասին պետական մարմինները տեղեկանում են հասարակական սեկտորից: Տարիներ շարունակ Էկոնոմիկայի նախարարությունը տվյալ շուկայում համապատասխան ստուգումներ չի իրականացրել, եւ սպառողներին մինչեւ վերջերս անհայտ է եղել, թե ինչ ներկ են օգտագործում կենցաղում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter