ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

Ախթալայի եւ Ալավերդու հազարավոր երեխաներ խաղում են առողջության համար վտանգավոր խաղահրապարակներում



Լոռու մարզի Ախթալա եւ Ալավերդի քաղաքներում գործող դպրոցներ եւ մանկապարտեզներ հաճախող երեխաների առողջությունը վտանգված է: Հայաստանի Ամերիկյան համալսարանի Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնի իրականացրած հետազոտությամբ պարզել է, որ Ախթալայի 3 մանկապարտեզների եւ 2 միջնակարգ դպրոցների, ինչպես նաեւ Ալավերդու 5 մանկապարտեզների եւ 4 միջնակարգ դպրոցների խաղահրապարակներն աղտոտված են մի քանի քիմիական տարրերի բարձր կոնցենտրացիաներով, ինչը վնասակար է երեխաների առողջության համար: Նշված դպրոցներում եւ մանկապարտեզներում սովորում է ընդհանուր առմամբ մոտ 1600 երեխա:

Տոքսիկ նյութերով աղտոտում Ախթալայում

Ախթալա քաղաքը հայտնի է որպես հանքարդյունաբերությանը կից համայնք՝ պղնձի հանքերով, պոչամբարներով ու հոսքաջրերով:

Հողի հետազոտության շրջանակներում, խաղահրապարակների եւ արտաքին ընդհանուր օգտագործման հողածածկ մակերեսներից վերցվել է հողի 23 նմուշ, իսկ ջրի նմուշ է վերցվել Գ. Բերոյանի անվան մանկապարտեզի ջրի ծորակից՝ քաղաքի ջրամատակարարման ներքին ցանցի մեջտեղից: Բարեբախտաբար, խմելու ջրում ծանր մետաղների բարձր կոնցենտրացիաներ չեն հայտնաբերվել:

Վերցված հողի նմուշներում արսենի (մկնդեղ) կոնցենտրացիաները տատանվել են 23,40-ից 67,98 մգ/կգ արժեքների տիրույթում, ՀՀ հողի ստանդարտը գերազանցելով միջինը 20,6 անգամ (արսենի համար ՀՀ հողի ստանդարտը 2 մգ/կգ է): Եվ ընդհանրապես, Ախթալայի հողում արսենի ֆոնային կոնցենտրացիան կազմում է 18,3 մգ/կգ:

Պղնձի կոնցենտրացիաները հողի նմուշներում տատանվել են 140,81-579,62 մգ/կգ արժեքների տիրույթում, հողի ստանդարտը գերազանցելով միջինում 108,5 անգամ (պղնձի համար ՀՀ հողի ստանդարտը 3 մգ/կգ է): Կապարի արժեքները հողի նմուշներում տատանվել են 185,25-536,97 մգ/կգ տիրույթում, այնինչ ստանդարտը Հայաստանում 32 մգ/կգ-ն է: Ախթալայում կապարի ֆոնային կոնցենտրացիան որոշվել է 146,3, որը մոտ 4,6 անգամ բարձր է ՀՀ հողի ստանդարտից: Սնդիկի կոնցենտրացիան՝ վերցված հողի նմուշների 13 տոկոսում քիչ գերազանցվել է: 

Ախթալան ունի բաց եղանակով շահագործվող պղինձ-կոլչեդանային Շամլուխի եւ բարիտա-բազմամետաղային Ախթալայի հանքավայրերը: Ախթալա համայնքի կից կան 3 պոչամբարները՝ «Նազիկ», «Պայթուցիկների ձոր» եւ «Նահատակ»: Դրանցից «Պայթուցիկների ձոր»-ը գտնվում է քաղաքից 1,5-2 կիլոմետր հեռավորության վրա: «Նազիկ» եւ «Պայթուցիկների ձոր» պոչամբարները լցված են եւ չեն շահագործվում: «Նազիկ» պոչամբարը կոնսերվացվել է, իսկ «Պայթուցիկների ձոր»-ը՝ սառեցվել:

Համայնքում հանքարդյունաբերության հետեւանքով վատ եւ անբավարար որակի են դասվել Դեբեդ եւ Ախթալա գետերի ջրերը: Ծանր մետաղներով՝ պղնձով, ցինկով, երկաթով, կադմիումով, մանգանով եւ այլն, ջրի աղտոտվածության պատճառով Դեբեդ գետի էկոհամակարգը վնասվում է, իսկ Ախթալա գետինը լիովին ոչնչացել է: Համաձայն ՀԱՀ Հանրային առողջապահության կենտրոնի պատրաստած հաշվետվության, Ախթալա համայնքում հողն աղտոտված է տոքսիկ մետաղներով, եւ համայնքը կանգնած է առողջությանը սպառնացող ռիսկերի առջեւ:

Օդում՝ ծծումբ, հողում՝ մետաղներ

Ալավերդու թիվ 1 մանկապարտեզի եւ թիվ 12 դպրոցի ծորակներից վերցված ջրի ներկայացուցչական նմուշների հետազոտության արդյունքները «մաքուր» են եղել, ծանր մետաղների բարձր կոնցենտրացիաներ չեն հայտնաբերվել:

Իսկ ահա հողի նմուշնրում արսենի կոնցենտրացիաները տատանվել են 10,32-107,60 մգ/կգ արժեքների տիրույթում, հողի ստանդարտը գերազանցելով միջինը 15,9 անգամ:

Պղնձի կոնցենտրացիաները հողի նմուշներում տատանվել են 87,77-2987 մգ/կգ արժեքների տիրույթում: Կապարի արժեքները հողի նմուշներում տատանվել են 20,87-192,50 մգ/կգ տիրույթում: Եվ ընդհանրապես, Ալավերդիում կապարի ֆոնային կոնցենտրացիան որոշվել է 146,3 մգ/կգ, որը մոտ 4,6 անգամ բարձր է ՀՀ հողի ստանդարտից: Սնդիկի բարձր կոնցենտրացիաներ չեն հայտնաբերվել:

Ալավերդի քաղաքում տեղակայված պղնձաձուլական գործարանն ու պղնձի հանքն ունեն շուրջ 245 տարվա պատմություն: Ալավերդու պղնձի հանքավայրը ներկայումս շահագործում է «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ն: 1978-80-ականներին՝ որպես Ալավերդու պղնձաձուլական ընկերության քիմիական թունավոր նյութերի թափոնների պահեստավայր կառուցվել է այսպես կողչված «կմնդեղի գերազմանոցը», որը ներկայումս լքված է, իսկ բետոնապատ հատվածը՝ գրեթե ամբողջությամբ քանդված:

Ալավերդին մի շարք բնապահպանական խնդիրներ ունի: ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի ամենամսյա եւ տարեկան հաշվետվությունների, Ալավերդու մթնոլորտում ծծմբի երկօքսիդի պարունակությունը 1,9-2,4 անգամ գերազանցում է Հայաստանում գործող մթնոլորտի սահմանային թույլատրելի նորմը: Միայն 2015 թվականին դիտվել է նորմայից գերազանցման 58 դեպք:

«Սա մեզ համար ահազանգ է»

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, վիճակը վատ է նաեւ Արմանիսում: Արմանիսի դպրոցի խաղահրապարակը նույնպես թունավորված է ծանր մետաղներով: Մեր հրապարակման ժամանակ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը «Հետք»-ին ասել էր, որ Հայաստանի Ամերիկյան համալսարանի ուսումնասիրության արդյունքներին կտեղեկանա եւ կորոշի՝ ինչ անել:

Այսօր Լոռու մարզպետը ասաց, որ ՀԱՀ ուսումնասիրությունը ահազանգ է, սակայն պետք է իրականացվի կրկնակի ուսումնասիրություն՝ արդեն պետական կառույցների մասնագետների կողմից: «Մեր մասնագետներն ասում են, որ իրենք (ՀԱՀ-ը – խմբ.) ոչ մասնագիտացված կառույցներ են, եւ որ պետք է նման ուսումնասիրությունները իրականացնեն նաեւ Բնապահպանության նախարարության համապատասխան մասնագետները: Ես ողջունում եմ հետազոտության հեղինակների նախաձեռնությունը, քանի որ նրանց եզրակացությունը մեզ համար ահազանգ է, որ ինչ որ բան այն չէ: Քանի որ մեզ մոտ ձյուն է, հանձնարարել եմ, որպեսզի գարնանը նախարարության մասնագետների հետ համատեղ կրկնակի ուսումնասիրություն կատարեն, որովհետեւ, անկեղծ ասած, էնտեղ փաստեր կան, որ անհանգստացնող են»:

Լոռու մարզպետը պլանավորել է, որ եթե այս եզրակացությունները հաստատվեն, ապա գարնանը սեւահող կլցվի Արմանիսի դպրոցի բակ, կամ ասֆալտապատում կիրականացվի: «Էրեխեքը էդ հողի հետ շփվում են, եւ դա չի կարող նրանց առողջության վրա չազդել: Հանքարդյունաբերող ընկերությանը պետք է պարտադրենք, որ իր թափոնները հեռացնի, եթե կարիք կա՝ հողի նոր շերտ տեղափոխի այնտեղ, կամ ասֆալտապատի: Պիտի պարտադրենք»,-ասաց Լոռու մարզպետը: Սակայն նշենք, որ հանքարդյունաբերող ընկերությունը դեռ մի քանի տարի առաջ է հեռացրել թափոնները, հողի նոր շերտով ծածկել դպրոցի խաղահրապարակը, եւ, ինչպես երեւում է, դա էլ չի օգնել:

Լոռու մարզպետը տեղյակ չէր Ալավերդու եւ Ախթալայի վերաբերյալ եզրակացությունների մանրամասներից: Ավելին, մարզպետին համայնքների ղեկավարները զեկուցել են, թե վիճակը բարվոք է: 

Հարցին՝ երկարատեւ հեռանկարում ի՞նչ լուծումներով է պետք կանխել համայնքների աղտոտումը ծանր մետադներով, Արթուր Նալբանդյանը պատասխանեց. «Իհարկե պետք է հարցերը քննարկվեն հանքարդյունաբերող ընկերությունների հետ: Եթե մենք խիստ վերահսկենք նրանց կողմից իրականացվող բոլոր ծրագրերը, նման խնդրի առաջ չենք կանգնի: Մենք պետք է կարողանանք նախարարության եւ համայնքի հետ համատեղ վերահսկել, որպեսզի հանքարդյունաբերողը չկարողանա խախտումներ թույլ տալ: Էնպես չստացվի, թե որեւէ մեկը արտոնյալ պայմաններում է, ինչ ուզի՝ կարող է անել»:

ՀԱՀ կայքում հրապարակված են կենտրոնի նմուշառման և հետազոտության վերաբերյալ պրոտոկոլները,  լաբորատորիայի վկայականները եւ այլ փաստաթղթեր: Արթուր Նալբանդյանի նշած «ոչ մասնագիտական կառույցն» իրականում ունի նման հետազոտություններ իրականացնելու իրավունք, եւ, ցավոք, այն, ինչ նշված է Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնի եզրակացության մեջ, իրականություն է:

Ու չնայած մարզպետի խոսքերին, թե՝ վերստուգենք ուսումնասիրության արդյունքները, Նալբանդյանը իրականում հավատում եւ հստակ գիտակցում է, որ ամեն ինչ, մեղմ ասած, վատ է: ՀԱՀ կայքում հրապարակված է մարզպետի՝ Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնի տնօրեն Ա. Ամիրխանյանին ուղղված գրությունը, որտեղ Նալբանդյանը թույլատրելով հետազոտության իրականացումը, նշում է. «Ալավերդի, Ախթալա եւ Արմանիս համայնքները, գտնվելով բազմամետաղների հանքային հանգույցների շրջաններում, բնական հողմահարման հետեւանքով հողում կարող են պարունակել տվյալ հանքային դաշտերին բնորոշ մետաղների եւ նրանց միացությունների կլարկային ցուցանիշներից բարձր կոնցենտրացիաներ, որը համարվում է տվյալ տարածքի բնական ֆոն: Ալավերդի եւ Ախթալա համայնքների տարածքներում հարյուրամյակներ շարունակ գործել են խոշոր լեռնաարդյունաբերական ձեռնարկություններ, որոնք իրենց բացասական ազդեցությունն են թողել շրջակա միջավայրի վրա:

Առավել հստակ պատկեր ունենալու համար առաջարկում եմ հողի նմուշառում եւ հետազոտում իրականացնել ոչ միայն ձեր կողմից նշված դպրոցների բակերից, այլ մշակել համապատասխան գեոքիմիական ցանց, որը կընդգրկի տարբեր հողատեսքերի, գոտիների եւ լանդշաֆտների տեղամասեր»:

Լուսանկարները՝ Լարիսա Փարեմուզյանի, գլխավոր լուսանկարը՝ Ալավերդու թիվ 1 դպրոցի ֆեյսբուքյան էջից


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ