HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի շուրջը գործի դրված «Իսկանդեր» օպերացիան

Նաիրի Հոխիկյան

Դեկտեմբերի 21-ին Իրանի նախագահ Հասան Ռոհանիի երևանյան այցը հետաքրքրություն ու միաժամանակ անհանգստություն է առաջացրել տարածաշրջանի մյուս մայրաքաղաքներում: Ադրբեջանն այլևս չի թաքցնում իր դժգոհությունը՝ սպառնալով ավելի խորացնել ռազմավարական համագործակցությունը Իրանի հայտարարված թշնամի Իսրայելի հետ: Մինչդեռ, դեկտեմբերի 13-ին Բաքու ժամանած Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի այցն արդեն իսկ հարաբերությունների խորացում էր, ինչից հետևություններ արած իրանցիները Երևանում համարժեք պատասխան կտան:

Սա մեր հարևանների դիրքային պայքարի մասին: Ինչ վերաբերում է հայկական կողմի ռազմավարական ու քաղաքական շահերին, ապա գերտերությունների շահերը առաջ մղելուց բացի, Երևանը դեռևս ազգային շահի ուղղությամբ որևէ կոնկրետ քայլ չի արել: Այդ համատեքստում է նաև 2016թ. սեպտեմբերին «Իսկանդեր», «Սմերչ» զենիթահրթիռային համակարգերի, «Ինֆաունա» ռադիոէլկետրոնային դիմակայման ժամանակակից միջոցների ցուցադրումը Անկախության զորահանդեսի ժամանակ:

Թեև դա խուճապ առաջացրեց Ադրբեջանում ու Թուրքիայում, բայց կարճ ժամանակ անց ռուսական կողմը շտապեց իր քաղաքական ու հանրային խոսափողների միջոցով հանգստացնել: Նախ՝ ռուս հայտնի քաղաքական վերլուծաբան Վադիմ Դուբնովը հայտարարեց, «Հայաստանը չի սեղմի «Իսկանդերի» կոճակը առանց Մոսկվայի համաձայնության», իսկ Մոսկվան թույլ չի տա հարվածել Բաքվին կամ Անկարային: Մյուս կողմից ՌԴ կառավարությունից ադրբեջանական ուղղությամբ պարբերաբար գործուղվող փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը դեկտեմբերի 15-ին Բաքվում չթաքցրեց, որ գնացել է նաև Հայաստանին «Իսկանդեր» համակարգ մատակարարելու մասին ռուսական որոշումը բացատրելու համար: Թեև բացատրության տեքստը հայտնի չէ, բայց Ռոգոզինի հետ հանդիպելուց հետո ադրբեջանական կողմը այլևս չի խոսում «Իսկանդերի» վտանգավորության մասին:

Ի՞նչ է «Իսկանդերը», որից այդքան վախենում են Հայաստանի արևելյան ու արևմտյան երկու հարևանները: Դա 2006թ. ռուսական արտադրության 280-500կմ հեռահարության գերճշգրիտ բալիստիկ հրթիռային համակարգ է: Նախատեսված է հակառակորդի կենդանի ուժի, ենթակառուցվածքների, շարժվող թիրախների ոչնչացման համար։ Այլ հաշվարկով՝ ՀՀ սահմանից մինչև Բաքու կազմում է մոտ 351 կմ, ԼՂՀ-ի համապատասխան վայրերից մինչև Բաքու՝ ընդամենը 271կմ, իսկ մինչև ադրբեջանական ռազմավարական կարևոր օբյեկտներ նույնիսկ 100 կմ էլ չի կազմում:

Հայաստան ներկրված «Իսկանդեր» համակարգի կրակի հեռահարությունը 300 կմ է, ավելին՝ այս համալիրը գրեթե անխոցելի է, հաղթահարում է հակաօդային պաշտպանության համակարգերը, բնականաբար, բացառությամբ ռուսական արտադրության որոշ ՀՕՊ-երի:

Այս տվյալներն են, որ անհանգստություն ու խուճապ են առաջացրել ադրբեջանաթուրքական ճակատում, սակայն կարճ ժամանակ անց Մոսկվայի ու Անկարայի միջև սկսվեցին գաղտնի բանակցություններ, որոնք 2016թ. նոյեմբերին տվեցին որոշ հարցերի պատասխաններ:

Նախ՝ Թուրքիան դեռևս 2009-ից ցանկություն ուներ ՌԴ-ից ձեռք բերել Ս-400 նորագույն ՀՕՊ համակարգեր, որոնք համարվում են այդ ոլորտում աշխարհում լավագույններից մեկը: Այն գինը, որ պահանջում էին ռուսները, թուրքերին ձեռնտու չէր, իսկ Երևանում «Իսկանդերի» հայտնվելը թուրքական կողմին ստիպեց հրաժարվել «գին գցելու» գործելակերպից ու համաձայնել ռուսական տարբերակին: Այլ կերպ՝ երևանյան զորահանդեսն ու «Իսկանդերը» ռուսներն օգտագործեցին թուրքերի վրա Ս-400-ը իրենց ուզած տարբերակով վաճառելու համար: ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության գծով դաշնային գործակալության ղեկավար Ալեքսանդր Ֆոմինը 2016թ. նոյեմբերի 21-ին պաշտոնապես հայտարարեց՝ թուրքական կողմի հետ բանակցությունը ավարտական փուլում է, և շուտով կմատակարարվի Ս-400 «Տրիումֆ» համալիր:

Հակաօդային պաշտպանության Ս-400 համալիրը կարող է խոցել նաև բալիստիկ հրթիռներ (ինչպես «Իսկանդերը»)։ Այն օդային թիրախները նկատում է մինչև 600 կմ հեռավորության վրա, իսկ բալիստիկ հրթիռները խոցում է 60 կմ հեռավորությունից:

Ստացվում է՝ Հայաստանն առանց Մոսկվայի թույլտվության չի կարող օգտագործել իր գնած «Իսկանդերը», իսկ այդ, փաստացի անկենսունակ զենքի վաճառքի շնորհիվ Մոսկվան կարողացավ Անկարային վաճառել Ս-400 ՀՕՊ, որի կիրառումը, բնականաբար, չի կարող կախված լինել ՌԴ ցանկությունից: Մյուս կողմից, Իսրայելի վարչապետ Նեթանյահուն Բաքվում հաստատեց, որ կա միջպետական համաձայնություն՝ Ադրբեջանին մատակարարել «Երկաթե գմբեթ» ՀՕՊ համակարգ: Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը չթաքցրեց, որ իսրայելական համակարգը դժվար թե կարողանա դիմակայել ռուսական «Իսկանդերին», բայց քանի որ կա ՌԴ փոխվարչապետի խոստումը, իրենք կարող են հանգիստ լինել:

Ամբողջ այս տարածաշրջանային թնջուկի համատեքստում Իրանի նախագահ Հասան Ռոհանիի այցը Երևան թեև պաշտոնապես ներկայացված է որպես տնտեսական համագործակցության քայլ, բայց կարող է դառնալ Իրանի և Հայաստանի պատասխանը Ադրբեջանի և Իսրայելի գործողություններին (չնայած հայկական կողմի համար ավելի լավ կլինի Իսրայելի հետ հարաբերություններում բարիկադների փոխարեն ձևավորել նոր որակի գործընկերություն, նույնիսկ միջնորդ դառնալ Իրանի ու Իսրայելի միջև):

Իրանագետ Վարդան Ոսկանյանի համոզմամբ. «հայ-իրանական հարաբերություններն էլ ավելի ամրապնդելու տեսանկյունից, այցի համար առավել քան նպաստավոր իրավիճակ, երբ Իրանի հետ կապված տարածաշրջանային ծրագրերի առումով մեր երկու մրցակիցները (Ադրբեջան, Թուրքիա) մի քանի անմիտ քայլերով հասցրել են զգալիորեն փչացնել հարաբերությունները Թեհրանի հետ, դժվար էր պատկերացնել»:

Միաժամանակ ՀՀ-ն հարցեր պետք է տա Ռուսաստանին՝ ինչո՞ւ մեզ վաճառված «Իսկանդերի» համար բացատրություն տալ Ադրբեջանին, իսկ երբ Ադրբեջանը հայ զինվոր է սպանում Ռուսաստանի մատակարարած զենքով, մեզ տրվող պատասխանը բիզնես տրամաբանության մեջ է, առանց բացատրության:

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Հայերը ՀՍՏԱԿ մի բան վերջնականապես պիտի հասկանան. ինչքան Հայաստանը շատ կախված լինի Ռուսաստանից,այնքան հայ ժողովուրդը քիչ հնարավորություն կունենա իր ազգային և պատմական խնդիրները լուծելու համար:.........................1992 թ. պայմանագիր կնքվեց,որ հայ-իրանական ու հայ-թուրքական սահմանը ռուս զինվորները հսկեն: 1992 թվին հայկական բանակ դեռ չկար,ուստի այդ ժամանակ սահմանին մեկը պիտի կանգներ,մինչև հայկական բանակ ստեղծվեր: Բայց հիմա՝ 2016 թ, ի՞նչու է դեռ ռուս զինվորը հսկում վերը նշված սահմանները: Եթե ռուսների սիրտը հայերի համար այդքան ցավում է,թող գնան հայ-ադրբեջանակա՛ն սահմանին կանգնեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter