Կիրակի, 23 սեպտեմբերի

«Անիի ավերակներից բեթար»՝ Ախուրյանի հայկական ափին


Ախուրյանի ձախ ափով ձգվող սահմանային փշալարերից մի քանի տասնյակ մետր հեռու գտնվող Թլիկ գյուղում հատուկենտ տներից ելնող ծուխն էր միայն հուշում, որ այստեղ բնակիչներ կան: Նույնիսկ օտար մարդու ներկայությունը չստիպեց գյուղի շներին դուրս գալ իրենց տաք անկյուններից ձմռան այդ ցուրտ օրը:  

Գյուղապետարանը փակ էր, ու մի քսան րոպե միայն փորձում էինք մարդ գտնել, ով ցույց կտար դպրոցի տեղը: Տներից մեկից դուրս եկած միջին տարիքի կինը բարեւեց, ապա ասաց, որ սխալ ճանապարհով ենք եկել: Հետո մտավ դիմացի տունը, որը պարզվեց իրենն էր, ու կանչեց որդուն: Վերջինս ներս հրավիրեց՝ ասելով, որ ցրտի պատճառով գյուղում դաս չկա: Միահարկ տան հյուրասենյակ մտնելով՝ մի պահ անակնկալի եկանք. թվաց, թե տանը ծնունդ են նշում, ու անհարմար պահի ենք եկել: Բայց պարզվեց, որ մեզնից անկախ տոնի հյուրի ենք դարձել. ամեն դեկտեմբերի երրորդ ուրբաթ օրը եզդիները նշում են իրենց Սուրբ Զատիկը՝ Այդա Էզդիտը:  

30-ամյա տանտեր Ալիկը պատմում է, որ տոնից առաջ՝ երեքշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի, պաս են պահում, իսկ ուրբաթ նշում տոնը, նույն օրը գնում գերեզմաններ: Ասում է, որ կան մարդիկ, ովքեր տոնը չեն նշում. կամ աղանդավոր են (օրինակ՝ Եհովայի վկա), կամ սոցիալական վիճակը թույլ չի տալիս: Այդա Էզդիտի սեղանը ոչնչով չի տարբերվում սովորական տոնական սեղաններից: Քանի որ եզդիների գլխավոր զբաղմունքն էլ անասնապահությունն է, սեղանի հիմնական կերակուրը խաշլաման է:   

Թլիկցի 74-ամյա Սուրիկ պապն էլ հիշում է, որ նախկինում սեղանին օղու փոխարեն գինի էին դնում ու նաեւ այն, ինչ որ «աստված ղսմաթ էր անում»: «Հիմա որ զարգացել ենք, մրգով-արաղով ենք դնում»,- ժպտում է պապը: Ասում է, որ ավանդույթները շատ են փոխվել: Տոնի նախորդ օրը երիտասարդները որպես կանոն հոլ՝ հոկեյ էին խաղում: Ու ձյան կամ սառույցի առկայությունը պարտադիր չէր, հիմնականում հողի վրա էին խաղում, բայց էլի մականներով ու տափօղակով: «Եթե դարպասը գրավում էին, ասում էին՝ հոլ ա, հոլ, Սըլթան Էզիդ, ինչքան շատ խփեին, էնքան Էզիդի օրհնանքը շատանում էր,- պատմում է Սուրիկ պապն ու ավելացնում,- հիմա ո՞վ ա տենց բանում, գյուղում մարդ էլ չկա»:

Ցույց է տալիս ամուսնացած ու երեխատեր դարձած իր աղջիկներին, թե նայեք, տեսքից կիմանա՞ք՝ հայի՞ աղջիկ է, թե՞ եզդու: «Ազգային տարազն ա փոխվել,- մի փոքր դառնացած ասում է տան մեծը,- էն, ինչ արվում էր ազգային տրադիցիայով, հիմա արվում ա Եվրոպայի մոդելով»:

Հիշում է, որ իրենց ժամանակ տղամարդիկ էլ էին տարազ կրում, բայց այն ավելի բնորոշ էր կանանց. «Կինարմատի տարազը սավսեմ ուրիշ էր: Կիսատ դերյա (նկատի ունի շրջազգեստ- հեղ.), կրունկը չպիտի երեւար, վերեւը՝ ժակետ, գլուխը՝ միշտ կապած: Հարսի քողը փուշի էր (մետաքյա փայլուն գլխաշոր- հեղ.), հիմի դարձրել են եսիմ ինչ: Էն ժամանակ փուշին գնում Թիֆլիսից էինք բերում»: Սուրիկ պապի ասելով՝ սերնդափոխության հետ փոխվել է նաեւ մարդկանց հագուկապը. «Հենց մեծերը մեջտեղից ելան, տարազն էլ հետները փոխվավ: Հիմա մեր գյուղում ինվալիդ կին կա, 78 տարեկան է, բայց օրիորդ է, հարսնիք կլինի, բան կլինի, տարազով ա գնում: Գյուղը որ տեղում էր, եթե ջահելները չէ, կնանիքը գոնե հագնում էին տարազ: Տարազը որ վերացավ, հիմի չես ջոկում՝ եզդին որն ա, հայը որն ա: Բայց մարդ պիտի իրա ազգային տարազով ջոկնվի»:

Սուրիկ Խալաթյանը Թլիկում է ծնվել, մեծացել: Աշխատել է իբրեւ մեխանիզատոր, վարորդ, ինժեներ-մեխանիկ, բրիգադիր, անկախությունից հետո՝ հաշվետար-գանձապահ, ապա գյուղապետարանի քարտուղար, ինչից հետո անցել է թոշակի: 11 երեխա է ունեցել, որոնցից 2 որդիները մահացել են: «Մեծ տղես բանակում տանկիստ էր, տանկադրոմը պաժառ էր ընկել, 8 հոգու կյանքը փրկել էր, ինքը՝ զոհվել: 20 տարեկան էր, 1991-ի մայիսին պիտի զորացրվեր, մի քանի ամիս էր մնացել: Մի տղես էլ մի տարեկան էր, Թալինի հիվանդանոցում բժիշկները կաթիլայինի տակ սպանին: Մնացածները, փառք աստծու, ողջ-առողջ են»,- պատմում է նա: Հիմա 7 տղա ու 2 աղջիկ ունի, նրանցից 4 որդիներն ու ավագ դուստրը Ռուսաստան են տեղափոխվել, իրեն էլ են կանչել, բայց չի ուզում գնալ. «13 տարի ա՝ երեխեքիս մերը մահացել ա, ես էդ գերեզմանը, 20 տարեկան տղիս գերեզմանը ու՞մ թողնեմ գնամ: Թող ջահելները գնան, իրանց համար ապագա գտնեն, բայց ես չէ»:

74-ամյա պապն ապագա չի տեսնում Թլիկում, քանի որ ներկան շատ տխուր է: Ասում է, որ այսօր 18 տնտեսություն ունեցող Թլիկը մինչեւ Խորհրդային Միության փլուզումը 116-ն ուներ, 500-ից ավելի բնակիչ, գյուղում 78 հատ մարդատար սեփական մեքենա կար, ու հարսանիք գնալիս ավտոբուսի կարիք չէր լինում. «Գարնանը տղերքը գնում էին խոպան, աշնանը գալիս էին, 4 սեփական մեքենայից պակաս չէին բերում»: Ավելի պատկերավոր դարձնելու համար շեշտում է, որ երբ հարսանիքի ավտոշարասյան առաջին մեքենան հասնում էր հարեւան Գետափ գյուղ (իրարից հեռու են 3-4 կմ), վերջինը Թլիկից դուրս եկած չէր լինում:

Մարդկանց հեռանալու գլխավոր պատճառը գյուղի մեծերից մեկը համարում է ոռոգման ու խմելու ջուրը, որ չունեն 1993-ից այս կողմ: Նախկինում համայնքը ոռոգման ջուր էր ստանում, եւ դրանով ջրվում էին 72 հեկտար հողահանդակները՝ «դուրանը», ինչպես նաեւ ընդհանուր 30 հա տնամերձ հողամասերը. «Երկու գյուղի անասունների կերը էս 72 հեկտարից էր գալիս, ամեն ինչ ցանում էինք, անասնակերի համար ճակնդեղ էլ էինք ցանում: Ընենցն կուկուռուզի բերք էր տալիս, որ մեջը չէինք երեւում: Ես իմ անասունի կերը իմ տնամերձից էի վերցնում, յոնջա էի ցանում, լավ տարին 40-50 տուկ տալիս է»: Ասում եմ՝ փաստորեն 1993-ից այս կողմ հողերը ջրի երես չեն տեսել: «Չէ, տեսել են, աստված պապը մեկ-մեկ ողորմած է»,- կողքից ժպիտով միջամտում է զրույցին ներկա Ալիկը:

Բայց վերջին 2-3 տարիներին Թլիկում երաշտ է: Սուրիկ պապը կարողացել է 2,5 հա գարի ցանել, սակայն միայն 98 տուկ է ստացել այն դեպքում, երբ կես հեկտարից է 100 տուկ դուրս գալիս: Գյուղում 2 կոմբայն կա, այն էլ, ասում են, մաշված են, պահեստամասերն էլ թանկացել են: Ալիկը հիշում է, որ իրենց խորհուրդ են տվել գյուղացիներով միավորվել ու կոոպերացիաներ կազմել, բայց մեկ է՝ ջուր չկա: Հարցնում եմ, թե այդ դեպքում ինչու է Արմավիրի Արաքս գյուղից 9 ընտանիք եկել այստեղ, Սուրիկ պապը վրա է բերում. «Արոտավայրի համար են եկել, բա մեր սիրուն աչքերի համա՞ր են եկել»: «Լավ է, որ գոնե գյուղի մեջ մարդիկ ավելացել են»,- իր հերթին նշում է Ալիկը:

Սուրիկ պապի ընտանիքին բանկը վարկ չի տվել՝ պատճառաբանելով վճարունակությունը: Բայց Ալիկն ասում է, որ Թլիկի 18 տնտեսությունից երեւի մի 15-ը վարկառու է. «Վարկն ի՞նչ է, որ չունենան»,- ծիծաղում է նա ու ավելացնում, որ դա վերցնում են անասնակեր գնելու համար:

Խմելու ջուրն էլ թլիկցիներն առնում են: Բայց կար ժամանակ, երբ օգտագործում էին Ախուրյանի ջուրը: «Մինչեւ 1997-ը ջրի սով էր, «Փրկենք երեխաներին» կազմակերպությունը եկավ, նասոս իջացրինք, ձորից ջուրը բերում ենք, բայց խմելու ենթակա չի: Երեխեքը փորլուծ ընկան, մարմինները դուրս տվեց, հիմա մենակ անասունի ու լվացքի համար ենք օգտագործում»,- հիշում է Սուրիկ Խալաթյանը, ապա դառնացած ավելացնում, թե մի տեղ որ մարդ կուշտ փորով ջուր չխմի, ի՞նչ ապրելու տեղ է:

«Սովետը որ փլուզվավ, ամեն խեր-բարաքյաթ հետը տարավ,- ասում է 74-ամյա գյուղացին,- մարդիկ լի ու բոլ ապրում էին: Արդեն տռասի էն կողմն էին ֆունդամենտ փորում, էնքան, որ գյուղը լենանում էր, մեծանում էր, ու միանգամից ֆիլտրացիա եղավ, հիմա դառել է Անիի ավերակներից բեթար»:

Սա ասելուց հետո Սուրիկ պապը ցույց է տալիս իր տան լքված շրջակայքը. «Չորս կողմս մեկը չկա, գոնե բարլուս տանք, բարլուսն էլ ենք մոռացել»:  

Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին

Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։