HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

6.3% աճ՝ նոյեմբերին. գյուղոլորտի կասկածելի վիճակագրությունը

Այս տարվա հունվար-նոյեմբերին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 0.6%-ով աճել է. տեղեկանում ենք ազգային վիճակագրական ծառայությունից (ՀՀ ԱՎԾ)։

Հունվար-հոկտեմբերի համեմատ, երբ ՏԱՑ-ն աճել էր 0.4%-ով, աճի տեմպերը որոշակիորեն բարելավվել են։ Դա երևում է նաև ամսական կտրվածքով։ ՏԱՑ-ը միայն այս տարվա նոյեմբերին, 2015-ի նույն ամսվա համեմատ, աճել է 2.3%-ով։ Մինչդեռ հոկտեմբերին այն 7.8%-ով անկում էր ապրել։ Այսինքն՝ հունվար-նոյմբերին ՏԱՑ-ի աճի տեմպերի որոշակի արագանալը պայմանավորված է նոյեմբերին գրանցված աճով։

Ըստ ՀՀ ԱՎԾ տվյալների

Սակայն երբ ՏԱՑ-ի աճը «տրոհում ենք» ըստ ոլորտների, ապա հետաքրքիր կամ ավելի կոնկրետ՝ կասկածելի պատկեր է ստացվում։ Մասնավորապես, արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 8.8%-ով, ներքին առևտրաշրջանառությունը՝ 3.8%-ով, ծառայությունների ծավալը՝ 8.7%-ով։ Տարվա ընթացքում այս ոլորտներում հիմնականում աճ է գրանցվել և նոյեմբերի աճն անսպասելի չէր։

Իսկ ահա գյուղատնտեսության ոլորտի աճը, որը նոյեմբերին կազմել է 6.3%, այնքան էլ սպասելի չէր։ Բանն այն  է, որ սեպտեմբերից սկսած այն զգալի անկումներ էր գրանցում: Հոկտեմբերին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը նվազել էր 29.8%-ով։ Թե´ մամուլում, թե´ լայն շրջանակներում քննարկվեց այն թեման, որ նախորդ տարի գյուղատնտեսության ոլորտում գրանցված աճի ցուցանիշներն ուռճացված են եղել և որ այս տարվա անկումը դրանով է պայմանավորված, քանի որ իրականում հստակ պատճառներ ու ազդակներ չկային, որոնք կարող են ազդել այս ոլորտում այս տարի գրանցված անկումներին։ Իսկ երեկ պարզվեց, որ նոյեմբերին միանգամից ավելի քան 6% աճ է գրանցվել, ինչն ավելի քան վստահություն չներշնչող ցուցանիշ է։ Իսկ եթե իսկապես նման աճ է գրանցվել, ապա ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը պետք է դրա պատճառները ներկայացնի հասարակությանը։ Ի դեպ, եթե նոյեմբերին էլ գյուղատնտեսության ոլորտում այնպիսի անկում արձանագրեր վիճակագրությունը, ինչպես հոկտեմբերին, ապա ՏԱՑ-ի ընդհանուր ցուցանիշը ավելի կոմտենար զրոյին կամ նույնիսկ կնվազեր։

Վերադառնալով նոյեմբերին գրանցված արդյունքներին՝ հավելենք, որ նշված ամսին միայն շինարարության ոլորտում է վիճակագրությունն անկում արձանագրել, որը կազմել է 17.5%:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter