HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայաստանը՝ կապող օղակ իրանական, ԵԱՏՄ և եվրոպական շուկաների միջև». կայացել է «Հայաստան-Իրան» գործարար համաժողովը

Հայաստանի զարգացման հիմնադրամը հայտնում է, որ Երևանում կայացել է «Հայաստան-Իրան» գործարար համաժողովը, որը վերջին մեկ տարում չորրորդ խոշոր միջոցառումն է՝ ուղղված հայ-իրանական առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը։ Այն կազմակերպվել էր Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի՝ Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում, Հայաստանի զարգացման հիմնադրամի կողմից։

Համաժողովին մասնակցել է տնտեսության ամենատարբեր ոլորտները ներկայացնող ավելի քան 170 գործարար, որից շուրջ 90-ը ԻԻՀ-ից, այդ թվում՝ հայազգի ձեռներեցներ։

Երկուստեք ելույթներով հանդես են եկել հայ և իրանցի պաշտոնյաներ։ «Հայաստանի Հանրապետության համար Իրանի Իսլամական Հանրապետությունը ջերմ, բարեկամական երկիր է, և Հայաստանում միշտ մեծ հետաքրքրություն է եղել հնարավորինս զարգացնելու երկկողմ տնտեսական, առևտրային հարաբերությունները, որի համար կան մեծ նախադրյալներ։ Այդ ամենում կարևոր դերակատարում ունի նաև հայ համայնքը»,-ասել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը։

ԻԻՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Ղոլամհոսեյն Շաֆեին նշել է. «Հայաստանը կարող է շատ կարևոր հանգույց հանդիսանալ Իրանի և Եվրասիական տնտեսական միության միջև։ Մենք կարող ենք Հայաստանից ապրանք արտահանել ԵԱՏՄ առանց մաքսատուրքերի, բացի դրանից Հայաստանը կարող է կապող օղակ լինել Իրանի և եվրոպական շուկաների միջև»։

Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Կարէն Մկրտիչեանը ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրն ու հեռանկարային ոլորտները։ Նա անդրադարձել է Հայաստանի աշխարհագրական դիրքին, բնակչության կազմին, կառավարման համակարգին, բացի այդ` տեղեկություններ է փոխանցել երկրի մուտքային անցագրերի, հասանելի տրանսպորտի, հաղորդակցային և էներգետիկ ենթակառուցվածքների վերաբերյալ։ «Հայաստանը պատմականորեն կամուրջ է հանդիսացել այլ մշակույթների ու տարածքների միջև։ Մակրոտնտեսական և ֆինանսական կայունությունը, դեպի խոշոր շուկաներ առանց մաքսատուրքերի և դյուրացված ռեժիմով ապրանքների շրջանառության հնարավորությունը, անընդհատ բարեփոխվող գործարար միջավայրը, ներդրումային դիվեսիֆիկացված ոլորտները, երիտասարդ կայացած և ոչ թանկ աշխատուժը մեր երկիրը դարձնում են գրավիչ ներդրումների տեսանկյունից»,-ասել է Կարէն Մկրտիչեանը։

Կայացել են երկուստեք գործարար հանդիպումներ (B2B), որոնց ընթացքում հայ և իրանցի գործարարները հնարավորություն են ունեցել հաստատել նոր կապեր, խորացնել առկա համագործակցությունն ու հանդես գալ համատեղ նախագծերով։

Համաժողովն իրենց ներկայությամբ պատվել են նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին։ Համաժողովի արդյունքները նախագահներին ներկայացրել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը։

***

Հայաստանի ու Իրանի միջև առևտրատնտեսական կապերի դինամիկ զարգացման ուղղությամբ իրականացվում են ակնառու քայլեր, որի վկայությունն են վերջին մեկ տարում կազմակերպված մի շարք համատեղ միջոցառումները։ Մասնավորապես,  2015 թվականի հոկտեմբերի 15-ին Երևանում հայ-իրանական գործարար համաժողովի անցկացումն ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի՝ Հայաստան այցի շրջանակում։ Հաջորդը Հայաստանի զարգացման հիմնադրամի և ԻԻՀ-ում Հայաստանի դեսպանության ջանքերով՝ 2015 թվականի նոյեմբերի 9-ին Թեհրանում տեղի ունեցած Հայաստան-Իրան գործարար համաժողովն է, որին ներկա է գտնվել պետական ու մասնավոր հատվածի մոտ 70 ներկայացուցիչ։ 2016 թվականի հոկտեմբերի 5-8-ն էլ Իրանի մայրաքաղաք Թեհրանում կայացել է «Armenia Expo 2016» հայկական արտադրանքի ու ծառայությունների խոշոր ցուցահանդեսը, որին ներկայացվել է 103 ընկերության արտադրանք։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter