HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խորենացի փողոցի դեպքերին մասնակցած երիտասարդներն ընդունեցին իրենց մեղքը

Ամալյա Մարգարյան

Խորենացի փողոցում 2016 –ի հուլիսի 20-ին զանգվածային անկարգություններ կատարելու և 46 ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրված Արսեն Մկրտումյանի, Սոսո Մարգարյանի և Գագիկ Միքայելյանի գործով դատական նիստի ընթացքում պաշտպան Արա Զաքարյանը, ով ներկայացնում է Ս. Մարգարյանի շահերը, հանդես եկավ միջնորդությամբ` նշելով, որ այլևս չի ցանկանում միջնորդություն ներկայացնել խափանման միջոցի փոխարինման վերաբերյալ, ինչպես նախորդ նիստի ընթացքում արել են իր կոլեգաները` գործով մյուս ամբաստանյալների պաշտպանները:

Պաշտպանը նշեց, որ ծանոթանալով դատարանի որոշումներին, նպատակահարմար չի գտնում այդպիսի միջնորդություններով հանդես գալ և ներկայացրեց մեկ այլ միջնորդություն` դատապարտյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ. «Սոսո Մարգարյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքից երևում է, որ նրան վերագրված է ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելը, որն արտահայտվել է նրանց վրա քարեր նետելով: Դատարանի ուշադրությունը ցանկանում եմ հրավիրել այն փաստի վրա, որ բռնություն գործադրելու տարրերն են անձին մարմնական կամ ֆիզիկական վնասվածք հասցնելը, ցավ պատճառելը, մինչդեռ ինչպես երևում է պաշտպանյալիս առաջադրված մեղադրանքից, նրան վերագրված չէ որևէ ոստիկանի մարմնական վնասվածք կամ ֆիզիկական ցավ պատճառելը»,- նշեց Արա Զաքարյանը:

Լսելով պաշտպանի ներկայացրած միջնորդությունը` մեղադրող Հ. Պետրոսյանն ասաց, որ ներկայացրած միջնորդությունը ժամանակավրեպ է, իսկ առաջադրված մեղադրանքը հիմնավոր, քանի որ ամբաստանյալի գործողությունները պարունակել են բռնության տարրեր: Դատավոր Գ. Պողոսյանը միջնորդությունը  թողեց առանց քննության` պարզաբանելով, որ ժամանակին չի ներկայացվել. «Պետք է  հետազոտվեն ապացույցները, դատաքննություն իրականացվի, հակառակ դեպքում դուք ունեք ձեր տեսակետը, իսկ համապատասխան որոշում կայացնելու համար պետք է կատարվի քննություն»:

Արա Զաքարյանը ներկայացրեց երկրորդ միջնորդությունը և նշեց, որ գործով տուժող  ճանաչված 46 ոստիկանները չէի կարող լինել տուժող, որովհետև մեղադրական եզրակացության մեջ չկա որևէ փաստ, որով նշվում է` ինչ վնասներ են ամբաստանյալները պատճառել տուժողներին:  

«Պաշտպանական կողմը հասկանում է, որ քննիչի կողմից այս անձանց սույն գործով տուժողների ցանկում ընդգրկելը, դատախազի կողմից այն հաստատելը հետապնդում է մեկ նպատակ, այն է` մի կողմից տուժողների քանակությամբ և վնասի չափով փորձել հասարակության և դատարանի մոտ տպավորություն ստեղծել ամբաստանյալների կողմից հանցանք կատարելու հանգամանքի վերաբերյալ, մյուս կողմից՝ հասկացնել ամբաստանյալներին, որ մեղքը չընդունելու և դատական քննության արագացված կարգ չկիրառելու մասին միջնորդություն չհարուցելու դեպքում սույն գործի դատական քննությունը շարունակվելու է ամիսներ, որի ընթացքում նրանք շարունակվելու են գտնվել կալանքի տակ»,-ասաց Սոսո Մարգարյանի պաշտպանը:

Դատավորը մերժեց այս միջնորդությունը ևս, իսկ երրորդ անգամ պաշտպանը հանդես եկավ արագացված դատավարական կարգ կիրառելու վերաբերյալ միջնորդությամբ, որին միացան մյուս պաշտպանները: Մեղադրյալներն ընդունեցին մեղքը:

«Ես ընդունում եմ մեղադրանքը, ուղղակի ուզում եմ իմանաք, որ մենք այդ քարերը չենք նետել նպատակադրված, ոչ մեկը չի հարցնում, թե այդ քարերն ինչի համար ենք նետել»,- նշեց ամբաստանյալ, պատմության ուսուցիչ Գ. Միքայելյանը: Դատախազը դրական արձագանքեց արագացված դատական կարգ կիրառելուն` փոխելով դիրքորոշումը, որից հետո դատարան ներկայացվեց ամբաստանյալների վերաբերյալ բնութագրեր, Սոսո Մարգարյանին ` Սլավոնական համալսարանի դասախոսներից բնութագրեր, կամավորական աշխատանքներ կատարելու վերաբերյալ տեղեկատվություն,   Գ.Միքայելյանին՝ ԳԱԱ-ի ղեկավարի կողմից տրամադրված բնութագիր, իսկ Ա. Մկրտումյանի վերաբերյալ՝ գերազանց ծառայանության համար պարգևի մասին տեղեկություն:  Մեղադրական եզրակացությունը պատրաստելու համար դատախազը ժամանակ խնդրեց, ուստի նիստը հետաձգվեց: Այս գործով հաջորդ նիստը կկայանա դեկտեմբերի 27-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter