HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տուժող յոթ ոստիկաններից դատարան էր ներկայացել մեկը

Ամալյա Մարգարյան

Սարի թաղում հուլիսի 19-ին զանգվածային անկարգություններ կատարելու մեջ մեղադրվող Սարգիս Արաբաջյանի և Կարեն Վանոյանի գործով դատական նիստի ընթացքում  հարցաքննվեց տուժող, ոստիկանության աշխատակից Դավիթ Սահակյանը, ով այդ օրը գտնվելով ծառայության մեջ` գոտկատեղի հատվածում վնասվածք է ստացել, որի պատճառով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

«Դեպքի ժամանակ ծառայության մեջ եմ եղել, ճանապարհն էինք փակել, որպեսզի շարժ չլինի, մեզ ամբոխ մոտեցավ, մոտ 25 հոգի` կրկնելով «ճանապարհը բացեք» բառերը: Նրանց անվտանգությունից ելնելով ասացինք, որ չենք կարող բացել ճանապարհը: Հայհոյանքեր սկսվեցին, հետո քարեր էին նետում, մեջքիս կպավ քարը, դրանից հետո էլ չեմ հիշում»,-ասաց տուժողը: Նա նշեց նաև, որ կատարել են վերադասների հանձնարարությունը և փակել են ճանապարհը, իսկ քաղաքացիների ամբոխը պահանջել է բացել ճանապարհը` պատճառաբանելով, որ տրասնպորտ չի աշխատել, լույս, գազ, ջուր չունեն: «Ոստիանների կողմից ճանապարհ փակելու նպատակը անվտանգությունն է եղել, քանի որ կրակոցներ են հնչել, և այդ ուղղությամբ տեղակայված են  գազի խողովակներ»,-ավելացրեց Դ. Սահակյանը:

Մինչ տուժողի ցուցմունքը լսելը, պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը հանդես եկավ միջնորդությամբ և ասաց, որ իր պաշտպանյալ Ս. Արաբաջյանի նկատմամբ մեղադրանքը կոնկրետ չէ, և պարզ չէ` ինչի մեջ է մեղադրվում Սարգիս Արաբաջյանը: «Իմ պաշտպանյալը չգիտի իր որ գործողության համար է մեղադրվում,-ասաց նա և ապա ավելացրեց,-եթե հարվածներ եղել են, ապա մեղադրական եզրակացության մեջ նշված չէ` ում նկատմամբ, և արդյոք կատարվել է որևէ մեկի առողջությանը վնաս հասցնող բռնություն: Նման անորոշ և մեղադրանքի էությունը չպարզաբանված վիճակում պաշտպանյալս և ես զրկված կլինենք արդյունավետ պաշտպանություն իրականացնելուց: Իմ նպատակը այն է, որ թե՛ դատարանը, թե՛ մեղադրանքի կողմը հստակեցնեն, պարզաբանեն մեղադրանքի էությունը, որից հետո. համոզված եմ, որ ուղղակի մեղադրանք չի լինի»:

 Դատավոր Աննա Դանիբեկյանի` Ս. Արաբաջյանն ուղղված  այն հարցին` արդյո՞ք մեղադրանքը պարզ է, ամբաստանյալը միանգամից պատասխանեց ` «ոչ»:

Մյուս ամբաստանյալ Կ. Վանոյանն էլ հանդես եկավ հայտարարությամբ և ասաց, որ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում, որովհետև որևէ մեկին քարով չի խփել: Նա ավելացրեց նաև, որ ընթերակաները նույնպես ասել են, որ ինքը որևէ բանում մեղավոր չէ, սակայն քննիչը ինչ-որ բան է գրել, իսկ ինքն էլ ստորագրել է:

Կարեն Վանոյանի և Սարգիս Արաբաջյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել 2016-ի հուլիսի 19-ին Խորենացի փողոցում և հարակից տարածքներում տեղի ունեցած անկարգություններին մասնակցելու և մի խումբ անձանց հետ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն կիրառելու մեջ: Երկու ամբաստանյալներն արդեն 5 ամիս է` գտնվում են կալանավայրում` կտրված լինելով իրենց ընտանիքներից: Այս գործով նախորդ դատական նիստը չէր կայացել, քանի որ տուժողներից ոչ մեկը չէր ներկայացել նիստին:

Այսօրվա դատական նիստին փաստաբանների տրված հարցերին միակ ներկայացած տուժող ոստիկանը պատասխանեց, որ կոնկրետ չի կարող ասել, թե որ ժամին է եղել դեպքը, միայն հիշում է, որ ամեն ինչ մի քանի վայրկյան շատ խառն է եղել: Տուժողը հստակ չէր կարողանում ասել, թե ինչպես է ինքը վիրավորվել, ենթադրում է, որ քարով են հարվածել, որովհետև հարվածը եղել է մեջքից:

Կարեն Վանոյանի այն հարցին, թե արդյոք ոստիկանները չեն խփել քաղաքացիներին, ոստիկանության աշխատակիցը պատասխանեց, որ ինքը նման բան չի հիշում: Այնուամենայնիվ, Վանոյանը նշեց, որ մարդիկ, քաղաքացիները չէին կարող իրենք իրենց քարերով խփել, լրագրողների ծեծել: «Այստեղ ոստիկանության շահերն են պաշտպանում, իսկ իմ շահերը ով պիտի պաշտպանի, Աստվա՞ծ»,- խոսքի վերջում հայտարարությամբ հանդես եկավ ամբաստանյալը:

Ցուցմունքի մեջ Դ. Սահակյանը, պատասխանելով փաստաբանի հարցերին, նշեց նաև, որ ամբոխի մեջ ծեր մարդ չի տեսել, հիմնականում եղել են երիտասարդ տղամարդիկ, նաև կին չի եղել:

Վկայի տված ցուցմունքից հետո, դատախազը նշեց, որ նախաքննության ընթացքում և այսօր տրված ցուցմունքների մեջ հակասություններ կան, ուստի խնդրեց դատավորին, հրապարակել նաև նախաքննական ցուցմունքը:

Ոստիկանի նախաքննական ցուցմունքը կընթերցվի հունվարի 13-ին:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter