HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խորենացու փողոցում անկարգությունների մեջ մեղադրվող երիտասարդներից երկուսը պատիժը կկրեն ազատության մեջ

Ամալյա Մարգարյան

Խորենացի փողոցում զանգվածային անկարգությունների մասնակցած և 46 ոստիկանների նկատմամբ բռնություն կատարելու համար մեղադրվող Հայկ Հովհաննիսյանի, Արման Մխիթարյանի, Նարեկ Սարգսյանի, Ալբերտ Ավագյանի գործով դատական նիստի ընթացքում դատախազ Հայկ Պետրոսյանը հանդես եկավ մեղադրական եզրակացությամբ և ամբաստանյալներից յուրաքանչյուրի համար ներկայացրեց մեղադրանք:

Հայկ Հովհաննիսյանը մեղադրվում է ոստիկանների ուղղությամբ մետաղաձողեր և փայտի կտորներ նետելու համար, նրա նկատմամբ մեղադրանք է սահմանվել ՀՀ քրեական օրենսգրիք 225-րդ հոդվածի 2-րդ մասով։ Դատախազն առաջարկեց նրա նկատմամբ պատիժ նշանակել 3 տարի ժամկետով` հաշվի առնելով նաև այն, որ արագացված դատական կարգ են սահմանել, և այն ծառայեց որպես մեղմացնող հանգամանք։ Արմեն Մխիթարյանին դատախազը մեղադրանք առաջադրեց 225-ի 2-րդ մասով և պահանջեց պատիժ նշանակել 3,8 տարի։

Նարեկ Սարգսյանին առաջարկվեց պատիժ նշանակել 3 տարի ժամկետով, բայց դատախազը միջնորդեց կիրառել պատիժը պայմանական չկիրառելու կարգ։

Ալբերտ Ավագյանին առաջադրվեց նույն մեղադրանքը` պատիժ նշանակելով 3 տարի ժամկետով: Վերջինս մեղադրվում է ոստիկանության աշխատակցի վահանից քաշելու համար։

Հայկ Հովհաննիսյանի պաշտպան Աննա Ջուվանովան դատարանին խնդրեց իր պաշտպանյալի նկատմամբ նույնպես կիրառել պատիժը պայմանական չկիրառելու կարգ` ներկայացնելով նախադեպային օրինակներ, ինչպես նաև նշեց, որ իր պաշտպանյալը ծառայել է ԼՂՀ Թալիշի դիրքերում, մի քանի գիտական աշխատանքի հեղինակ է։ Ջուվանովան դատարանին խնդրեց հնարավորություն տալ մեղադրյալին` իր պատիժը կրել ազատության մեջ։

Արման Մխիթարյանի և Նարեկ Սարգսյանի պաշտպանները նույնպես հանդես եկան ճառով` խնդրելով դատավորին պաշտպանյալների նկատմամբ կիրառել նվազագույն պատիժ, որը նրանք կկրեն ազատության մեջ։ Արման Մխիթարյանի պաշտպան Անժելա Հոբոսյանը խնդրեց, որ դատավորը որոշումը կայացնելիս հաշվի առնի, որ ամբաստանյալները երիտասարդ են և տվել են ինքնախոստովանական ցուցմունքներ։

Դատական նիստի ընթացքում ամբաստանյալ Նարեկ Սարգսյանն իր ելույթում ասաց, որ հուլիսի 20-ին տեղի ունեցածը սխալի արդյունք է․ «Չորսս էլ երիտասարդ ենք, չունենք քաղաքական մտածելակերպ, մեր արարքը ուղղակի երիտասարդական ցանկություն է, որի համար կարծում եմ բավականին ժամանակ անցավ և բոլորս էլ զղջացել ենք»։

Այս գործով դատական նիստերից մեկի ժամանակ Նարեկ Սարգսյանը հանդես էր եկել հայտարարությամբ` նշելով նաև, որ իր պաշտպանյալի խնամքի տակ է հինգ տարեկան երեխան և գործազուրկ կինը, ինքն է ընտանիքի միակ կերակրողը։

Պաշտպանական ճառով հանդես եկավ նաև Ալբերտ Ավագյանի պաշտպան Սուզաննա Խչեյանը, ով հիշեցրեց քրեական գործի նյութերում առկա այն տեղեկագրերի մասին, որոնք վկայում են իր պաշտպանյալի հիվանդությունների մասին, որոնք ձեռք է բերել ծառայության ընթացքում, և այդ պատճառով էլ ժամանակից շուտ զորացրվել է. «Ես խիստ մտահոգություն ունեմ, որ նրան ազատություն չտալով և երեք տարի, ինչպես դատախազը նշեց, ազատազրկման վայրում գտնվելով` իմ պաշտպանյալին որպես հասարակության լիիրավ անդամ հնարավոր է կորցնենք»։ Պաշտպանը նաև խնդրեց դատավորին պատիժը նշանակելուց առաջ առաջնորդվել ներքին համոզմամբ, նվազագույն պատիժ նշանակել և կիրառել քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը` հնարավորություն տալով պատիժը կրել ազատության մեջ։

Դատավոր Մակյանը հրապարակեց վճիռը և Հայկ Հովհաննիսյանին պատիժ նշանակեց 3, Արման Մխիթարյանին` 3,6 տարի ժամկետով, իսկ Ալբերտ Ավագյանը և Նարեկ Սարգսյանը պատիժը կկրեն պայմանականորեն։

Պաշտպան Անժելա Հոբոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այս պահին ինքը չի կարող ասել՝ վճիռը կբողոքարկվի, թե ոչ, քանի որ պիտի ծանոթանա վճռի բովանդակությանը և հասկանա՝ ինչու է դատավորը խտրական վերաբերմունք դրսևորել, որից հետո խորհրդակցի իր պաշտպանյալի հետ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter