HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առաջ` դեպի ՁԱ՛Խ

Մայիսի 1-ը' աշխատավորների միջազգային օրը, համաշխարհային աշխատավորական շարժման և պայքարի տոնն է: Մեր պետության իրական հիմքը մենք ենք' աշխատավորներս' վարձու աշխատողները, գործազուրկները, տնային աշխատողները և թույլերին խնամողները (որ հիմնականում կանայք են), գյուղացիները, մանր գործարարները և այլք, ովքեր շահագործվում են և ում իրավունքները Հայաստանում ոտնահարված են:

Ժողովուրդը մենք ենք, այն մեծամասնությունը, որն այսօր աշխատում է, որպեսզի փոքրամասնությունն ուտի:

Ոչ մի օլիգարխ կամ քաղաքական գործիչ մեզ չի նվիրելու իրավունք և ազատություն: Մենք ինքներս ի զորու ենք կազմակերպվելու, ստեղծելու (արհ)միություններ, նախաձեռնություններ և նվաճելու մեր ազատությունը: Աշխատավորների միավորման ու պայքարի ճանապարհով իշխանությունը կվերադարձվի ժողովրդին:

Խորհրդային մոդելը, որը ներկայանում էր որպես սոցիալիստական կամ կոմունիստական, ոչ միայն ձախողեց կենսունակ հասարակություն ու պետություն առաջացնելու, մարդու ստեղծագործ ունակությունների դրսևորման ազատ դաշտ ստեղծելու հնարավորությունը, այլև անհամատեղելի էր այս նպատակների ու արժեքների հետ: Բացի այդ 1990-ականներից սկսած նոր-ազատական (նեո-լիբերալ) գաղափարախոսության ու քաղաքականության' աշխարհով մեկ ծավալած հաղթարշավը, խեղաթյուրեցին հանրային-քաղաքական կյանքում ՁԱԽ հասկացությունը' հավաքական ներդաշնակ գործունեության, արդարության, սոլիդարության (համերաշխության), քաղաքացիների կենսունակ մասնակցության, մարդ-բնություն ներդաշնակության իդեալները:

Նոր-ազատական գաղափարախոսությունը ժողովուրդներին կենսամակարդակի աճ և բարօրություն էր խոստանում: Դրա համար, սակայն, ըստ այդ գաղափարախոսության, պետությունը պետք է հետ կանգներ հանրային, տնտեսական և սոցիալական ոլորտներին միջամտելուց: Միջպետական սահմանները պետք է թափանցիկ լինեին' կապիտալի, ապրանքների և ծառայությունների ազատ տեղաշարժման համար: Պետական և հանրային ունեցվածքները պետք է սեփականաշնորհվեին, որովհետև միայն մասնավորը կարող էր տնտեսական աճ և, հետևաբար, բոլորի համար բարօրություն ապահովել: «Անհատը» հայտարարվեց բացարձակ արժեք, իսկ հանրայինը և հավաքականը' արխայիկ, ժամանակավրեպ, անհեռանկարային: «Շուկան» հռչակվեց ամենակարող և արդար: Պետությունը պետք է հրաժարվեր հանրային ծառայություններ մատուցելուց. մասնավոր տնտեսությունը և շուկան լավագույնս կարող էին ծառայել առողջապահությանը, կրթությանը և այլն: Կապիտալից գանձվող հարկերը պետք է պակասեցվեին և այլն:

Իրականում, ինչպես կյանքն ապացուցեց, նոր-ազատականության նպատակն այլ բան չէր, քան մեծ կապիտալի համաշխարհային հաղթարշավի ապահովումը' ի հաշիվ ժողովուրդների բարօրության, աշխատավորների արժանապատիվ կյանքի իրավունքների ու բնության պահպանման:

2007-2008թթ. ծավալված ֆինանսատնտեսական համաշխարհային ճգնաժամը նոր-ազատական գաղափարախոսության սնանկության վերջին, անհերքելի ապացույցն էր:

Հետխորհրդային Հայաստանի իրարհաջորդ իշխանություններն առաջին իսկ օրից որդեգրեցին և կիրառեցին երկրում ձևավորվող քաղաքա-տնտեսական վերնախավի շահերին լավագույնս ծառայող նոր-ազատական քաղաքականությունը: Արդյունքն ավելի քան աղետալի է: Սեփականությունը և հարստություն ստեղծելու միջոցները կենտրոնացված են փոքրաթիվ մարդկանց խմբի ձեռքերում: Վարվող քաղաքականության պատճառով աշխատուժի մի հսկա հատվածը մնացել է գործազուրկ, իսկ աշխատանք ունեցողները ենթարկվում են անխնա շահագործման: Գյուղատնտեսությունը և գյուղացիությունը գտնվում են վերացման վտանգի առջև: Բնությունն անխնա հոշոտվում է' զոհ գնալով շահույթ հետապնդելու մոլուցքին: Մանր և միջին գործարարությունը ենթարկվում է տևական ոտնձգությունների և դրա առջև արհեստական խոչընդոտներ են բարձրացվում: Տնտեսական այս համակարգն անփոփոխ պահելու համար տիրող քաղաքական-տնտեսական վերնախավը հաստատել է ավտոկրատական ռեժիմ, ժողովրդավարության և ընտրական ինստիտուտները դարձրել է ծաղրի առարկա և հաճախ դիմում է ուժային մեթոդների օգտագործմանը: Երկիրը վերստին գաղութացվում է: Մշակույթն ու կրթությունը հասցվել են ստորին մակարդակի: Տիրող այս նյութական և բարոյական կացության պատճառով Հայաստանի բնակչությունը դիմել է և շարունակում է դիմել արտագաղթի: Ժողովրդագրական ճգնաժամը սպառնում է Հայաստան երկրի ու հայ ժողովրդի գոյությանն իսկ:

Վաղուց արդեն պարզ է, որ այս իրավիճակը չի կարող շարունակվել: Միակ այլընտրանքն այն Հայաստանն է, որտեղ մարդը, սոլիդարությունը, արժանապատիվ աշխատանքը, բնության հետ ներդաշնակությունը առանցքային արժեքներ են:

Մենք հավատում ենք, որ'

- Մարդը բացարձակ արժեք է: Ազատությունը բացարձակ արժեք է: Ազատ է այն մարդը, ով առավելագույնս կարողանում է բավարարել իր նյութական և հոգևոր պահանջները, լինել ստեղծագործ:

- Ազատությունը բոլոր մարդկանց իրավունքն է: Մրցակցային հարաբերություններն ապահովում են ոմանց կեղծ-ազատությունը ի հաշիվ ուրիշների ազատության: Միայն սոլիդարության սկզբունքի վրա հիմնված հանրությունը և հանրային հարաբերություններն են, որ կարող են հնարավորինս երաշխավորել ազատությունն իրացնելու բոլոր մարդկանց' բոլոր կանանց և բոլոր տղամարդկանց իրավունքը:

Աշխատավորների միավորման ու պայքարի ճանապարհով իշխանությունը կվերադարձվի ժողովրդին:

Ձախերի ակումբ

Մեկնաբանություններ (1)

Anahit Khalatyan
Il faut que les gens aient confiance moi-même, parce que les nouveaux liders ne laissaient aucune valeur dans les domaines de la vie. C’est mieux revoir tous les leçons de l’histoire et mettre tous à la place.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter