HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

ՄԻԱՎ/ՁԻԱՀ. ո՞ւմ պատկերն է հայելու մեջ

«Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ն հետևյալ ակցիան էր արել. ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը՝ դեկտեմբերի 1-ին, պահարան էր տեղադրել կառավարության շենքի մոտ: Պահարանի վրա գրված էր՝ «Տես, թե ով կարող է վարակվել ՄԻԱՎ-ով»: Յուրաքանչյուր մարդ, պահարանի դռները բացելով, տեսնում էր իրեն. պահարանի ներսում հայելի էր դրված:

«ՄԻԱՎ վարակը չի ճանաչում տարիք, սեռ, սոցիալական վիճակ»,- նոյեմբերի 26-27-ին՝ ՀՀ առողջապահության նախարարության կազմակերպած սեմինարի ժամանակ, ասաց ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի համաճարակաբանական հսկման բաժնի բժիշկ-համաճարակաբան Վարդան Արզաքանյանը:

Աշխարհում մարդու իմունային անբավարարության վիրուսով (ՄԻԱՎ) հիվանդանալու 1-ին դեպքերը գրանցվել են 1981 թ., Հայաստանում՝ 1988թ.: Աշխարհում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդ է 33 մլն մարդ: 1988 թ.-ից մինչ 2011թ. դեկտեմբերի 1-ը ՀՀ քաղաքացիների շրջանում փաստացի գրանցվել է ՄԻԱՎ-ի 1136 դեպք: Սակայն հիվանդության իրավիճակի գնահատումը վկայում է, որ Հայաստանում ՄԻԱՎ-ով հիվանդ մարդկանց հաշվարկային թիվը 2500 է, որոնց մեծ մասը տեղյակ չէ, որ հիվանդ է:

Վարակումը տեղի է ունենում ՄԻԱՎ վարակակրի հետ սեռական հարաբերություն ունենալիս, վարակակրի արյամբ աղտոտված և չախտազերծված ներարկիչներ, ասեղներ, այլ բժշկական գործիքներ օգտագործելիս, ՄԻԱՎ-ով հիվանդ դոնորից ստացված արյան և արյան բաղադրամասերի փոխներարկման հետևանքով, ՄԻԱՎ-ով հիվանդ մորից՝ երեխային հղիության ընթացքում, ծննդաբերելիս և կրծքով կերակրելիս: ՄԻԱՎ-ը չի փոխանցվում կենցաղային շփումների՝ ձեռքսեղմման, համբույրի, գրկախառնվելու, հագուստի ու սպիտակեղենի միջոցով, հեռախոսից, համակարգչից օգտվելիս:

2011թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանում ՄԻԱՎ-ով հիվանդների մեծ մասը տղամարդ է՝ 804 մարդ (70,8 տոկոս), կանայք 332-ն են (29,2 տոկոս): ՄԻԱՎ-ի 22 դեպք (1,9 տոկոս) էլ արձանագրվել է մինչև 15 տարեկան երեխաների մոտ:

Հայաստանում ՄԻԱՎ-ով հիվանդ մարդկանց զգալի մասը միգրանտներ են, որոնք աշխատել կամ ուսանել են Ռուսաստանում և ամենայն հավանականությամբ վարակվել այդ երկրում: Հայաստանում գրանցված, ՄԻԱՎ-ով հիվանդ տղամարդկանց մեծամասնությունը (53,5 %) թմրամիջոցների ներարկային օգտագործող է, իսկ գրեթե բոլոր կանայք (98,4%) վարակվել են սեռական ճանապարհով՝ իրենց ամուսիններից:

«Թմրամիջոց օգտագործողների շրջանից հիվանդությունը կամաց-կամաց անցնում է ընդհանուր բնակչությանը»,- ասում է Վարդան Արզաքանյանը:

Բուժում ստացող մարդը երկար տարիներ կարող է ապրել պրակտիկորեն առողջ

ՄԻԱՎ-ով վարակված մարդը 8-10 տարի կարող է ապրել՝ չունենալով կլինիկական դրսևորումներ, բայց նա կարող է առողջ մարդու վարակել իր վարակվելու պահից արդեն 2-4 օր անց: Վարակը թուլացնում է իմունային համակարգը. մարդը կամաց-կամաց դառնում է անպաշտպան արտաքին և ներքին միջավայրի գործոնների ազդեցությամբ, և նրա մոտ կարող է զարգանալ ցանկացած ինֆեկցիոն հիվանդություն:

Վարդան Արզաքանյանը նշում է, որ զարգացած երկրներում ՄԻԱՎ-ի վաղ հայտնաբերման տոկոսն ավելի բարձր է: Իսկ հայերը բժշկի են դիմում, երբ արդեն առողջական լուրջ խնդիրներ են ունենում, կամ դիմում են ինքնաբուժության, կամ թաքցնում են բժշկից իրենց հիվանդությունը:

1988թ. մինչև 2011թ. դեկտեմբերի 1-ը Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդ մարդկանց մահվան 261 դեպք:

ՁԻԱՀ-ը (Ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ) ՄԻԱՎ հիվանդության վերջին փուլն է, երբ մարդու մոտ զարգանում է իմունային անբավարարվածություն: Եթե մարդը վաղ է ախտորոշվել, բուժումը սկսվում է մինչև ՁԻԱՀ-ի փուլին հասնելը:

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի արմատական բուժում, այս հիվանդության դեմ պատվաստանյութ դեռևս չկան: Ողջ աշխարհում, այդ թվում նաև Հայաստանում ընդունված է ՄԻԱՎ-ի հակառետրովիրուսային բուժումը, որը արյան մեջ վիրուսային ծանրաբեռնվածությունը թուլացնում է այնքան, որ վարակելու հավանականությունը զգալիորեն նվազում է, իսկ վիրուսը կարող է նույնիսկ չհայտնաբերվել հետազոտությամբ: Բուժում տրամադրվում է առնվազն 3 դեղորայքով: Դրանք հաբեր են, որոնք մարդ, եթե սկսեց բուժվել, ընդունում է ողջ կյանքի ընթացքում, որովհետև բուժումը ոչ թե վերացնում է վիրուսը, այլ դադարեցնում դրա բազմացումը: Վիրուսը միշտ մնում է օրգանիզմում:

Վարդան Արզաքանյանի հավաստիացմամբ՝ ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնում հետազոտությունը, հիվանդների հետագա դիսպանսեր հսկողությունը և բուժումը անվճար են: Հետազոտությունը նաև անանուն է, անձնագիր ցույց տալ չի պահանջվում: Ախտորոշման դեպքում բուժումն անվճար է միայն ՀՀ քաղաքացիների համար: Բուժումը հիմնականում ֆինանսավորում է Գլոբալ հիմնադրամը, ինչպես նաև պետությունը: 2011թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ այդպիսի բուժում ստանում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդ 322 մարդ, այդ թվում 11 երեխա:

Ըստ հետազոտությունների՝ եթե մարդ, օրինակ, 30 տարեկանում է սկսում բուժումը, ևս մինչև 35 տարի կարող է պրակտիկ առողջ ապրել: «Ինչքան վաղ ախտորոշվի մարդը և գտնվի մեր հսկողության տակ, այնքան նրա հետագա կյանքի տևողությունը ավելի երկար կլինի, հիվանդությունը ավելի վերահսկելի կլինի, և մարդը կապրի բավական երկար ոչ թե անկողնային ռեժիմով, այլ կշարունակի աշխատել, զբաղվել այն ամենով, ինչով զբաղվում էր մինչև ախտորոշումը»,- ասում է բժիշկ-համաճարակաբանը:

«Արմենիկում» կլինիկական կենտրոնում տրամադրվում է «Արմենիկում» դեղամիջոցը: Այն ևս անվճար է, եթե ՄԻԱՎ-ով հիվանդները ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնից ուղեգրով գնում են «Արմենիկում» կենտրոն: Վարդան Արզաքանյանի խոսքերով՝ թեև շատերը «Արմենիկումը» ասոցացնում են ՄԻԱՎ-ի բուժման դեղամիջոցի հետ, սակայն իրականում «Արմենիկումն» արդյունավետ է շատ այլ հիվանդությունների, այդ թվում նաև պարբերական հիվանդության համար:

ՄԻԱՎ-ով հիվանդ մորից առողջ երեխա ծնվելու հավանականությունը 98 %-ի է հասնում, եթե և հղիության ընթացքում, և ծննդաբերելիս և կրծքով կերակրելիս արվեն կանխարգելիչ միջոցառումներ:

Հայաստանում ՄԻԱՎ-ով հիվանդ 22 երեխայից 20-ը վարակվել է մորից, 2-ը՝ դոնորական արյան միջոցով, մեկը Միջին Ասիայում՝ վիրահատության ժամանակ վարակված արյան փոխներարկման ժամանակ, մյուսը՝ Հայաստանում 2001թ: Պատասխանելով «Հետքի» հարցին, թե արդյոք Հայաստանում այդ արյունը չի ստուգվել, որ երեխան վարակվել է՝ Վարդան Արզաքանյանն ասաց, որ բավականին մեծ հետաքննություն անցկացվեց, և պարզվեց, որ արյուն տված դոնորը եղել է «պատուհանի շրջանում»: «Պատուհանի շրջանը» ՄԻԱՎ-ով վարակվելու պահին հաջորդող 3-6 ամիսն է, երբ արյան հետազոտությամբ հնարավոր չէ պարզել՝ մարդը հիվա՞նդ է ՄԻԱՎ-ով, թե՞ ոչ, քանի որ արյան մեջ վարակի դեմ առաջացած հակամարմինները բավարար քանակության չեն:

«Ընդհանրապես աշխարհում չկա հնարավոր տարբերակ, որ դոնորական արյունը 100 տոկոսով հնարավոր լինի ապահովել, որովհետև միշտ «պատուհանի շրջան» գոյություն ունի»,- ասում է Վարդան Արզաքանյանը՝ հավելելով, որ այդ պատճառով դոնորական արյուն կամ արյան ցանկացած բաղադրամաս ներարկվում է, երբ դա վերջին հույսն է, մարդն այնքան արյուն է կորցրել, որ սովորական լուծույթներով ներարկրումը օգուտ չի տալիս նրան:

ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի կանխարգելման բաժնի վարիչ Ժանետա Պետրոսյանն ասում է, որ ասեղի պատահական ծակոցի դեպքում վիրուսով վարակվելու հավանականությունը 0,3 % է: Վիրուսը դժվար է փոխանցվում, որովհետև շատ անկայուն է, եռացնելիս կամ ուղիղ ճառագայթների ազդեցության տակ արագ ոչնչանում է: Վարդան Արզաքանյանի խոսքերով՝ եթե ՄԻԱՎ-ով հիվանդի արյունն այնքան չնչին է, որ աչքին անտեսանելի է, ուրեմն բավարար չի լինի վարակելու համար:

«Բուժհաստատություններում մինիմալ ախտահանումը, մինիմալ պահանջները եթե կատարվեն, լրիվ բավարար է, որ կանխարգելվի ՄԻԱՎ-ի փոխանցումը: Ինքներդ երևի ատամնաբուժարաններ շատ եք այցելում: Երևի ոչ մի անգամ չեք նկատել, որ արյունոտ գործիք լինի: Կարող է կասկածեք, որ գործիքը լավ չի ախտահանված, բայց համենայն դեպս, արյուն, ինձ թվում է, ոչ մեկդ նկատած չեք լինի»,- ասում է Վարդան Արզաքանյանը:

Անդրադառնալով «Հետքի» հարցին, թե Հայաստանում որքանով է մարդը երաշխավորված, որ իրեն սպասարկող որևէ բժիշկ օգտագործում է լրիվ ախտահանված գործիք, և իրենից առաջ նույն գործիքով հիվանդ մարդու չի սպասարկել՝ Ժանետա Պետրոսյանն ասաց, որ այդ վերահսկողությունը դրված է պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության վրա: Վարդան Արզաքանյանը նշեց, որ տեսչությունը չի կարող ամեն մի բժշկական միջամտությունից հետո ստուգում անել, և այդ պարտականությունը դրված է բժշկի, բուժքրոջ, բաժնի վարիչի խղճի վրա, թեև, նրա խոսքերով, Հայաստանում բուժհաստատությունները բոլոր ախտահանիչ գործողություններն անում են:

Պետավտոտեսուչը, տաքսի սերվիսն ու ՄԻԱՎ-ը

Մի անգամ Վարդան Արզաքանյանին պետավտոտեսուչը տուգանք է նշանակել՝ խախտում անելու համար: Բժիշկը վճարել է տւգանքը: Երբ ոստիկանը հարցրել է, թե ինչ է աշխատում, Վարդան Արզաքանյանն ասել է, որ ՁԻԱՀ-ի կենտրոնում է աշխատում: Պետավտոտեսուչն ասել է. «Հետ վերցրու փողդ, պետք չի»:

Վարդան Արզաքանյանն ասում է, որ դեպքեր են եղել, որ ՁԻԱՀ-ի կենտրոնից տաքսի են կանչել, և տաքսի սերվիսի աշխատակիցը հարցրել է, թե մեքենան բժշկի՞, թե՞ հիվանդի համար է: «Այ, դա խտրական վերաբերմունքի, գիտելիքի պակասի լավ օրինակ է»,- ասում է համաճարակաբանը:

Նրա խոսքերով՝ դեպք է եղել, երբ ատամնաբույժը հրաժարվել է հաճախորդին սպասարկելուց, երբ իմացել է, որ նա ՄԻԱՎ-ով հիվանդ է: Հրաժարվել է նաև երկրորդ ատամնաբույժը: Ստիպված մարդը երրորդ ատամնաբույժին չի ասել, որ ՄԻԱՎ-ով հիվանդ է, բայց այնքան սրտացավ է եղել, որ վերջում ասել է. «Ես հեպատիտով հիվանդ եմ, լավ ախտահանեք գործիքները»:

Համաճարակաբանն ասում է, որ 5 տարի առաջ Հայաստանում բժիշկներն իրենք էին խուճապի մատնվում, երբ ՄԻԱՎ-ով հիվանդ էին հայտնաբերում, և ուզում էին հիվանդին հնարավորինս շուտ դուրս գրել իրենց բուժհաստատությունից, բայց հիմա բժիշկներն ավելի հանգիստ են վերաբերվում և մտածում, թե ինչ անեն, որ օգտակար լինի հիվանդին:

ՄԻԱՎ-ի գոյության 30 տարվա ընթացքում վարակը տարածվեց ողջ աշխարհում: Այս ընթացքում հիվանդացել է 60 մլն մարդ, որի կեսը մահացել է: Պատճառը միգրացիոն պրացեսների, զբոսաշրջության ակտիվացումն է, աղքատության, թմրամոլության աճը: «Բայց ամենահիմնական պատճառներից մեկը մարդկանց տեղեկացվածության պակասն է, փոխանցման ուղիների, կանխարգելման ուղիների մասին չիմանալը, որը բերեց այս վարակի տարածմանը»,- ասում է Ժանետա Պետրոսյանը:

ՄԻԱՎ-ի կանխարգելման ուղղություններից մեկն էլ հիվանդության նկատմամբ վերաբերմունքի փոփոխությունն է: Ժանետա Պետրոսյանի խոսքերով՝ պետք է հասնել նրան, որ յուրաքանչյուր մարդ գիտակցի, որ այս վարակը հեռու չէ ոչ ոքից, իրողություն է, որի հետ պետք է հաշվի նստել, և ամեն մարդ պետք է քայլեր ձեռնարկի չվարակվելու համար:

Խարանը և խտրականությունը խոչընդոտում են արդյունավոտ կանխարգելում անցկացնելուն: ՄԻԱՎ-ով հիվանդ մարդուն կարող են արհամարհել, չբարևել, վիրավորել, զրկել բուժօգնություն, կրթություն կամ աշխատանք ստանալու իրավունքից, նույնիսկ ֆիզիկական բռնություն կիրառել: Աշխարհում շատ են դեպքերը, երբ այնպիսի պայմաններ են ստեղծել ՄԻԱՎ-ով հիվանդի համար, որ նա հեռացել է իր համայնքից, քաղաքից: Լինում են դեպքեր, երբ ընտանիքի անդամները չեն ընդունում ՄԻԱՎ-ով վարակված իրենց հարազատին ու վտարում ընտանիքից:

Վախենալով խարանից ու խտրականությունից՝ մարդիկ վախենում են գնալ հետազոտության և ճշտել իրենց կարգավիճակը, անգամ խուսափում են մոտենալ այն շենքերին, որտեղ հետազոտություն է արվում: Չհետազոտվելով՝ նրանք չեն իմանում իրենց հիվանդության մասին և տարիներ շարունակ կարող են փոխանցել վարակը: Անգամ մարդիկ, ովքեր գիտեն իրենց հիվանդության մասին, խուսափում են կիրառել պաշտպանական միջոցներ, օրինակ՝ կրծքով չկերակրել երեխային:

«Մարդկանց գիտակցությանը դեռ պետք է հասցնել, որ իրոք այդ մարդիկ մեր հասարակության լիիրավ անդամներն են և վտանգավոր չեն որևէ մեկի համար»,- ասում է Ժանետա Պետրոսյանը: ՄԻԱՎ-ը չի փոխանցվում կենցաղային շփումների միջոցով, և ՄԻԱՎ-ով հիվանդ մարդկանց չի կարելի զրկել իրենց իրավունքներից:

ՄԻԱՎ-ը մահվան հետ ասոցացնելը գալիս է համաճարակի սկզբից, երբ այդ ախտանիշը դատավճիռ էր, քանի որ բուժում չկար, և ով հիվանդանում էր, մահանում էր: Խարանն էլ պայմանավորված է այն թյուր կարծիքով, թե ՄԻԱՎ-ը սպառնում է միայն ռիսկի խմբերի ներկայացուցիչներին՝ թմրամոլներին, մարմնավաճառներին, հոմոսեքսուալ տղամարդկանց:

Ժանետա Պետրոսյանի խոսքերով՝ ռիսկի խումբ հասկացությունը կար 80-ականներին՝ համաճարակի սկզբում, երբ այդ մարդիկ համարվում էին համաճարակը հիմնական խթանողները և հալածվում: Արդյունքում նրանք ընդհատակ անցան, նրանց շրջանում կանխարգելիչ միջոցառումների իրականացումը դժվարացավ, և համաճարակը տարածվեց: Այսօր խոսում են ոչ թե ռիսկի խմբերի, այլ ռիսկային վարքագծի մասին: Այժմ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը համարվում է խրոնիկ հիվանդություն, ինչպես, օրինակ, շաքարային դիաբետը:

Մեկնաբանություններ (5)

Tigran Arshakyan
joxovurd sax texer@ nuyn banna grac
shiro
Barev dez hrgeli qaxaqaciner xndrum em dez havtaceq chka ashxarhum miav spid hivandutyun@ xndrum em uxaki nayeq ays tesaholovak@ sa im derqi hamarne077414218,http://www.youtube.com/watch?v=u_0miYfMa5A&feature=related
Giorgi
существует разных видов больниц и мед центров...люди пожалуйста скажите кто- небудь в реале есть вич болезнь или нет....я нахожусь в Армении с воспалением легких.в процесе делая разные анализи в том числе и вич....по ихнтм данным ответ положительный ..повторно с меня взяли кровь и забрали в вич центр...глаорят может иногда делают не так ..разве у кого с легка проблеми с легкими и его иммунитет упавшый ...можно нагло сказать что может или ест вич?как мне поступить...кто знает точно ?я сильно переживаю
Robert
Я полностью согласен с пользователем Shiro вируса ВИЧ не существует в природе.Эта наглая ложь длится уже 30 лет!!!!
Anri M
isk inch kariq ka xtrakan verabermunqi i verjo unenalov dziah chi nshanakum dadarum e linel mard

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter