HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Կապանի նախկին ու ներկա քաղաքապետերի բիզնեսները. Հրանտ Մարգարյանն ու Լոքյանի որդին՝ փայատերեր

«Հետք»-ը թիվ 38 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից ստացել է Կապանի նախկին եւ ներկա քաղաքապետեր Արտուր Աթայանի եւ Աշոտ Հայրապետյանի գույքի եւ եկամուտների հայտարարագրերը, որոնք հանձնաժողովին ներկայացվել են այս տարվա հոկտեմբերին, ՏԻՄ ընտրություններից առաջ:

Կապանի նախկին քաղաքապետ, դաշնակցական Արտուր Աթայանը հայտարարագրի «անշարժ գույք» բաժնում գրառել է 16 գույք, որոնց մակերեսները հաշվարկելու համար հաշվիչ սարք է անհրաժեշտ:

Թյուրքական անունով հայկական գյուղ՝ ընդամենը տարածք

Արտուր Աթայանը հայտարարագրել է 2 բնակելի տուն Կապան քաղաքում եւ Վարդավանք գյուղում, որոնցից առաջինի մակերեսը 599 քմ է, երկրորդինը՝ 102,9 քմ: Կապանում Աթայանը նաեւ 82,9 քմ մակերեսով բնակարան ունի: Արտուր Աթայանը հայտարարագրել է նաեւ 4 շինություն՝ Կապանում, Վարդավանքում եւ Վանեք գյուղում, 556,1 քմ ընդհանուր մակերեսով: Կապանում եւ Վարդավանքում նախկին քաղաքապետն ունի նաեւ 4 տնամերձ հողամաս՝ ավելի քան 8000 քմ ընդհանուր մակերեսով:

Լուսանկարը՝ Աթայանի ֆեյսբուքյան էջից

Գյուղատնտեսական կամ այլ նշանակության հողամասերը, որ ներկայացված են Աթայանի հայտարարագրում, նույնպես թվով 4-ն են, 4,2 հեկտար ընդհանուր մակերեսով: Հողամասերը գտնվում են Սյունիքի մարզի Վանեք եւ Վարդավանք գյուղերում: Վանեքում Արտուր Աթայանը նաեւ լողավազան ունի:

Չնայած Վարդավանքն իր ներկայիս անունով է կոչվում արդեն 10 տարի, միջնադարում այստեղ կառուցվել է հայկական եկեղեցի, գյուղում կան նաեւ 13-17-րդ դարերի հայկական գերեզմանոցներ, ինչպես նաեւ Պուտխաչ հնավայրի ավերակները, Արտուր Աթայանի ներկայացրած հայտարարագրում գյուղի անունը նշված է իր հին, թյուրքական տարբերակով՝ Գյոդաքլու:

Արտուր Աթայանը երկու ավտոմեքենա է հայտարարագրել՝ 2005 թվականի արտադրության ՎԱԶ-21214 եւ 2012 թվականի արտադրության «Toyota Land Cruiser 200 4.0»: Toyota-ի շուկայական արժեքը 25 միլիոն դրամի սահմաններում է: Կապանի նախկին քաղաքապետի դրամական միջոցները կազմել են 60 միլիոն դրամ եւ 40 հազար ամերիկյան դոլար:

Աթայանին է պատկանում «Առտ-Շեյպինգ» ՍՊԸ-ի բաժնեթղթերի ողջ փաթեթը: Այս ընկերության՝ իմա՝ Աթայանի, սեփականությունն է հանդիսանում «Ֆենիքս» հյուրանոցային համալիրը: Այստեղ գործում են ռեստորան, սրճարան, հյուրանոց, լողավազան, մարզասրահ, ՍՊԱ կենտրոն եւ այլ ծառայություններ:

Կրի բիզնեսը եւ Դաշնակցությունը

Արտուր Աթայանը կրի վերամշակմամբ զբաղվող «Վայբլ» ՍՊԸ-ի հիմնադիրներից է եւ մինչեւ վերջերս եղել է ընկերության 50 տոկոսի սեփականատերն ու տնօրենը: 

2016 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Աթայանը «Վայբլ» ընկերությունից ստացել է 4 միլիոն 984 հազար դրամի չափով աշխատավարձ, ինչպես նաեւ 105 միլիոն դրամ՝ շահաբաժնից, 52 միլիոն դրամ՝ փոխառության տեսքով, 432 հազար դրամ՝ վարձավճարից ստացված եկամուտ: Կապանի նախկին քաղաքապետը սեպտեմբեր ամսին օտարել է ընկերությունում ունեցած իր բաժնետոմսերը, գործարքից ստանալով 201 միլիոն 369 հազար դրամի չափով եկամուտ: Աթայանի բաժնետոմսերը ձեռք են բերել Երեւան քաղաքի բնակիչներ Լուսինե Առաքելյանը եւ Լիանա Սահակյանը, յուրաքանչյուրը՝ 25 տոկոսի չափով:  

2015 թվականի նույն օրը՝ սեպտեմբերի 22-ին, «Վայբլ» ՍՊԸ 25-ական տոկոս բաժնետոմսեր են ձեռք բերել ՀՅԴ Բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանը եւ Սերգեյ Լոքյանը՝ տարածքային կառավարման եւ զարգացման դաշնակցական նախարար Դավիթ Լոքյանի անկուսակցական որդին:

Լուսանկարը՝ Մարգարյանի բլոգից

Ինչպես տեղեկանում ենք ընկերության ֆինանսական աուդիտի փաստաթղթերից մեկից, «Վայբլ» ՍՊԸ-ի ակտիվները 2013 թվականին կազմել են ավելի քան 1 միլիարդ 250 միլիոն դրամ, իսկ համախառն շահույթը՝ 460 միլիոն դրամ: «Վայբլ»-ը 2010 թվականին Բնապահպանության նախարարության կողմից ստացել է Սյունիքի մարզի Կարաչիմանի ԱԿԽ-ի երեւակման լիցենզիա:

Արտուր Աթայանը մասնագիտությամբ  ֆինանսիստ-տնտեսագետ է: 1991թվականից ՀՅԴ անդամ է, կուսակցության քաղաքային և մարզային կառույցներում պատասխանատու դիրքեր է զբաղեցրել: 1995 թվականին Ազգային Ժողովի պատգամավորության թեկնածու է առաջադրվել: ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի խորհրդի անդամ է, եղել է պալատի Սյունիքի մասնաճյուղի խորհրդի նախագահ:

Շատ գույք, քիչ փող

Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը հայտարարագրել է 9 միավոր անշարժ գույք՝ երկու հողամաս Երեւանում, 3 հողամաս՝ Կապանում, ինչպես նաեւ մեկական բնակարան, շենք, բնակելի տուն եւ տարածք՝ նույնպես Կապանում:

Լուսանկարը՝ Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից

Հայտարարագրի «եկամուտներ» բաժնում Աշոտ Հայրապետյանը գրառել է 3,4 միլիոն դրամի չափով աշխատավարձ՝ Կապանի քաղաքապետարանից: Հայրապետյանը նաեւ հայտարարագրել է 1,4 միլիոն դրամի չափով դրամական միջոցներ: Հայրապետյանին է պատկանում «Լեվարյուս» ՍՊԸ բաժնետոմսերի 100 տոկոսը: Այս ընկերությունը համագործակցում է «ԻնգոԱրմենիայի» հետ, հանդիսանում նրա գործակալը եւ իրականացնում է ապահովագրական գործունեություն:

Աշոտ Հայրապետյանը նաեւ դուռ-լուսամուտների արտադրություն ունի:

Կապանի քաղաքապետը մասնագիտությամբ մեքենաշինության տեխնոլոգ է: 2001-2002թթ. ղեկավարել է «Հայփոստ» ՊՓԲԸ Սյունիքի մարզային ներկայացուցչությունը: 2002թ.-ից մինչ 2012 թվականն եղել է ընկերության Կապանի փոստային մասնաճյուղի տնօրենը: 2012 թվականի սեպտեմբերի 9-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ընտրվել է Կապանի քաղաքապետ, այս տարվա աշնանը՝ վերընտրվել: 

Մեկնաբանություններ (8)

Արմեն Հեշտիա
Երբեք ՀՀ քաղաքացիություն չեմ ունեցել,ցավոք սրտի:Վրիպելով՝ակամայից վիրավորեցիք:Այնպես որ արդեն գրված մեկնաբանությունս մնում է ուժի մեջ
Վարազ Սյունի
Հայաստանում չապրող մարդը երբեք կոմենտ 4 չէր գրի: Իմ արդեն գրված մեկնաբանությունն էլ մնում է ուժի մեջ: ՀԳ. Շատ ավելի օգտակար կլիներ ի՛մ մասին խոսելու փոխարեն ձեր կարծիքը հայտնեիք հոդվածի բովանդակությա՛ն վերաբերյալ:
Պողոս Սիմոնյան
Պարոն Սյունի, մշտապես կարդում եմ Ձեր գրառումները, որոնցում զգացվու է հայրենիքի հանդեպ ունեցած Ձեր սերը։Մտահոգվում եք Կապանի խղճ ու աղքատ մարդկանց ճակատագրով ու առաջարկում եք հանքերը պետականացնեն, իսկ չգիտեք, որ հայաստանում կա իշխանություն ու իշխանիկներ, որոնք միայն իրենց հարստության մասին են մտածում, պետական միջոցների կառավարումը նրանց խելքի բանը չէ...
Վարազ Սյունի
Հարգելի Արմեն Հեշտիա- ինձ և բազմաթիվ այլ հայերի հայրենիք վերադառնալուն խանգարում է հայաստանյան քրեա-օլիգարխային կառավարման համակարգը: Երբ որ դուք՝ հայաստանցինե՛րդ, վեր կենաք ու պայքարե՛ք սրա դեմ, մենք կվերադառնանք: 5000 դրամով հայրենիք եք վաճառում ու սպասում,որ սփյուռքահայերը պիտի գան ու ձե՛ր փոխարեն ձեր գործը անե՞ն: ՀԳ. Ամեն մարդ ամեն վայրից կարծիք կարող է հայտնել:
Արմեն Հեշտիա
Հարգելի Վարազ Սյունի,կներեք իհարկե,իսկ ինչն է խանգարում ձեզ վերադառնալ հայրենի Սյունիք՝խորհուրդների փոխարեն գործով օգտակար լինելու համար:Արդյոք պետք է հայրենիքը միայն հեռվից սիրել
Վարազ Սյունի
Կապանում էլ դեռ մտածում են, թե քաղաքապետի (կամ ավագանու) հիմնական ֆունկցիան ճանապարհ ու կտուր վերանորոգելն է, կամ քաղաքացիների դիմումներին պատասխանելը: Ավագանու ու հատկապես քաղաքապետի հիմնական ֆունկցիան քաղաքակա՛ն ու համակարգայի՛ն լուծումներ գտնելն է՝ քաղաքի խնդիրների լուծման ու քաղաքը զարգացնելու համար:.............................Կապանում էլ պրոբլեմների խորքային պատճառն այն է,որ համարյա ամեն ինչ հանձնված է մասնավորին: Կապանցիները պիտի պահանջեն,որ քաղաքապետն ու ավագանին ՊԵՏԱԿԱՆ ծառայություններ ու ձեռնարկություններ ստեղծել ձգտեն, որի սեփականատեր կլինի համայնքը: «Փող չլինելը» քաղաքացու պրոբլեմը չէ:
Վարազ Սյունի
Կապանում աղքատության դեմ պայքարելու միայն մեկ ձև է թերևս մնում. կապանցիներին ՊԵՏԱԿԱՆՈՐԵՆ խթանել՝ փոքր ու փոքր-միջին բիզնեսներ բացելու համար: Այսինքն՝ երկարաժամկետ ՊԵՏԱԿԱՆ վարկեր (անտոկոս կամ 1-3%-ով), որի գարանտ (գոնե մասնակի) կլինի հենց պետությունը: Սրա համար պետակա՛ն հատուկ բանկ պիտի ստեղծվի:...............................Կապանը զարգանալու է միայն այն ժամանակ,երբ այդ հանքերի գոնե մի մասի սեփականատեր կդառնա Կապանի քաղաքապետարանը. այսինքն՝ համայնքը: Կամ հանքերի եկամուտների առնվազն 5 %-ը կվճարվի քաղաքի բյուջե՝ ինչպես շատ երկրներում է: Սա անելու համար Կապանին պետք է անկախ և «դուխով» քաղաքապետ (ու ավագանի), որ չգան ու էլի շարունակեն վիզները ծռած փող մուրալ հանքերի օտար տերերից ու շարունակեն թույլ տալ,որ Սյունիքը ենթարկվի հանքային տեռորիզմի: Այսինքն՝ Կապանի ավագանին (քաղաքապե՛տի գլխավորությամբ) բանակցություններ պիտի սկսի ԶՊՄԿ-ի և մյուս հանքային ձեռնարկությունների հետ՝ սա իրականացնելու համար: Կապանի ավագանին (էլի քաղաքապետի գլխավորությամբ) ճնշում պիտի գործադրի նաև ՀՀ կառավարության վրա՝ նույն նպատակին հասնելու համար:
Վարազ Սյունի
Կապանում էլ բիզնեսային օբյեկտներ բացում են հիմնականում (կամ բացառապես) նախկին ու ներկա պաշտոնյաներն ու իրենց հարազատները, կամ դրսում շատ փող աշխատած եզակի մարդիկ: Քաղաքում միջին դասակարգ չկա ու չի ձևավորվում. արդար մրցակցություն ու հավասար պայմաններ չկան: Մե՛կ կուսակցական համակարգում տնտեսություն չի զարգանում: Քաղաքը 2 մասի է բաժանված՝ հարուստների փոքր խումբ… ու օրվա հաց հայթայթողների բանակ:..........................Կապանում ու Կապանի շուրջ այդքա՛ն հանքեր են օր ու գիշեր աշխատում,բայց շարքային կապանցին ամենաանհրաժեշտ գնումները դեռ պարտքով է կատարում: Մի բան սարսափելի կերպով սխալ ու անարդար է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter