HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Ոսկի՞, թե՞ հիվանդածին ապագա Ամուլսարից

Երանուհի Սողոյան

մաս3

Հանքարդյունաբերական շրջաններում աճող սննդամթերքի որոշ տեսակներ հանդիսանում են ուռուցքային հիվանդությունների նախապայման

Էկո կենտրոնի «Սննդի շղթայի ռիսկերի գնահատման տեղեկատվական-վելուծական» կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը Ամուլսարի հանքի գործարկման հետեւանքով ազդակիր համայնքների հողատարածքների եւ այնտեղ աճող բուսականության, պտուղ-բանջարեղենի ծանր մետաղներով աղտոտման մասին խոսելը վաղ է համարում: Վտանգների մասին կարող է խոսել միայն լուրջ, գիտական հետազոտությունից հետո` իսկ հիմա ստացվում է, որ չկա հանք, չկա եւ խնդիր, սակայն դա չի նշանակում, որ պետք է բացառել հնարավոր ռիսկերը: Որքան էլ հանքարդյունաբերողները խոսեն պատասխանատու հանքարդյունաբերության եւ կառավարելի ռիսկերի մասին, գոյություն ունեն նաեւ անկառավարելի ռիսկեր:

«Ամուլսարը ոսկու հանքավայր է եւ այստեղ մարդիկ հիմնական վտանգը կապում են ցինանիդի հետ, որը ցնդող նյութ է: Իրականում պետք է վախենալ այն բոլոր ծանր մետաղներից, որոնք կարող են հանքի գործարկման հետեւանքով հայտնվել հողում, ջրում, անցնել սննդին ու ի վերջո հայտնվել մեր սեղաններին,-նշում է Դավիթ Պիպոյանը,-որպեսզի հասկանանք, թե ինչ փոփոխություն կկրի այդ տարածքներում աճող սննդամթերքը հանքի գործարկումից հետո՝ պետք է ունենանք նույն այդ տարածքների ուսումնասիրության արդյունքները ներկա պահի դրությամբ: Դա հնարավորություն կտա հետագայում խոսել փոփոխությունների մասին համեմատության կարգով: Բայց ինչպես գիտեք նման ուսումնասիրություններ չկան եւ հույս էլ չկա, թե երբեւէ կարվեն պետության կողմից կամ էլ հանքը շահագործող կազմակերպության»:

«Էկո» կենտրոնի աշխատակիցները 2013-2016թթ-ին ուսումնասիրություններ են անցկացրել Սյունիքի մարզի հանքարդյունաբերական Սյունիք գյուղական համայնքի, Կապանի, Քաջարանի, Գեղանուշի, Արծվանիկի պոչամբարի հարակից տարածքներում եւ Լոռու մարզի Ախթալա համայնքում: Սյունիք գյուղական համայնքում հողի մեջ բարձր է եղել կապարի քանակությունը, որոշ վայրերում հայտնաբերվել է սնդիկ, Քաջարանում ծանր մետաղներից գերակշռել է մոլիբդենը:

Փորձաքննության է ենթարկվել 15 անուն պտուղ-բանջարեղեն՝ կարտոֆիլ, լոբի, գազար, բազուկ, կաղամբ, եգիպտացորեն, կանաչեղեն, մոշ եւ այլն: Պատկերը մտահոգիչ է: Թունավոր մետաղների մեծ քանակ է հայտնաբերվել կարտոֆիլի, կանաչիի եւ լոբու մեջ: Ուսումնասիրությունները կատարվել են հաշվի առնելով գործածվող սննդամթերքի սեզոնայնությունը, սննդաբաժնում ներառվող քանակը եւ գործածության հաճախականությունը: Պարզվել է, որ ծանր մետաղներ կուտակելու «ունակություններով» օժտված լոբին սյունեցու սննդի մեջ ամենաշատ գործածվող սննդամթերքի ցանկում գրավում է առաջին հորիզոնականը:

Ուտում են լոբի, որ անհաճո է անգամ որդի քիմքին

«Պարզեցինք, որ շաբաթական մինչեւ 1 կգ լոբի են օգտագործում սյունեցիները՝ դդմիկը, լոբին, կարտոֆիլն ու բազուկը նրանց սեղանին են մշտապես: Երբ նշված սննդամթերքներում առկա ծանր մետաղների հանրագումարայինն ենք նայում, ապա ստացվում է սարսափելի պատկեր,-ասում է Դավիթ Պիպոյանը,-եզակի մթերքներ կային կոնկրետ Սյունիք գյուղական համայնքում, որոնցում առկա թունավոր նյութերի թույլատրելի շեմը գերազանցված չէր՝ դա վարունգն էր, սոխը եւ սխտորը»:

Գիտնականները պարզել են, որ սխտորն անգամ պոչամբարի վրա աճեցնելու դեպքում ծանր մետաղներ չի կուտակում: Սոխի պարագայում խնդիրը մի փոքր այլ է՝ ծանր մետաղներ կուտակվում են միայն կանաչ տերեւներում, իսկ գլխիկի մասը մնում է մաքուր: «Սննդամթերքի տեսակներ կան, որ մենք գործածում ենք ողջ տարին, կան տեսակներ, որոնք սեզոնային են՝ հատկապես միրգն ու հատապտուղը: Սակայն այստեղ էլ կան ռիսկեր, քանի որ տեղի բնակչությունը դրանք վերածում է կոմպոտի և հետագայում օգտագործելով՝ ենթարկվում մետաղների ներազդեցությանը: Այսինքն, եթե ծիրանի կամ մոշի մեջ կան ծանր մետաղներ, ապա կոնսերվացնելով դրանցից չենք ձերբազատվում»,-նկատում է զրուցակիցս:

Ծանր մետաղները մարդու օրգանիզմում ամենատարբեր պաթոլոգիաների պատճառ կարող են դառնալ՝ սկսած խրոնիկ հոգնածությունից մինչեւ երիկամների հիվանդություն: «Ամեն մի էլեմենտ ունի կոնկրետ հիվանդության վրա ազդելու հատկանիշ: Ծանր մետաղները տոքսիկության տարբեր բնույթ ունեն,-նշում է Դավիթ Պիպոյանը,-մի դեպքում ինքը կարող է լինել նեյրոտոքսիկ, մի դեպքում՝ ուռուցքածին, մի դեպքում՝ նեֆրոտոքսիկ եւ ազդել երիկամի, մյուս դեպքում կարող է ալերգիկ ազդեցություն ունենալ: Հիմա ողջ աշխարհում խոսում են ծանր մետաղներով պայմանավորված օքսիդատիվ  սթրեսի մասին, որը հանգեցնում է ուռուցքային հիվանդությունների»:

Lydian Armenia-ի հայտարարությունները, թե իրենք զբաղվում են պատասխանատու հանքարդյունաբերությամբ եւ Ամուլսարի ոսկու հանքի շահագործումը որեւէ ազդեցություն չի ունենալու տարածաշրջանի բնակիչների առողջության վրա, Դավիթ Պիպոյանը համարում է միֆ: «Ես երկրաբան չեմ, սակայն գիտեմ, թե ինչ է նշանակում դրենաժային ջրերի անկառավարելի վիճակ: Ունե՞ն իրենք այնպիսի սարքավորումներ, որոնք կկանխեն թունավոր նյութերով աղտոտված ջրերի խորքային թափանցումը, ունե՞ն տարբերակ անելու այնպես, որ ասենք կապարը չհայտնվի հողում: Երբ կունենան այդ տարբերակները, երբ կկարողանան կառավարել անկառավարելի ռիսկերը, այդ դեպքում կարող են խոսել նաեւ տարածաշրջանում սննդի անվտանգության եւ մարդկանց առողջությանը պատճառվող հնարավոր վնասների չեզոքացման մասին»:

Բնությունը ծանր մետաղներից ինքնամաքրման մեխանիզմ չունի 

Ամուլսարի հանքավայրի գործարկման, հետեւանքների, կառավարելի եւ անկառավարելի ռիսկերի, բնությանը հասցվող անդառնալի վնասների մասին «Հետք»-ը զրուցեց ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, երկրաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Սաղաթելյանի հետ:

-Պարոն Սաղաթելյան, ի՞նչ հետեւանքներ կունենա Ամուլսարի հանքի շահագործումը հարեւանությամբ գտնվող ազդակիր համայնքների  վրա

-Բայց ինչու՞ միայն ազդակիր համայնքների՝ ես կասեի ողջ հանրապետության վրա: Ամուլսարի հանքավայրը հարուստ է առաջին եւ երկրորդ կարգի վտանգավորության տոքսիկ նյութերով, որոնք շատ արագ մոբիլիզացվելու են, հենց որ սկսեն սարը քանդել: Նրանք շատ ակտիվ ներգրավվելու են երկրաքիմիական կազմի մեջ՝ դառնալով դոմինանտ իրենց տոքսիկության հաշվին: Կապանի, Քաջարանի, Արմանիսի բոլոր սուլֆիդային հանքավայրերում մենք այդ երեւույթը ունենք: Քանի դեռ հանքավայրը ձեռք տված չի, հանքանյութն իր բնական վիճակում է, էդ տարրեըը կապված քնած են հանքանյութի մեջ, հենց մենք սկսում ենք քանդել՝ իրանք մոբիլիզացվում են՝ վարակելով ամեն ինչ: Հող-ջուր-բուսականություն համակարգում հիմնական հանքային տարրերը հետին պլան են մղվում սրանց ագրեսիվության դեմ: Բնությունը ծանր մետաղներից ինքնամաքրման մեխանիզմ չունի: Ծանր մետաղների ազդեցությունը մարդու համար անմիջապես զգալի չեն, քանի որ չունեն համ ու հոտ: Տոքսիկ սննդամթերքի օգտագործման ազդեցությունն ի հայտ է գալիս տասնյակ տարիներ անց: Ի հայտ է գալիս ամենավատ ձեւով` քաղցկեղով, եւ ազդում երկու հիմնական գործառույթների վրա` վերարտադրության եւ ժառանգականության: Ծանր մետաղները էմբրիո տոքսիկ են՝ ազդում են հղիների վրա, մուտոգեն են՝ ազդում են ժառանգականության վրա, կոնցեռոգեն են, այսինքն՝ քաղցկեղածին: Փաստացի մենք ունենք էս խնդիրը Հայաստանի տարբեր բնակավայրերում, սակայն դրանք չլուծելով շտապում ենք ստեղծել նորը Ամուլսարի տեսքով:

-Դուք համարում եք, որ Ամուլսարը դանդաղ գործող ականի էֆեկտ ունի Սեւանի համար: Ինչո՞վ է պայմանավորված ձեր դիրքորոշումը

-Ես ուղղակի համոզված եմ, որ հանքարդյունաբերող ընկերությունն իր 450 էջանոց ՇՄԱԳ-ով բավականին հմտորեն շեղում է հասարակության ուշադրությունը անկառավարելի ռիսկերից: Երեք շատ կարեւոր ռիսկերի՝ թթու դրենաժի, տոքսիկ նյութերի մոբիլիզացիայի եւ միկրոսեյսմիկ գնահատում ընկերություն չի իրականացրել: Այդ մասին դուք չեք գտնի նրանց այսպես կոչված լայնածավալ «աշխատության» մեջ: Իսկ դրանք գոյություն ունեն եւ իրենք էլ շատ լավ գիտեն՝ պարզապես չեն ցանկանում անդրադառնալ` հայտարարելով, թե բոլոր ռիսկերը կառավարելի են: Ամուլսարը սուլֆիդային հանքավայր է, որտեղ կա ահռելի քանակով ծծումբ: Բոլոր մակերեւութային ջրերը, տեղումները միանգամից ներծծվելու են բաց հանքի միջով՝ լուծելով իրենց մեջ ծծումբը, որը թափվելու է գետային ցանցի մեջ: Սա անկառավարելի ռիսկ է:

Սուլֆիդային հանքավայրերում թթու դրենաժն ամենամեծ խնդիրն է: Ջերմուկի տարածաշրջանում տեղումները շատ են՝ մոտ մեկ մետր ձյուն  է գալիս: Հաշվարկենք նաեւ էն ջուրը, որ պիտի լցնեն հանքաքարը խոնավացնելու համար: Կոպիտ հաշվարկով մենք գործ ունենք 40 հազար խմ ջրի հետ, որն ուրիշ տեղ չունի գնալու, պիտի գնա գետային ցանց: Որպեսզի այդ վտանգի չափը կամ այդ վտանգը գրանցվեր, իրենք պետք է հետազոտեին հիդրոլոգիական ցիկլերով բնական ջրատարները, ինչը չի արվել: Ընդամենը մի երեք-չորս ամիս գետից նմուշառումներ են կատարել ու դրանով բավարարվել: Կա միջազգային հաստատված մեթոդիկա, որ նմուշները պետք է վերցվեն ըստ հիդրոլոգիական ցիկլերի՝ մոնիթորինգի տեսքով: Լիդիանի հրապարակած ուսումնասիրությունների մեջ դուք ոչ մի տեղ չեք գտնի մակերեւութային ջրերի հիդրոքիմիական կազմը: Ինչու՞, որովհետեւ չի արվել: Նույն խնդիրը կա՝ կապված աղբյուրների հետ: Չկա ուսումնասիրություն, թե որքան աղբյուրներ կան գիպսոմետրիկ հանքավայրից ավելի ներքեւ, ինչ բաղադրություն ու կազմ ունեն, որ հետագայում հնարավոր լինի համեմատության մեջ դնել հանքավայրի շահագործումից հետո նմուշառումներ վերցնելով եւ լաբորատոր քննություն իրականացնելով:

-Ըստ ձեզ, ինչու՞ է Lydian-ը խուսափում անդրադարձ կատարել այս խնդիրներին

Որովհետեւ դա կբարդացներ իրենց կյանքը՝ կթանկացներ շինարարությունը եւ ի վերջո ի հայտ կգար «անկառավարելի ռիսկ» հասկացությունը, իսկ իրենք հայտարարում են, որ բոլոր ռիսկերը կառավարելի են: Չնայած էս վերջերս սկսել են խոսել ռիսկերի փոհատուցման մասին: Եթե չկան այդ ռիսկերը, ապա ի՞նչն եք փոխհատուցելու: Իրենք թթվային դրենաժի մասին չեն խոսում, դրա փոխարեն գրում են ինչ որ փոշու տարածման մոդելի մասին: Գրում են, թե լանդշաֆտը ծածկելու են ծառերով, ինչ որ հազվագյուտ ծաղիկներ են տեղափոխում, բայց չեն խոսում Սեւանի համար ռեալ վտանգի մասին, իսկ դա թթվային դրենաժն է: Ամուլսարի հենց անմիջապես տակը Արփա-Սեւան թունելն է ու ոչ մի տեղ նշված չէ, թե էդ թունելը ինչ մարկայի բետոնով է կառուցված, ինչպես պիտի դիմակայի թթու ջրերին, հաշվարկ չի արվել, թե էդ թթուները ինչ բաղադրություն ու ինչ խտություն կունենան: Ոչ ոք հաշվարկ չի արել, թե որքան ժամանակ կդիմանա թունելը թթուների քայքայիչ ներգործությանը: Բա որ փլվի՞, բա որ 3 տարի էլ չդիմանա, հետո՞…

Նման աչքակապությամբ մենք վտանգում ենք մեր գլխավոր հարստությունը՝ Սեւանա լիճը: Ունենալով այդպիսի ռիսկեր`գնում ենք հանցագործության՝ փոխելով Սեւանի մասին օրենքը: Եթե խախտվի Սեւանի հավասարակշռությունը, ոչ ոք, նույնիսկ լավագույն մասնագետը չի կարողանալու կանխատեսել, թե դոմինոյի էֆեկտով ինչ է լինելու: Դա կարող է հանգեցնել ողջ Արարատյան դաշտավայրի եւ Սեւանա լճի կորստին:

-Արդյո՞ք սա չի նշանակում, որ անտեսվում է «Սեւանա լճի մասին» 2001թ-ին ընդունված ՀՀ օրենքը

-«Սեւանա լճի մասին» մայր օրենքը արտագրված է Բայկալ լճի մասին օրենքից, որ ես էի բերել: Այն ժամանակ Համաշխարհային բանկը պնդեց եւ օրենքում կետ ներառվեց, որ ջրհավաք ավազանում լեռնահանքային ձեռնարկություն կառուցելն արգելվում է: Սեւանա լճի ջրհավաք ավազանը մի տարածք է, որի մակերեւույթի եւ ստորերկրյա ջրերը հոսում են դեպի Սեւանա լիճ: Ջրհավաք ավազանի մաս են կազմում նաեւ Կեչուտի եւ Սպանդարյանի ջրամբարները, Արփա եւ Որոտան գետերի ջրհավաք ավազանները՝ մինչեւ Կեչուտի ջրամբար:

Մենք ժամանակին, կառավարության պատվերով, Սոթքի հանքավայրի համար արեցինք ռիսկերի գնահատում, դուրս եկավ, որ էնտեղի բոլոր ռիսկերը կառավարելի են, ու օգտավետ կլիներ ֆաբրիկայի կառուցումը տեղում, բայց քանի որ դեմ էր Սեւանի մասին օրենքին, ասեցին՝ ոչ: Մենք ցույց էինք տվել, որ վնաս չի լինի, փորձաքննությունն էլ ցույց տվեց, որ շինարարությունը թանկանում է 10 անգամ՝ սեյսմիկ ռիսկի հետ կապված, ու չկառավարելի ռիսկ չկար, նաեւ շահավետ էր, սակայն օրենքը մեջ բերելով՝ մերժեցին: Իսկ այստեղ կա շատ ակնհայտ անկառավարելի ռիսկ, բայց արի ու տես, որ հաստատում են, դա ո՞նց հասկանանք: Ես այսքան ժամանակ մտածում եմ՝ պատասխանը չեմ գտնում: Էդ նույնն է, որ մենք գրենք օրենք, որ մարդ սպանել չի կարելի, հետո կետ ավելացնենք. եթե ինքը ակնոց է կրում՝ իրան կարելի է

Օրենքը, գոնե մինչեւ Ամուլսարը շատ հաջողությամբ կիրառվել է, բայց հիմա տեսնում ենք, որ հարմարեցնում են: Հայտարարությունները, թե հանքը ջրհավաք ավազանում չի՝ կողքն է, մի քիչ ձախ է կամ մի քիչ աջ, դրանք հեքիաթներ են: Էնտեղ փոխվեց, որ պոչհանքը հանվում է Սպանդարյանի ջրամբարից, բերվում է դեպի Գնդեվազ, բայց դե դրենաժը մնա՞ց: Սարն իր տեղում է չէ՞, ոչ մի տեղ չգնաց:

-Արդյո՞ք կվտանգվեն Ամուլսարի հանքավայրի գործարկումով Ջերմուկի հանքային աղբյուրները

-Հարցի պատասխանը միանշանակ չէ: Ես ցավում եմ, որ մենք, որպես գիտնականներ, հնարավորություն չունենք ինքնուրույն հետազոտություն անցկացնելու՝ կապված գումարների հետ, իսկ կառավարությանը խնդիրը կարծես թե չի էլ մտահոգում: Կարող է չազդի հանքում իրականացվող պայթյունների վիբրացիան, բայց ազդի ուլտրաձայնը: Սակայն ռիսկը կա ու դա միանշանակ է: Ստորգետնյա հիդրոհամակարգերրը չափազանց զգայուն են ու չի բացառվում, որ պայթուններից առաջացած ուլտրաձայնային ալիքները խախտեն առկա հավասարակշռությունը: Ամենահասարակ օրինակը բերեմ` մի ժամանակ շլանգով բենզին էին քաշում, որ սխալ էին քաշում՝ բենզինը հետ էր գնում: Նավթային հորերում էլ, եթե սխալ էին անում, փչացնում էին՝ նավթը գնում կորում էր: Հիմա դա կարող է վերաբերել նաեւ հանքային աղբյուրներին:

Ինձ համար տարօրինակ է, որ Ամուլսարի վտանգների հետ կապված չի բողոքում եւ որեւէ անհանգստություն չի ցուցաբերում Հայաստանում հանքային եւ բնական ջուր արտադրող խոշորագույն ընկերությունը: Վատն այն է, որ մերոնք չեն հասկանում, թե ռիսկն ինչ բան է: Ռիսկը երկու բաղկացուցիչ ունի՝ հավանականություն եւ հնարավոր տույժ: Կարող է երեւույթի բացասական լինելու հավանականությունը լինի շատ փոքր, բայց կորուստի արժեքը մեծ եւ հակառակը: Երկու դեպքում էլ, երբ բազմապատկում ենք՝ ստանում ենք շատ մեծ թիվ: Այս պարագայում գուցե հավանականությունը շատ մեծ չէ, բայց կորուստի արժեքը ահռելի մեծ է, արժեքը Սեւանն է կամ ամբողջ հանրապետության բարգավաճումը: Նույնն էլ Ջերմուկի ջուրն է, որի վրա հանքի գործարկումը տեսականորեն կարող է ազդել: Էդքանը բավարար է, որ արգելվի հանքի շահագործումը: Սյունիքի շրջանում մենակ մի 10-15 ոսկեբեր հանքավայր կա՝ սկսած Տերտերասարից, Լիճք-Սվազից, Մեղրու հատվածը, հա էլ կան, ճարնե՞րս է կտրվել, որ կպել ենք Ամուլսարից ու պոկ չենք գալիս: Մենք փորձագետ-գիտնականներ ենք, մենք միշտ խոսում ենք պետական շահերից, իսկ պետական շահ ես այստեղ չեմ տեսնում, դրա փոխարեն տեսնում եմ պետական խոշոր ռիսկ:

-Կան պնդումներ, որ Ամուլսարը նոր հանքավայրը չէ եւ նախկինում էլ է հայտնի եղել, միայն թե այլ անվանումով: Դուք ի՞նչ կասեք

-Մինչ երկրի խորհրդայնացումը հանքավայրը հայտնի է եղել Փողահանք անունով եւ բավական պարզ ձեւով շահագործվել: Անցած դարի 30-ականներին հանքը անվանափոխվել է եւ կոչվել Գյումուշխանա: 1980-ականներին, երբ ցանկություն կար վերսկսելու հանքի շահագործումը, հարց առաջացավ անվանափոխության, որովհետեւ Մոսկվան չէր հաստատում ծրագրին հատկացվող գումարները: Ընտրվեց Կաքավասար անունը: Ասեմ, որ էդ ժամանակ Կաքավասարի երկրաբանական մի ստրուկտուրա կոչվում էր Ամուլսար, ահա թե որտեղից է վերցված ներկայիս անվանումը հանքավայրի, իսկ իրականում դա նույն Փողահանք-Գյումուշխանա-Կաքավասարն է:

 Խորհրդային տարիներին երկրաբանական ծառայությունները մշտապես շահագրգռված են եղել ուռճացնելու ոսկու պաշարները, որ կարողանան հաջորդ տարվա համար եւս ֆինանսավորում ստանալ պետությունից: Եթե կազմակերպությանը չէր հաջողվում ցույց տալ հեռանկարներ՝ հանքի շահագործման հետ կապված՝ ֆինանսավորումը դադարեցվում էր, հետախուզական արշավախումբը փակվում էր: Խորհրդային տարիներին պետությունը շատ խիստ էր մոտենում հարցին, քանի որ ծախսվող գումարները պետական էին: 

-Իսկ ի՞նչ էր տեղի ունենում, երբ ֆինանսավորումից հետո պարզվում էր, որ հանքավայրն իրեն չի արդարացնում՝ պաշարները աղքատիկ են: Հնարավո՞ր է, որ Ամուլասարի դեպքում էլ մի քանի տարի անց նման հայտարարություն լինի:

-Դրա համար միշտ կա երկրաբանական ռիսկ հասկացությունը, թե գիտե՞ք, մենք ծակել ենք՝ էսքան ոսկի ցույց է տվել, բայց տեսեք մեջտեղը բեկվածք կա, դրա համար ոսկին խորության վրա արդեն չկա: Ու ոչ ոք դրա համար չի մեղադրվել կամ գլխատվել, որովհետեւ դա երկրաբանական ռիսկ է: Սովետի ժամանակ նույնիսկ մանրակրկիտ ստուգելուց հետո էլ եղել է, որ կոմբինատը կառուցել են, իսկ հանքավայր չի եղել՝  հաշված պաշարի կեսի կեսն է եղել: Հիմա Ամուլսարի հանքը դարձրել են Բուրատինոյի «հրաշքների դաշտը»՝ խոսում են 70 տոննա ոսկու պաշարի մասին: Ի՞նչ արեցին, 4 ոսկի թաղեցին հողում՝ մի ամբողջ հա՞նք ստացան տեղը: Հիմա ոչ ոք շահագրգռված չէ նրանց ասածները ստուգելու:

Կամ դա մի ահռելի ավանտյուրա է, որ մարդը գլխից ձեռ քաշած անում է՝ ներգրավելով այդ քան գումարներ՝ 370 մլն դոլար եւ հետո էլ 24 մլն վարկ, կամ շատ հեռուն գնացող նպատակներ կան, որ ԱԱԾ-ի խնդիրն է: Սակայն մենք ամեն դեպքում անհանգստանալու լուրջ հիմքեր ունենք, որովետեւ անկախ էն բանից հանքը կշահագործվի, թե չի շահագործվի՝ կարյերը բացվել է, ականը՝ թթուն սկսել է աշխատել ու դա հասնելու է Սեւան: Իրենք կարող են սննկանալ,թողնել գնալ՝ տերն էլ հայտնի չէ, տուժելու ենք էլի ես ու դու: Տալու ենք մեր հարկերը, եսիմ քանի տասնյակ հազար տոննա կավ բերենք, լցնենք, որ էդ ինչ որ ձեւի ջրամեկուսացնեք:

Ինչու չեն անհանգստանում մեր անվտանգության ծառայության աշխատակիցները, թե ովքեր են Լիդիանի իրական տերերը: Օֆշորում գրանցված մի կազմակերպություն, որ չունի փորձ հանքագործության ասպարեզում, եկել ու ուզում է հանք շահագործի՝ սպառնալով մեր երկրի անվտագությանը: Չմոռանանք, որ կազմակեպությունը գրանցված է անգլիական Վիրջինյան կղզում, իսկ անգլիացիները սերտ կապ ունեն ադրբեջանական նավթի բիզնեսի հետ: Գուցե իրենք խնդիր են դրել ապականե՞լ մեր երկիրը: Ախր, շատ են շռայլ ծախսում, դեռ հիմնական գործը չսկսած՝ առանց հաշվելու ծախսում են ինչ-որ բարեգործական ծրագրերի վրա, մենակ թե բերանները փակեն՝ գործը սկսեն:

Մենք հասկանում ենք, որ գնում է քաղաքական ահռելի ճնշում: Ոչ մի հանքավայր դեսպան չի հաճախում՝ դա բարձրաշխարհիկ հավաքույթ չէ: Եթե երկրաբանական օբյեկտ դեսպաններ են այցելում, այն դառնում է քաղաքական օբյեկտ: Իսկ քաղաքականության մեջ պատահականություններ ու զուգադիպություններ չեն լինում: Այստեղ շատ կոշտ ուրիշ օրենքներ են սկսում աշխատել:

Մեկնաբանություններ (5)

Լևոն
Անպայման կարդացեք և տարածեք՝ բացահայտում են մասնագետները․ Մանրունքների հետևում Լիդիանը թաքցնում է Ամուլսարի ոսկու ծրագրի իրական՝ անկառավարելի ռիսկերը, որոնք սպառնում են բնությանն ու մարդկանց առողջությանը։
Արաքս Մարգարյան
Համամիտ եմ հեղինակի հարցադրումների հետ: ՙՙԿամ դա մի ահռելի ավանտյուրա է, որ մարդը գլխից ձեռ քաշած անում է՝ ներգրավելով այդ քան գումարներ՝ 370 մլն դոլար եւ հետո էլ 24 մլն վարկ, կամ շատ հեռուն գնացող նպատակներ կան, որ ԱԱԾ-ի խնդիրն է՚՚, ,, ովքեր են Լիդիանի իրական տերերը: Գուցե իրենք խնդիր են դրել ապականե՞լ մեր երկիրը: Ախր, շատ են շռայլ ծախսում, դեռ հիմնական գործը չսկսած՚՚, ՙՙ Եթե երկրաբանական օբյեկտ դեսպաններ են այցելում, այն դառնում է քաղաքական օբյեկտ: Իսկ քաղաքականության մեջ պատահականություններ ու զուգադիպություններ չեն լինում՚՚: Ստացվում է, որ 370 մլն դոլարով վաճառում ենք մեր անվտանգությունը, մեր սերունդների առողջությունը, երկրի ապագան....
Լևոն
Արմեն Ղազարյան, իսկ կարո՞ղ եք ճիշտ և անկեղծ գիտական հոդվածների տեղերը ասեք, որոնց գրողները Լիդիանի կամ այլ հանքարդյունահանողների կողմից չեն վճարվել
надя
Это ужасно!! материал сам не новый, но на фоне протестов в Амулсаре он вновь актуализировал все эти проблемы:( Мне кажется, нужен новый объективный материал - с новыми героями и новыми экспертами! люди хотят знать правду!!!
Խաչատուր
Էն տպավորությունն է, որ ցանկանում են Հայաստանը դատարկել ու սկսել են գործընթացը կամաց-կամաց թունավորելու մեխանիզմ ներդնելով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter