HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ջայլամների ձախողված բիզնեսից մնացել է Ասլանի ու Նոնայի սերը

Նուրբ ու հմայիչ է Նոնան: Ասլանը բարձունքից անհանգիստ հետևում է Նոնայի նազանքով ընթացքին․․․

Տավուշի մարզի Հաղթանակ գյուղի բնակիչ Սլավիկ Զուռնաչյանը 2006թ. բուծման նպատակով «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով ձեռք է բերել 6 աֆրիկյան ջայլամ: «Ճիշտն ասած՝ ջայլամների գործը մեզ համար արդեն ոչ թե բիզնես, այլ հետաքրքրություն է: Ուղղակի նրանց պահում ենք հաճույքի համար: Որպես բիզնես ջայլամների բուծման գործում հաջողություններ չունեցանք»,- այգու ճանապարհին ասաց Սլավիկի որդին՝ Գեղայր Զուռնաչյանը:

Սլավիկը ջայլամներից 4-ին վաճառել է: Մնացած երկուսին՝ Ասլանին և Նոնային, Սլավիկը պահում է Հաղթանակ գյուղի տարածքում գտնվող հոնի իր այգիներում:

Գեղայր Զուռնաչյանը

Գեղայրի ասելով՝ ջայլամների բուծման բիզնեսը հոյակապ գործ է: «Նախ՝ ջայլամի միսը հազվագույտ տեսակի է, օգտակար է խոլեստերինով հիվանդ մարդկանց համար ու բավականին թանկ է, շուկայում կիլոգրամը մոտ 6-7 հազար դրամ է, 20-25 դոլար էլ ջահել ժամանակ են ասում: Ջայլամի փետուրներն էլ են օգտակար, եղունգներն օգտագործվում են կոշիկի արտադրության մեջ: Կաշին չափազանց դիմացկուն է: Ջայլամի ճուտը մինչ 1 տարեկանը մոտ 40-45 կգ միս է տալիս: Հիմա մեր ունեցած ջայլամներից յուրաքանչյուրը մի 60 կգ մաքուր միս կունենա, 100-120 կիլոգրամ կենդանի քաշ ունեն: Տարիքով մեր ջայլամները 15 տարեկան են, ապրում են մարդու չափ՝ համարյա 70 տարի։ Ջայլամի ձվի համը հավի ձվի նման է: Կալորիականությունն է բարձր: Հետաքրքիր է ուղղակի ջայլամի ձու ուտելը: Նրա ձվի  կեղևով բավականին հետաքրքիր հուշանվերներ են պատրաստում: Էգ ջայլամը 2-3 օրը մեկ անգամ մեկ ձու է ածում»,- պատմում է Գեղայրը:

Զառիվեր ճանապարհը հաղթահարելուց հետո հայտնվեցինք Սլավիկ Զուռնաչյանի այգում: Հեռվում՝ այգու բարձրադիր տեղանքում, աչքի էր զարնում հասուն կիպարիսների շարքը: «Հայրս է տնկել այդ ծառերը»,- ասաց Գեղայրը: Կիպարիսների հարևանությամբ գտնվող շինություններից մեկում են ապրում ջայլամները: Գեղայրը ջայլամների հարձակումից զգուշանալով՝ մեզ չուղեկցեց այնտեղ:

Կիպարիսների բարձունքի և հոնենիների այգու արանքում ընկած ձորակում բնական  աղբյուրներից և անձրևներից գոյացած լճակ կա: «Լճի ջուրն օգտագործում ենք ոռոգման նպատակով»,- բացատրեց Գեղայրը: Հոնի բերքատու ծառերը տնկված են մոտ 3 հա-ի վրա: Գեղայրի ասելով՝ մյուս 3 հա–ի վրա հոնի նոր այգիներ են գցում:

Ջայլամները չէին երևում: Գեղայրը ցածր ու մեղմ սուլեց: Զարմանալիորեն, գրեթե անլսելի ցածր սուլոցից վայրկյաններ անց բարձունքին հայտնվեց ջայլամներից մեկը: Ջայլամը սև է, պոչը՝ սպիտակ, հետույքից վերև մոխրագույն բմբուլի փոքր փնջով:

«Ասլանն է»,-ասաց Գեղայրը: Վերջինս ինձ զգուշացրեց հեռու մնալ արու ջայլամից։ «Նրանք  հարվածում են, շատ վտանգավոր են»,- բացատրեց Գեղայրը: Հազիվ 50 մ բարձրությամբ բլրի լանջով, հպարտ ու ամբարտավան կեցվածքով դեպի լճակն է իջնում Ասլանը: Նոնան չի երևում: Անցնելով լճակի կողքով՝ Ասլանը մոտեցավ հենապատին, որի վրա ես և Գեղայրն էինք կանգնած: Ասլանը սև ու խոշոր աչքերը հառել է Գեղայրին: Ասես նրա խոսքին է սպասում: Սպիտակ դուրս ցցված երկար պարանոցին «թառած» է փոքր գլուխը: Հանդգնություն կար արու ջայլամի աչքերում:

«Արուի  ագրեսիվությունը պայմանավորված է նրանով, որ ինքը ընտանիք ունի, շատ է սիրում իր ընտանիքը: Սա Ասլանի տարածքն է, և ինքը հսկում է իր տարածքը»,- ասաց Գեղայրը: Վերջինիս խոսքով՝ ջայլամները զինվորի պես են հսկում այգին: «Գիտե՞ք ոնց է, օրինակ, էս 3 հա տարածքում, մենք ահագին ունեցվածք ենք ունեցել, տարբեր տեսակի, տարբեր ձևերով կարող եք հասկանալ այդ ունեցվածքը: Անընդհատ գողություն էր կատարվում այստեղ: Պահակ չենք ունեցել: Մեր գնալ-գալը քիչ է եղել: Հետո, երբ ձեռք բերեցինք ջայլամներին, էս 8 տարի է՝ այգուց մի հատ չոփ էլ չի կորչում: Ժողովուրդը վախենում է ջայլամներից: Նրանք մեկ-երկուսին լավ բշտել են: Դաս է եղել: Ինձ էլ են բշտել, միայն հորս են հարգանքով վերաբերվում: Մենք շատ գոհ ենք ջայլամներից»,- պատմեց Գեղայրը:

Մի քանի րոպե կանգնելուց հետո Ասլանը հասկացավ, որ անելիք չունի: Նորից բարձրացավ կիպարիսների իր տիրույթը: Այն ընթացքում, երբ մենք հիացած հետևում էինք Ասլանի ընթացքին, Նոնան այդպես էլ չերևաց: Ցանկությունս մեծ էր էգ ջայլամին տեսնելու: Վստահ էի, որ նա ավելի գեղեցիկ է լինելու: «Նոնան Ասլանից տարբերվում էր իր փետուրներով: Նոնան մոխրագույն է, մի քիչ Ասլանից ցածրահասակ է ու խելոք, չափից դուրս խելոք»,- հետաքրքրությունս փորձեց փարատել Գեղայրը: Նկատելով, որ անվերջ կիպարիսների ուղղությամբ եմ նայում, Գեղայրը նորից մեղմ սուլեց, ապա կրկին ցածր ու քնքույշ ձայնով կանչեց. «Նոնա, Նոնա: Երևի Նոնան մեզ չի նկատել, թե չէ անպայման  կիջներ»: Վայրկյաններ անց բարձունքի վրա երևաց Նոնան:

Բնությունը հետաքրքիր տարբերակում է դրել արու և էգ ջայլամների միջև: Նոնայի ամբողջ կեցվածքում քնքշություն ու նազանք է: Նոնան գլուխը կախ արածելով՝ ընթանում է դեպի մեզ: Նրա մոխրագույն, առատ բմբուլներով պատված մարմինը քայլելիս ճոճվում է բարակ ոտքերի վրա:

Ասլանը բարձունքից հետևում է իր Նոնայի նազանքով ընթացքին: Նոնան նույնպես մոտեցավ  հենապատին: Նոնան մի փոքր շրջեց լճի տարածքում, ապա վերադարձավ իր արուի մոտ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter