HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Էլեկտրիկ Երևան»-ի ժամանակ լրագրողների նկատմամբ բռնություն գործադրած ոստիկաններն ընդունել են իրենց մեղքը

Ամալյա Մարգարյան

2015թ. «Էլեկտրիկ Երևան» շարժման ժամանակ ոստիկանության բռնի գործողություններից տուժած լրագրողներն ընդդեմ ոստիկանության աշխատակիցների գործով դատական նիստի ընթացքում այսօր կատարվեցին փաստաթղթերի ուսումնասիրություններ, դատարանը ամփոփեց և ներկայացրեց երկու հատորանոց դատական գործը, ուսումնասիրվեցին նաև իրեղեն ապացույց հանդիսացող ֆոտոխցիկը և ջարդված օբյեկտիվը, ինչպես նաև՝ բջջային հեռախոսը:

Դատական կողմերը նիստի ընթացքում եկան այն եզրակացության, որ տեսաձայնագրություններն ուսունասիրելու կարիք չկա, քանի որ ամբողջը ներառված է արձանագրություններում:

Ամբաստանյալներից Դավիթ Փերիխանյանը դատարանին խնդրեց հրապարակել իր նախաքննական ցուցմունքները և ընդունելով իր մեղքը` ևս մեկ անգամ ներողություն խնդրեց տուժողներից:

Դատավորը հրապարակեց նախաքննական ցուցմունքերը, որտեղ նշվում էր, որ Դ. Փերիխանյանը հետաքրքրությունից դրդված է եղել դեպքի վայրում, որոշել է գնալ Բաղրամյան պողոտա և տեսնել` ինչ է կատարվում: Ոստիկանության աշխատակիցը եղել է քաղաքացիական հագուստով, չի եղել ծառայության մեջ:

«Կատարվող գործողություններին չէի մասնակցում, կողքից հետևում էի այդ ամենին և ոչ մի ցանկություն չունեի միջամտել կատարվող գործողություններին, ոչ էլ այդ ժամանակ ծառայության մեջ էի: Մոտ հինգ րոպե հետո նկատեցի, որ ցուցարարներից մեկի ձեռքին ոստիկանական թափանցիկ վահան է և հասկացա, որ այն վերցվել է ինչ-որ ոստիկանից, մոտեցա ցուցարարին, նա առանց դիմադրության ինձ տվեց վահանը և հեռացավ: Քանի որ չգիտեի՝ ում էր պատկանում վահանը, թողեցի ինձ մոտ»,- իր նախաքննական ցուցմունքում գրել է մեղադրյալը:

Ոստիկանության աշխատակիցը նշում է, որ Ազատության պողոտայում հավաքվածները սկսել են հայհոյանքներ հնչեցնել ոստիկանների հասցեին: «Չնայած քաղաքացիական հագուստով էի, բայց հնչեցված արտահայտություններից ինքս էլ էի վիրավորվում»,- ցուցմունքում գրել է մեղադրյալը:

Բերման ենթարկելիս նկատել է անծանոթ լրագրողին, ով մոտիկից նկարել է իրեն:

«Պահի տակ բարկացա և պահանջեցի, որ ապարատը մի կողմ տանի, նա չարեց, ես էլ շտատիվից բռնեցի և նրա ձեռքից վերցնելով՝ տեխնիկան հարվածեցի գետնին»:

Շարունակելով ցուցմունքը՝ նա նշել է, որ գետնին գցելուց հետո ոտքով հարվածել է տեսախցիկին, վերցրել այն ու հեռացել: Քիչ հետո տեսախցիկը թողել է Օպերայի եւ բալետի թատրոնի շենքի աստիճանների վրա:

Մյուս ամբաստանյալները ևս ընդունեցին իրենց մեղքը և դատարանին խնդրեցին հրապարակել նախաքննության ընթացքում տրված ցուցմունքները:

Դատական նիստի ընթացքում «Ուտոպիանա» ՀԿ-ի ներկայացուցիչ Դավիթ Գյուրջյանը հանդես եկավ միջնորդություններով: Առաջին միջնորդությամբ փաստաբանը պնդում էր, որ կատարվեն իրեղեն ապացույց հանդիսացող ֆոտոխցիկի լրացուցիչ փորձաքննություններ, քանի որ երկու եզրակացություններում կան հակասություններ: Խնդրեց ճշտել նաև` որքա՞ն են կազմում ֆոտոխցիկի մինչվնասվածքային, հետվնասվածքային արժեքները:

Երկրորդ միջնորդությամբ Գյուրջյանը խնդրեց դատարան հրավիրել վկա, «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Հովհաննես Մովսիսյանին և ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Լևոն Երանոսյանին:

Երկու միջնորդությունների կապակցությամբ էլ դատախազն առարկեց: Հաջորդ նիստի ընթացքում կլսեն վկա Հովհաննես Մովսիսյանին, իսկ խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո դատավորը կհրապարակի որոշումը: Դատական նիստը տեղի կունենա հունվարի 20-ին:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Տաճատ Նորատունկյանին,Արթուր  Այվազյանին, Կոստան  Բուդաղյանին, Դավիթ Փերիխանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք, հանդիսանալով պաշտոնատար անձ, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ 2015թ. հունիսի 23-ին Ազատության հրապարակում խոչընդոտել են լրագրողներ Հայկ  Բադալյանի, Խաչատուր Եսայանի Աշոտ Բոյաջյանի,Արթուր Պապայանի մասնագիտական օրինական գործունեությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter