HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպիտակի խնամքի տունը. հոգեբուժարանից հետո էլ կյանքը հնարավոր է վերականգնել

Այս պատմությունը Սպիտակի խնամքի տան և դրա բնակիչների, նրանց կենցաղային պայմանների մասին է: Այս փորձնական ծրագիրը միտված է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց հասարակական կյանք վերադարձնելուն:

Սիրանուշը սպիտակ թուղթն ու սև մատիտը վերցնում է ու մեղմ, հազիվ լսելի ձայնով դիմում ինձ.

-Արի քեզ ծիտիկ նկարել սովորեցնեմ:

-Ահա:

-Ով գալիս է էստեղ, բոլորին ծիտիկ նկարել ա սովորեցնում,- կողքից ասում են աշխատողները:

-Բայց որ սովորեցնեմ, մի «պաչկա» կոֆե պիտի բերես:

-Հարց չկա, բայց որ սովորեմ, մենակ էդ դեպքո՞ւմ կոֆեն պիտի բերեմ:

-Դե ոնց ուզում ես: Կատակ եմ անում: Ուրեմն, սկզբից մի մեծ կետ ես դնում, վերևը խուճուճներ ես անում, հետո շարունակությունը տես... Բայց էս ամբողջ ընթացքում մատիտը պիտի չքաշես, էդ կետից պիտի սկսես ու ավարտես նկարը: Կոֆեի մասին կատակ էի անում, գիտես:

Երկուսով ծիծաղում ենք: 52-ամյա Սիրանուշը 10 տարուց ավելի եղել է Վարդենիսի հոգեբուժարանում: 6 ամիս է՝ ապրում է Սպիտակի խնամքի տանը: Այս ամիսներին, ասում է, տարբերությունն ակնհայտ է. կամաց-կամաց ոտքի է կանգնում, նույնիսկ հագուկապն է փոխվել, դիմահարդարվում է: Նաև ձեռագործ աշխատանքներով է զբաղվում: Ցույց է տալիս իր գործած մանկական գլխարկը, ժիլետը, գուլպաները:

Նրան տեսակցելու է գալիս միայն ամուսինը, երկու որդիներին 14 տարի չի տեսել: Թոռնիկ ունի: Խնամքի տան տնօրեն Բավական Պետրոսյանը պատմում է, որ Սիրանուշը ցուցահանդեսներին վաճառված գործերի գումարով, կոպեկ-կոպեկ հավաքելով, թոռնիկի համար ոսկե խաչով շղթա է գնել: Ծանոթ են գտել, ուղարկել նվերը:

Սիրանուշը հիշում է, որ երկրաշարժի ժամանակ հաշվապահ էր աշխատում կարի ֆաբրիկայում: Ասում է՝ գործարանի շենքը չփլվեց, իրենք կենդանի մնացին, բայց երկրաշարժի հետևանքով կորցրեց մորը, հարազատներին: Մոր մահը ծանր է տարել, դրանից հետո աչքերն են սկսել ուժեղ ցավել: Համենայն դեպս, այսպես է ներկայացնում, կարճ ժամանակ անց ավելացնում է, որ դրանից հետո էլ հայտնվեց Վարդենիսում:

«Երազանքե՞րս. առաջինը, որ էրեխեքիս հետ ապրեմ, գնամ, երջանիկ լինեմ, իրենք առողջ լինեն, էդքան բան: Դժվար պայմաններ են, գիտեմ, բայց պատահում է, որ էդքան մոտիկ եմ տղուս հետ, զանգում եմ, անջատում ա, երևի հնարավորություն չունի, որ հետ զանգի, կամ մարդ ա լինում մոտը, հարմար չի լինում խոսելը կամ ռուլը պտտում ա, էդ մոմենտին եմ զանգում... Բայց հետո զանգում ա...»,- նշում է Սիրանուշը: Տնօրենն ավելացնում է, որ նա միշտ հասկանում է հարազատներին, արդարացնում է նրանց, իսկ նրա՞նք…

Մեր զրույցի ընթացքում անընդհատ հարցնում է, թե երբ են իրեն տուն ուղարկելու: Տնօրենն ասում է, թե որքան էլ խնամքը լավ է, բնական է, որ մարդը միշտ ձգտում է ապրել իր տանը, թեկուզ այն խրճիթ լինի: Գայանեն ավելացնում է, որ թեկուզ վանդակը ոսկուց լինի, միևնույնն է՝ այն վանդակ է: Հետո ասում է՝ բայց իրենք վանդակի մեջ չեն, իրենք ազատ են: Տիկին Բավականը շարունակում է միտքը, որ եթե բարեկամներից մեկը ցանկություն հայտնի տանել ու խնամել իրենց հարազատին, հաստատապես թույլ կտան, սակայն մինչ օրս նման ցանկություն դեռ չեն հայտնել:

Որ ինքնուրույն ապրեմ...

Գայանեն նախասրահի գրադարակում ցույց է տալիս նախագահ Ռուզվելտի մասին գիրքը, նոր է սկսել կարդալ: Դրանից առաջ Դրայզերի «Ամերիկյան ողբերգությունն» էր կարդում: Օրվա մեջ մի քանի ժամ ընթերցանությամբ է զբաղվում, բայց ավելի շատ սիրում է ձեռագործ աշխատանքը:

Գայանեն ու Աննան

Ավարտել է պոլիտեխնիկի ռադիոմեխանիկայի բաժինը: Աշխատել է մի քանի գործարաններում: «Հետո, երբ փակվեցին գործարանները, մատուցող էի աշխատում, հետո՞... հետո ընկա հոգեբուժարան: 14 տարի էնտեղ եմ եղել»,- պատմում է Գայանեն: Ասում է՝ իրեն փակի տակ պահեցին, որպեսզի հայրական տունը վաճառեն: Մորեղբայրը Երևանում գտնվող 3-սենյականոց տունը վաճառել էր, գումարը վերցրել, գնացել արտերկիր: Հետագայում դատական գործ է հարուցվել: Այժմ Գայանեն միսենյականոց բնակարան ունի Երևանում, սակայն դեռևս չի տեսել այն: Տնօրենն ասում է, որ անպայման տանելու են, որ իր բնակարանը տեսնի:

Բավական Պետրոսյանը, Գայանեն, Աննան, Սիրանուշը

Գայանեն շատ ուշադիր է իր արտաքին տեսքի նկատմամբ: Մազերը վերջերս են կարճ կտրել, ասում եմ՝ սազում է, ժպտում է: Հետո անկեղծանում է, ասում է՝ գիտես, նաև սիրում եմ, որ դիմահարդարումս տեղը տեղին լինի: Կարմիր շրթներկ ու կարմիր լաք է քսել եղունգներին: Իսկ ամենավառը նրա խոսքն է՝ գրագետ, մտածված ու հանդարտ հնչերանգով: Ասում է՝ կյանքում ամեն ինչ կարող է պատահել, եւ երբ մարդը հայտնվում է հասարակությունից մեկուսացած տեղում, դա դեռ չի նշանակում, որ նա խելագար է: Գայանեի երազանքն ինքնուրույն կյանք վերադառնալն է, և երբ հիմա Սպիտակի տանն է, հասկանում է, որ երազանքը շուտ է իրագործվելու: Մի օր կգնա իր տուն, աշխատանք կգտնի ու կապրի: Միայն թե այս տարիներին կորցրել է վստահությունը մարդկանց նկատմամբ, ինչը գուցե մի օր կվերականգնվի:

Հնդկաստանից ու աֆրիկյան երկրներից մինչև Սպիտակ

38-ամյա Վահագնը ավարտել է Մոսկվայի բժշական համալսարանը, ֆելդշեր-լաբորանտ է, հետո շարունակել է կրթությունը հոգեբանի մասնագիտությամբ, սակայն կիսատ է թողել:

Երևանում է ծնվել, ապա մոր հետ տեղափոխվել են Թբիլիսի, որտեղ 12 տարի ապրելուց հետո գնացել են Ռուսաստան: Այստեղ սկսել են զվբաղվել առևտրով, հիմնականոմ հագուստ էին վաճառում: Մոր մահից հետո, ասում է, անկումային հոգեվիճակում էր, շատ դժվար էր ուշքի գալը: Դրանից հետո գնացել է Հնդկաստան, աֆրիկյան երկրներ: Ասում է՝ մինչ օրս էլ իրեն հետաքրքրում է բուդդիզմի փիլիսոփայությունը: «Միշտ երազում էի տեսնել եգիպտական բուրգերը, անապատում լինել, մի տեղ կարդացի, որ անապատը զարմանալի տեղ է, գնացի, եղա, և ինչ ասեմ՝ իսկապես, զարմանալի տեղ է: Բուրգերն էլ է տեսա»,- նշում է նա:

«Հետո ի՞նչ եղավ»,- հարցնում եմ նրան: «Հետո՞... հետո հարևանը բողոքել էր ինձնից, երևի դուր չէի գալիս իրեն, ու չգիտեմ էլ՝ ինչից բողոքեց, եկան տարան ինձ հոգեբուժական դիսպանսեր: Դրանից հետո մոտ 10 տարի անցկացրեցի Սևանում ու Վարդենիսում»,- պատմում է նա:

Մոսկվայում ամուսնացած է եղել, մեկ աղջիկ ունի, սակայն Հայաստան գալուց հետո որևէ կապ չի ունեցել նրանց հետ, լսել է, որ կինը երկրորդ անգամ է ամուսնացել:

Երբ խոսում ենք երազանքների, նպատակների մասին, մի քանի վայրկյան լռությունից հետո Վահագնը ասում է. «Ուզում եմ ադեկվատ վիճակի բերեմ ինձ, հասարակությանը օգուտ բերեմ, ոսկե միջինը գտնեմ, կամ էլ լինեմ այնպիսին, ինչպիսին կամ, չձգտեմ հասնել սուպեր հնարավորությունների և ունակությունների: Աշխատեմ իմ սիրած գործով, ընտանիք կազմեմ, երեխաներ ունենամ: Հայերեն կսովորեմ մինչև էստեղից գնալը, հետո երևի Մոսկվա կգնամ, որովհետև էստեղ գործ չեմ գտնի ռուսերենով»:

Երբ ավարտում ենք զրույցը, ներս է մտնում բնակիչներից Աշոտը՝ նոր պիջակ է նվեր ստացել տնօրինությունից: Առհասարակ այստեղ հարաբերությունները բավականին ընտանեկան ու ջերմ են, և տնօրեն հասկացությունը մի տեսակ խորթ է: Նրան հիմնականում դիմում են «Բավական քույրիկ»: Աշոտը ներկաներին պատմում է, որ երբ մեզ եկել էր դիմավորոելու, իրեն հարցրել էի, թե արդյոք Սպիտակի տանն է աշխատում, պատասխանել էր, թե չէ, չի աշխատում, հանգստանում է: Բոլորս ծիծաղում ենք: Աշոտը լավ շախմատ է խաղում, Երևանից է: Հրապարակային խոսել չի սիրում:

«Ընտանիքը»

Խնամքի տան դարպասի դուռը կողպված չէ, պատուհաններն առանց ճաղավանդակների են: Բնակիչներն ազատ տեղաշարժվելու հնարավորություն ունեն, ելումուտ են անում, կարող են գնալ խանութ, բայց առայժմ խնամակալի ուղեկցությամբ: Այստեղ բնակվում է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող 10 մարդ: Նրանք նվազագույնը 10 տարի անցկացրել են Հայաստանի տարբեր հոգեբուժական հաստատություններում:

Խոհանոցում նոր թխված խմորեղենի հոտն է տարածվել, նախասրահում մի քանիսը հեռուստացույց են դիտում, ոմանք արտ-թերապիայի սենյակում ձեռագործով են զբաղված: Ասում են՝ այստեղ այնքան համեղ ճաշեր են տալիս, որ նույնիսկ տանը չեն կերել: Վերջերս էլ խաշ են ցանկացել, դա էլ են պատրաստել: «Օրն սկսվում է այնպես, ինչպես ցանկացած ընտանիքում»,- ասում են բնակիչներն ու աշխատողները:

Այսօր Սպիտակի տունը 16 աշխատակից ունի: Խնամակալներից մեկն ասում է՝ օր է հաշվում, որ իր հերթափոխը լինի: Աշխատելու առաջին նախապայմանը, ըստ նրանց, լավ մարդ լինելն է, գործը սիրելը, բնակիչներին հարազատի պես ընդունելը: Երկուստեք է հարազատությունը: Սակայն մինչ աշխատանքի անցնելը աշխատակիցներն անցել են վերապատրաստման դասընթացներ:

7 ամսվա աշխատանք

Սպիտակի խնամքի տունն սկսել է գործել այս տարվա մայիսից: Նախագծի հեղինակը Հայաստանի գլխավոր հոգեբույժ, Հայաստանի հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանն է: Ծրագիրն իրականացվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ: Ծրագրի նախագահը Վահագն Մաժինյանն է:

Նախագիծը հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց համար այլընտրանքային խնամքի կազմակերպումն է: 10 բնակիչներին ընտրելու համար, ըստ տնօրենի, հանձնաժողով է ձևավորվել, հաշվի են առնվել նրանց հաղորդակցվելու հնարավորությունները, պահպանված որոշակի հատկանիշները, որոնք ժամանակի ընթացքում կարող են կատարելագործել՝ նրանց վերադարձնելով հասարակական կյանք:

Բավական Պետրոսյանը շեշտում է, որ այս փորձնական ծրագրի նպատակը հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց կյանք վերադարձնելն է: Սա այլընտրանքային խնամքի տարբերակ է, երբ ընտանեկան միջավայրում ապրելով՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդիկ աշխատում են, ստեղծագործում՝ ձգտելով վերադառնալ ինքնուրույն կյանք: «Խոսքի ուժն ազդում է նույնիսկ հոգեկան առողջ մարդկանց վրա: Արդեն 30 տարի գիտեմ այդ բառերի ուժը: Բառերի ուժով մենք միշտ կյանք ենք վերադարձրել մարդկանց»,- ասում է տնօրենը:

Ֆինանսական դժվարություններ

Բավական Պետրոսյանը պատմում է, որ խնամքի տան շենքն իտալացիների կառուցածն է, վերանորոգվել է Սպիտակի քաղաքապետարանի աջակցությամբ, իսկ ծրագիրը ֆինանսավորել է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպությունը: Ըստ տնօրենի՝ գալիք փետրվարից հայտնվելու են փաստի առաջ, քանի որ ֆինանսավորումը նախատեսված է մինչ այդ ամիս: Քանի որ նման խնդիր է լինելու, աշխատակիցների կրճատումներ են լինելու: Իսկ թե հետո ի՞նչ կլինի, չեն կարող ասել: Ամենից շատ չեն պատկերացնում բնակիչների վիճակը, եթե ծրագիրը դադարեցվի: Սպիտակի խնամքի տունը հաշվեհամար է բացել ծրագրին աջակցելու համար:

Բնակիչները նախասրահում մեզ հրաժեշտ են տալիս: Հարցնում են՝ մեզ էլի հյուր կգաք, չէ՞:  Ասում ենք՝ հաստատ, մի օր նորից գալու ենք: Տիկին Բավականն ավելացնում է, որ իրենց մոտ առաջին անգամ եկողը միշտ ցանկանում է վերադառնալ: 46-ամյա Աննան, որ Արմավիրի մարզի Երասխահուն գյուղից է, գրկում է ինձ հրաժեշտին, նորից հարցնում է՝ գալո՞ւ ես, հետո թե՝ մեզ թողնելու են տուն, չէ՞, մենք արդեն բուժվել ենք: Աննան երկու աղջիկ ունի, 4 թոռնիկ, ամուսինը երկրորդ անգամ է ամուսնացել: Աղջիկները այցելում են մորը:

Տան բոլոր բնակիչներն էլ ցանկանում են վերադառնալ իրենց ընտանիքները: Սակայն դեռևս որևէ ընտանիք պատրաստակամություն չի հայտնել ընդունելու իր հարազատին: Տանը ծրագրեր շատ կան՝ հնարավորություններն ընդլայնելու դեպքում ուզում են կարի մեքենա գնել, մարզական սարքեր տեղադրել, հողամասը մշակել և վերականգնել Վահագնի կիսատ թողած կրթությունը Մոսկվայում:

Նախասրահում մինչև առաստաղը հասնող տոնածառն է: «Ընտանիքով» են զարդարել: Տնօրենն ասում է, որ հունվարի մեկի առավոտյան Ձմեռ պապի նվերներն են գտնելու ծառի տակ:

Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter