HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԵՊԲՀ-ի 22-րդ ռեկտոր ընտրվեց Արմեն Մուրադյանը

 Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում այսօր կայացել է Հոգաբարձուների խորհրդի թիվ 9-րդ նիստը: Այս մասին տեղեկացնում է համալսարանը: Նիստի օրակարգում մեկ հարց է եղել՝ ռեկտորի ընտրությունը: Ռեկտորի պաշտոնակատար և առաջադրված միակ թեկնածու Արմեն Մուրադյանը հակիրճ ներկայացրել է բուհի զարգացման իր տեսլականը, այնուհետև պատասխանեց խորհրդի անդամների հարցերին: Հոգաբարձուների խորհրդի 32 անդամներից, ըստ հաղորդագրության, նիստին ներկա է եղել 30-ը: Նիստի օրակարգի համաձայն՝ Արմեն Մուրադյանը ներկայացրել է բուհի զարգացման իր ծրագիրը, ըստ որի՝ բժշկական համալսարանն ունի զարգացման 3 հիմնական ուղղություն, դրանք են՝ կրթությունը, բժշկական ծառայությունները և գիտությունը։

Ծրագրի համաձայն՝ կրթության զարգացման նպատակն է հիմնադրամի կրթական մակարդակի բարձրացումը և միջազգային որակի կրթություն տրամադրումը, որի շնորհիվ հնարավոր կլինի հիմնադրամի կրթական օջախները դարձնել տարածաշրջանային կենտրոններ։ Բացի այդ, նախատեսվում է ոչ միայն ավելացնել արտասահմանցի ուսանողների թիվն արդեն իսկ ծանոթ երկրներից, այլև նոր երկրներից ներգրավել ուսանողներ։ Բժշկական ծառայությունների զարգացման հիմնական նպատակն է զարգացնել բժշկական զբոսաշրջությունը՝ տրամադրելով ծառայություններ, որոնք գնային և որակական ցուցանիշներով մրցունակ կլինեն միջազգային շուկանում։ Տվյալ նպատակը իրականացնելու համար նախատեսվում է բարելավել բժշկական ծառայությունների որակը՝ համապատասխանացնելով դրանք միջազգային ստանդարտներին, ինչպես նաև ավելացնել առաջարկվող ծառայությունների ցանկը։

Կարևորելով գիտության դերը, ինչպես կրթության այնպես էլ բժշկական ծառայությունների զարգացման մեջ՝ հիմնադրամն իր առջև նպատակ է դրել զարգացնել գիտական ներուժը՝ դառնալով գիտաբժշկական կենտրոն։ Ամփոփելով նիստը` Հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Աշոտյանը շնորհավորել է նորընտիր ռեկտորին՝ նշելով, որ Խորհուդը պատրաստակամ է հնարավորինս աջակցել բուհի նոր ղեկավարին, կոլեկտիվին և ուսանողությանը` կրթական, գիտական, առողջապահական ու վարչարարական բոլոր ծրագրերի իրականացման գործում:

Նշենք, որ կայացած փակ գաղտնի քվեարկության արդյունքում 29 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ Արմեն Աբգարի Մուրադյանն ընտրվեց Երևանի պետական բժշկական համալսարանի 22-րդ ռեկտոր:

լուսանկարը` www.ysmu.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter