Կիրակի, 23 սեպտեմբերի

Այս մոլորակում դու մենակ չես, պինդ կաց



«Everybody Hurts» երգում ամերիկյան հայտնի «R.E.M» ալտերնատիվ ռոք բենդը բարձրաձայնում է 90-ականներին մեծ տարածում գտած մի կարևորագույն խնդրի մասին՝ դեռահասների ինքնասպանության:

Ասում են, որ այս երգն իր լայն մասսայականությամբ մեծ ներդրում է ունեցել աշխարհի տարբեր երկրներում ահագնացող այս խնդրի լուծման դեմ պայքարում: Խմբի բոլոր անդամներն, անխտիր, իրենց մասնակցությունն ունեցան երգը հնարավորինս ուղիղ, պարզ և ընկալելի հասցեագրելու գործում, որպեսզի յուրաքանչյուրը՝ անկախ պատճառից կամ հոգեբանական ճգնաժամի առանձնահատկությունից, նախ՝ լսել կարողանա ու, ապա՝ հետևություններ անի: Այլ կերպ ասած՝ երաժիշտներից յուրաքանրյուրն ազնվորեն նվիրվեց «Everybody Hurts»-ի առաքելությանն ու պարզ ասաց, որ ինքը մտահոգված է,  խիստ մտահոգված:

«Երբ դու գիտակցաբար գրում ես հատուկ նրա համար, ով քոլեջ չի հաճախել կամ էլ դեռևս շատ է ջահել, ավելի լավ է ուղիղ խոսել,- BBC-ին տված հարցազրույցում նշել է խմբի կիթառահար Փիթեր Բաքը,- այս պարագայում խոսքը կարող է հասանելի դառնալ տարբեր տարիքի մարդկանց»:

«Everybody Hurts»-ը կոչ էր անում մարդկանց, հատկապես պատանիներին, երբեք չհանձնվել, չտրվել ինքնասպանության դիմելու գայթակղությանը, նույնիսկ երբ թվում է, թե այլևս ելք չկա և այդպես ապրելն անիմաստ է: «Everybody hurts, you are not alone… So hold on, hold, hold on»,- հնչում է ողջ երգի ընթացքում ու սահուն հաստատվում գիտակցությանդ խորքերում՝ ասես ամուր ու վերջնական հարմարվելով այնտեղ: Ու ամեն անգամ, երբ միտքդ փորձում է գլորվել ներքև՝ հոգեբանական սարդոստայնի մեջ, մի թել ձգվում է՝ հիշեցնելով՝ պինդ կաց, կանցնի շուտով:

«Everybody Hurts»-ը տիպիկ «R.E.M»-յան երգ չի կարելի համարել, թեկուզ այն պարզ պատճառով, որ ակնհայտորեն հասկանալի է իմաստը, ենթատեքստեր կամ արտասովոր մտքեր փնտրելու հնարավորություն գրեթե չունի: Հասկանալի է ոչ միայն բուն իմաստը, այլև տեքստը՝ բառերը, քանի որ խմբին քաջատեղյակ ունկնդիրները գիտեն, թե սովորաբար ինչպես է Սթայփը արտաբերում բառերը երգելիս: Նրա երգելու ոճը հաճախ են քննադատները համեմատում փնթփնթալու հետ, իսկ խմբի երգերի բառերը, վոկալիստի այս առանձնահատուկ մատուցման պատճառով, անհասկանալի են, անկապ: Հայտնի երաժշտական մեկնաբան Ջոն Մորթլանդը խմբին նվիրված հոդվածներից մեկում գրել է. «Ես մինչև հիմա պատկերացում անգամ չունեմ, թե այդ երգերն ինչի մասին են, որովհետև ոչ ես և ոչ էլ ուրիշ որևէ մեկը ի վիճակի չէ «R.E.M»-ի բառերն իրարից երբևէ զանազանել»:

Ու դա  երգերից և ոչ մեկին ամենևին չի խանգարում հասանելի դառնալ, հակառակը՝ «R.E.M»-ը հենց այսպիսին է արժևորվել՝ փնթփնթան, բայց իրեն հատուկ երաժշտական ձեռագրով, որն առանձնահատուկ տեղ ունի ժամանակակից երաժշտության պատմության մեջ: Իսկ ահա «Everybody Hurts»-ը… խմբի երաժշտական կազմն անգամ այդ հարցին էր հատուկ ուշադրություն դարձրել: Սթայփն այստեղ երգը կատարում է ամենայն մաքրությամբ, այնպես, որ բոլորի համար հասկանալի լինի յուրաքանչյուր բառ, հնչյուն, արտահայտություն. չէ՞ որ այս երգում նրանց համար կարևորը հաղորդագրությունն էր:

Խմբի բոլոր անդամները «Everybody Hurts»-ի հեղինակներն են համարվում: Չնայած երգի հիմնական մասը գրել է հարվածորդ Բիլ Բերին և նրան էր պատկանում գաղափարը, այնուամենայնիվ, բոլորը միասնական լծվեցին այն ստեղծելու գործին՝ յուրաքանչյուրն իր մասով և կարողությամբ: Բիլը նույնիսկ երգի բնօրինակ-ձայնագրությունում ներկա չէ որպես հարվածորդ, սակայն գործիքավորման այդ բաժնի պատասխանատուն անձամբ ինքն էր: Կարևոր է նշել, որ գործիքավորմանը մասնակցել է նաև լեգենդար «Led Zeppellin»-ի բաս կիթառահար Ջոն Փոլ Ջոնսը: Տեքստի նախնական տարբերակում կար նաև հետևյալ տողը. «Բոլորն են ցավ ապրում, անգամ՝ այս երգը երգողը»:

«Everybody Hurts» երգը լույս տեսավ 1992թ. հոկտեմբերին «Automatic for the People» ալբոմի կազմում: 1993թ.ապրիլին այն թողարկվեց նաև առանձին՝ որպես սինգլ և առաջատար հորիզոնականներ նվաճեց ԱՄՆ-ի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի, Ֆրանսիայի և աշխարհի այլ մեծ ու փոքր երկրների երաժշտական շարքերում: Երգի տեսահոլովակը նկարահանեց հայտնի կինոռեժիսոր Ռիդլի Սքոթի որդին՝ Ջեք Սքոթը:

Ավտոխցանման երկար ու ձանձրալի սպասման մեջ մենք տեսնում ենք բազմաթիվ մարդկանց ու հանկարծ հայտնվում տարբեր կյանքի պատմություններ ակնարկող մտքերի շրջապտույտում: Մեզ նման մարդիկ, մեր ապրած զգացումներով ու մտահոգություններով, և դրանք ամենուր են, բոլորիս կյանքում: Ռեժիսոր Ջ. Սքոթը տեսահոլովակի գաղափարական պատկերն իրականացնելիս նշել է, որ տպավորվել է Ֆելինիի հանրահայտ «8 ½» ֆիլմից, մի նմանատիպ տեսարանից և այն օգտագործել տեսահոլովակում:

«R.E.M» խմբի «Everybody Hurts»-ը տարբեր մեկնաբանություններով կատարել են  Բոնի Թայլերը, Փաթի Սմիթը, Ջո Կոկերը և ուրիշներ:

2010թ. Հայիթիում տեղի ունեցած երկրաշարժի առիթով Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունը դիմեց պրոդյուսեր Սայմըն Քոուելին՝ բարեգործական սինգլ ստեղծելու առաջարկով: Ընտրել որևէ երգ, վերամշակել և վերաթողարկել՝ վաճառքից գոյացած հասույթը երկրաշարժից տուժածներին տրամադրելու նպատակով: Շոու-բիզնեսի աշխարհում իր նախագծերով հայտնի պրոդյուսերի ընտրությունը առանց քննարկման կանգ առավ «Everybody Hurts»-ի վրա: Նոր սինգլը լույս տեսավ «Ի աջակցություն Հայիթիի» վերնագրով: Այն ընդհանուր գաղափարի շուրջ էր համախմբել համաշխարհային երաժշտության աստղերի՝ հին ու նոր սերնդից, առանց ժանրային կամ ոճային դասակարգման: Նրանք էին՝ Ռոդ Ստյուարտը, Մըրայա Քերին, Ջեյմս Բլանթը, Ջոն Բոնջովին, Ռոբի Ուիլիամսը, Քայլի Մինոուգը, Մայլի Սայրուսը, Մայքլ Բուբլեն և ուրիշներ:


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ