Երկուշաբթի, 23 հոկտեմբերի

Գրիգոր Գրիգորյան. «ՍԱՊԾ-ն առանց լաբորատորիայի չի կարող գործել»



Դիանա Ղազարյան 
Սարո Բաղդասարյան

Սեպտեմբերի  29-ին վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության անդամներին հայտնեց, որ հանդիպել է Սպառողների միության ներկայացուցիչների, գործարարների հետ և հանդիպման ժամանակ բավականին շատ խոսվել է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության գործունեության մասին։ Նկատի ունենալով հանդիպման ժամանակ հնչեցված մտահոգությունները՝ վարչապետը գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին հանձնարարեց. «Հաշվի առնելով հնչեցված մտահոգությունները և դժգոհությունները՝ ուսումնասիրել այդ հարցը՝ շեշտը դնելով, թե գործող լաբորատորիան պետք է լինի այդ վարչության կազմում, թե պետք է լինի անկախ: Տալ առաջարկություն»։

Սննդի անվտանգության պետական ծառայության նախկին պետ Գրիգոր Գրիգորյանը կարծում է վարչապետի՝ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն»-ը սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից առանձնացնելու այս հանձնարարականը նախապատմություն ու նախադրյալները ունի։ Մասնավորապես Գրիգորյանի դիտարկմամբ՝ վարչապետի հանձնարարականը առաջ եկավ գործարարների հետ հանդիպումից հետո, երբ նրանցից ոմանք բողոք հայտնեցին ՍԱՊԾ-ի աշխատանքների վերաբերյալ՝ մասնավորապես լաբորատոր հետազոտությունների ոչ օբյեկտիվության մասով։

Գրիգորյանը սա համարում է հանձնարականի նախադրյալ, սակայն նշում է, որ վերջերս «աղմուկ հանած» այն խոսակցությունը, որ լաբորատորին պետք է առանձնանա տեսչությունից և գործի դրանից անկախ, ՍԱՊԾ նախկին պետը պայմանավորում է նորանշանակ պետի կատարած կադրային փոփոխություններով։ Գրիգորյանի խոսքով՝ աշխատանքից ազատվելուց հետո որոշ աշխատակիցներ բարձրաձայնել են աշխատանքային մի շարք բացթողումների մասին, դրանք «կապելով» Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը՝ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոնից»  առանձնացնելու անհրաժեշտության հետ։

«Որոշ աշխատակիցներ՝ իմ կոլեգաները, ովքեր ազատվել են աշխատանքից, ասում են, որ ծառայությունը փլուզված է։ Ես կխուսափեի նման որակումներ տալուց, որովհետև եթե ամեն ինչ այսպես վատ է, եթե ծառայությունը աշխատանքը լավ չի կատարում, լաբորատորիան սուբյեկտիվ է աշխատում, վերջին հինգ տարիներին ինչու՞ դրա մասին չէին բարձրաձայնում»,-հարցնում է Գ․ Գրիգորյանը։

Վերջինս «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն»-ը սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից առանձնացնելը տեսչության և ողջ հանրապետության համար «վտանգավոր գործառույթ» է որակում։

Պնդում է, որ այժմ պետք է ոչ թե կենտրոնանալ առանձին կադրային քաղաքականության, փոփոխությունների վրա, այլ քայլեր ձեռնարկել՝ բարձրացնելու ենթակառուցվածքների, լաբորատորիայի աշխատանքային արդյունավետությունը, որից հետո միայն արժե մտածել՝ կատարել այդ փոփոխությունը, թե ոչ։

Գ․ Գրիգորյանը հավաստիացնում է, որ լաբորատորիան ողջ հանրապետությունով շատ կարևոր և լուրջ գործունեություն է իրականացնում։

«Նման ցանցը առանձնացնել ծառայությունից, նշանակում է ուղղակի քանդել ծառայությունը։ ՍԱՊԾ-ն առանց լաբորատորիայի չի կարող գործել, իմաստ չի ունենա։ Լաբորատորիայի ողջ աշխատանքը կայանում է նրանում, որ օգնի, սատարի ու հիմնավորի ՍԱՊԾ-ի պաշտոնյանների կայացրած որոշումների մասնագիտական ճշգրտությունը»,-ասում է Գրիգոր Գրիգորյանը։

 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ