Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

Անհաս ծնված երեխաներին գրեթե կուրանալու վտանգ չի սպառնում



Երկու տարի առաջ Երեւանում հիմնվեց «Մանկական կուրութան կանխարգելման գերազանցության կենտրոնը»:  Կենտրոնի բժկական անձնակազմին վերապատրաստող լոնդոնցի բժիշկ Չեն Վոնգը հավաստիացնում է, որ մանկական կուրության կանխարգելման գործում Հայաստանի ակնաբույժների ձեռքբերումներն աշխարհի շատ զարգացած երկրների համար ցանկալի արդյունք կհամարվեն:
«Անհաս ծնված երեխաների մոտ զարգանում էին հիվանդություններ, որոնք նրանց կուրացնում էին: Առաջ նման հարց չկար, որովհետեւ խորը անհաս ծնված երեխաները չէին ապրում, իսկ հիմա կենդանի մնացած երեխաներին օգնել էր պետք»,- կուրության կանխարգելման կենտրոնն ստեղծելու պատմությունն է ներկայացնում «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանը:
Նրա ասելով՝ մի շարք երկրներ, այդ թվում նաեւ ԱՄՆ-ն, անցել են այդ բումով, որի առջեւ կանգնած էր նաեւ մեր երկիրը 2000-ականների վերջին: «Հայկական ակնաբուժության նախագիծ»-ը (ՀԱՆ) բարեգործական կազմակերպություն  է, որը 1992 թ.-ին ԱՄՆ-ում հիմնադրել է ամերիկահայ ակնաբույժ Ռոջեր Օհանեսյանը: 2010 թ.-ին Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի հետ նրանք սկսում են իրականացնել «Անհասության ռետինոպաթիայի (ԱՌ) ակնային զննումների եւ բուժման ազգային ծրագիրը»: «Երեխաներին սկսեցինք ստուգել եւ առանձնացրինք նրանց, որոնք կարող են տեսողության խանգարման վտանգ ունենալ: Ամեն տարի ստուգվում է մոտ 1000 երեխա, նրանցից ում մոտ հիվանդությունը զարգանում էր` բժիշկները լազերային միջամտություն էին կատարում: Հետո, երբ հիվանդությունը շարունակվում էր, վիրահատվելու համար մեկնում էին Սանկտ Պետերբուրգ»,- պատմում է Ն· Եղիազարյանը: 
Առողջապահության նախարարությունը կազմակերպության առջեւ խնդիր է դնում՝ հայ երեխաների վիրահատությունը պետք է Հայաստանում կատարվի: 2014 թ.-ին՝ ԱՄՆ ՄԶԳ-ի հետ համագործակցությամբ ՀԱՆ-ը հիմնում է «Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոնը»: Կենտրոնի նպատակը ակնաբուժական մասնագիտացված ներուժը զարգացնելն էր՝ Հայաստանում եւ տարածաշրջանում մանկական կուրության կանխարգելմանը օժանդակելու համար: 
Բժշկական հատուկ առաքելությամբ ՀԱՆ-ը 2014 թ.-ին Հայաստան է հրավիրում բժիշկ Չեն Վոնգին, որն աշխատում է Լոնդոնում (Moorfields Eye Hospital and Royal Free London Hospital): Նա մեծ պատրաստակամությամբ համաձայնում է իրականացնել այդ յուրահատուկ վիրահատությունները եւ վերապատրաստել հայ մասնագետներին: 
Դեկտեմբերի 19-21-ը Չեն Վոնգը դարձյալ վիրահատություններ էր կատարում կենտրոնում: Սա նրա 9-րդ այցն էր 2 տարվա ընթացքում: 
- Ես շարունակում եմ փորձառություն տրամադրել կենտրոնի բժկակական անձնակազմին, որպեսզի կարողանան տեսողության անսովոր խնդիրներ ունեցող երեխաներին բուժել, եւ իհարկե, բուժել տեսողության խնդիր ունեցող երեխաներին: Երկուսուկես տարի առաջ Ռոջեր Օհանեսյանը (խոսքը «Հայկական ակնաբուժության նախագիծ» հիմնադրամի տնօրենի մասին է-Ս·Պ·) իր խարիզմատիկ կերպարով կարողացավ ինձ գրավել եւ բերել Հայաստան, որպեսզի անհաս ծնված, ռետինոպաթիա ունեցող երեխաների համար բուժում ապահովեմ: Նաեւ Լոս-Անջելեսի մանկական հիվանդանոցից դոկտոր Թոմաս Լիի հետ իմ համագործակցությունը բերեց այստեղ: Այդ պահին նախատեսված մեկանգամյա այցը հետո դարձավ 9-րդը: Նպատակ ունեինք «Հայկական ակնաբուժության նախագծում» ընդգրկված երեխաներին տալ ակնաբուժական ընդլայնված ծառայություններ` հետազոտությունից մինչեւ լուրջ վիրահատություններ: «Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոն»-ը եզակիներից մեկն է: Մինչեւ վերջերս Հայաստանում եւ տարածաշրջանի մյուս երկրներում տեսողության հետ խնդիրներ ունեցող երեխաներն այստեղ բուժվելու հնարավորություն չունեին եւ կային երեխաներ, որոնք այդ պատճառով կուրանում էին: Իմ այցելությունների հիմնական նպատակն այստեղի բժշկական անձնակազմին զարգացնելն է, հասցնել մի մակարդակի, որպեսզի իմ Հայաստան այցելելու անհրաժեշտությունը չլինի, եւ ես շատ մոտ եմ այդ նպատակին: 
Հայաստանի բժիշկների թիմը շատ փորձառու է դարձել: Օրինակներից մեկը շատ թարմ է, երեկ մենք բուժեցինք 6 տարեկան մի փոքրիկի, որին հարեւան երկրից էին բերել եւ ծնողները շատ հուսալքված էին, որովհետեւ տեղեկություն չունեին, թե ինչ է սպասվում երեխային: Նրանք այստեղ կարողացան անհրաժեշտ բուժում ստանալ եւ տեղեկանալ, թե ինչ է սպասվում իրենց երեխային: 
- Ի՞նչն է Ձեզ կապում Հայաստանի հետ:
- Քաբաբը, հայկական սուրճն ու կոնյակը:
- Իսկ ավելի լուրջ:
- Հայաստանցիների ջերմ ընդունելությունը եւ գիտելիքներ ստանալու պատրաստակամությունը: Դա ինձ օգնում է, որ շարունակեմ աշխատանքս Հայաստանում: Այստեղի թիմը շատ պատրաստակամ է գիտելիքներ ձեռք բերելու առումով եւ աշխատում է ոչ միայն երեխային բուժելու համար, այլեւ՝ ընտանիքների հետ է աշխատում՝ երեխաների հետ կապված որոշումներ ընդունելիս: Ես դա բարձր եմ գնահատում: Հայաստանում հրաշալի աշխատանքային թիմ ունենք ձեւավորված, տեխնիկական հմտությունները շատ կարեւոր են, որն այստեղի անձնակազմն ունի եւ ոչ պակաս կարեւոր է, որ թիմը ժամանակին ճիշտ որոշումներ կայացնելու ունակություն ունենա բուժման առումով:
- Բայց շարունակում եք վերահսկել բժշկական անձնակազմի աշխատանքը:
- Որովհետեւ առանց քաբաբի եւ սուրճի չեմ կարող: 
- Հայաստանում անհասության ռետինոպաթիա ունեցող երեխաների թիվը մե՞ծ է: 
- Անհաս երեխաների տեսողության առաջնային ստուգման ծրագիրը Հայաստանում ներդրվել է 2010 թ.-ից, եւ այդ ժամանակից սկսած երեխաների 12,000-ից ավելի ստուգում է իրականացվել: Դրանից հետո 5%-ի մոտ լազերային միջամտություն է արվել, որպեսզի կանխարգելվի հետագա վտանգավոր զարգացումները: Այդ թվից էլ շուրջ 5%-ն է, որ կուրանալու վտանգի առջեւ է կանգնած: Եթե նայում ենք թվերին` փոքր թիվ է, բայց ընդհանուր 10.000-ի մեջ այն փոքր չէ: Լոնդոնի այն հիվանդանոցը, որտեղ աշխատում եմ, այդպիսի խնդիրներ ունցող երեխաները գալիս են ամբողջ Մեծ Բրիտանիայից: Ես կարողանում եմ այդ ընդգրկուն փորձը փոխանցել հայաստանցի գործընկերներին եւ հաջողակ են նրանք, որ կարող են այդպիսի փորձառությունից տեղեկատվությունն ստանալ: Անհասության ռետինոպաթիայի վիրահատությունն ամենաբարդն է աչքի վիրահատությունների շարքում: Համեմատելու համար նշեմ, որ դա վիրահատությունների այսբերգն է, թեպետ մնացածն էլ ոչ սովորական խնդիրներ են: 

2016 թ.-ին Հայաստանի երեխաների մոտ աչքի ցանցաթաղանթի շերտազատման զարգացման որեւէ դեպք չի հայտնաբերվել, որի համար անհրաժեշտ կլիներ այդ բարդ վիրահատությունը կատարել: Սա աշխարհի շատ զարգացած երկրների համար ցանկալի արդյունք կհամարվի: Անհրաժեշտ է երեխաների բուժումը ճիշտ կազմակերպել, որպեսզի դրան չհասնի, եթե հասնում է` հայտնաբերում եւ լազերային վիրահատություն են իրականացնում:

-  Բուժման ընթացքում Ձեր հաջողությունները քանի՞ տոկոս են կազմում:

- Հիվանդների 70%-ի մոտ բուժումը դրական ելք է ունենում: ԱՌ-ի բուժման բնագավառում նորամուծությունը կատարվում է ե'ւ Լոնդոնում, ե'ւ Հայաստանում, կիրառվող արդիական մեթոդի շնորհիվ վիրահատական միջամտությունը կատարվում է առանց աչքի ոսպնյակը վնասելու:

-  Ո՞րն են ավելի մտահոգիչ համարում ակնաբույժները՝ ի ծնե կուրությո՞ւնը, թե՞ ձեռքբերովի, հակումներն ինչպիսի՞ն են:                     

-  Կարծում եմ, կուրությունը հիմնականում ձեռքբերովի է լինում: Դա կախված է նրանից, թե որ տարիքային խմբում ես լինում: Առաջինն անհաս ծնված փոքրիկների շրջանում է լինում եւ մինչեւ 8 տարեկանը, երբ ուղեղի եւ աչքի միջեւ կապն է զարգանում, այսինքն` երբ երեխան աչքի միջոցով սկսում է սովորել եւ ընկալել իր շրջապատը: Եթե երեխան է կուրանում` նա կույր է մնում ողջ կյանքի ընթացքում: Այն երեխան, որ մանուկ հասակում է կուրացել, ավելի շատ բան է սովորում այդ վիճակին ադապտացվելով, քան կյանքի 50-րդ տարում կուրացած մարդը: 

Առաջին լուսանկարում՝ բժիշկներ Չեն Վոնգը եւ Թադեւոս Հովհաննիսյանը։

Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. Felix Gregorian04:24 - 15 հունիսի, 2018
Ապրեք Աստւած բերի ձեզ մեծ յաջողութիւններ, Ֆելիքս և Դոկտ Քանդիս Գրիգորեան
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ