ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

Էկոնոմ եւ բիզնես կարգի տոմսեր. ի՞նչ են նախընտրում պաշտոնյաները-8



Երբ պետական բյուջեին վերբերվում են ինչպես նախնիներից մնացած ժառանգության

Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության բարձր դասի պաշտոնյաները պետական բյուջեն արտասահմանյան գործուղումների վրա ծախսում են բավական շռայլորեն:

Նախարարությունից «Հետք»-ին տրամադրված տեղեկանքների համաձայն՝ գերատեսչության աշխատակիցների 2015 թվականի գործուղումների թիվը 37 է՝ ավելի քան 37 միլիոն դրամ ընդհանուր արժեքով, իսկ 2014 թվականին նրանք ունեցել են 30 արտասահմանյան գործուղում՝ ավելի քան 27 միլիոն դրամ ընդհանուր արժեքով:

2014 թվականին փոխնախարար Արեգ Գալստյանի եւ արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Մելքոնյանի՝ Բրյուսել կատարած ուղեւորությունը հարկատուների վրա արժեցել է 1 միլիոն 973 հազար դրամ, որից 1 միլիոն 224 հազար դրամը վճարվել է երկու պաշտոնյաների ավիատոմսերի համար, իսկ 748 հազար դրամը չափով էլ այլ վճարումներ են կատարվել: Նույն տարում արտաքին կապերի վարչության պետ Արտեմ Պետրոսյանը Վիեննա է մեկնել 465 հազար դրամ ավիատոմսով:

Արդեն նախկին նախարար Երվանդ Զախարյանի՝ Երեւան-Փարիզ-Երեւան ավիատոմսի համար պետբյուջեից վճարվել է 944 հազար դրամ: Զախարյանի եւ Տիգրան Մելքոնյանի՝ Սոչի կատարած այցի ավիատոմսերի համար վճարվել է 914 հազար դրամ:

2015 թվականին Զախարյանի տեղակալներից մեկի եւ անվտանգության աշխատակցի (տեղեկանքում անունները նշված չեն) Երեւան-Մոսկվա-Երեւան ուղղության ավիատոմսի դիմաց պետբյուջեից ծախսվել է 1 միլիոն 780 հազար դրամ: Իսկ նախարարի ու եւս երկու պաշտոնյայի պեկինյան գործուղման ավիատոմսերի դիմաց հարկատուների հաշվին վճարվել է 2 միլիոն 811 հազար դրամ:

Ամենաթանկ գնումներից մեկը դեպի Տորոնտո կատարած ուղեւորության ավիատոմսն է: Երվանդ Զախարյանի եւ նախարարության վարչություններից մեկի պետի ավիատոմսի համար վճարվել է 4 միլիոն 141 հազար դրամ: Գործուղման ընդհանուր ծախսը կազմել է 5 միլիոն 14 հազար դրամ:  

Այս ցանկը կարելի է շարունակել:

Պետբյուջեից ծախսված գումարի թիվն անհամեմատ փոքր կարող էր լինել, եթե չլիներ պաշտոնյաների մեծ ախորժակն ու պետական գանձարանի հանդեպ անխնա վերաբերմունքը: Ուշագրավ մի հանգամանք էլ կա. եթե Երվանդ Զախարյանի ընտանիքի անդամները Հայաստանից կապիտալ են արտահանել այլ երկրներում սեփական բիզնես հիմնելու համար, ապա ինքը նախկին նախարարը պետբյուջեի հատկացումները ծախսել է ինչպես սեփական բիզնեսից ստացված եկամուտներ:     

Լուսանկարում՝ Երվանդ Զախարյանը՝ Տորոնտոյում 2015 թվականի մարտին կայացած հանքարդյունաբերության ամենամյա միջազգային համաժողովում 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ